Հայաստան

Ծպտյալ Հայերի Քաղաքական Ձգտումները

Մաս Չորրորդ

Ինքնարծարծման այս ալիքը հասնում է մինչեւ ինքնակազմակերպման: Այսօր սասունցի հայերին միավորող միությունից բացի Թուրքիայում աշխատում է նաեւ Սելահեդդին Գուլթեկինի կամ Միհրան Փրկիչի հիմնած «Դերսիմցի հայերի միությունը»:

Կարեն Խանլարի

Եւրոպայում մի քանի ծպտյալ հայերի հարցազրույցներից պարզվում է, որ նրանցից ոմանք աշխատել են PKK-ի շարքերում մինչեւ Օջալանի ձերբակալությունը, այնուհետեւ, հիասթափվելով եւ հաշվի առնելով իրենց հայկական ծագումը, որոշել են մեկնել Գերմանիա: Ռազմիկ Հակոբյանն, օրինակ, երկար տարիներ անդամակցել է PKK-ին, ձերբակալվել ու պահվել է Անկարայի սարսափազդու բանտերում: Իսկ Սիմոն Կոստանյանի կամ Սարդետ Կոսդունի հայրն ու եղբայրները տարիներ շարունակ եղել են PKK-ի մարտիկ, բազմիցս բանտարկվել են ու կտտանքների ենթարկվել։

PKK-ի էլեկտրոնային և տպագիր տեղեկատուներում կարդում ենք հայաբնակ Սայլակկայա պատմական գյուղում, 1970թ. ծնված հայ երիտասարդ Հուսեյն Սարիչիչեքի մասին, որը զոհվել է Թուրքիայի բանակի դեմ մարտերում 1988թ., նույնպես ե՛ւ Էմինե Աթմաջայի մասին՝ հայուհի, որ ծնվել է ուրֆացի հայկական ընտանիքում, 1967թ․ և զոհվել Տիգրանակերտում, 1995թ․, Ինչպես նաև հայկական ծագումով Վեդատ Ռալիջեի մասին, ով ծնվել է Ադյամանում, 1976թ․ և զոհվել Բինգյոլի (Բյուրակն) Յայլադերեում 2006թ․։

Զազա-ալեւիական շրջանակներում աշխատող TIKKO կազմակերպության զոհվածների ցանկում հանդիպում ենք երեք հայ զոհվածների կենսագրականներինտիգրանակերտցի Արմենակ Բաքիրչյան (զոհված Խարբերդում 1980թ.): Մարդինցի Նուբար Յալըմ (զոհված Ամստերդամում1982թ.): Կեսարացի Մանվել Դեմիր (զոհված Ստամբուլում 1988թ.):

1953 թ Տիգրանակերտում ծնված Արմենակ Բաքիրչյանի զոհվելուց հետո մարտական ընկերները գաղտնի տեղափոխել են նրա աճյունը եւ, ըստ իր կտակի, թաղել Ֆարաչ լեռներում։ Նրա հուղարկավորությունը վերածվել է ժողովրդական մեծ արարողության, որին մասնակցել են նաեւ մեծ թվով ծպտյալ հայեր։

Այսպեսբազմաթիվ լրագրություններ, զեկույցներ եւ ուղեգրություններ բավարար հիմք են տալիս եզրակացնելու, որ Թուրքիայի պետական մտածողության տեսակետից «Անատոլիայի» հայության հարցը, ըստ ամենայնի «անցանկալի» փաստ է եւ, պետական անվտանգության ու երկրի ամբողջականության հետ առնչվող, լուրջ մտահոգություն եւ ապագայի հավանական գերխնդիր։

Թերեւս այս մտահոգությամբ է հիմնավորվում նաեւ 2003 թվակիր պետական շրջաբերականը, որով Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը, միանգամայն գաղտնի եղանակով, ցուցումներ է տալիս նահանգապետարաններին` պատկան նահանգների հայ եւ այլ էթնոկրոնական խմբերի մասին վիճակագրություն պատրաստել եւ առաքել կենտրոն։

Պետք է ասել նաեւ, որ ծպտյալ հայության քաղաքական ձգտումները չեն արտահայտվում միմիայն ռազմա-քաղաքական գործունեությամբ: Վերջին տարիների բազմաթիվ երեւույթներից դատելով, կարելի է ասել, որ էթնիկ ինքնարծարծումը համարվում է ծպտյալ հայության քաղաքական խաղաղ գործունեության բաղադրիչը: Մշակույթի, արվեստի եւ քաղաքական բազմաթիվ գործիչներ հրապարակայնորեն խոսում են իրենց հայկական ծագման մասին: Թուրքիայի միջազգային հռչակ ունեցող ֆեմինիստ Հեդիե Սելման, ցավ հայտնելով հայերի սպանդի համար, պահը չի կորցնում շեշտելու իր հայկական ծագումը։ Նման մոտեցումն են ցուցաբերում իրավաբան Ֆեթհիե Չեթինը, ռեժիսոր Ժակլին Չելիքը, նկարիչ Դենիզ Ալթըն, քաղաքագիտության ուսանող Սիդար Յումլուն եւ ուրիշներ: Մի շարք ծպտյալ հայեր իրենց հայ հարազատներին փնտրելու համար նույնիսկ բացահայտ հայտագրերով են հանդես գալիս Թուրքիայի ամենատարածուն լրատվացանցերում:

Ինքնարծարծման այս ալիքը հասնում է մինչեւ ինքնակազմակերպման: Այսօր սասունցի հայերին միավորող միությունից բացի Թուրքիայում աշխատում է նաեւ Սելահեդդին Գուլթեկինի կամ Միհրան Փրկիչի հիմնած «Դերսիմցի հայերի միությունը»:

Ի՞նչն է ստիպում Թուրքիայի լրատվական, քաղաքական, կրոնական, գրական եւ իրավական զանազան հայ եւ ոչ-հայ գործիչներին եւ հասարակ քաղաքացիներին, ինչ-որ ձեւով, արծարծել ծպտյալ հայության հարցը, եթե ոչ` այն պարզ ու մեկին ճշմարտությունը, որ սույն հարցն ուղղակիորեն աղերս ունի հայապատկան տարածքներում վերապրած ու վերակերպված հայության ներկա իրողության հետ։

Բազմիցս ահազանգել ենք, որ Թուրքիայի վերակերպված հայության հետագա ճակատագրի հարցը հրամայական առաջնահերթություն պետք է համարել: Այդ հսկայական ներուժը, եթե այսօր անուշադրության մատնվի, կարող է ընթանալ տարերային զարտուղիներով կամ շահարկվել այլեւայլ ուժերի կողմից։ Իսկ հակառակ դեպքում այդ հսկայական ներուժը կարող է վերածվել պատկանելության գիտակցման եւ վերազարթոնքի ազգային շարժման:

Գրառումը՝ Կարեն Խանլարիի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *