27-ի գլխավոր դասը՝ ինչի մասին խոսվում է առ այսօր, կարող է լինել թերևս այն, որ հայկական պետականությունն ունի ինստիտուցիոնալ ամրացման կենսական անհրաժեշտություն։
Հակոբ Բադալյան
Հոկտեմբերի 27-ի գլխավոր դասը 23 տարի անց. կամ-կամ
Այսօր լրանում է Հայաստանի նորագույն պատմության ողբերգական օրերից մեկի՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի 23-րդ տարելիցը: Այդ 23 տարիների ընթացքում այնքան է խոսվել, ասվել հոկտեմբերի 27-ի մասին՝ դավադրապաշտությունից մինչև տարաբնույթ այլ ծայրահեղություններ, սթափ ու իրատեսական գնահատականներից, վերլուծություններից մինչև ամենատարբեր նենգափոխումներ, որ այսօր թերևս չկա ավելացնելու ոչինչ: Համենայն դեպս, քանի դեռ ի հայտ չեն եկել նոր հանգամանքներ, որոնք հանրությանը և հանրային դերակատարներին թույլ կտան ունենալ նոր ասելիք: Սակայն, հինը կրկնվում է առ այսօր, և առավել ևս այսօր, երբ Հայաստանը 44-օրյա ծանր պատերազմից՝ մեր նորագույն պատմության ամենասև էջից հետո շարունակում է բախվել հիմնարար մարտահրավերների, որոնք առնչվում են ընդհուպ պետական ինքնիշխանությանն ու պետականությանն ընդհանրապես:
Այդուհանդերձ, այդ պարագայում անգամ, Հայաստանի խնդիրն այսօր ասելիքը չէ՝ առավել ևս հոկտեմբերի 27-ի թեմայով արդեն բազմիցս կրկնվող, այլ անելիքը: Անելիքը պետականության, պետական ինքնիշխանության ամրապնդման ուղղությամբ, որը նաև նոր հոկտեմբերի 27-երի բացառման գործնական ճանապարհն է, ի տարբերություն դրա վերաբերյալ տարաբնույթ և ընդհուպ ամենաերևակայական խոսքերի:
Հոկտեմբերի 27-ը Հայաստանում մոտ երկու տասնամյակ եղել է ու շարունակում է լինել կարծես թե երևակայական մրցակցության առարկա, թե ով ավելի պատկերավոր և խորհրդավոր երանգներով կխոսի այդ ողբերգության մասին: Այն դեպքում, երբ 27-ի գլխավոր դասը՝ ինչի մասին խոսվում է առ այսօր, կարող է լինել թերևս այն, որ հայկական պետականությունն ունի ինստիտուցիոնալ ամրացման կենսական անհրաժեշտություն: Ի վերջո, միայն ուժեղ ինստիտուտներն են, որ կարող են ունենալ կանխարգելիչ մեծ ներուժ, և ծայրահեղ դեպքում նաև՝ միայն ուժեղ ինստիտուտներն են, որ անգամ ողբերգական այդպիսի էջերի պարագայում թույլ են տա պետության դե ֆակտո կամ դե յուրե փլուզում: Անհատների, անձերի վրա հիմնված իրականությունից անցում կատարել հասարակական-քաղաքական և պետական ինստիտուցիոնալ իրականության:
Սա է Հայաստանի խնդիրը, որը ունի կանխարգելիչ նշանակություն նաև մեկ այլ առումով՝ ոչ միայն հատուկ ծառայությունների ուժեղ ինստիտուտի: Ինստիտուցիոնալ կայացածության միջավայրում փաաստացի ավելորդ է դառնում այդօրինակ ահաբեկությունը, քանի որ «վերացնելով» մարդուն, մեծ հաշվով հնարավոր չէ լուծել խորքային հարցեր, քանի որ պետությունը կառավարվում է ինստիտուտներով, հանրային վարքը պայմանավորվում է ինստիտուտներով, արտահայտվում է, համակարգվում է դրանց գոյությամբ: Սա ամենևին այն մասին չէ, որ անհատը չունի բացարձակապես որևէ դեր և կատարում է զուտ մեխանիկական գործառույթ: Ամենևին, սակայն, մի բան է, երբ անհատը ինստիտուցիոնալ միջավայրի կարևոր դետալ է, մեկ այլ բան, երբ անհատը իրենով փոխարինում է ամբողջական ինստիտուտներ: Աղետից 23 տարի անց այդ խնդիրը Հայաստանի առաջ է նույն հասակով, միաժանանակ բազմակի ավելի հրամայականությամբ, և դժբախտաբար՝ բազմակի ավելի բարդ միջավայրով: Բայց, Հայաստանը կամ սկսում է այդ հարցի լուծման հաստատուն, կայուն և առարկայական գործընթացը՝ ընդ որում հասարակական-քաղաքական օրգանիզմմի ամբողջ ճակատով, կամ մնում բախտի քմահաճույքին՝ թե ինչպիսի «մեթոդներ» կընտրվեն իր հարցերը լուծելու համար և որքան քիչ կլինեն դրանք ցավոտ և կորստաբեր: