⚙️

Ո՞վ Է Դավաճանը

Մեկը զինվորին է ծախել, մյուսը՝ գողացել է նրա սնունդն ու զենքը: Դավաճանությունը մեկն է, ձևերը՝ տարբեր:

Արայիկ Մկրտումյան

Նախորդ անգամ երբ խոսեցի հերոսի, նրա արքետիպի, առաջնային կերպար մասին, կարիք առաջացավ խոսել նրա հակառակորդ կերպարի՝ դավաճանի մասին:

Հայալեզու կայքերում գրեթե ոչինչ հնարավոր չէ գտնել դավաճանություն երևույթի մասին, հիմնականում թարգմանություններ են և սիրողական կարծիքներ սեռական-անձնական թեմայով, այնպես որ որոշեցի խոսել նաև այս թեմայի մասին՝ փորձելով հասկանալ դավաճանություն ասվածի իմաստն ու նշանակությունը:

Դավաճանությունը աշխարհի պես հին երևույթ է: Կարելի է ասել, որ դավաճանները ծնվել են հերոսների հետ մեկտեղ, նրանց ընդդեմ և հակառակորդ: Դավաճանությունը որպես երևույթ, ծագման հստակ ժամկետ չունի: Անհնար է նշել, թե առաջին անգամ ով ում է դավաճանել և ինչպես: Նախ ամրագրենք դավաճանություն երևույթը:

Դավաճանությունը երդման, խոստումի կամ ընդհանուր հաստատված կանոնների և նորմերի սկզբունքային, գիտակցված մերժումն ու հրաժարումն է, մերժումը, ժխտումը։ Դավաճանություն՝ գաղտնի կամ անթաքույց կերպով պայքար ընդհանուր արժեքի դեմ:

Ինչպես հերոսն ունի իր արքետիպը, այսինքն նախնական տեսակն ու դրությունը, այնպես էլ դավաճանը: Արխետիպը հունարեն բառ է, որը ներմուծվել է հոգեբանության մեջ Յունգի կողմից, որպես համընդհանուր բնածին հոգեկան կառույցների հայեցակարգ, որը կազմում է կոլեկտիվ անգիտակցականի բովանդակությունը:

Այսինքն՝ մենք ծնվում ենք քաղաքակրթությանը բնորոշ մտավոր ծրագրերի որոշակի փաթեթով՝ դրանք մեզ տրված են։ Դավաճանության արքետիպը դրանցից մեկն է։

Ի՞նչ եք հիշում, երբ լսում եք «դավաճանություն» բառը:

Ամենահայտնի առասպելներից մեկը Քրիստոսի և Հուդայի պատմությունն է: Իսկ ի՞նչ կասեք Պետրոս առաքյալի մասին, ով ուրացավ Քրիստոսին, երբ աքլորը չհասցրեց երեք անգամ կանչել։ Այստեղ մենք գուցե հիշենք զղջման մասին: Բայց և՛ Հուդան զղջաց, և՛ Պետրոսը: Իսկ գուցե դավաճանության հիմնական գործոնը դրա հետևա՞նքն է: Կարող ենք ավելի հետ գնալ դարերի միջով, և կլինեն Դալիլան (Ջուդիթ) և Սամսոնը, կլինի Հերկուլեսը, որը դավաճանել է իր կին Դեյանիրային, կլինի արգոնավորդ Յաոսը, ով դավաճանել է կախարդուհի Մեդեային, ով օգնեց նրան …

Ընդհանրապես առասպելներում դավաճանությունների շարունակական շարան կա։

Այս արքետիպը արմատացած է հավաքական անգիտակցականում: Չնայած կոլեկտիվ անգիտակցականում կա ևս մեկ արխետիպ՝ հավատարմության արխետիպը՝ Մարիամը՝ Քրիստոսին, Իսիդան՝ Օսիրիսին, Ֆերոնիան՝ Պետրոսին:

Իսկ ինչո՞ւ որոշ մարդկանց կամ ժողովուրդների կյանքում դավաճանությունը մի երևույթ է, որը կրկնվում է նորից ու նորից: Եթե մենք հասկանանք, թե որտեղ է հիմնական ճգնաժամային դրվագը, այս վնասակար ծրագիրը, մենք կարող ենք շատ ավելի հեշտացնել մեր կյանքը և գուցե պայքարել դավաճանության դեմ՝ գաղափարական մակարդակով:

Այդ արքետիպն ամփոփված է դավաճանի մեջ:

Այնպես ինչպես հերոսը ծագեց պայքարելու և հաստատելու մարդկության կայացող կամքը, այնպես էլ դավաճաններն առաջացան նրան խանգարելու համար: Դավաճանը հակահերոսն է: Դավաճանը մարդկության նախնական, վաղ ժամանակների թուլության ու վախի անձնավորումն է: Չկա ժողովուրդ, որ դավաճան չունենա: Ի դեպ հայկական ավանդապատումներում մի հետաքրքիր զրույց կա դավաճանների մասին։ Այդ զրույցն ասում է, որ կարիճներն առաջանում են դավաճանների և ուրացողների գերեզմաններից: Երբ նրանց թաղում են, որոշ ժամանակ հետո նրանց գերեզմաններից դուրս են գալիս սև ու թունավոր արարածներ, որոնք շարունակում են իրենց ծնողների գործը՝ վիշտ ու լաց տարածել: Այս զրույցը հետաքրքիր է այնքանով, որ դավաճանություն ասվածը որպես երևույթ արդեն իսկ հստակորեն բացահայտված և բացատրված երևույթ էր մեզնից դեռ շատ առաջ: Այսինքն կայացած էր որպես տեսակ, որպես երևույթ:

Մարդկային մեղքերից ամենածանրը կարելի է համարել դավաճանությունը: Դավաճանությունը միակն է, որ ներում չունի: Հավանաբար հետևանք է հոգեբանական-ենթագիտակցական մի վիճակի, որը ենթադրում է, որ դավաճանել կարող են բոլորին ու ամեն ինչին: Դավաճանը հակահերոսն է, մետաղադրամի հակառակ մասը: Այն, որպես հոգեբանական երևույթ շատ հին է և հիմա կան դավաճանության ամենատարբեր ձևեր, ընթացք ու մեկնաբանություն: Դանթե Ալիգերիի «Աստվածային կատակերգություն» գործում մենք նկատում ենք, որ Դանթեն, ով Վիգիլիոսի հետ անցնում է ողջ դժոխի միջով, նրա 9 պարունակներում հանդիպում է մարդկային բոլոր մեղքերին, իսկ դավաճանները գտնվում են իներորդ պարունակում՝ անմիջապես Դևպետի՝ Սատանայի մոտ: Նրանք թաղված են հավերժական սառույցի մեջ և անընդմեջ փորձում են լաց լինել, բայց նրանց արցունքները քարանում են հենց ակնագեղձերում և ավելի մեծ ցավ պատճառում: Դանթեն նկարագրում է, որ Սատանան երեք դեմք ուներ և ծամում և տանջում էր երեք մեծ դավաճանների՝ Հուդային, Բրուտոսին և Կասսիին:

Իներորդ պարունակը նախատեսված էր բոլոր տեսակի դավաճանների համար: Այսինքն դավաճանությունը մարդկային մեղքերից ամենածանրն ու աններելին է:

Մենք, որպես 21-րդ դարի տեխնոկրատ հասարակություն, շատ թյուր կարծիք ունենք դավաճանության վերաբերյալ: Մենք շատ դեպքերում չգիտենք, թե որտեղ է սկսվում և ավարտվում դավաճանությունը և ում կարելի է դավաճան անվանել, իսկ ում ոչ: Մեզանում ընտանեկան, ընկերական և սկզբունքային դավաճանությունները համարվում են ժամանակակից մարդու նորմալ կյանք, իսկ այդ ամենը դավաճանություն համարողները դասվում են հետամնացության շարքում:

Դավաճանությունը, որպես արժեքի հրաժարում, հետևանք է այդ նույն արժեքի նսեմացման: Կարևոր չէ դավաճանություն ընկերոջ, ընտանիքի կամ հայրենիքի նկատմամբ: Սկզբունքը նույնն է՝ հրաժարում այդ սկզբունքից: Ընտանիքը, կինը, հայրենիքը այն արժեքը չեն ներկայացնում, ինչ պետք է լիներ: Այդ դեպքում դավաճանությունն արդեն սկսվող գործընթաց է: Դավաճանությունը որպես գաղափարական-հոգեբանական արտացոլանք հայերի պարագայում հատկապես նկատելի է ազգային և պետական դավաճանությունների առումով։ Մնացյալն ինչպես արդեն նշեցի, սկսել են քիչ թե շատ նորմալ համարվել: Ինչևէ, այստեղ բարոյախրատական ճառը չէ իմաստը, այլ երևույթի հասկացումն ու ներկայացումը:

Հայոց պատմության մեջ մենք դավաճանների պակաս չունենք: Ցավոք սրտի: Իհարկե սա ևս բացատրելի է: Հայոց պատմության դավաճանների շքերթը սկսվեց հատկապես 1045թ. հետո, երբ Հայաստանն իրար մեջ շարունակաբար կիսող թշնամական հորդաները բնակչությանը մատնել էին սարսափելի վիճակի և ամեն կերպ խրախուսում էին դավաճանությունը՝ որպես գործիք։ Շատերը, չդիմանալով ծանր վիճակին, գերադասում էին կրոնական ու ազգային դավաճանության գնալ՝ իրենց դրությունը թեթևացնելու համար: Ինչ որ պահի դավաճանությունը գալիս էր որպես ինքնապաշտպանական բնազդ, թեև դա չի արդարացնում, հատկապես, որ դավաճանների գործունեության հետևանքով շատ ծանր վիճակ էր ստեղծվում:

Միևնույն ժամանակ դավաճանները երբեք հարգանք չեն վայելել, սովորաբար օգտագործվել են և հետո նրանցից ազատվել են: Եղել են դեպքեր, որ դավաճանները կարողացել են օգուտներ քաղել իրենց համար և համեմատաբար երկար ու ապահով կյանք են վայելել: Օրինակ Մխիթար Սպարապետին սպանած հայ դավաճանները մահվան են դատապարտվել հենց թուրք փաշայի կողմից, քանի որ ինչպես ինքն էր հայտարարել՝ դավաճանները չեն կարող հավատարիմ լինել ոչ ոքի: Հայ մտավորականների ցուցակը թուրքերին հանձնած Վահե Եսայան՝ Վահե Իսհան, սպանվել է հայ վրիժառուի կողմից: Հանդիպել են հերոսն ու հակահերոսը, հերոսը հաղթել է:

Մեկ այլ օրինակ: Շատերն են լսել «բանդերների» մասին՝ ուկրաինական ազգայնականների: Եվ այսպես, նրանք, ովքեր երկրորդ համաշխարհայինի ժամանակ անցան գերմանացիների կողմը և պայքարում էին խորհրդային կարգերի դեմ՝ դավաճաննե՞ր էին, թե ոչ: Գեներալ Վլասովը դավաճա՞ն էր թե ոչ: Ի դեպ հիշեցնեմ, որ ուկրաինացիները մշտապես թշնամաբար են վերաբերվել խորհրդայնացմանը, իսկ արևմտյան ուկրանինացիները՝ ավելի ծայրահեղ էին:

Մեկ այլ օրինակ: Մի քանի տարի առաջ Էստոնիայում ծեծել էին 2-րդ համաշխարհային պատերազմի իրենց հերոսին՝ նրան դավաճան անվանելով: Բանն այն է, որ էստոնացիները ևս թշնամի էին ընդունում խորհրդային Ռուսաստանին, իսկ նրանց կողմից հերոսի կոչում ստացածին կարող են և դավաճան ընդունել:

Սրանք այն հարցերն են, որին միանշանակ պատասխանել հնարավոր չէ: Որովհետև կա քաղաքական պայքար, որը կարող է աննկատելիորեն դառնալ պայքար հայրենիքի դեմ:

Հրաշալի օրինակ է Հովհաննես Քաջազնունին, ով, չնայած ամեն ինչին, վերադարձավ Խորհրդային Հայաստան՝ այնտեղ ապրելու և աշխատելու համար: Հաշվի առնելով, որ նա Առաջին Հանրապետության վարչապետ էր և երկար տարիների դաշնակցական, խելագարություն է թվում, որ նա համարձակվեց վերադառնալ: Բայց քչերն են պատրաստ Քաջազնունի լինել և փորձել հայրենիքի հանդեպ պարտքը վեր դասել կուսակցական շահից: Քաջազնունին ինքն էլ գիտեր, որ իրեն վաղ թե ուշ սպանելու են:

Իսկ հիմա եկեք խոսենք միամիտ դավաճանության մասին: Պատերազմի ամենաթեժ պահին զենքը մի կողմ գցող և փախչող զինվորը դավաճա՞ն է թե ոչ: Մի շտապեք տաք բնակարանում նստած մեղադրել պատերազմի սարսափն աչքում առածին: Միայն կարող եմ ասել, որ այդ թուլության վերացման պատասխանատուներն ավելի մեծ մեղք ունեն, որ զինվորը մինչև վերջ չի հասկացել, որ իր ամեն հետքայլը նահանջ է հայրենիքից: Որովհետև մենք ունենք նաև անձնազոհ դեպքեր, երբ գրեթե պատանին իրեն պայթեցրել է՝ կանգնեցնելով թշնամուն:

Մեկ այլ հարց: Կաշառակեր գեներալը, կաշառակեր պաշտոնյան, իր պաշտոնեական դիրքը չարաշահողները դավաճաններ են թե ոչ: Դավաճանությունը միայն ռազմական տաք միջոցին փախչելը չէ: Այն գեներալները և պաշտոնայները ովքեր օրենքի խախտմամբ և գողություններով հարստացել են բանակի ու քաղաքացու, պետության հաշվին, դավաճաննե՞ր են թե ոչ: Կարծում եմ, որ նրանք միանշանակ դավաճաններ են:

Մենք վերևում ասացինք, որ դավաճանությունը հրաժարումն ու ժխտումն է ընդհանուր արժեքից ու սկզբունքից: Եվ մենք այսօր ունենք դեպքեր, երբ ԱԱԾ-ն հայտնում է, որ բաձրաստիճան զինվորականը գումարի դիմաց տեղեկություն է վաճառել թշնամուն, և ունենք դեպքեր, որ սովորական գնդապետները կարողություն են դիզել, պատգամավորները միլիոնատերեր են դարձել: Այսինքն նրանք վերցրել են այն, ինչը պիտի ծառայեր ընդհանուր սկզբունքին ու գաղափարին՝ պետությանը: Պետությանը, որ հայրենիքին է պատկանում: Կարո՞ղ ենք ասել, որ նրանք չբացահայտված դավաճաններ են՝ պետական ու ազգային: Կարծում եմ կարող ենք:

Ի դժբախտություն մեզ, այսօր անհետացել է դավաճանության հստակ սահմանը: Ինչպես որ մենք սխալմամբ ամեն մեկին հերոս ենք կոչում, այնպես էլ շատ դավաճանների չենք նկատում, որոնք շարունակում են հպարտ ապրել և նույնիսկ կոչումներ ստանալ:

Նշանակություն չունի, տեղեկություն է վաճառել թշնամուն, թե բանակը թալանելով է հարստացել: Երկու դեպքն էլ թուլացրել են բանակը: Մեկը զինվորին է վաճառել, մյուսը՝ զինվորի հացն ու զենքը գողացել: Ո՞րն է ավելի ծանր:

Այն դասախոսը, որ գումարի դիմաց անգրագետին դիպլոմ է վաճառում, դավաճա՞ն է թե ոչ: Չէ որ գումարով գնահատական ստանալը ծայրահեղ շատ է: Չէ, որ դա էլ իր տեսակի հարված է ընդհանուր սկզբունքին ու գաղափարին՝ Հայաստանին: Իր կնոջը խաբող և մեկ ուրիշի հետ քնողը դավաճա՞ն է թե ոչ: Ընկերոջը խաբողը դավաճա՞ն է թե ոչ:

Դավաճանությունը մեկն է, ձևերը՝ տարբեր:

Ու էլի տասնյակ այսպիսի դեպքեր:

Դավաճանության դեմ կարող է պայքարել միայն կրթությունը: Կրթությունն է, որ հայրենիքն ու պետությունը որպես գերագույն արժեք կներկայացնի, կիմաստավորի, որ ոչ ոք հանուն միլիոնների անգամ, չգայթակղվի: Որովհետև հայրենիքը ավելի բարձր կգնահատի, քան թե գումարն ու փողը: Որովհետև բազմաթիվ մանր ծախու արարածներ գուցե և դավաճան չդառնային, եթե իրենց ծնված օրից իրենց ընտանիքում ու շրջապատում Հայաստանը քարոզվեր որպես բարձրագույն արժեք, իր հայրենակիցը՝ իր մի մասը և խնամքը հայրենիքի հանդեպ՝ գերագույն պարտք:

Եթե դա չկա, ապա դրա տեղը լցվում է հոգեբանական կեղտով, դատարկությամբ ու դավաճանության տարբեր տրամաչափերով:

Դավաճանությունը երկար ժամանակ ձևավորված հոգեվիճակ է, որը արտահայտվում է արդեն գործունեության ժամանակ:

Դավաճանության դեմ պայքարը պիտի լինի պատճառի դեմ, ոչ թե հետևանքի:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *