Հայաստան

Հանրապետություն

Նա մեռնում է, նա ապրում է վերջին ժամը, նա օրը ցերեկով, բանուկ շարքի վրա անց ու դարձ կատարող բազմության կողքին, Հայաստանի մայրաքաղաք Երեւանում:

Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած ամենադժվարին խնդիրը, թերեւս, գաղթականության հարցն էր։ 1917-18թթ. մշտապես շարունակվող ռազմական գործողությունների, տարածքային մեծ կորուստների հետեւանքով գաղթականների թիվը հանրապետությունում հասնում էր շուրջ 300 հազարի։

Նրանք հեղեղել էին ինչպես Երեւանը, այնպես էլ բոլոր այն շրջանները, որտեղ կարելի էր մի կտոր հաց հայթայթել: Հիվանդություններն ու սովն ամեն օր նոսրացնում էին նրանց շարքերը։

Գաղթականության հարցերով զբաղվում էր Ներքին գործերի նախարարությունը Արամ Մանուկյանի գլխավորությամբ: Այս ընտրությունը պայմանավորված էր այն բանով, որ առանձին նախարարություն ստեղծելու համար բացակայում էին միջոցներ: Հայ ժողովրդական կուսակցությունը, որը 1918թ. հոկտեմբերին դեռեւս կոալիցիա չէր կազմել Դաշնակցության հետ, խիստ քննադատում էր կառավարության գործող կառուցվածքը: ՀԺԿ-ն համոզված էր, որ նորանկախ հանրապետության առջեւ ծառացած հիմնական խնդիրներից մեկը գաղթականության կենցաղի եւ պարենավորման կազմակերպումն էր, եւ «խնայողությունից պետությունը շատ ավելի վնասվել է, քան թե շահել»: Մինչեւ Ներքին գործերի նախարարության միջամտությունը, գաղթականների հարցերով զբաղվում էր հատուկ հանձնաժողովը, որը ստեղծել էր սննդակայաններ եւ կերակրում էր տնից ու գույքից զրկված հազարավոր մարդկանց: Բացի այդ, գաղթականները կենտրոնանում էին հենց այն բնակավայրերում, որտեղ կային սննդի կետեր: ՆԳ նախարարության իրավասության տակ սննդակայանները փակվեցին, ինչի հետեւանքով գաղթականները ոչ միայն զրկվեցին տաք կերակուրից, այլեւ կրկին սկսեցին տեղաշարժվել հանրապետությունով մեկ՝ բազմաթիվ դժվարություններ ստեղծելով տեղի բնակչության եւ իշխանությունների համար:

«Ժողովուրդ», 6 հոկտեմբերի, 1918թ., թիվ 16

«Դրությունը կարելի է բարվոքել միայն մի կերպ՝ անհրաժեշտ է ստեղծել մի նոր մինիստրություն, պետական խնամատարության անվան տակ, որին հանձնվի գաղթականական, պատերազմից վնասվածների օգնության գործը եւ առհասարակ բարեգործական ֆունկցիաներ: Առանձին մինիստրությունը հնարավորություն կունենա ամբողջովին նվիրելու իր ուշադրությունը եւ ուժերը գաղթականության»:

Դիտարկումների արդյունքները

Մամուլը գրում էր, որ 1918-ի ամռան վերջին եւ աշնան սկզբին Հայաստանում տարածված խոլերայի համաճարակը գաղթականության համար այնքան աղետալի չէր լինի, եթե Երեւանի ղեկավարությունը ժամանակին լուծեր ջրամատակարարման խնդիրը: Երեւանը խմելու ջուր ստանում էր Քանաքեռի Քառասուն աղբյուրներից (Ղըրխ Բուլաղ), որը հայտնի էր իր որակով եւ համարվում էր լավագույնը ողջ Անդրկովկասում:

«Ժողովուրդ», 13 հոկտեմբերի, 1918թ., թիվ 18

«Քաղաքիս ներկա հայրերը, քաղաքագլուխը, իրենց կատարյալ տրամադրության տակ ունենալով մի այդպիսի սքանչելի ջուր, ոչ մի արմատական միջոց չեն գործադրել քաղաքիս աղքատ ազգաբնակությանը արգելելու կեղտոտ առուների ջուրը խմելու, գործածելու: Մալարիա, հասարակ տենդ, ամեն տեսակ ստամոքսային հիվանդություններ երբեք այն ծավալը չէին ունենա քաղաքիս չքավոր ազգաբնակության մեջ, եթե նա գործածեր Ղըրխ-Բուլաղի մաքուր, բյուրեղյա ջուրը»:

1918-ի հոկտեմբերի սկզբին, երբ Հայաստանի խորհրդարանը քննարկում էր գաղթականների ու որբերի մասին օրենքները, բժշկասանիտարական հանձնաժողովի անդամները ներկայացնում էին հանրապետության տարբեր շրջաններում անցկացրած դիտարկումների արդյունքները: Փաստերը ցույց էին տալիս, որ վարակիչ հիվանդությունները հիմնականում տարածվում էին սանիտարական հսկողության պակասի պատճառով: Այս առումով հատկապես մտահոգիչ էր իրավիճակը Երեւանում. չէր իրականացվում աղբահանությունը, ինչը հիվանդությունների տարածման համար պարարտ հող էր ստեղծում:

«…Այստեղ, քաղաքում օրերով ընկած են մնում շների, ձիերի եւ այլ դիակներ («եւ մարդկանց» լսվում է պատգամավորների կողմից)- այո՛, եւ մարդկանց: Թեեւ կոմիսիան 2-3 օրում բավարար դրություն էր ստեղծել քաղաքում, սակայն այն կրկին վատացավ, շնորհիվ քաղաքային վարչության անուշադրության»,- խորհրդարանին զեկուցում էր բժշկասանիտարական հանձնաժողովը՝ արձանագրելով, որ հոկտեմբերին արդեն խոլերայի դեպքերը զգալիորեն նվազել էին:

Բացի խոլերայից, Հայաստանի տարբեր շրջաններ էր ներթափանցել «իսպանական գրիպը»: Այս սարսափելի հիվանդության համաճարակն ամբողջ աշխարհում բռնկվել էր Առաջին համաշխարհային պատերազմի վերջին՝ 1918թ. ամռանը, եւ 1919թ. ամբողջ աշխարհում այս հիվանդությանը զոհ էին գնացել տասնյակ միլիոնավոր մարդիկ. այն համարվում է մարդկությանը պատուհասած ամենամեծ աղետներից մեկը: 1918թ. ամռան սկզբին Թիֆլիսում արձանագրվում են հիվանդության առաջին դեպքերը, որը ժողովրդի մեջ հայտնի էր «սպանկա» կամ «սպանական գրիպ» անունով։ Բարեբախտաբար հիվանդությունը ոչ միշտ եւ ոչ ամենուր էր մահացու ելք ունենում:

«Խիստ շատ հիվանդանում են սպանական հիվանդությունից. Դիլիջանում վաշտի 2/3-ը պառկած էր: Այդ համաճարակը ոչ մի զոհ չի տարել եւ վերջանում է: Դիզինտերիայից եւ որովայնային տիֆից զոհեր լինում են: Դրանցից առաջինի պատճառն էր վատ հացը: Գալով մաքրությանը, Դիլիջանի զորանոցները կեղտոտ են եւ առանց լուսամուտի»,- հայտնում էր սանիտարական հանձնաժողովը:

«Զանգ», 2 հոկտեմբերի, 1918թ., թիվ 58

«Բժշկա-առողջապահական վիճակը ավելի անմխիթար պատկեր մը կներկայացնե. Բաշգյուղի մեջ հունիսի ընթացքին բացված է ամբուլատորիա մը: Բժշկուհի մը հրավիրված է այդ ամբուլատորիան ղեկավարելու, վերջինս… դեղորայք չունի. ինք՝ բժշկուհին կողմնակի կերպով խոստովանած էր, որ դատարկ բան է այդ ձեւով ամբուլատորիա բանալ: …Բժշկական կամ ֆելդշերական խումբը պարտականություն ստանձնելու է հսկելու գյուղերու փողոցներու, տուներու եւ ճամփաներու, ինչպես եւ գետերու եւ աղբյուրներու մաքրության, անձամբ ականատես եղած եմ, թե ինչպես օրերով եւ ամիսներով սատկած կենդանիներու դիակներ մնացեր են ճամփաներուն վրա. զգուշավոր վերաբերվելու է նաեւ ժողովուրդը Բաշգյուղի մեջ, ուրկե ծնունդ կառնի Երեւանի ջուրը. այդ ջուրը ամենատարրական անզգուշության հետեւանքով կրնա վարակվիլ, քանի որ պետք եղած պահպանությունը կպակսի ջուրի ակունքներուն մոտ»:

Որբերի մասին օրինագիծը

Ինչ վերաբերում էր որբերին, ապա նրանց դրությունը Դիլիջանում համեմատաբար բարվոք էր, ինչը չէր կարելի ասել Ծաղկաձորի եւ մնացած շրջանների մասին. այստեղ չկար անկողին, կտոր, իսկ որբերն օրական ստանում էին ¼ ֆունտ (մոտ 110 գրամ) հաց:

Պատգամավոր Մուշեղյանը հայտարարում էր, որ խոլերայի դեպքերի նվազումը կառավարության աշխատանքի եւ բժշկասանիտարական գործողությունների հետեւանք չէ: «Գողացվում են զինվորական հիվանդանոցներում դեղերն ու սպիտակեղենը: Մեղավոր է կառավարությունը, որ չէ կանոնավորել որբանոցների կազմակերպությունը»,- ասում էր նա:

Քննարկելով որբերի մասին օրինագիծը՝ պատգամավորներն արձանագրում էին, որ մինչեւ անկախության հռչակումը, որբերի հարցով զբաղվում էին հասարակական կազմակերպությունները: 1915թ. Եղեռնից հետո Հայաստանում հազարավոր որբեր էին հաստատվել, որոնց խնամքով զբաղվում էին Բարեգործական ընկերությունը, Մոսկվայի հայկական կոմիտեն, Նպաստամատույցը եւ այլ կազմակերպություններ: Պետությունն իր հերթին ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում այս կառույցներին: 1918թ. աշնանը Անդրկովկասում ստեղծված նոր իրադրության պայմաններում արտասահմանից որեւէ աջակցություն չէր ստացվում, եւ որբերի խնամքն ինքնաբերաբար անցել էր կառավարությանը, որի միջոցները բավարար չէին:

«Այժմ ոչինչ չէ ստացվում ոչ Ռուսաստանից, ոչ Անգլիայից: Մոսկվայում եղած միլիոնավոր գումարները փոխադրել անհնար է: Ուրեմն ո՞վ պիտի հոգա ժամանակավորապես այն որբերի մասին: Այստեղ կա մի երկու տասնյակ որբանոց, մոտ 3000 որբերով, դրսում կա մոտ 4000 որբ: Եթե բոլորը միացնենք, կլինի մոտ 12000 որբ… Չպետք է առավելություն տալ տեղացի որբերին, տաճկահայ որբերից, որոնք Երզնկա, Բաբերդի եւ այլ տեղերի հայության նմուշներն են: Կառավարությունը պետք է հոգա բոլոր որբերի մասին անխտիր»,- ասում էր պատգամավոր Ստեփան Մամիկոնյանը:

Ընդդիմությունը կառավարությանը մեղադրում էր դանդաղկոտության համար՝ ասելով, որ որբերի մասին օրենքը պետք է ավելի շուտ ընդունվեր, իսկ նրանց խնամքը ներքին գործերի նախարարին հանձնելը սխալ էր, քանի որ այդ կառույցը «ոչ մի քայլ չէ արել որբանոցների դրությունը բարելավելու համար»: Պատգամավոր Մուշեղյանը հոկտեմբերի 8-ին ասում էր, որ Էջմիածնում, որտեղ կենտրոնացել էին մեծ թվով որբեր, եւ որոնց խնամքը հանձնված էր Էջմիածնի միաբաններին, սովից օրական 30 որբ էր մահանում:

«Զանգ», 27 հոկտեմբերի, 1918թ., թիվ 65

«Առավոտյան ժամի 7-ն է. իջնում եմ շուկա, անցնում եմ խանութաշարքի առաջով. այս ու այնտեղ որբեր են ընկած. մեկը նստած է, մյուսը՝ պառկած, նրանք մռմռում են, հաճախ լացում։ Քաղցին, ստամոքսի ոռնոցին եկել է դաշնակցելու աշունքի ցուրտը եւ քաղցած որբերը մերկությունից ու ցրտից դողում են։ … Հասնում եմ ռուսաց եկեղեցու դիմացի խանութաշարքին. կամարներից մեկի տակ, միմյանցից մի փոքր հեռու պառկած են երկու որբեր. մեկը 7-8 տարեկան է – տղա, մյուսը 5-6 տարեկան է – աղջիկ։ Տղան լացում է՝ մոնոտոն աղիողորմ ձայներ հանում, իսկ աղջիկը նվում է, …լացելու ուժ նրա մեջ չի մնացել: …Որբ աղջիկը վերջին ժամերն է ապրում ըստ երեւույթին. դեմքը կմախքացած է, աչքերը փոս ընկած, աղոտված, մատաղ ոտները բարակել են ու չոփ կտրել… Նա մեռնում է, նա ապրում է վերջին ժամը, նա օրը ցերեկով, բանուկ շարքի վրա անց ու դարձ կատարող բազմության կողքին, Հայաստանի մայրաքաղաք Երեւանում»։

Կոշտ քննադատությունը եւ Խորհրդարանում Դաշնակցության փոքրամասնությունը հարկադրում են ձեռնամուխ լինել քաղաքական կոալիցիայի ստեղծմանը: 1918-ի նոյեմբերին կազմված նոր կոալիցիոն կառավարության կազմում ստեղծվում է Հանրային խնամատարության նախարարություն՝ դաշնակցական Խաչատուր Կարճիկյանի ղեկավարությամբ (Արարատ Հակոբյան, «Հայաստանի խորհրդարանը եւ քաղաքական կուսակցությունները, 1918-1920, Երեւան, 2005»):

Աշխատա՞նք, թե՞ նպաստ

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի վերջին ընդունել էր «Կարիք ունեցող գաղթականների խնամատարության մասին» օրենքը, որով կանոնակարգվում էր օգնության տրամադրումը: Նպաստ ստանալու էին միայն նրանք, ովքեր ի վիճակի չէին աշխատելու: Այս հարցը հանրային մեծ հնչեղություն ուներ, որովհետեւ շատերն առավել կարեւորում էին գաղթականներին աշխատանքով ապահովելու, քան պարզապես նպաստ տալու խնդիրը, հատկապես, որ նպաստները չնչին էին:

«Զանգ», 12 հոկտեմբերի, 1918թ., թիվ 61

«Գաղթականներին նպաստելու ամենապատվավոր ձեւը նրանց աշխատանք հայթայթելն է։ Դրա համար էլ կառավարությունը իր վրա պետք է վերցնի այդ պարտականությունը՝ հանձին աշխատանքի կամ գաղթականական մինիստրի։ Խոսենք օրինակով։ Նոր Բայազետի գավառում կա 18 հազար գաղթական կամ միջին հաշվով 3 հազար ընտանիք։ Գավառում բավական քանակությամբ բուրդ կա, Երեւանի եւ Թիֆլիսի շուկաներին մի ժամանակ բավական բուրդ էր տալիս գավառը։ Կառավարությունը մի քանի կենտրոններում կարող է ջուլհականոցներ բանալ, օրինակ, Նոր Բայազետում, Ն. Ղարանլուղում, Ն. Գյոզալդարայում եւ Բասարգեչարում։ Որպեսզի բուրդը սպեկուլյացիայի չենթարկվի, պետք է կառավարությունը բրդի մենավաճառ հայտարարի»։

Թերթը նաեւ գրում էր, որ վերջին տարիներին Շորժայի մոտ հայտնաբերվել է քրոմի հանք, որը նույնպես կարելի է շահագործել: «Կառավարությունն այդ հանքը կարող է իր տրամադրության տակ վերցնել եւ շահագործել։ Եթե գործը լավ տարվի եւ մեր կապիտալիստներն էլ օգնության գան կառավարությանը, կարելի կլինի 500-1000-ի չափ բանվորներ աշխատեցնել»,- գրում էր «Զանգը»:

Գաղթականներին կերակրելուց բացի, հոկտեմբերին առաջնային էր դարձել նրանց տնավորելը. առջեւում ձմեռ էր, եւ եթե կառավարությունը նույնիսկ կարողանար հացով ապահովել, ապա ձմեռը նրանք չէին կարող անցկացնել բացօթյա: Բնակեցման հարցը դժվարությամբ էր լուծվում, քանի որ Երեւանում, ուր կենտրոնացել էին ամենամեծ թվով գաղթականները, տների գինը կտրուկ բարձրացել էր. մարդիկ, ովքեր հնարավորություն ունեին, գնել էին ազատված բնակարանները: Քաղաքային իշխանությանը նույնպես մեղադրում էին ժամանակին անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու համար:

«Զանգ», 5 հոկտեմբերի, 1918թ., թիվ 59

«Ի՞նչ էին անում նոքա այն ժամանակ, երբ Երեւանից հազարներով թուրք ընտանիքներ էին հեռանում եւ երբ նրանց թողած տների գլխին սեւ ագռավների նման զազիր սպեկուլյանտներն էին հավաքվում եւ հավաբնից ոչնչով չտարբերվող խուցերին մի քանի հազար, այն էլ ռուսական դրամ վճարում։ Ի՞նչ էր անում քաղաքային ինքնավարությունը այն ժամանակ, երբ այդ ստոր չարչիները իրենց վճարած հազարներով ձեռք բերած իրավունքը օգտագործում էին լիուլի, բնակարանների գները մի քանի անգամ բարձրացնելով։ Մտածո՞ւմ էին արդյոք քաղաքային վարչությունը, որ դիվային մրցության այդ խելագար խաղը շատ հեշտությամբ կարող է անդրադառնալ քաղաքի մյուս բնակարանների վրա, երբեւէ փորձե՞ց նա արգելել հայ չարչիների այդ կեղտոտ խաղը, միջոցներ ձեռք առա՞վ նա ցուցակագրելու եւ հաշվի տակ առնելու բոլոր այդ բնակարանները»։

1918թ. հոկտեմբերի սկզբին Անդրկովկասից թուրքերի հեռանալու մասին տեղեկությունը որոշ հույս էր առաջացրել, թե գաղթականների գոնե մի մասը կվերադառնա Լոռի, Ալեքսանդրապոլ եւ այլ շրջաններ, ինչը էապես կթեթեւացներ կառավարության հոգսը:

453 գրամ կարտոֆիլ եւ 60 կոպեկ

Հոկտեմբերին կառավարությունը կազմում է որբերին եւ գաղթականներին տրամադրվող օգնության նախահաշիվը, որը տրվելու էր նրանց մինչեւ 1919թ. հունվարի 1-ը: Յուրաքանչյուր որբի համար նախատեսվում էր 150 եւ 200 ռուբլի սննդի եւ հագուստ ձեռք բերելու համար: Գաղթականներին տրվող նպաստը ավելի խղճուկ էր. պետությունը 25 հազար գաղթականներից յուրաքանչյուրին օրական հատկացնելու էր 1 ֆունտ կարտոֆիլ եւ 60 կոպեկ (Հայաստանի խորհրդի հաստատած օրենքները, Երեւան, 1919թ.): Հոկտեմբերի 11-ին քննարկելով նախահաշիվը՝ պատգամավորները զարմանում էին, թե ինչպես կարող են գաղթականներն այդ չնչին միջոցներով գոյատեւել:

Գաղթականների հարցերով զբաղվող Ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը պարզաբանում էր, որ նախատեսված էր 28 միլիոն ռուբլի, սակայն միջոցների բացակայության պատճառով գումարը նվազեցվել էր մինչեւ 14 միլիոնի: Արամ Մանուկյանը նաեւ 500 հազար ռուբլի գումար էր խնդրում լուծարվող որբանոցներին փոխհատուցում տալու համար, ինչը խորհրդարանը ոչ մի կերպ չի ընդունում:

Չնայած կառավարության ձեռնարկած քայլերին՝ 1918-19թթ. ձմեռը շատ ծանր էր ուժասպառ հանրապետության համար, եւ մի քանի ամսում սովից ու հիվանդություններից տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում։

***

Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվածը՝ Mediamax.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *