Ըստ «հավաստի աղբյուրի»՝ Ռուսաստանն ուզում է «միութենական պետություն»: Իհարկե հստակ չէ, թե ի՞նչ մակարդակում և ինչպես է Ռուսաստանը դնում Հայաստանի առաջ այդ հարցը։
Հակոբ Բադալյան
«Թաթարստան», «Ֆինլանդիա», թե Ազատ Արցախ. նոր նշանակում և նոր իրավիճակ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գործարար Ռուբեն Վարդանյանին առաջարկել է զբաղեցնել Արցախի պետնախարարի, այլ կերպ ասած՝ փաստացի վարչապետի պաշտոնը: Արայիկ Հարությունյանն այդ առաջարկը պայմանավորել է առկա իրողություններով և բարդ մարտահրավերներով: Ռուբեն Վարդանյանը շաբաթներ առաջ հայտարարեց ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախում բնակություն հաստատելու որոշման մասին՝ ասելով, որ այդպես է պահանջում ժամանակը և այն մարտահրավերների բարդությունը, որոնց առաջ է այսօր Արցախը: Վարդանյանի այդ որոշումը արժանացավ ամենատարբեր գնահատականների՝ ողջույնից մինչև սուր քննադատություն և կասկածներ, որ ռուսաստանցի հայ մեծահարուստը Արցախում հաստատվում է ռուսական քաղաքականության ծիրում, այդ քաղաքականության ծրագրերը սպասարկելու համար: Ինքը՝ Ռուբեն Վարդանյանը, հայտարարում է, որ իր օրինակով փորձում է ցույց տալ, թե ինչ է այսօր պահանջվում հայությունից: Անկասկած է, որ ՌԴ արդեն նախկին քաղաքացի հայ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի արցախյան գործունեությունը ոչ միայն դուրս չի լինելու մեծ քաղաքականությունից, այլ, ըստ էության, լինելու է թերևս այդ քաղաքականության մի էական դրվագ:
Հարցն այն է, թե ինչ տրամաբանությամբ, ինչ բովանդակությամբ և տնտեսա-քաղաքական ու հասարակական ինչ որակով: Նրան ուղղված առաջարկը հնչում է Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո, որի մասին Երևանի տարածած հաղորդագրության մեջ կար ուշադրության արժանի մի դրվագ՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև շփումների մեխանիզմի առնչությամբ: Ըստ հաղորդագրության, կողմերը այդ կապակցությամբ փոխանակել են մտքեր: Թե ինչպիսին են եղել այդ մտքերը, պարզ չէ, սակայն անկասկած է, որ գաղափարրը առնվազն արժանի է ուշադրության և դրա մասին ինքս խոսել եմ մի շարք անգամներ, դիտարկելով այն Արցախի սուբյեկտությունը բարձրացնելու համատեքստում: Այդ իմաստով, Ռուբեն Վարդանյանի նշանակումը Արցախի պետնախարարի պաշտոնում, անկասկած Արցախում նոր իրավիճակի վկայություն է, որը իր ազդեցությունն ունենալու է սուբյեկտության ներուժի վրա: Սակայն, այդ իմաստով հարց է, թե Վարդանյանի ազդեցությունը ինչ տրամաբանությամբ է ծավալվելու՝ Թաթարստանի՞, թե՞ Ֆինլանդիայի, պայմանական իմաստով իհարկե:
Օրինակը գալիս է հենց Վարդանյանի հայտնի հարցազրույցից, ամիսներ առաջ, որտեղ նա անդրադարձել էր «միութենական պետության» հեռանկարի մասին հարցին, ասելով, որ, եթե այդ հեռանկարը Հայաստանի համար լինի անխուսափելի, ապա իր կարծիքով պետք է այդ դեպքում առավելագույնն անել, որպեսզի այդ կարգավիճակում Հայաստանը պահպանի ազգային-պետական-սուբյեկտային առավելագույն իդենտություն, ինչպես Թաթարստանը: Միաժամանակ, Վարդանյանը շարունակել էր, որ անձամբ իր կարծիքով պետք է ձգտել Ֆինլանդիայի օրինակին, առավելագույն ջանք գործադրելով թե Ռուսաստանին, թե Միացյալ Նահանգներին համոզելու, որպեսզի Հայաստանը չդնեն որևէ ընտրության առաջ և Հայաստանն էլ պահպանի իր լավ հարաբերությունը երկու ուղղությամբ էլ, ինչպես Ֆինլանդիան լինելով փաստացի արևմտյան աշխարհի մաս, լավ հարաբերություն ուներ նաև ԽՍՀՄ հետ: Իհարկե, Ռուբեն Վարդանյանը պաշտոն է ստանձնելու ոչ թե Հայաստանում, այլ Արցախում, սակայն գործնականում կասկածի ենթակա չէ ընդհանրապես ռեգիոնալ իմաստով աշխարհաքաղաքական օրգանականությունը: Ընդ որում՝ այդ իմաստով հատկանշական է, որ Հայաստանի վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ»-ը հենց այսօր «Հավաստի աղբյուր» «խորագրով» շարունակել է արցախյան հարցի շուրջ առկա բանակցային միջավայրի հանրայնացումը, ներկայացնելով այն, թե Հայաստանից ինչ է ուզում Ռուսաստանը: Ըստ «հավաստի աղբյուրի»՝ Ռուսաստանն ուզում է «միութենական պետություն»: Իհարկե հստակ չէ, թե ի՞նչ մակարդակում և ինչպես է Ռուսաստանը դնում Հայաստանի առաջ այդ հարցը, և դա «հավաստի աղյուրի» վերլուծությո՞ւն է՝ Ռուսաստանի քաղաքականության հիման վրա, թե՞ կոնկրետ տեղեկատվություն՝ Ռուսաստանի որևէ պաշտոնական մակարդակով դրված հարցի վերաբերյալ:
Հոդվածը 1in.am կայքից։