Հայաստան

Ծպտյալ Հայերի Քաղաքական Ձգտումները

Մաս երկրորդ

Խաղաղ գործունեության հնարավորությունը ծպտյալ հայության համար երկար չէր կարող պահպանվել 1970-ականների Թուրքիայի քաղաքական անկայուն կյանքում, որը լեցուն էր գորշգայլական բիրտ շանտաժներով։

Կարեն Խանլարի

Հետպատերազմյան շրջանում Խ. Միության արտաքին քաղաքականության օրակարգ մտցվեց Կարս-Արդահան-Օլթիի պահանջը, որը կտրուկ սրեց իրավիճակը։ «Նյու Յորք Վորլդ թելեգրամը», բնութագրելով հետպատերազմյան Թուրքիայի ստորակա դիրքերը թուրք-սովետական հարաբերությունների ոլորտում, մտահոգություն էր հայտնում, թե Թուրքիայի տկարացման մեթոդներից մեկը կարող էր լինել Թուրքիայի էթնիկական փոքրամասնություններին անհնազանդության հրահրելը, եւ ասում, որ «Արեւելյան շրջաններում ապրում են քրդեր, հայեր եւ կովկասյան ցեղեր»։

Կահիրեի «Մասրի» թերթի լոնդոնյան թղթակիցը 1948թ. սեպտեմբերի 10-ին մանրամասնություններ է հաղորդում Անկարայում կայացած թուրք-ամերիկյան գաղտնի տեսակցության մասին, որի նպատակն է եղել «պաշտպանության» գոտի ստեղծել Դարդանելից մինչեւ իրանական Ատրպատական։ «Ամերիկյան առաքելությանը, գրում է «Մասրին»,- մտահոգող երկրորդ պատճառն է ոչ-թուրք փոքրամասնությունների պարագան: Նրանք բնակվում են Կարսի, Արդահանի եւ Արդվինի սահմանամերձ շրջաններում, այսինքն` քրդերը եւ հայերը,- գրում էր թղթակիցը,- այս վերջինները մտադիր են ծառայելու սովետներին եւ անկարգություններ ստեղծելու»։ Սույն վկայություններով արդեն կարելի է բնորոշել Արեւմտյան Հայաստանի ծպտյալ հայության աշխարհաքաղաքական նշանակությունը, որպես պոտենցիալ գործոնի։

Իսմեթ Ինոնիուին հաջորդած Ջելալ Բայարի նախագահության եւ Ադնան Մենդերեսի վարչապետության ժամանակաշրջանում ուշագրավ են 1955թ. սեպտեմբերի 6-7-ի հակահույն եւ հակահայ բռնարարքները։ Պատմական Հայաստանի ծպտյալ հայերը եւս զերծ չմնացին այս տխուր վանդալիզմի ալիքներից։ Թուրք-կիպրական ընդհարումների ժամանակ 1958թ. Կեսարիայի Քեոհնե գյուղում, գյուղապետի կարգադրությամբ, յոթ հայ ընտանիք ամբողջապես բնաջնջվեց։

Մինչեւ 1960-ականների սկիզբը, Թուրքիայի Կոմունիստական կուսակցությունը, փաստորեն, այն կազմակերպված կառույցն էր, որի մեջ համախմբվում էին ռեժիմի հակառակորդ ուժերն ու զանազան էթնոկրոնական խմբերի, այդ թվում նաեւ հայության ներկայացուցիչները։ Գուրսելյան հեղաշրջումից հետո Թուրքիայի Կոմկուսի գաղափարախոսական լճացումը, ներքին ճյուղավորումներն ու իշխանատենչ ձգտումներն աստիճանաբար թուլացրեցին կուսակցության դիրքն ու կազմակերպական կորովը: Ադրյունքում հակառեժիմ առճակատման գլուխ անցան ահաբեկչական, ծայրահեղական խմբակցությունները։ Կոմունիստական կուսակցությունից անջատված սույն կազմակերպությունների ներքին մթնոլորտում եւս ակնհայտ էին էթնիկ խտրականության որոծ դրսեւորումներ։

Նման պայմաններում ծպտյալ հայությունն իր քաղաքական տեղն այլեւս չէր կարողանում գտնել թուրքական ձախակողմյան հոսանքներում եւ հաջորդող տասնամյակներում նրա քաղաքական ձգտումներն ընթացան միանգամայն այլ ուղղություններով։

1970-ականներին ծպտյալ հայության համար, ստեղծվում են քաղաքական գործունեության որոշ հնարավորություններ։ Մի ծպտյալ հայ այս մասին պատմում է հետեւյալը. «Ադիյամանի, Քյահթայի մեջ հառաջադիմական կազմակերպություններ հիմնվեցին։ Այս կազմակերպությունների մեջ ե՛ւ քուրդ ե՛ւ մեր հայ երիտասարդները համախմբվելով` ընդհանրական նպատակների էին պատրաստվում։ Քուրդ երիտասարդները մեր երիտասարդներին առաջարկում էին, որ իրենց ծագումը չծածկեն, ինքնությունն ու հավատքը բացահայտ կերպով հայտարարեն։ Սրա համար ապահովություն էին տալիս։ Այս մթնոլորտում բազմաթիվ հայ երիտասարդներ սկսեցին ասել. «Ես հայ եմ», «իմ կրոնը տարբեր է»։

Խաղաղ գործունեության հնարավորությունը ծպտյալ հայության համար երկար չէր կարող պահպանվել 1970-ականների Թուրքիայի քաղաքական անկայուն կյանքում, որը լեցուն էր գորշգայլական բիրտ շանտաժներով։ Նույն ծպտյալ հայը վկայում է. «Այս մթնոլորտը, սակայն, հաճելի չէր մի շարք քաղաքական շրջանակների։ Սկսեցին արծարծվել բամբասանքներ. «Հայերը կազմակերպվում են», «Գյավուրները բացելու են իրենց եկեղեցիները», «Հայերն իրենց պապերի ինչքերը հետ են ուզելու» եւ այլն»։

Այն հարցին, թէ ինչքանով են համատարած եղել ծպտյալ հայության քաղաքական ձգտումները, տրամադրություններն ու կամքը, դժվար է պատասխանել։ Սակայն միանշանակ կարելի է ասել, որ ազգային ինքնության նրա դրսեւերումների կոպիտ ճնշումը, նրա դէմ շարունակուող թուրքացման քաղաքականությունը եւ մարդկային իրավունքների կոպիտ ոտնահարումը նրան մղում էին հակապետական կոշտ եւ անտագոնիստական պայքարի տիրույթներ։

Գեներալ Քենան Էվրենի 1980թ. սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջմամբ, Թուրքիայում կրկին զինվորական իշխանություն հաստատվեց: Մի այլ ծպտյալ հայ՝ Սարգիսը, նկարագրում է կացությունը. «հեղաշրջումից հետո հայերը եւ ասորիներն ահավոր ճնշումների եւ նախատինքների ենթարկվեցին։ Նրանց նախատողները քաջալերվում էին «վերից` մի շարք քաղաքական շարժումների կողմից»։

Էվրենի հակահայ ճնշումները, իհարկե, սոսկ քաղաքական բնույթ չունեին։ Իսլամացման քաղաքականությանն առընթերհատկապես արեւելյան տարածքներում հաստատվել էր հակաֆեոդալական մի կացութաձեւ, որը մեծապես ծանրացնում էր ծպտյալ հայության վիճակը: Քուրդ ֆեոդալական գերդաստաններում ստրուկի կարգավիճակ ունեցող հայ ֆլաները պաշտպանվում էին իրենց քուրդ ավատապետ աղաների կողմից ընդդեմ ամեն տեսակ սպառնական արտաքին ազդակների: «Յուրաքանչյուր աղա ունի մի խումբ հայեր, որոնց տիրություն է անում,- ասվում է Թեսսա Հո‎ֆ‎մանի եւ Ժիրայր Քոչարյանի 1981թ. զեկուցագրում,- Վերջինները ճորտական կամ ‎ֆլայական կախման մեջ են իրենց աղաներից»։

Խոշոր ավատապետական հարաբերությունների քայքայման պայմաններում երեկվա հայ ֆլաներն այլեւս պարտադրվեցին մշակի կարգավիճակով աշխատանքի անցնել քուրդ միջին գյուղացիության մոտ, ինչը նրանց խոցելի էր դարձնում բոլոր առումներով: «Այս քրդերը,- կարդում ենք նշված զեկուցագրում,- հայերին դիտում են որպես խամաճիկների, եւ լավատեղյակ լինելով, որ հայերը դիմադրություն ձեռնարկող չեն, նրանց հանդեպ կատարում են ամեն տեսակ ոճրագործություն»։ Հասարակարգային այս փոփոխություններն էլ իրենց հերթին բացասական դեր են խաղացել ծպտյալ հայության գոյատեւման հարցում:

1980-ականներին զինվորական խունտան առիթը բաց չէր թողնում հայության դեմ քրեական գործեր հարուցելու համար։ Թուրքական «Հյուրգյունը» 1985թ. հոկտեմբերի 26-ին հաղորդեց այն մասին, որ Շնորհք արք. Գալուստյանը հարցաքննվել է թուրք դատախազի կողմից` Երուսաղեմից եկած մի քահանայի միջոցով դիարբեքիրցի հայ տղաներին Երուսաղեմ տեղափոխելու գործի կապակցությամբ։ Այլ աղբյուրներից գիտենք, որ այդ «քահանա»-ն՝ Տեր Մանվել վրդ․ Երկաթյանն է եղել։

Մանվել վրդ․ Երկաթյանի ձերբակալման հետ է զուգորդվում նաեւ ավետարանական եկեղեցու քահանա` պատվելի Հրանտ Կյուզելյանի դատավարությունը, որ սկսվել էր դեռեւս 1981թ. հոկտեմբերի 2-ին։ Զինվորական դատախազը շեշտում էր, որ Կյուզելյանը բազմաթիվ այսպես կոչված՝ «թուրք» որբ տղաների արեւելյան նահանգներից Ստամբուլ է բերել, տեղավորել Թուզլուի ճամբարում եւ նրանց հայություն քարոզել։

Ըստ մի քուրդ հետազոտողի 1990-ականներին ձեռք բերած տեղեկությունների` «առնվազն 200, եւ հավանաբար ավելի, ծագումով հայ ընտանիքներ ապրում են Ուրֆայում։ Նրանք իսլամացված են եւ հանրության առաջ խուսափում են որպես հայ ներկայանալուց։ Երբ հայկական եկեղեցին մզկիթի էր վերածվում 1990-ակաների սկզբին, ավելի քանի 200 բողոքագրեր, հասցեագրվեցին Ուրֆայի նահանգապետին, որոնց ընթացք չտրվեց անստորագիր լինելու պատրվակով»։

ծպտյալ հայության դեմոնստրատիվ այս քայլը մասնակի բնույթ չի կրել։ Նման օրինակների կարելի է հանդիպել այլ քաղաքներում եւս։ Հայկական հարցեր հետազոտող պրոֆ. Սալիմ Ջե¬ոհ¬ջեի տեղեկությունների հիման վրա, 2003թ., մահմեդա¬կան անուն¬նե¬րով, բայց հայկական ծագում ունեցող, 120 մարդ դիմել է պետական մարմիններին` Մալաթիայի, Չա¬վու¬շօղ¬լու թաղի եկեղե¬ցին վերաբացելու խնդրանքով:

Էվրենի զինվորական իշխանությունները, լայն մասշտաբով, «կադրային մաքրագործման» ենթարկեցին ոչ-թուրք պատկանելություն ունեցող բազմաթիվ պետական գործիչների։ 1988թ. գաղտնազերծված 221 Մաքրագործվածների ցուցակում հանդիպում ենք Արտաշ Բարթուղյանի, Աննիկ Սվաճյանի եւ Շյուքրու Բալչիի անուններին։ Թուրքական «Նոքթա» շաբաթաթերթը Ստանբուլի ապահովության պետ Շյուքրու Բալչիի մասին հատուկ շեշտադրությամբ գրում էր, որ նա «ծնվել է Դիվրիկիի հայկական գյուղերից մեկում եւ ծագումով հայ է»։

Գրառումը՝ Կարեն Խանլարիի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *