ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հայ Ազատագրական Առասպելը Կամ Քաղաքական Խաղատուն

Հարցը միայն մնում է այն, թե ո՛վ է Արցախի բանալիները տալու Ադրբեջանին՝ ԱՄՆ-ը, թե ՌԴ-ը: Ե՞րբ մենք այսքան իջանք, որ մեր բոլոր տարբերակներում հայկական հողերը հայկական չճանաչողին փրկիչ ենք համարում:

Մեր Ուղին


 
Երեկվա Սոչիի հանդիպման թեմայով մի այնպիսի տեղեկատվական աղմուկ է բարձրացել, որ գրեթե անհնար է ցորենն ու մոլախոտը տարբերել իրարից: Միանգամից արևմտամետներն ու ռուսամետները սկսեցին փոխադարձ հայհոյանքների ու վիրավորանքների միջոցով ապացուցել սեփական ճշմարտացիությունը և դա եղավ այն հիմնական հետևությունը, որ մենք խոշոր հաշվով արեցինք:
Հիմա նորից կանգնած ենք երկընտրանքի առաջ՝ հյուսի՞ս թե արևմուտք, Ռուսաստան, թե ԱՄՆ: Ով է փրկելու մեզ այս անգամ, ինչ միջոցներով և ում ինչքան ենք վճարելու ապագայում խորտակվելու և նոր  զոհեր տալու համար:
Ինչքան էլ, որ պարադոքսալ է հնչում, բայց մենք զբաղված ենք մեր իսկ սեփական ստվերի վրայից ցատկելով, առանց հասկանալու, որ այդ ոչ միայն անհնար է, այլև անիմաստ: Փրկչի որոնումները մեզ ամբողջովին զրկել են ինքնուրույնության բոլոր հնարավոր տարբերակներից և այս պահին մենք հոգեբանորեն «անտեր ենք մնացել», մենք պարզապես չենք կարողանում մտածել, որ ինչ որ բան ինքներս կարող ենք ու պիտի անենք: Միակ բանը, որ տեղի է ունենում, «սրա տակից դուրս գալ ու նրա տակ մտնելն է»: Այդ միակ բանն է, որ առաջարկում են մեզ արևմտամետներն ու ռուսամետները:
Հայաստանում ոչ թե քաղաքական գործընթացներ են, այլ քաղաքական բառապաշարով հագեցած աղերսագրեր: Եթե այս ամբողջ խայտառակության մեջ, որին անվանում ենք դիվանագիտական հանդիպումներ կամ աշխատանքային այց, հանենք դրոշ, կարմիր գորգ, պաշտոնական բառապաշար և այլն, ապա մեր առաջ է հառնում դեռևս միջանդարում հայկական ինքնուրույնության ողնաշարը փշրած Հայ Ազատական Առասպելը: Այդ չարաբաստիկ առասպելի իմաստն այն էր, որ իբր Բյուզանդիայի կայսր Կոստանդինոս Մեծի կողմից հայերին էր տրվել «Դաշանց թուղթ» կոչվող երդումնագիրը, որով կայսրը իր և իր բոլոր հաջորդների անունից խոստանում էր միշտ ամուր կանգնած լինել հայ ժողովրդի կողքը, նրա շահերը պաշտպանել ու ապրել եղբայրական սիրով: Իսկ թե ինչու էր կայսրը նման ռոմանտիկ փաստաթուղթ տվել հայերին, պարզ չէ: Եկեղեցին այդ բացատրում էր, որ Աստծո կամքն է, և որ երկու քրիստոնյա ժողովուրդները եղբայրական սիրով կպաշտպանեն միմյանց: Մի քիչ սթափ նայողներն իհարկե գիտեն, որ այդ փաստաթուղթը մտացածին է և որ երբեք էլ գոյություն չի ունեցել ու Բյուզանդիան էլ երբեք հայ ժողովրդին եղբայրաբար պաշտպանելու խոստում չի տվել: Հատկապես երբ հիշում ես, որ բյուզանդացիները քիչ չեն ավերել ու քանդել Հայաստանը ու իր վերջո 1045թ. հենց նրանք էլ կործանեցին հայկական պետականությունը: Բյուզանդական «պաշտպանության» խելահեղ միտքը չէր նահանջում ոչ մի դեպքում, և նույնիսկ երբ Բյուզանդիան արդեն ի վիճակի չէր նույնիսկ իր տաբատը հագին պահել, ուր մնաց ինչ որ մեկին օգնի, հայկական միջավայրում շարունակում էր շրջանառվել ազատագրական այդ զառանցանքը: Ի վերջո 1453թ. Բյուզանդիան կործանվեց ու մի պահ շթոփված հայերը «խմբագրեցին» և Բյուզանդիա անվանումը փոխարինեցին էլ ավելի անորոշ «արևմուտքի հզոր, քրիստոնյա պետություն» եզրույթով ու հայ ազատագրական խելագար միտքը շարունակեց ավելի ու ավելի այլասերվել ու զարգանալ, որ արևմուտքից որևէ քրիստոնա պետություն պիտի գա ու փրկի հայ ազգին: Ինչո՞ւ է հայ ազգը հայտնվել այդ օրին, պատասխանը մեկն է՝ Աստծո պատիժը մեր մեղքերի համար: Ինչո՞ւ պիտի այլ երկիրը գա մեզ փրկի, որովհետև Աստված այդպես է ուզում:
Ըստ էության ամեն ինչի մեղքը բարդել Աստծո վրա ու ամեն ինչ, նույնիսկ ազգային փրկությունը պահանջել Աստծուց, ահա հայ քաղաքական մտքի բարձրակետը միջնադարում: Եվ ամենավատն այն է, որ այդ միտքը շարունակվեց մինչև հիմա, մինչ օրս: Միակ տարբերությունն այն է, որ եթե առաջ հայ ազատագրական առասպելը սովորաբար հերթով էր փոխում փրկչի թեկնածուներին, ապա հիմա միանգամից երկու թեկնածու կա՝ ԱՄՆ և Ռուսաստան: Հայերի մի մասը ուզում է, որ իրեն ՌԴ-ն փրկի, մյուս մասը՝ ԱՄՆ-ը:
Մեր փրկիչների շարքը բավական երկար է ու ով ասես, որ չի եղել այդ ցանկում՝ Բյուզանդիա, Ֆրանսիա, գերմանական կայսրություն, Պֆալցի իշխանը, Տոսկանայի դուքսը, Լեհաստանը, Վենետիկը, Ռուսաստանը, Անգլիան…շատ երկար ցանկ է դարավոր շիզոֆրենիայի համար: Երկար, բայց անավարտ, որովհետև հիմա էլ հայոց փրկչական հատուկ գործողության կես հաստիքով մասնակիցներ են նաև Չինաստանը, Հնդկաստանը և Իրանը:
Արդեն հազար տարի է, ինչ մենք կոկորդ ենք պատռում, որ ինքներս մեզ ու դիմացինին համոզենք, որ այսինչը մեզ փրկելու է: Իսկ փրկությունը չի գալիս ու չի գալիս, թեկուզ ճաքիր:
Երեկ Սոչիի հանդիպումից հետո ռուսամետների տրամադրությունը բավական ցածր էր, քանի որ ռուսները բավական պարզ տեքստով ասացին, որ կամ կհամաձայնվենք իրենց ուզածի հետ, կամ էլ մեզ համար վատ կլինի: Դրանից ռուսամետներն այնքան զայրացան, որ ավելի ուժեղ սկսեցին հայհոյել արևմտամետներին, իսկ վերջիններս էլ փոխանակ մտահոգվեն, որ Ռուսաստանն արդեն սպառնում է, ուրախացել են, որ իրենք ճիշտ են ու ՌԴ կողմից ավելի շատ վնաս կա քան օգուտ:
Ահա այսպիսի հիմար կարգավիճակում ենք գտնվում: Քաղաքական այս ու այն կողմնորոշման մասնակիցները պատրաստ են հիմքից քանդել Հայաստանը միայն, թե իրենց հակառակ կարծիքը ճիշտ դուրս չգա: Եթե ռուսամետները պատրաստ են Հայաստանի անկախությունը հազար դրամանոցի նման ծախսել Ռուսաստանին, ապա արևմտամետները կդիտեն, թե ինչպես է Ռուսաստանը քանդում հայոց պետականությունը և կհպարտանան, որ իրենք ճիշտ էին: Ընդ որում և՛ ռուսամետները, և՛ արևմտամետները իրենց դիրքորոշման օգտին շատ հաճախ բերում են այնպիսի իրարամերժ ու հակասական «փաստարկներ», որ նրանց ասածը կարող ես ընդունել ոչ թե քաղաքական ռացիոնալ, չոր, սառը հաշվարկ այլ որովհետև

ասում են ու պնդում, որ ընդունես: Ու դու ստիպված ես հավատալ այնպես, ինչպես հավատացյալն է հավատում՝ առանց ապացույցների, առանց հաշվարկների, առանց հիմնավորումների: Հավատում է ու վերջ: Ընդ որում ռուսամետ և արևմտամետ խմբավորումները ունեն սեփական Լյուցիֆերին: Հասկանալի է, որ ռուսամետների համար սատանան ԱՄՆ են, իսկ արևմտամետների համար՝ Ռուսաստանը: Մեզ մոտ ոչ թե քաղաքական կողմնորոշումներ են, այլ քաղաքական աղանդներ, իրենց հերետիկոս առաջնորդներով, առասպելությամբ ու պնդաճակատությամբ:

Ամենից տխուրն իհարկե այն է, որ մեր այս քաղ. աղանդավորները նաև այնքան միամիտ են, որ համոզում են, որ այս մեծ խաղում պետք է զույգ նստել մեծ խաղացողի հետ ու խաղալ՝ շահելու համար, մինչդեռ չեն էլ պատկերացնում, որ ոչ թե իրենց հետ են խաղում, այլ իրենց վրա:

Արդեն հազար տարի է հազար անգամ մենք ամեն օր կրկնում ենք նույն սխալը, ավելի ենք կատարելագործում, ավելի կատարյալ դարձնում մեր սխալները, ավելի աղետալի ու ավելի ահավոր հետևանքներով:

Իսկ ի՞նչ են առաջարկում մեզ ԱՄՆ-ը և ՌԴ-ը: Խոշոր հաշվով նույն բանը, միայն թե ամեն մեկն ունի սեփական մոդելը: Խոշոր հաշվով թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ՌԴ-ը Արցախը իրավաբանորեն ճանաչում են Ադրբեջանի մարզ, տարբերությունն այն է, որ ԱՄՆ-ը ցանկանում է արագ լուծել բոլոր պաշտոնական խնդիրները, Արցախի բնակչությանն էլ ինչ որ միջանկյալ կարգավիճակ տալ, իսկ ՌԴ-ը ցանկանում է կարգավիճակի բոլոր հարցերը անժամկետ հետաձգել, որ կարողանա իր խաղաղապահ զորագունդը պահել այնտեղ և ավելի մեծ ճնշման տակ առնել ՀՀ-ին էլ, Ադրբեջանին էլ: Բոլորն էլ հասկանում են, որ այստեղ միջանցք կոչվածը ավելի շատ ՌԴ-ին էլ պետք, քան նույնիսկ Ադրբեջանին:

Հարցը միայն մնում է այն, թե ո՛վ է Արցախի բանալիները տալու Ադրբեջանին՝ ԱՄՆ-ը, թե ՌԴ-ը: Ե՞րբ մենք այսքան իջանք, որ մեր բոլոր տարբերակներում հայկական հողերը հայկական չճանաչողին փրկիչ ենք համարում:

Բայց կա ևս մի տարբերակ, որին գրեթե հավատացող և լուրջ ընդունող չկա: Այդ հավասարակշռված ու հայաստանակենտրոն քաղաքական սկզբունքն է: Հովանավորի ու տիրոջ փոխարեն դաշնակից փնտրող, օգնություն խնդրողի փոխարեն առաջարկ-պահանջարկ տրամաբանություն ձևավորող հոգեբանության կիրառումն է: Տնտեսապես ու կրթական ուժեղ Հայաստանը:

Արևմտամետներն ու ռուսամետները ցանկանում են, որ լինի Հայաստան ուժեղ պետություն, բայց ամերիկյան կամ ռուսական թիկնոցով:

Ի վերջո Հայաստանի համար պայքարելու է միայն Հայաստանը: Եվ միայն Հայաստանն է պատասխան տալու և՛ լավի համար, և՛ վատի համար:  

Արևմտամետներն ու ռուսամետները պատրա՞ստ են պատասխանատվություն կրել իրենց քաղաքական ձախողումների պատճառով հերթական աղետը բերելու համար: Ի վերջո դեռ քանի՞ անգամ պետք է ուրիշները Հայաստանը քանդեն, որ մեր քաղաքականները մեծամիտ տոնով դիմացինին սևացնելու փոխարեն փորձեն դաշնակցին փնտրել ոչ թե Վաշինգտոնում ու Կրեմլում, այլ Երևանում՝ Հայաստանում: Ո՞վ է այն մարդը, ով հաստատ գիտե, որ Բայդենը կամ Պուտինը լավն է անելու մեզ համար: Ո՞վ է, որ կասի, որ մեզ ևս 4.000 զոհ է պետք, որովհետև Պուտին-Բայդեն կռվում հայ քաղաքականները իրար միս են կրծում:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Իտալիան պատերազմ հայտարարեց Ավստրո-Հունգարիային: Իտալիան ցանկանում էր վերցնել Տրիեստ ու Տրոնտոն քաղաքները: Իտալական քաղաքականները համոզեցին ժողովրդին, որ այդ պատերազմը իրենց պետք է: Այդ քաղաքները գրավելու համար իտալացիները առաջին գրոհի ժամանակ կորցրին մոտ տասնհինգ հազար մարդ, երկրորդ անգամ՝ 40 հազարից ավելի, երրորդ անգամ 60 հազարից ավելին: Իտալացիները 11 անգամ գրոհեցին դեպի այդ քաղաքներ ու ձախողեցին՝ կորցնելով մոտ 700 հազար մարդ և միլիոնից ավել վիրավոր: Եվ ի՞նչ պատասխան պիտի տային իտալացի կառավարիչները իրենց ժողովրդին: Ինչի՞ համար են սպանվել 700 հազար և վիրավորվել միլիոնից ավել մարդ: Հանուն սուրբ առաքելությա՞ն թե հանուն իտալացի քաղաքական գործիչների մեծախոսության ու կարճատեսության: Հանուն արկածախնդրության: Հանուն ոչ մի բանի: Հարց է առաջանում, թե առաջին գրոհներից հետո ինչո՞ւ չդադարեցին այդ հիմար ձեռնարկումները: Որովհետև եթե դադարեցնեին, կնշանակեր, որ իրոք անիմաստ են զոհվել առաջին հարյուր հազարը և իտալացի կառավարիչները սկսեցին խաղամոլի պես ավելացնել դրույքը, հուսալով, որ շահումն ավելի մեծ կլինի, քան մինչ այդ կորցրածը: Իսկ այդ պարագայում մարդն այլևս սթափ չէ ու անում է ամենահիմար սխալները: Ի վերջո իտալացիները շատ թանկ հատուցեցին իրենց կառավարող մի նեղ խմբի ամբիցիաների համար:

Ինչո՞ւ հիշեցի իտալացիներին: Հավանաբար այն բանի համար, որ մեր քաղգործիչներն ու կառավարիչները 1991թ. առ այսօր ժողովրդին մաս-մաս կործանում են սեփական հիմարության, անզորության ու կարճամտության հետևանքով: Եվ հիմա նրանք, ովքեր ամենաբարձրն են գոռում ու ժողովրդին անհասկացող անասուն համարելով քացով հրում են դաշինքից դաշինք կարողանալո՞ւ են պատասխան տալ հենց նույն ժողովրդին անընդհատ ողբերգության առաջ կանգնեցնելու համար:

Ու երբ հերթական անգամ քաղաքական այրերի պատճառով թեկուզ մեկ զինվոր զոհվի, թեկուզ մեկ տուն ավերվի ու դիմացը ոչինչ չստանանք, նրանք կարողանալո՞ւ են ասել, թե ինչու զոհվեց ևս մեկը: Եթե ռուսական ու ամերիկյան կողմնորոշում ունեցողները իր վերջո համաձայնվեն իրենց տիրոջ հետ, որ Արցախը Ադրբեջան է, նրանք կարողանալո՞ւ են ասել, որ մենք հազարներով երիտասարդներ ու Արցախ կորցրինք ոչ մի բանի համար:

Կարողանալո՞ւ են:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *