Սեսիլը հայտնում էր, որ դեռեւս 1913-ից Պողոս Նուբարի գլխավորությամբ գործող Ազգային պատվիրակությունը պայքարում է Հայ դատի արդարացի լուծման համար։ Սեսիլը նաեւ գրում էր, որ հայ զինվորները Միջագետքում կռվում են բրիտանական զորքերի կազմում եւ իրենց ավանդն ունեն դաշնակիցների հաղթանակներում։
1918թ. աշնանը մեծ տերությունները նախապատրաստվում էին 1919թ. հունվարին Փարիզում կայանալիք վեհաժողովին, որը սահմանելու էր աշխարհի նոր իրավակարգը: Դրա հիմնական սկզբունքները դեռեւս 1918թ. հունվարին հրապարակել էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը։
Փաստաթղթի 12-րդ կետը վերաբերում էր Թուրքիային, որի ինքնիշխանությունն ապահովվելու էր, սակայն թուրքերի տիրապետության տակ ապրող ժողովուրդներին տրվում էր անվտանգ գոյության եւ ինքնավարության հստակ երաշխիք։ 14-րդ կետը սահմանում էր, որ ազգերը պետք է միավորվեին քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության սկզբունքի շուրջ. ստեղծվում էր Ազգերի լիգան։
Հայկական հարցը վերաբացվում էր եւ շուտով դառնալու էր միջազգային դիվանագիտության քննարկման առարկա։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է հատուկ պատվիրակություն կազմել հայկական շահերը Եվրոպայում ներկայացնելու համար։
Հոկտեմբերի սկզբին Հայաստանում տպագրվել էր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի օգնական Ռոբերտ Սեսիլի նամակը՝ ուղղված լորդ Բրայսին։ Նամակում Սեսիլը հայտնում էր, որ դեռեւս 1913-ից Պողոս Նուբարի գլխավորությամբ գործող Ազգային պատվիրակությունը պայքարում է Հայ դատի արդարացի լուծման համար։ Սեսիլը նաեւ գրում էր, որ հայ զինվորները Միջագետքում կռվում են բրիտանական զորքերի կազմում եւ իրենց ավանդն ունեն դաշնակիցների հաղթանակներում։
«Մենք հանդիպեցինք նրանց անգլիացիների, ֆրանսիացիների եւ ամերիկացիների շարքերում, եւ նոքա մասնակից են գեներալ Ալենբիի Պաղեստինի մեծ հաղթանակին»,- գրում էր արտգործնախարարի օգնականը։
«…Դաշնակիցների քաղաքականությունը դեպի հայերը մնացել է անփոփոխ։ Եթե ձեր, ինչպես նաեւ Նուբար փաշայի նամակները պահանջում են բրիտանական կառավարության մանրամասն հայտարարությունը, ես պատրաստ եմ մեկ անգամ եւս վավերացնելու մեր վճռականությունը՝ վերջ դնել այն թշվառություններին, որ կրել է Հայաստանը, եւ նրա վերածնունդը հնարավոր դարձնել»,- հավաստիացնում էր Սեսիլը։
1918թ. դեկտեմբերի սկզբին Հայաստանի կառավարությունը սկսում է քննարկել վեհաժողովին մասնակցելու համար Փարիզ գործուղվող պատվիրակության կազմը։ Եվրոպայում էր նաեւ Պողոս Նուբարի գլխավորած Ազգային պատվիրակությունը, որը գերտերություններին ներկայացնում էր արեւմտահայ դատը։
Անկախ Հայաստանի պատվիրակության կազմավորումը հարթ չէր ընթանում։ Կուսակցությունների մի մասը դժգոհ էր, որ պատվիրակությունը կազմելու եւ միջազգային հարթակում հայկական հարցը ներկայացնելու իրավունքը վերապահվել էր կառավարությանը։ Նրանք գտնում էին, որ Հայաստանի խորհրդարանն է երկրի բարձրագույն իշխանությունը, հետեւաբար նա էլ պետք է ներկայացնի պատվիրակության կազմը։ Այս դիրքորոշումը հայտնում էին խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները՝ էսէռները եւ սոցիալ-հեղափոխականները։ Կառավարությունը որոշել էր Եվրոպա գործուղել երեք պատվիրակի՝ Ավետիս Ահարոնյանին ու Համո Օհանջանյանին՝ Դաշնակցությունից, եւ Միքայել Պապաջանյանին՝ Հայ ժողովրդական կուսակցությունից։
Պատվիրակության կազմում լինելու էին նաեւ տարբեր պաշտոնյաներ, ընդհանուր թվով՝ 14 հոգի։ 1918թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է Եվրոպա մեկնող պատվիրակության կազմը եւ ծախսը հոգալու համար հատկացնում 700 հազար ռուբլի։ Երկու օր անց վարչապետ Հովհաննես Քաջազնունին խորհրդարանին է ներկայացնում օրինագիծը, որտեղ էլ ծավալվում է հիմնական բանավեճը։
«Ժողովուրդ», 25 դեկտեմբերի, 1918թ., թիվ 48
«Վարչապետի ցանկությամբ օրինագիծը կարդացվում է յուր հարակից բացատրություններով հանդերձ, որից պարզվում է, որ Եվրոպա են գնալու 3 պատվիրակ, 2 խորհրդական, 6 աշխատակից զանազան հանձնարարություններ կատարելու համար, 1 գործավար եւ 2 քարտուղար, ընդամենը 14 հոգի։ Անձնական վարձատրություն յուրաքանչյուր պատվիրակին օրական 60 ռուբլի է հաշվում, խորհրդականներին՝ 50, մնացածներին՝ 40-ական։ Ճանապարհածախսի եւ այլ բաների համար յուրաքանչյուրին օրական հաշվել 100 ռուբլի։ Այդ ծախսերի հետ հաշվելով դիվանական, հեռագրի եւ այլ հաղորդակցության համար 300 հազար, բոլորը՝ 700 հազար»։
Սոցիալ-դեմոկրատ Միքայել Ղարաբեկյանը դժգոհում է, որ գումարը մեծ է, եւ պատվիրակությանը պետք է հատկացնել 340 հազար ռուբլի։ Բացի այդ, ըստ պատգամավորի, պետք էր հստակեցնել, թե պատվիրակությունն ում անունից է հանդես գալիս եւ ինչ իրավասություն ունի։ Նա պնդում էր, որ պատվիրակությունը չպետք է խոսի տաճկահայ դատի մասին, նախքան «նրանց ներկայացուցիչների հետ» հանդիպելը։
Լեռ Կամսարն իր «Ազգային նոթեր» շարքի ֆելիետոններից մեկում անդրադառնում է Եվրոպա ուղարկվող պատվիրակությանը, որը տպագրվում է «Զանգ» թերթում։
«Զանգ», 27 դեկտեմբերի, 1918թ., թիվ 85
…Անցյալ նիստին պառլամենտը յոթ հարյուր հազար ռուբլի ծախս քվեարկեց պատվիրակներ Եվրոպա ուղարկելու համար։
Օրական քառասուն ռուբլի ընտանիքին թողնելու համար, հարյուր՝ ճամփան ուտելու, հիսուն՝ երկաթուղի նստելու, վաթսուն՝ երկաթուղու մեջ կանգնելու, յոթանասուն՝ երկաթուղու մեջ պառկելու համար։
«Չեմ կրնար երեւակայել, թե կարմրցուցած կտորմը կավուրմա լավաշի մեջ փաթթած՝ ի՜նչ անակնկալ պիտի ըլլար եվրոպական դիպլոմատիմը սեղանին վրա»։
Մենք Արեւելքի ազգ ենք եւ ունինք ուրույն արեւելյան սովորություններ։ Իսրայելցի Յեսսեն իր որդի Դավիթին Սավուղին բանակը ղրկելու համար թագավորին ու զորականներուն ընծա ղրկեց էշի վրա բարձած բլիթներ, թուզ եւ չամիչ։
Ճշմարիտ է, մեր պետական մառանին մեջ չամիչ, թուզ չկա, սակայն ատոր փոխարեն կա կավուրմա ու դոշաբ…
Մեր պատվիրակները տանելով այդ թանկագին ընծաները Եվրոպա, գլուխը վես, հպարտ կրնային հայտարարել, թե մենք այն երկրից կուգանք, ուր կպատրաստվի դոշաբ ու կավուրմա։ Այդ ընծաները պիտի նշանակեին, թե մենք ազգ ենք, մառան ունինք, որուն մեջ ասանկ բաներ կգտնվին։
Չեմ կրնար երեւակայել, թե կարմրցուցած կտորմը կավուրմա լավաշի մեջ փաթթած՝ ի՜նչ անակնկալ պիտի ըլլար եվրոպական դիպլոմատիմը սեղանին վրա։ Փաթեթ մը կավուրմա ու տիկ մը դոշաբ կրնար պատճառ դառնալ, որ թերթ մը մեկ տարի հայկական հարցի մասին գրեր։
Լեռ Կամսար
Քառանկյունի անիվը
Խորհրդարանական ընդդիմությունը ցանկանում էր մեծացնել պատվիրակության կազմը եւ էսէռներից ու սոցիալ-դեմոկրատներից մեկական ներկայացուցիչ ընդգրկել։ Իրենց առաջարկը հիմնավորում էին եվրոպական երկրներում սոցիալիստական ուժերի նկատվող ազդեցությամբ եւ համոզված էին, որ կարող են նպաստել հայկական հարցի լուծմանը։ Դաշնակցությունը համաձայն չէր ձախակողմյան ուժերին պատվիրակության կազմում ընդգրկելուն՝ գտնելով, որ նրանք վճռական հարցերում պատասխանատվությունը չեն կիսելու եւ խաթարելու են պատվիրակների աշխատանքը։
«Զանգ», 15 դեկտեմբերի, 1918թ., թիվ 80
«Պատվիրակության այսպիսի կազմին մեր ֆրակցիան երբեք չէր կարող իր համաձայնությունը տալ, քանի որ դրանով մեր պառլամենտը՝ այդ քառանկյունի անիվը, փոքրացած դիրքով տեղափոխվում էր Եվրոպա եւ ստեղծում էր դարձյալ մի մարմին, որի մեջ պատասխանատու եւ գործի ամբողջ բեռը իր ուսերին տանող կուսակցությունը չուներ մի ապահով մեծամասնություն։ Պատվիրակության մեջ պիտի հրապարակ գային այն բոլոր անպտուղ դեմագոգիական վեճերը, որոնք իշխում են պառլամենտում. նույն անպատասխանատու փոքրամասնությունը պիտի անվերջ վիճեր եւ հետո, ապագայում քննադատության իրավունքը իր ձեռքին պահելու համար, ամենավճռական խնդիրներում կամ պիտի բացասական ձայն տար կամ ձեռնպահ մնար»։
Թող այդ հարցով զբաղվեն միայն արեւմտահայերը
ՀՅԴ-ն դեմ էր ընդդիմությանն ընդգրկելուն նաեւ այն պատճառով, որ ժամանակին էսէռներն ու սոցիալ-դեմոկրատները հրաժարվել էին կոալիցիոն կառավարություն կազմելուց եւ պատասխանատվությունը կիսելուց։ Ավելին, ըստ Դաշնակցության, էսէռներն ընդհանրապես դեմ էին ազգերի իրավունքներին, իսկ սոցիալ-դեմոկրատները բազմիցս քննադատել էին Հայ դատը։
«Տաճկահայ ժողովուրդը այլեւս կարիք չունի յուր եղբայրակցի ավելորդ խնամակալության»
Ինչ վերաբերում էր սոցիալիստական հայացքներին, ապա Դաշնակցությունը հայտարարում էր, որ էսէռներն ու սոցիալ-դեմոկրատները չունեն միջազգային ճանաչում եւ հեղինակություն։ Միակ կուսակցությունը, որը ճանաչված է Ինտերնացիոնալի կողմից՝ ՀՅԴ-ն է։
Արեւմտահայերի շահերը միջազգային ատյաններում ներկայացնելուն դեմ էին նաեւ Հայ ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները։ Նրանք գտնում էին, որ այդ հարցով պետք է զբաղվեն միայն արեւմտահայերը. «Տաճկահայ ժողովրդի ներկայացուցչությունն արդեն հինգ-վեց տարի գործում է Եվրոպայում, միշտ գիտակ յուր պարտքին ու կոչման, միշտ գիտակ իր ժողովրդի շահերին ու իղձերին։ Տաճկահայ ժողովուրդը այլեւս կարիք չունի յուր եղբայրակցի ավելորդ խնամակալության, երբ տարիների դառն փորձն ունի յուր առաջ։ Գեթ թույլ տվեք այս անգամ, որ այս ժողովուրդն իր հասարակական գիտակցությամբ ու կորովով հանդես գա եվրոպական կոնֆերանսի առաջ յուր դատը պաշտպանելու, ըստ յուր հայեցողության»։ Չնայած հնչեցվող քննադատությանը՝ ՀԺԿ հիմնադիր Միքայել Պապաջանյանն ընդգրկված էր պատվիրակության կազմում։
Պատվիրակությունը մեկնում է
1918թ. դեկտեմբերի 8-ին մեծ բազմություն է հավաքվում Ավետիս Ահարոնյանի Երեւանի բնակարանի առջեւ։ Ժողովրդի առջեւ ելույթ է ունենում Ավետիս Ահարոնյանը եւ ասում, որ «մեծ հույսեր չպետք է կապել իր առաքելության հետ», սակայն ինքը գործում է հավատով, որ հայ ժողովրդի համար գալու է ցանկալի օրը։
«Զանգ», 15 դեկտեմբերի, 1918թ., թիվ 80
«Պատվիրակության նախագահը մնաս բարովի մի զգացված ճառ ասաց, որով նա դիմեց հայ ժողովրդի աշխատավոր դասին, եւ գոհունակություն հայտնեց հայ աշխատավորության հերոսամարտի, նրա աշխատանքի համար։ Շեշտեց նաեւ, որ մեծ հույսեր չպետք է կապել իր առաքելության հետ, բայց ինքը գնում է այն վառ հավատով, որ գալու է, անշուշտ այս անգամ մեր ժողովրդի համար այն ցանկալի օրը, որին ձգտել է նա իր անձնազոհությամբ ու տառապանքով, Քրիստափորի ու Սիմոնի պատգամներով, Հ. Յ. Դաշնակցության ղեկավարությամբ։
«Համբուրում եմ բոլորիդ ճակատները, համբուրում եմ ձեր պայծառ աչքերը, որոնց մեջ տեսնում եմ իմ ցեղի արշալույսը, որը ծագել է երբեք չթառամելու համար։ Կեցցե՛ք դուք, կեցցե՛ հայ ժողովուրդը»։ Ժամը 11-ին ընկ. Ահարոնյանը օթոմոբիլով ուռաների եւ ծափերի տակ, նվագակցության ուղեկցությամբ մեկնեց կայարան»։
***
Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան