ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հարցազրույց Կինոբեմադրիչ Հրանտ Վարդանյանի Հետ

Միակը մեր աշխարհագրական դիրքն է մնացել, որի ճակատագրին իր արջի թաթն է դրել սատկող կայսրությունը։ Այսօր՝ մեր և աշխարհի կարևորագույն երկրների շահերն են խաչվել մեր տարածաշրջանում, որտեղ մենք կարող ենք շահեկան դուրս գալ եթե միահամուռ հասկանանք թե ինչ է կատարվում մեր շուրջը:

Հրանտ Վարդանյան

Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք պատկերացնում ՀՀ ներկայիս քաղաքական երկբևեռացման հաղթահարումը:
-Ես կասեի բազմաբևեռացումը,սակայն հիմնականում դրանք երկուսն են, կայսրապաշտական և անկախական, ինքնիշխան հայրենիք ունենալու ցանկություն ունեցողների բախումն է՝ կայսրության թևի տակ ապրելու ցանկություն ունեցող իշխանիկների դասալիքության հետ։ Կայսրապաշտների վախերը, անկախականների անկազմակերպ լինելը բերեցին 44-օրյա պատերազմի ինքնասպանությանը, որի արդյունքում ժողովրդական գիտակցությունը պարալիզացված մնաց։ Հիմնական պատճառը նորանկախ Հայաստանում լյուստրացիա չանելուց եկավ, մենք չհասկացանք մեր հայրենակիցների որ մասն է, որ ապրում և գործում է օտար երկրի շահերի համար, այն ներկայացնելով պաշտպանված լինելու միակ ճանապարհը, իսկ որ մասն է իրական ինքնիշխան պետության ջատագովը։ Բոլորը բոլորին կասկածի դաշտում ընկալեցին, որովհետև պարզ չէր թե, ով ով է։ Բանակը, ազգային անվտանգության ծառայութունը տոտալ առումով պատկանում էր մոսկովյան չեկիստական Կրեմլին, մեր պարտությունը անխուսափելի էր, քանի որ այս պատերազմն ըստ իս՝ սանձահարվեց հենց Մոսկվայի կողմից, որպես պատիժ ՀՀ բնակչության այն մասի նկատմամբ, ովքեր համարձակվեցին դեմ դուրս գալ իրենց երկրում գործող կրեմլյան փտած համակարգին։ Այս խնդիրների հաղթահարման ճանապարն, ըստ իս՝ պետականության ամրապնդումն է, բոլոր առողջ մնացած ուժերի համախմբումը այդ գաղափարի շուրջ, որի համար նախ և առաջ մաքրվել էր պետք օտար ուժերի, նրանց շահերի համար պայքար մղող մեր հայրենակիցներից, նրանց առաջին հերթին զրկել էր պետք կառավարման որևիցե լծակներից, լինի Հայաստանում ,թե սփյուռքում։

Հաշվի առնելով ներկայիս ընդհանուր ընկճվածության ու ինչ որ չափով հուսահատության ալիքի առկայությունը, արդյո՞ք համաձայն եք, որ հիմա մեզ համար ամենակարևորը ոչ թե միակողմանության սկզբունքն է, այլ համահայկական ներուժի կենսագործման համոզմունքը: -Համահայկական ներուժի մասին, տարբեր առիթներով միշտ եմ բարձրաձայնել, միշտ եմ ընդգծել դրա հզորության մասին, բոլորիս կողմից, ոչ հետևողական լինելու մասին, թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում։ Ասեմ ,որ մենք հզորանալու, ազգային, մշակութային, գիտական, կրթական արժեքները պահպանելու այլ ճանապարհ չունենք, քան սկսել համահայկականությամբ ապրելն ու գործելը, ուղղակի այն պարտադիր է դառնում՝ այդպես մտածելը մեզ կհանի հավերժ թվացող խավարից, նեղսրտությունից, հավերժ բզկտված լինելու մոլուցքից։ Մենք հայրենիքում, իսկ սփյուռքն ամբողջ աշխարհով մեկ սփռված լինելով տկարացնում, իրարից հեռացնում ենք, անջատ գործելն, անջատ մտածելը,տարբեր լեզուներով խոսելը, իրար չհասկանալը, տարբեր նեղ մարդկային, տարբեր ուժերի շահերից, դրանցից ելնող մեր ապրելաձևը քայքայում է ամբողջ ազգի նկարագիրը։ Այնինչ՝ մենք մի հզոր մարդկային, նյութական, գիտական մշակութային կարողությունների տեր մեծ ազգ ենք, որը դեռ ամբողջությամբ չի գիտակցում իր ուժի հզորության մասին,դեռ նման ենք մի ֆենոմենալ կարողություններով օժտված մանկան, որի արարքներով մեծահասակները զարմանում և ապշում են,բայց նա իր մանկական խաղերն է դեռ խաղում,չի գիտակցում իր հանճարեղության աստիճանը։

Համահայկականությունն անշուշտ ամենից հզոր ուժն է, բայց ինչպե՞ս եք պատկերացնում դրա կայացումը: Ամեն երևույթ միավորվում է որևէ երևույթի շուրջ, ամեն ինչ ունի իր ծանրության կենտրոնը: Ո՞րն է այդ կենտրոնը համահայկականության կայացման համար:
-Մենք բոլորս պարտավոր ենք միավորվել Հայկական Պետականության շուրջը, անկախ նրանից թե, ովքեր են կառավարում այն,եթե կառավարիչները թերի են, ամեն բան պետք է անել, փոխելու և փոխվելու համար։Մենք մեր պետականությունը պետք է համարենք համահայկականության կենտրոնական մեխը, համահայկականության շահերը ներկայացնող իր մայրաքաղաք Երևանով, որտեղ պետք է տեղավորվեն համահայկականության գործարար, գիտական աշխարհի տարբեր երկրնորում գործնեություն ծավալող գործարարների գրասենյակները, բիզնես կենտրոնները, արվեստանոցներն ու գիտական հաստատությունները։ Ինչքան,որ հայրենիքին է օդի պես հարկավոր իր բազմազավակ հայրենակիցների պոտենցիալը, այնքան էլ սփյուռքին է պետք ուժեղ հայրենիք, ուժեղ ինքնիշխան պետություն ունենալու անհրաժեշտությունը։ Կարծում եմ ժամանակն է ,որ բոլորս հասկանանք՝ինտերնետային գերզարգացման ժամանակաշրջանում այլևս սփյուռք և գաղութ հասկացողությունը ատավիզմ է(հետասերում), մենք բոլորս նույն վայրկյանում համ տանն ենք հայրենիքում, համ կարող ենք մասնակից լինել աշխարհի ցանկացած անկյունում կատարվող մեր հայրենակիցների խնդիրների լուծմանը։ Համահայկականությամբ ապրելն է, որը մեզ կբերի ազգային մտածելակերպի, ազգային կուռ պետություն կառուցելուն։ Աշխարհի բոլոր զարգացած պետությունների հիմքում՝ ես տեսնում եմ խորը ազգային արմատների վրա հիմնված հիմքեր, որոնք շատ համամարդկային են, քանզի միայն խորը ազգային սովորույթները և բարոյական կերտվածքն է, որոնց միջոցով աշխարհը կկարողանա համամարդկային արժեքներով ապրելու տուն դառնալ,իսկ մենք մեր տեղն ու դերը կկարողանանք գտնել հենց այդ մեծ տան տանիքի ներքո։

Մենք մշտապես ընդգծել ենք հայ ժողովրդի՝ համամարդկային արժեքների ստեղծող լինելու հանգամանքը, նրա քաղաքակրթական բարձր մակարդակն ու համընդհանուր մարդկային ընտանիքի ավագ անդամ լինելը, բայց այսօր կարծես թե մարդկային ընտանիքը դեռ հեռու է միավորման ու մեկ գաղափարի ընտանիք դառնալու հեռանկարից: Մանավանդ հիմա, երբ աշխարհը նորից պատերազմների, երկպառակիչ քաղաքականության փոթորկի մեջ է, արդյո՞ք այդ ամենը մարդու մեջ մարդկայինը չեն սպանի ու նրան դարձնեն լոկալ շահերով ապրող որևէ կենդանատեսակ:

-Հայ մարդուն կապող, մոտեցնող՝ ճապոնացու, գերմանացու, անգլիացու, արաբի, ֆրանսիացու այսօր արդեն կարելի է ասել ամերիկացու և աշխարհի բոլոր ազգերի հետ համամարդկային արժեքներից խոսելու ձևը , դրանք խորը ազգային, ընտանեկան, բարեկամական ապրելաձևն է, դրանց բարոյականության մեջ ընդհանուրը եզրեր գտնելու մեջ են, որոնց միջոցով կարողանում ենք իրար ընկալել,հասկանալ։ Եվ հակառակը՝ մեզ բոլորը կարողանում են ընկալել, հասկանալ, հենց մեր ազգային պահպանված արժեքների, դրանց հիմքերի,երանգների վրա ստեղծված մշակույթով, որոնք իրենց նշանակությամբ ազգայինը դարձնում են համամարդկային։ Ցանկացած ժամանակակից արվեստի ձև նույնպես հիմքում ունի խորը ազգային հենք, որոնք դրսևորվում են մարդ անհատի ներքնաշխարհում յուրովի,դառնում հասկանալի կամ ,ոչ մնացածի համար։ Ըստ իս՝ եթե չլինեն մարդկությանը բնորոշ, ժամանակի մեջ ձևավորված ազգային դրսևորումները, կյանքը դժգույն կդառնա։ Կարծում եմ քսանմեկերորդ դարը բնորոշվելու է հենց իր բազմագույն մարդկային պալիտրայով, այն անցնելով վերադասավորման այս անցումային շրջանը՝ գալու է բազմազգ ժողովորդների իրար կողքի ապրելու մի մեծ տուն դառնալու գաղափարին, որոնց սահմանները իրար չխանգարելու, գունապղծում չանելու մեջ է սահմանվելու։ Ավելին՝ մարդ անհատը իր ստեղծագործական ազատ ապրելակերպով,ազատ մտածելով, ինքնուրույն լինելով, դեռ նոր հասարակական, միասին խաղաղ ապրելու համակարգի է գալու,որտեղ կդրսևորվեն անհատի, ազգային տեսակի բոլոր ունակությունները։Ես այսպիսին եմ տեսնում ապագան,որտեղ գույները, ոչ թե խառնվում ու դառնում են մոխրագույն, այլ հատիկ հատիկ իրենց տեղում են մնում, կարևորվում, իրենց նշանակությունը և դերն են ունենում։ Մարդկության վերածննդի նոր դարշրջանին եմ հավատում։

Այս իրավիճակում, երբ ժողովրդի ու հասարակության համար մեկ միավորողը պետք է լինի նաև մտավորականությունը, կարծես թե այդ սպասելիքները չի իրականանում, մինչդեռ հիմա այդ հարցը պետք է լիներ մտավորականության ամենից գլխավոր խնդիրը: Ո՞րն է մտավորականության խնդիրը:

-Սովետահայ, համահայկական մտավոր ուժի անկանոն լինելու իրար չլսելու, տարբեր ուժերին հավատալու, նրանց ծառայելու պատրանքներից են գալիս, մեր այսօրվա բոլոր դժվարությունները, մեր երեսուն տարվա դաժան արհավիրքները։ Ինչը վերաբերվում է հետսովետական մտավոր ուժին, ապա առաջ ընկնելով կարող եմ ասել,որ նրա մեծ մասը կրթված էր սովետական արժեհամակարգի, վախերի, սարսափների, դավադրությունների, մատնությունների վրա, այն իր ամբողջ ներուժով ծառայում էր հենց այդ կառավարմանը, կայսրական, բոլշևիկյան, չեկիստական համակարգին։ Հարյուր տարվա ընթացքում մեր ազնվականության, մտավորականության գլուխը մի քանի անգամ է կտրվել։ Մենք ապրիլի 24-ը նշում ենք, որպես մտքի գլխատման օր, այդ օրը դարձավ ճակատագրական, բոլշևիկները նույնն արեցին մի քանի էտապներով, տակը թողնելով իրենց ծառայողներին, իսկ ազգային միտք, պետականություն ունենալու ցանկություն ունեցողներին գնդակահարեցին և աքսորեցին հեռավոր Սիբիրի անմարդաբնակ անկյուններ, որտեղից քչերը տուն դարձան։ Մեր հայրենիքի հայկական սուբյեկտայնությունը վերականգնելու համար կարևորում եմ հենց համահայկական ազդեցիկ, մտավոր ուժի վերականգնման միջոցով։ Ցանկացած պետության ուժի հետևում կանգնած են՝ բարձր մտքի թռիչք ունեցողները, ստեղծագործողները, ռազմավարները, որոնք ձևավորում են տվյալ երկրի այսօրն ու վաղը։

Հայաստանն այսօր կարո՞ղ է աշխարհի համար գրավիչ լինել: Հասկանալի է, որ միայն մարդկային արժեքներն ու քաղաքակրթական հարուստ պատմությունը քիչ են աշխարհին իրոք շահագրգռելու և նրա հետաքրքրությունը նյութականացնելու համար:

-Այսօր աշխարհն է Հայաստանին շահագրգռում լինել իր հետ,ոչ թե հակառակը, մենք այնպիսի երեք գլխանի դևի արանքում ենք մնացել, որ դժվար թե կարողանանք, որբևիցէ բանով շահագրգռել աշխարհին, միակը մեր աշխարհագրական դիրքն է մնացել, որի ճակատագրին իր արջի թաթն է դրել սատկող կայսրությունը։ Այսօր՝ մեր և աշխարհի կարևորագույն երկրների շահերն են խաչվել մեր տարածաշրջանում, որտեղ մենք կարող ենք շահեկան դուրս գալ եթե միահամուռ հասկանանք թե ինչ է կատարվում մեր շուրջը, չծուլանանք ավելի խորը տեսնել երևույթները, որոնք կատարվում են գլոբալ աշխարհում և մեր տարածաշրջանում։ Պետք է լինենք ուշադիր և զգոն, որպեսզի նախորդ դարի նույն ժամանակահատվածում արված մեր կողմից արված սխալները չկրկնենք։ Ես հավատում եմ, որ մոտ ապագայում ՝Հայաստանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում բազմապատկվելու է, մենք դուրս ենք գալու այս մութ անհեռանկար հազարամյա մղձավանջից։ Ապագան տեսնում եմ համահայկականությամբ ապրող հայկական պետության զարթոնքի մեջ, որը մեր տարածաշրջանում իր դիրքն ու նշանակությունը բազմապատիկ անգամներ կարող է կարևորել իր կազմակերպված գործելով։ Գիտություն, կրթություն, համահայկական ազգային, համամարդկային մշակույթի հավաքագրում, վերականգնում, հետևողական ամենօրյա աշխատանք, սրանք են մեր ապագա անելիքների հիմքը։

Ի՞նչ է կատարվում այսօր հայկական կինոաշխարհում: Ինչո՞ւ չկան հայկական այն ֆիլմերը, որոնք պիտիրիրենց մեջ կրեին հայկականության, հայության արժեքները և հայոց մշակույթի, պատմության ու իրականության վերլուծողն ու արտահայտողը դառնային:

-Որպես ստեղծագործող մարդ,իմ ամենից ցավոտ հարցերն են,որոնց պատասխանները միշտ տեսնում եմ մեր անտարբերության, չիմաստավորված գործելու, կինոն, որպես կարևոր գործիք չօգտագործելու, չհասկանալու կինոն չկարևորելու մեջ եմ տեսնում։ Որպես կարևոր ժամանակակից, ազգապահպանման միջոց չտեսնելու մեջ է մեր կինոյին ունեցած մեր վերաբերմունքը։ Հակառակը՝ շատ անգամ այս արտահայտման արվեստի միջոցը օգտագործվել է կիսատ, կամ թերի, ինչն էլ շատ անգամ դրսևորվել է, դիտվել է, որպես հակամշակույթ։ Հաջորդ տարի լրանում է հայկական կինոարվեստի հարյուրամյակը։ Կինոյի բնագավառում իրենց ուրույն խոսքն ասած հայ կինոգործիչներից, եթե միայն առանձնացնենք մի քանիսին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր Համո Բեկնազարյանին, ազգությամբ հայ, համաշխարհային կինոգործիչներից Ռուբեն Մամուլյանին, Անրի Վերնոյին։ Եթե հաշվի առնենք սովետահայ կինոռեժիսորներ՝ Սերգեյ Փարաջանովի և Արտավազդ Փելեշյանի համաշխարհային կինոմատոգրաֆում շրջադարձային քայլեր արած այս մեծանուն ստեղծագործողների ներդրումը, նրանց դերը համաշխարհային կինոմատոգրաֆում ՝ ապա շարժապատկեր մշակող «Հայֆիլմ» կիոնստուդիայի, հայկական կինոարտադրության քանդումն ու ավերակը,վերջին երեսուն տարիների, ամենից դաժան մշակութային ողբերգություններից կարելի է համարել։ Մենք իրավունք չունենք կինո չնկարել,այսօրվա նոր սերնդի կինոգործիչներին թև ու թիկունք է պետք կանգնել, որպեսզի նոր ժամանակների հայկական կինոմատոգրաֆը կարողանա ինքնուրույն քայլեր անել։ Մեզ նման փոքր երկիրը իրավունք չունի չխոսել աշխարհի համար վաղուց ընդունելի և հասկանալի կինոլեզվով։ Կինոն հզոր ազդեցություն ունի ազգային, համամարդկային, ժամանակակից լեզվով խոսք ասելու, խնդիրներ վերհանելու,տարբեր մարդկային, հասարակական շերտեր ուսումնասիրելու, դրանց բացահայտելու,գիտաֆանտաստիկ թռիչքների երազները ցույցադրելու մեջ։ Ի վերջո՝այն մշակութային,ազգային պատկեր ձևավորելու ժամանակակից կարևորագույն գործիքներից է, որին այսպես անտարբեր վերաբերվելու, մատների արանքով նայելու իրավունքը չունենք։ Կինոարտադրության միջավայրը վերականգնելու, այս բնագավառը ֆինանսավորելու կարիքն է, որ հայկական կինոն այսօր անշարժացրել է։ Փառք Աստծո, որ Երևանում տեղի է ունենում « Ոսկե Ծիրան» ամենամյա կինոփառատոնը, որ կան նվիրյալներ ում միջոցով դեռ նկարահանվում,տարբեր կինոփառատոններում ցուցադրվում են հայկական արտադրության ֆիլմեր։ Կինոն, արվեստը մեր հասարակության հայելիներն են։ Որպեսզի նրա դերն ու նշանակությունը կարողանա դրսևորվել մեր հասարակության բազմաշերտ խնդիրների բարձրաձայնման, նրա զարգացման գործում ՝մենք տարեկան պետք է առնվազն տասից ավելի լիամետրաժ բարձրորակ ֆիլմեր նկարենք առնվազն՝ միչև մեկ միլիոն դոլար արժողությամբ, մի քանի տասնյակ կարճամետրաժ ֆիլմեր արտադրենք։ Կինոարտադրությունը թանկ հաճույք է, բայց պարտադիր է այն ունենալ մեր նման բազմատեսակ խնդիրներ ունեցող երկրում,որովհետև նրա ազդեցությունը շատ հզոր է և արագ։

Ապագայի հետ կապված ստեղծագործական նոր մտքեր ունե՞ք:

-Ինքս մի քանի կինոնախագծեր ունեմ մշակված, լիամետրաժ, կարճամետրաժ ֆիլմերի՝միակ խնդիրը ինչպես միշտ ֆինանսավորման մեջ է։ Դրանցից մեկը՝ հենց համահայկականության հետ կապ ունեցող, նրա բոլոր շերտերին միավորղ է, համամարդկային, ազգային արժեքներից խոսելու մասին է։

Իսկ ի՞նչ կասեք Հայաստան-Սփյուռք կապերի մասին: Ինչո՞ւ չկայացավ այդ կապը, ո՞րն էր խոչընդոտը:

-Շատ բազմաշերտ հարց է, որին պատասխանելու համար՝ պատճառահետևանքային խորը վերլուծության կարիքը կա։ Սակայն մի քանի նախադասությամբ կարող եմ ասել, որ դրա հիմքում հետսովետական ժամանակաշրջանի Հայստանի նորանկախ պետության և սփյուռքի տարբեր լեզուներով խոսելու պատճառի մեջ էր, լեզուն ի նկատի չունեմ արևմտահայերնն ու արևելահայերը։ Մոսկվային ձեռնտու չէր սփյուռքի և մայր հայրենիքի մերձեցումը, ինտեգրումը։ Քանի որ Հայաստանը չկարողացավ ազատագրվել Մոսկվայի կայսրապաշտական քաղաքականության ճիրաններից, նույն սփյուռքը չկարողացավ մաքրվել սովետական, մոսկովյան ուժերին ծառայող իր մեջ գործող գործակալական հին ցանցից՝ամեն բան այնպես դասավորվեց,որպեսզի այս բաժանարար հակաազգային բնութագիրը չփոխվի և այդ ամենը արվեց մեր հայրենակիցների ենթարկվող ձեռքերով։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *