Պարո՛ն նախագահ, այն ժամանակ լրջանալու պահն էր, հիմա նո՞ր է հազարապատիկ լրջանալու պահը…
Ասում է՝ «Հազարապատիկ լրջանալու պահն է»…
Երբ Տեր-Պետրոսյանը Պետրոսի մոտ հարցազրույց տվեց նախորդ անգամ, ամենայն հարգանքով առաջին նախագահի անձի և քաղաքական գործչի հանդեպ, ինձ իրավունք չվերապահեցի կարծիք հայտնել նրա արտաբերած մի շարք հակասական մտքերի ու լղոզված պատասխանների կապակցությամբ:
Սակայն երեկվա հարցազրույցը ստիպում է բարձրաձայնել կարծիքս:
Եթե ամփոփ և հակիրճ, ապա նա իր վերջին հարցազրույցում Ֆիքսեց հետևյալը.
- Ղարաբաղի հարց այլևս չկա,
- Հեղափոխությունից անմիջապես հետո նա խորհուրդներ է տվել Փաշինյանին՝ իր հետագա կատարելիք գործողություններում, և հատկապես, թե ի՞նչ է պետք անել Ղարաբաղի հարցում (որն ի դեպ, ըստ նրա վերջինս չի արել, արդյունքում՝ ստացանք 44-օրյա պատերազմ՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ),
- Պատերազմի ընթացքում և հիմա էլ նա փորձեց կոնսոլիդացնել բոլոր կողմերին՝ տուրք չտալով անձնական ամբիցիաներին և տարակարծություններին,
- Թե՛ համաժողովրդական, թե՛ իր և վեհափառի կողմից նախաձեռնած հարթակի հանդեպ կոնսենսուսի ու կոմպրոմիսի բացակայության և առհասարակ, ստեղծված իրավիճակի ու դասավորությունների պատճառով ազգովի անելանելի վիճակում ենք,
- Աստված էլ իջնի, անհնար է որևէ կերպ, և որևէ ձև «ռասկլադ» փոխել, առավել ևս մեզ համար բարենպաստ իրավիճակ ստեղծել, քանի որ բացարձակապես բոլոր սցենարները վատն են, ալտերնատիվ չկա, կան միայն վատ ու վատագույն լուծումներ, ու պետք է ընտրենք վատ տարբերակներից ամենաքիչ վատը պարունակողը,
- Հազարապատիկ լրջանանք, համակերպվենք, որ մեր վերջը եկել է։ Պետք է տալ այնքան, որքան ուզում և ուզելու են,
- Անկախ ամեն ինչից, անկախ մեր բոլորի հանդեպ ժողովրդի ունեցած ընկալումներից, անտագոնիզմից, հերոսի ու դավաճանի պիտակներից, կերպարների այլափոխումից ու հակակրանքից՝ կամք ու պատրաստակամություն դրսևորենք անձը դնելով մի կողմ, չորսով մտնենք ամենածայրահեղ բեռի տակ: Նիկոլի հետ՝ վատագույն վերջաբանով «փայ մտնենք», պատասխանատվությունը միայն Նիկոլի «վզով» չթողնենք,
- Իշխանության գալու միտումից ձերբազատվենք, քանի որ վեց ամիս հետո կարող է առհասարակ Հայաստան չլինի,
- Ադրբեջանի ու Թուրքիայի հետ պայմանագրերի առումով՝ չի էլ ասում, թե կարող է ստորագրվի, ասում է՝ ստորագրվելու են պայմանագրեր, որոնք հայերիս համար ոչ հաճելի են լինելու, սակայն այլըտրանք չկա, կապիտուլյացիայի ենք ենթարկվել, այլևս լավ բան չսպասեք,
- Ով ուզում է գա՝ նույնն է լինելու, գուցե և ավելի վատ փաստաթուղթ ստորագրվի, իրավիճակ ահնար է փոխել,
- Նա չգիտի, թե ու՞մ է պետք այդ միջանցքը, և առհասարակ շատ բաներ չգիտի, ինֆորմացիա չունի, անգամ՝ «անգրագետ» է: Բացառապես գիտի այն, որ ծայրահեղ ծանր վիճակում ենք, որ Հայաստանին սպասվում են ցավոտ և ծանր լուծումներ, որ բոլոր լուծումներն էլ վատն են լինելու մեզ համար և բոլոր վատ լուծումներից պետք է ընտրել ամենաքիչ ցավալին, իսկ դա հասկանալու համար իրենք պետք է տիրապետեն ինֆորմացիայի, որի միակ տերը Փաշինյանն է,
- Թե ի՞նչ են առաջարկում Հայաստանին, օրինակ՝ Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ն միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցների շատ նեղ շրջանակը գիտի, և որպեսզի նախկին նախագահները կարողանան որևէ բանով օգնել, ապա իշխանություններն իրենց հետ պետք է կիսվեն ունեցած ինֆորմացիայով,
- Մենք, նորից պիտի քարը քարի վրա դնելով, պետություն կառուցենք և աշխատենք շենացնել այս երկիրը,
- Չի մեկնաբանում ոչ մեկի ասածը, իրեն հետաքրքիչ չէ ոչ մեկի կարծիքը:
Անցնեմ կետերով…
Պարո՛ն նախագահ «Ղարաբաղի հարցը» ո՞ր պահից այլևս չկա, ո՞ր րոպեից դադարեց գոյություն ունենալ, կամ առավել ևս, որ այն լուծված է:
Այդ հարցը լուծման ժամկետայնություն ունե՞ր կամ «срок годность» կա՞ր, թե՞՝ ոչ:
Պարո՛ն նախագահ, առայժմ միայն Ալիևն է ասում, որ Արցախի հարց չկա, և որ այն լուծված է…
Դուք ինքներդ ավարտական լուծում տեսնու՞մ էիք, երբ ոտքի հանեցիք համայն հայությանը, հիմնեցիք «Ղարաբաղ կոմիտեն» ու «պայքար, պայքար մինչև վերջ» լոզունգով սկսեցիք շարժումը:
Դուք ինքներդ քաղաքական պատրաստակամություն, պարտավորություն ու պատասխանատվություն ստանձնե՞լ եք՝ ձեր կառավարման ժամանակահատվածում լուծել ղարաբաղյան հարցը՝ Ձեզ հաջորդողների ուսերին այն չթողնելու նպատակով:
Պարո՛ն նախագահ, իսկ ինչու՞ դուք, ձեր իշխանավարման տարիներին ցավագին զիջումների չգնացիք, իսկ հիմա այն պարտադիր պայման է…
Ինչու՞ այն չլուծեցիք, որպեսզի թե՛ բարոյական, թե՛ իրավական ու թե՛ քաղաքական առումով ձեզ հաջորդող լիդերներին ու գալիք սերունդին հետագայում փաստի առաջ կամա թե ակամա չգանգնեցնեք, նրանց «վզին» ավելի ծանր բեռ չդնեք:
Դուք քաղաքական պատասխանատվություն կրու՞մ եք այդ խնդիրը չլուծելու հարցում:
1994-ին, երբ հրադադար եղավ, ձեռք բերվեց համաձայնագիր, որտեղ կային Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ստորագրությունները՝ Պաշտպանության նախարարների մակարդակով, կար սահմանված ժամկետ, որ 10 օրում քաղաքական կարգավորում պետք է հաստատվեր:
Ինչու՞ չհաստատվեց, փոխարենը դեմ տրվեց զինադադար, որը չի հաստատում և չի ամրագրում կողմերից մեկի հաղթանակը, այլ ենթադրում է հավասարազոր պայմաններով ռազմական գործողությունների դադարեցում, իսկ դուք դրան տվեցիք ձեր համաձայնությունը:
Դուք ընդունու՞մ եք, որ Ձեր կառավարման ժամանակահատվածում, որպես գլխավոր պատասխանատու՝ Ձեր օրոք կարող էր և պետք էր այս հարցին տրվեր վերջնական լուծում:
Անկախ նրանից, լավ կլիներ վերջնարդյունքը, թե վատ, հաճելի կլիներ, թե ոչ:
Դուք ի զորու՞ էիք այն լուծել, ունեի՞ք կամք, թե՞ միակ չլուծելու պատճառը ենթադրվող քաղաքացիական պատերազմի հավանականությունն էր:
Գուցե պատճառը ռազմական ղեկավար հատվածի «սպառնալիքն» էր, որի մասին պտտվում են ինչքան հավաստի, այդքան էլ անհեթեթ ու ոչ արժանահավատ լուրեր:
Եթե, ինչպես ասում եք միջազգային հանրությունը վերջիվերջո ու անկասկած պահանջելու էր հետ վերադարձնել «օկուպացված տարածքները», Արցախն էլ Ադրբեջանի տարածքային ամբողջություն էր ու անբաժանելի մաս, ապա ինչու՞ առաջնորդեցիք շարժում, ստեղծեցիք «Ղարաբաղ կոմիտե» ու գնացիք հարցի ռազմական ճանապարհով լուծմանը:
Այդ ժամանակ ինչու՞ չէիք ասում, որ այս ճանապարհով մենք ոչնչի չենք հասնելու, ընհակառակը՝ ավելի լուրջ արհավիրքների առաջ ենք կանգնելու:
Որ 90-ականներին, տղաները ձեր կոչերով ոգևորված, առաջ էին գնում, ինչու՞ չէիք դադարեցնում առաջխաղացումը ու նորանոր տարածքների ազատագրումը:
Ուզում էիք, բայց չէիք կարո՞ղ կանգնեցնել նրանց, թե՞ նրանք արդեն «կոնտրոլից դուրս էին»…
Եթե 1994 թվականին շարունակվեր Ադրբեջանի փոքրացումը, գուցե հիմա այլ վիճակ կլիներ:
Ինչու՞ «անիմաստ» տվեցինք այդքան զոհեր, եթե վաղ թե ուշ ձեր վկայակոչած միջազգային հանրությունը ձեր իսկ ձեռքբերումները չէր ճանաչելու, ավելին՝ պարտադրելու էր վերադարձնել տարածքները:
Թե՞ այն ժամանակվա միջազգային հանրությունը այլ հանրություն էր, հիմա՝ այլ:
Արժեքներ են փոխվե՞լ, միջազգային հանրության խոսքի լեգիտիմության ցուցի՞չն է փոխվել:
Ձեր կառավարման ժամանահատվածում միջազգային հանրությունը նման պայման ձեր առջև չէ՞ր դնում…
Հենց դուք գնացիք, նոր սկսեցին նրանք պահանջե՞լ:
Կամ թե այն ժամանակ միջազգային հանրության ասածների վրա կարելի էր «թքել», նրանց արհամարհել ու խաբել, իսկ այսօր՝ ոչ:
Չե՞ք կարծում, որ այն ժամանակ ընձեռված հնարավորությունները շատ ավելի մեծ էին՝ հաղթողի դիրքերից ստիպելու թշնամուն ընդունել կապիտուլացիան, ճանաչել Արցախի անկախությունը:
Ինչու՞ մեր ձեռքբերված հաղթանակը մսխվեց, ինչու՞ 94-ին Դուշանբեում կնքվեց զինադադար՝ կապիտուլյացիայի փոխարեն:
Ինչու՞ այն հանդուրժեցիք…
Այդ ինչպե՞ս է, որ Էրդողանն ու Ալիևը ուր մտան իրենց պատմական հող հռչակեցին ու ոտքերը պնդացրեցին, իսկ երբ մեր հերոսները ազատագրեցին մեր պատմական հողերը՝ Ձեր կողմից անդադար հնչում են հետ տալու կոչեր ու հորդորներ, բանակցություններն էլ սկսեցին ընթանալ այդ ոգով ու քաղաքական հունով:
Եթե նույն ռազմավարությունը որդեգրեիք, երբ հաղթած պետություն էինք, ինչպես այսօր թշնամին վարվում է մեզ հետ, ապա այս ամենը չէր լինի, այս ամենի ականատեսն ու կրողը չէինք դառնա:
Ո՞վ փոշիացրեց մեր հերոսական հաղթանակը և կապիտուլյացիայի փոխարեն բավարարվեց հրադադարով, երբ այդ պահին ավագ Ալիևը պատրաստ էր իր դեմ դրած ցանկացած թուղթ ստորագրել,
միայն թէ Բաքու չմտնեինք, ով արդեն համակերպվել էր Արցախի կորստի և այն այլևս Ադրբեջանի մաս չլինելու հարցում:
Պարո՛ն նախագահ, մատնանշում եք մի շարք գերտերությունների, ինչպիսիք են՝ Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան, ասելով, որ նրանք ևս կապիտուլացվել են: Այդ ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանի նման երկիրը չկապիտուլացվեց։
Ինչու՞ նա բացառություն կազմեց:
Ո՞վ է միշտ դեմ եղել տարածքներ ազատագրելու կոչերին, խոսել անվերջ տալու և զիջելու մասին:
Ո՞վ չկարողացավ հաղթողի դիրքերից թելադրել պահանջներ, ո՞վ չլեգիտիմացրեց ձեռքբերված հաղթանակը, իսկ հիմա երկիրը հասցնելով ծայրահեղ վիճակին՝ պատրաստ է ամեն գնով «խաղաղություն» հաստատել թշնամու հետ, կնքել ցանկացած ստորացուցիչ ու պարտվողական փաստաթուղթ:
Ու սա առաջարկում է մի նախագահ, ով բաց թողեց առիթը արդեն հաղթած բանակով ժողովրդին առաջ մղել դեպի նորանոր հաղթանակներ ու զարգացում…Իսկ հիմա վարկած է առաջ քաշում, թե պիտի գլխիկոր համաձայնվենք մեզ պարտադրվող փաստաթղթերին:
Ո՞վ էր, որ երկու տարի առաջ՝ նոյեմբերի 10 ից հետո, այն ժամանակ, երբ պետք էր ներքաղաքական համերաշխություն քարոզել ու գործուն քայլեր անել՝ վարչապետին «ազգակործան պատուհաս» պիտակավորեց ու երկիրը լքելու առաջարկ արեց։
Այդ ինչպե՞ս է, որ ավելի օրհասական ժամանակահատվածում չստանձնեցիք հայրենափրկման ու համախմբման սիմվոլի պարտականություն, այլ ընդհակառակը՝ օր առաջ վարչապետի հրաժարականն էիք պահանջում, իսկ հիմա պատրաստ եք նրա հետ, նրա համար նույնիսկ պատասխանատվություն կրել, «հողատուի ու դավաճանի» պիտակը կիսել.
նա այլևս ազգակործան «պատուհաս» չէ, ենթադրում եմ՝ դուք էլ նրա համար՝ «մեծ խառնակիչ»…
Ստացվում է՝ նա այլևս «ազգակործան պատուհաս» չէ, դուք էլ պատկերացնում եք վերջինիս հետ քննարկել որևէ հարց, ավելին՝ խրախուսել ու զորավիգ լինել՝ նրան ենթադրվելիք վատագույն սցենարներով պայմանագրերի կնքման հարցում։
Ավելին՝ հիմա լուրջ հավատանք, որ դուք չգիտեք, թե ու՞մ է պետք այդ միջանցքը, որ դուք իրո՞ք չեք տիրապետում ինֆորմացիայի…
Լու՞րջ եք ասում…
Սա ի՞նչ բլեֆ է…
Ինչու՞ եք դուք բացի գուժաբերից, ահ ու սարսափ, պանիկա տարածելուց, հուսալքման ակցիա կատարելուց զատ հրամցնում՝ «ընտելացված անօգնականության» նարատիվ, որ հայ ժողովուրդն անկարող է, որ ինչ էլ անենք, շանս չունենք, և որ մենք պետք է այստեղ ապրենք զուտ թուրքերի, ադրբեջանցիների բարեհաճության շնորհիվ ու հարմարվենք դառը իրադարձությունների հետ:
Որ ավելի լավ է քո իսկ ձեռքերով վերացնել պետությունդ, քանի դա չի արել թշնամիդ:
Առանց այն էլ ադրբեջանական մամուլը ուշիուշով հետևում էր ձեր հարցազրույցին, հատուկ շնորհակալություն հղում Ձեզ…
Ինչու՞ եք հիմա ստանձնել ձեր քաղաքական հոգեզավակի «անոնսավորումը»…
Կամ թե դուք չէի՞ք, որ Ձեզ որպես արժանի փոխարինող բերեցիք Քոչարյանին…
Հիմա ի՞նչ եք առաջարկում.
Դիտարկենք որ 90-ականների ծեր, բայց և գիտակ ու պալիգլոտ պապիկին «надо понять и простить», պետք է ուղարկենք արժանապատիվ թոշակի՞, թե՞ քաղաքական նոր կոնֆիգուրիացիայի մաս համարենք ու հարմարվենք քաղաքական վերակենդանացման հետ:
Համենայն դեպս, չեմ կիսում այն կարծիքը, թե դուք շատ հեռու եք այժմյան համաշխարհային քաղաքականությունից…
Դուք գիտեք, թե ինչ է ռեալ պոլիտիկը, ունեք քաղաքական սառնասրտություն, չեք տրվում էմոցիաներին, բայց և մնում եք հակասական կերպար:
Եվ մի՛ փորձեք հերթական անգամ ապացուցել, որ տարիներ շարունակ դուք եղել եք բացարձակապես ճիշտ, բոլորը սխալ, մի՛ փորձեք հերթական անգամ ժողովրդին համոզել, որ դեռևս այսքանից հետո ճիշտը պարտության հետ համակերպվելն է ու չարյաց փոքրագույնն ընտրելը։
Ոչ էլ համոզեք, թե «քաղաքական պրագմատիզմ» կոչվածը շատ ավելի նախընտրելի է, քան ազգային մտածելակերպը։
Դուք անկախ ամեն ինչից հաղթանակած նախագահ եք համարվում:
Հաղթանակի դափնիները ձերն են։
Դուք մեծ ավանդ ունեք այդ գործում:
Մի՛ փչացրեք Ձեր հանդեպ ունեցած դրական կարծիքը, ձեր՝ հաղթանակ կերտած նախագահի կերպարը:
Մի՛ պահեք Ձեզ այդքան գոռոզ ու մեծամիտ:
Մի՛ փնովեք ուրիշներին, մի՛ հեգնեք, մի՛ արհամարհեք:
Բարեհաճե՛ք լսել նաև ուրիշների կարծիքներն ու մեկնաբանությունները:
Դա ամոթ բան չէ:
Պարո՛ն նախագահ, այն ժամանակ լրջանալու պահն էր, հիմա նո՞ր է հազարապատիկ լրջանալու պահը…
Ըստ իս, մենք միշտ էլ լրջանալու, իրավիճակը ճիշտ գնահատելու, սթափվելու, պատմությունից դասեր քաղելու, հետևություններ անելու կարիք ունենք:
Եվ հետո.
Ես բացարձակ համաձայն չեմ այն պարտադրվող մտքի հետ, թե ով ուզում է գա՝ նույնն է լինելու, որ ելք ու հնար չկա:
Այլընտրանք, ելքեր միշտ էլ կան…
Ցանկություն, խելք, կամք, նպատակ և խոհեմություն է անհրաժեշտ:
«Պիտի տանք, որ հանգիստ ապրենք»-ը՝ տնաքանդություն է:
Այն մարդիկ, որոնք մտածում էին, թե Արցախը գլխացավանք է ու անհաջողությունների գլխավոր պատճառն է, որ այն տվեցին հանգիստ ապրելու են, այսօր Հայաստանի իրենց տներից են փախչում, որ արկի բաժին չդառնան…
Այնպես էլ չէ, որ Արցախում պարտությունն անխուսափելի էր։
Բայց հիմա դա մտցվում է մարդկանց բանականության մեջ շատ ստոր կերպով՝ արդարացնելու սեփական ապիկարությունն ու անճարությունը, իբր մենք ամեն ինչ արել ենք, բայց պարտությունն անխուսափելի էր։
Կամ թե աշխարհը կամ միջազգային հանրությունը մեր դեմ էր, Թուրքիան մեր դեմ էր, Ռուսաստանն էլ չօգնեց։
Թե՛ դուք, և թե՛ ձեզ հաջորդողները կրում են թե՛ հայ քաղաքական մտքի, և թե՛ պատերազմի պարտության ու անհաջողությունների պատասխանատվությունը:
Ամեն ինչի դատավորը ժամանակն է:
Ցանկանում եմ այնքան ապրեք, որ տեսնեք ինքնաբավ ու կայացած, հզոր ու անվտանգ, բարեկեցիկ ու ապահով վաղվա Հայաստանն ու Արցախը, ինչը միանշանակ լինելու է….
Գրառումը՝ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից։