Քրիստափորը դեմ է Ժամանակի բռնապետությանը, նա հաղթահարում է այն՝ ճարպկորեն զուգադրելով մոտակա ծրագիրը և հեռակա ծրագիրը։ Քրիստափորը դեմ չէ տեղական անջատողականությանը, նա դուրս է գալիս դրա սահմաններից։ Քրիստափորը չի ընտրում դիվանագիտության և պարտիզանական պատերազմի միջև, նա անցնում է դրանց սահմանները։ Կարճ ասած, Քրիստափորը մարմնավորում է հաղթահարման այս ռազմավարությունը որպես երրորդ ուղի՝ ավանդույթ-արդիականություն տարանջատումից դուրս:
Կայծ Մինասյան
Ինչո՞ւ ենք մենք հասել այս վիճակին
Մաս I
Անցած անախորժ օրերից խոժոռադեմ ու գլխահակ, գարշահոտ շունչն ու չարացած խոսքը շուրթերին՝ զայրույթից փրփրել են Դաշնակցության ղեկավարները։ Նրանց համար հեշտ չէ ժառանգորդը լինել ընդհանուր հսկայական կապիտալով մի կազմակերպության, որի հարուստ պատմությունն անգամ լավագույն վիպասաններին և դետեկտիվ բեստսելլերների հեղինակներին ամոթով կթողնի: Բայց պատմության օրենքները թույլ չեն տալիս սպասել, որպեսզի այդ առաջնորդները վերստին ժպտան՝ վերականգնելով Դաշնակցության հետ հարաբերությունները: Պատմության ընթացքը շարունակվում է և գրվում՝ առանց իրենց։ Սակայն, պատմության մուսա Կլիոյից դասեր քաղելու փոխարեն՝ նրանք պարփակվում են սեփական պատմության մեջ, ուր առասպելով է լցված ամեն ինչ, և բանականության նշույլ անգամ չկա իրենց երևակայության խորը ծալքերում: Նրանց աշխարհն աստիճանաբար մարում է, ինչպես մոմի բոցն է հանգչում՝ անվարան այրվելով մինչև վերջ: Նրանց իմաստազուրկ ուղերձները, հնացած կարգախոսներ դառնալով, այլևս չեն դրոշմվում մարդկանց գիտակցության մեջ։ Այս պատմական որմնանկարի ավանդառուներն այլևս ոչինչ չեն առաջարկում՝ բավարարվելով սերտածն արտաբերելով։ Խիզախություն չեն ցուցաբերում, վախենում են իրենց ստվերից։ Նրանք, կարծես, մոլորվել են «հայոց օվկիանոսում», բայց անկարող են դա խոստովանել, քանի որ իրենց դոգմատիզմը համոզմունքներից ուժեղ է։ Իրականության հետ բոլորովին աղերս չունենալով՝ առասպելն ու հիշողությունը նրանց պահում են անորոշ, առօրյայից կտրված կյանքում՝ որպես թանգարանի մասունքներ, ուր մենք երբեմն այցելում ենք:
Եվ այսուհանդերձ, Քրիստափորի իդեալը դեռ գոյություն ունի, այն անձեռնմխելի է։ Մահվանից, ավելի ճիշտ՝ ըստ Միքայել Վարանդյանի՝ «իր անօգուտ զոհաբերությունից» կամ ըստ Եղիշե Թոփչյանի՝ «իր սպանությունից» ավելի քան հարյուր տասնհինգ տարի հետո էլ Քրիստափորը ողջ է։ Նրա գործը չի մեռել և դեռ կարող է նոր շունչ ստանալ, եթե նրանք, ովքեր հանդես են գալիս որպես Քրիստափորի Տաճարի պահապաններ կամ իր հանճարի ավանդառուներ, դադարեն խեղդել նրան իրենց կուրությամբ և Դաշնակցության պատմության անտեղյակությամբ…
Ինչո՞վ բացատրել այն խորը հիասթափությունը, որը թափանցել է Դաշնակցության շարքերը։ Ինչպե՞ս հասկանալ այն հուսախաբությունը, որը շփոթեցնում է կուսակցության անդամներին ու համակիրներին և Դաշնակցությանը կանգնեցնում Պատմության եզրագծին: Արդյո՞ք պետք է վերադառնանք 1991 թվականի Հայաստանի անկախության շրջադարձային կետին։ Ո՛չ, դա տագնապալից ժամանակաշրջան էր: Թե՞ վերադառնանք 1965 թվականի ցեղասպանության հիսնամյակի առիթով ստեղծված առանցքային շրջանին։ Չէ՛, այդ ժամանակ արդեն պաթոլոգիկ վիճակ էր։ Արդյո՞ք պետք է ապավինենք 1933 թվականին Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) տոտալիտար շրջադարձին: Ո՛չ, և նորից ո՛չ, արտադրական թերությունն արդեն տասնամյակներ շարունակ իր գործն է արել։ Իրականում հիշյալ կրկնվող շրջադարձերը միայն ծանրացրել են դաշնակցականների՝ առաջին հայացքից դիտորդին անտեսանելի խնդիրները։ Որովհետև միմյանց հաջորդող ղեկավարությունները լծված էին դաշնակցական պանթեոնի պառակտումները լաքի հաստ շերտերով ծածկելու գործին. նախ հեղափոխական ցասման (1905-1912 թթ.), հետո ստալինյան տոտալիտարիզմից Հայաստանի անկախության (1919-1956 թթ.), ապա ատլանտիստական Թուրքիայի դեմ ազատագրական պայքարի (1965-1991) և վերջապես հանուն Արցախի պաշտպանության պատերազմի (1988-1994 թթ.) ժամանակ։ Բայց հիշյալ չորս շերտերը միայն պահպանել են Դաշնակցության օրգանական անկատարությունը՝ փորձելով որոշ դեղաքանակ կիրառել չարիքի դեմ, որի սկիզբը, ինչպես հայտնի է, դրվել է Քրիստափոր Միքայելյանի մահվան օրը՝ 1905 թվականի մարտի 5-ին։ Ի՞նչ է իրականում պատահել այդ ժամանակ:
Կատարվել է անհավանական ու անուղղելի մի բան։ Անհավանական է այն առումով, որ Քրիստափորի ժառանգորդները կապերը խզեցին նրա հետ, որպեսզի փրկեն կազմակերպության միասնությունը, որի խորհրդանիշն էր ինքը: Խզեցի՞ն։ Այո՛, խզեցին, Քրիստափորի պաշտպանած հեղափոխական համակարգի կազմակերպման իշխանաբար մոտեցումն իր տեղը զիջեց իր ժամանակակիցների ու հետնորդների կողմից սատարվող համակարգի կազմակերպման օրինաբար մոտեցմանը։ Այսպիսով, Քրիստափորի ժամանակակից ցենտրիզմն իր տեղը լիովին զիջեց ավանդական ապակենտրոնացման դոգմային։ Յեղափոխության սռնին դադարեց պտտվել Քրիստափորի սիրելի Թուրքահայաստանի շուրջ, կողմնորոշվելով դեպի Մեծ Հայաստանի գաղափարը, որը կազմված է մեկ ռազմավարական ճակատով հանդես եկող երկու հայկական ոլորտներից։ ՀՅԴ-ն այլևս, ըստ Քրիստափորի, տարբեր մարդկանց և գաղափարների ինտեգրման տեխնիկա չէ, այն նրա ժառանգորդների օրոք դարձել է մեսիականության անունից հանդես եկող մարքսիսդական գաղափարախոսություն: Այսինքն, Քրիստափորի Դաշնությունը դարձել է Կուսակցություն, կամ Դաշնակցությունը դարձել է Կուսակցություն։
Եվ անուղղելի է այն առումով, որ, ցանկանալով փրկել կազմակերպության միասնությունը, Քրիստափորի ժառանգները լոկ հավերժացրին իրենց հեռացումը կուսակցության հիմնադրից։ Ինչպե՞ս։ Հետադարձ հայացք նետենք՝ դա հասկանալու համար։ Քրիստափորը չի խախտում կրոնական ավանդույթը, այլ առաջ է անցնում դրանից։ Քրիստափորը չի խզում կապերը ռուսական պոպուլիզմի հետ, այլ առաջ է անցնում դրանից։ Քրիստափորը ընտրություն չի կատարում մարքսիզմի և լիբերալիզմի միջև, այլ առաջ է անցնում դրանցից։ Քրիստափորը չի ընտրում սոցիալիզմը կամ ազգայնականությունը, այլ վեր է կանգնում դրանցից։ Նա դեմ չէ Հայաստանի անկախությանը, այլ առաջ է անցնում դրանից։ Քրիստափորը դեմ է Ժամանակի բռնապետությանը, նա հաղթահարում է այն՝ ճարպկորեն զուգադրելով մոտակա ծրագիրը և հեռակա ծրագիրը։ Քրիստափորը դեմ չէ տեղական անջատողականությանը, նա դուրս է գալիս դրա սահմաններից։ Քրիստափորը չի ընտրում դիվանագիտության և պարտիզանական պատերազմի միջև, նա անցնում է դրանց սահմանները։ Կարճ ասած, Քրիստափորը մարմնավորում է հաղթահարման այս ռազմավարությունը որպես երրորդ ուղի՝ ավանդույթ-արդիականություն տարանջատումից դուրս, որը ներկայացնում են մի կողմից՝ միապետական, ազգայնական և պահպանողական Արմենականները, իսկ մյուս կողմից՝ մարքսիստական, հանրապետական ու առաջադեմ Հնչակյանները։ Բայց առաջ անցնելու հեգելյան այս սկզբունքը կտրված չէ իրականությունից, բանականությունից, Լուսավորիչներից, ուժերի հարաբերակցությունից և սեփական աշխարհը ներկայացնող գաղափարներից: Քրիստափորն այնքան շատ է հավատում հաղթահարելու, առաջ անցնելու իր ռազմավարությանը, որ մնալով խիստ պրագմատիկ` կարողանում է յուրաքանչյուր իրադարձություն իր իրական արժեքով գնահատել:
Քրիստափորը քիչ է խոսում և քիչ գրում, քանի որ լավ գիտի խոսքի ուժը։ Որքան անհատը շատ է արտահայտվում, այնքան ավելի է մասնատում։ Որքան քիչ է խոսում, այնքան շատ է համախմբում։ Այս է պատճառը, որ նա ցանկացած շարժում անում է ճշգրիտ հերթականությամբ՝ առանց դետերմինիզմի, ոչ էլ դոգմատիկ ենթադրությունների, քանի որ, ինչպես հիշում ենք, նրա համար հեղափոխությունը գաղափարախոսություն չէ, այլ տեխնիկա է։ Նրա առաջարկած Դաշնությունը կոչված է ներկայացնելու պետական մարմիններն ու իշխանությունը, որոնք բաժին են հասել ինչպես հայերին, այնպես էլ մյուս ազգերին, քանի որ նրա նախագծի հիմքում փիլիսոփա Էմանուել Կանտի և իր՝ ազգային անկախ միավորումների համաշխարհային ֆեդերացիայի գաղափարն է: Այսպիսով, Քրիստափորը նախորոշում է հայկական նոր իշխանության պայմաններն այն ժամանակ, երբ իր ժամանակակիցները (Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ) և Արմենականներ) սգի են մատնվել։ Իրեն բնորոշ հեղինակությամբ նա հայտնվում է իշխանական խաղի կենտրոնում, ընդ որում, նրա Դաշնությունը խորհրդանշում է քաղաքականությունը, հնարավորի սահմանները, նոր կանոններն ու նորմերը:
Ինչպե՞ս դրան հասավ։ Պարզապես հենվելով, մի կողմից, անհատների ներուժի վրա, մյուս կողմից, կրոնից քաղաքականություն անցման միջոցով:
Անհատների ներուժի վրա, քանի որ Քրիստափորը միշտ հավատացել է, որ հեղափոխությանը հասնելու միակ ճանապարհը յուրաքանչյուրի կարողությունների համախմբումն է, յուրաքանչյուրի ռեսուրսները կողք-կողքի դնելը: Նրա համար անհատի ուժն առաջնային է, իսկ անհատական ուժերի գումարը կազմակերպություն է ծնում: Սրանում համոզվելու համար բավական է կարդալ ՀՅԴ-ի Մանիֆեստը, որն ինքն է գրել. նա օգտագործում է «հայ» (5 անգամ), «հայեր» (2 անգամ), «հայ կին», «հայ հոգևորական» և այլ բառեր։ Սրանք գրեթե միշտ անհատներ են կամ ընդգծված անհատների հանրագումար։ Մանիֆեստը հասցեագրված է այն անհատներին, որոնց համախմբումը ծառայելու է ժողովրդի և Հայաստանի գործին։ Որովհետև Քրիստափորը սոցիալիզմի գաղափարախոս չէ, այլ ինտեգրման սոցիոլոգ. երբ Քրիստափորը հանդիպում է հեղափոխության նոր հետևորդի, վերևից ներքև նայելով՝ ակնոցի հետևում թաքնված հայացքով սկանավորում է նրան: Նա գնահատում է վերջինիս և առաջարկում հենց այն, ինչը լավագույնս համապատասխանում է այդ մարդուն, կարծես, նրանից լավ գիտի իր էությունը:
Հիշենք, օրինակ, թե ինչպես է նա խրախուսում Ավետիս Ահարոնյանին՝ գրիչ վերցնելու և «Ղարիբ» կեղծանվամբ հեղափոխության գրող դառնալու համար։ Կամ, թե ինչպես է նա քաջալերում Սարգիս Բարսեղյանին՝ «Վանա Սարգիսին», Հեղափոխության ռազմական կազմակերպության վարպետ շինարարը լինելու, մինչև իսկ վերջինիս կոչում է «իմ հերոս, իմ անոյշ ընկեր» իր մի նամակում, որ գրում է նրան Ժնևից, 1904 թվականի մայիսի 24-ին Սոֆիայում կայացած ՀՅԴ-ի Երրորդ Ընդհանուր Ժողովից մի քանի շաբաթ անց։
Ինչ վերաբերում է կրոնականի և քաղաքականի փոխազդեցությանը, ապա Քրիստափորն այստեղ նույնպես եզրակացրեց, որ անհրաժեշտ է տարակարծությունից առաջ անցնել և կտրուկ վճիռ չկայացնել։ Բայց առաջ անցնելով՝ կրոնականն այլևս չպետք է վեր լինի քաղաքականից, այլ քաղաքականը՝ կրոնականից։ Պատմական դիտվածքից համադրելով երկու հասկացությունները՝ նա լիարժեք և ամբողջական իմաստ է հաղորդում մինչ այժմ ետին պլան մղված քաղաքականությանը (նախաքաղաքականություն)։ Համադրելով երկու հասկացությունները՝ նա իրական փրկության ծանրության կենտրոնն է դարձնում ուժերի հարաբերակցությունը, ընդ որում՝ նրա համար հեղափոխությունը ոչ թե անորոշ գաղափար է կամ աշխարհից կտրված մետաֆիզիկական ինստիտուտ, այլ հայության իրավունքի իրացման միջոց, որի էությունն է՝ իր տեղը գտնել միջազգային քաղաքական ասպարեզում։ Լավ, ուրեմն, ի՞նչ է տեղի ունեցել Քրիստափորի մահից հետո։
ՀՅԴ-ի միասնությունը փրկելու համար նրա ժառանգորդները ևս մեկ շտկում արեցին, ոչ թե վերադառնալով կրոնականին՝ ի վնաս քաղաքականի, այլ՝ քաղաքականը համեմելով գաղափարախոսությամբ։ Միայն թե՝ ցանկանալով գաղափարախոսության միջոցով փրկել ՀՅԴ-ի միասնությունը, Քրիստափորի հաջորդները Դաշնակցության խոսույթ ներմուծեցին «արտաքաղաքականություն», «կուսակցություն», «սոցիալիզմ», «մեսիականություն», «դոգմատիզմ», «չափազանցությունն իբրև նորմ», «ամբարտավանություն» գաղափարները՝ հեղափոխությունը կանգնեցնելով իրականությունից կտրվելու վտանգի առջև։ Այսպիսով, 1907 թվականին երկու ճակատը պատմական Հայաստանի միասնական ճակատով ներկայացնելով, ժամանակակից դաշնակները կորցրին մեծ տերությունների աշխարհաքաղաքականության թելը` քարոզելով մրցակցող մոդելներից կտրված աշխարհակարգի սեփական պատկերացումը: Օրինակ՝ տերություններից ո՞ր մեկի հիմնարար ուսմունքում է ներառվել ռուս-օսմանյան սահմանի վերացումը, ինչպես ենթադրում էր հետքրիստափորյան ՀՅԴ-ն։ Ոչ մեկի։
Այսպիսով, 1907 թվականին, երբ սոցիալիզմն ընդունվեց որպես ՀՅԴ-ի ծրագիր, որն ամրագրվեց Սոցիալիստական ինտերնացիոնալին միանալու միջոցով, Քրիստափորի հետնորդները խախտեցին հավասարակշռությունը սոցիալական և ազգային պայքարների միջև՝ ընկղմվելով դիվերսիֆիկացված սոցիալիզմի գիրկը. Զավարյանի համար դա հումանիստական սոցիալիզմն էր, Վարանդյանի համար՝ ժողովրդավարական սոցիալիզմը, Ռոստոմի համար՝ միջազգային սոցիալիզմը, Հովնան Դավթյանի համար՝ մեսիանական սոցիալիզմը։ Բայց Քրիստափորի կարծիքով Դաշնակցությունը վեր է գաղափարական առաջնահերթությունից և «կուսակցություն» պառակտող հասկացությունից։
Հետքրիստափորյան չորս մոտեցումներով նրա հետնորդները մեծ ջանքեր գործադրեցին իրենց հայեցակարգը Դաշնակցության սկզբնական տեսլականին հարմարեցնելու համար: Զավարյանի համար Դաշնակցութունն ազգային կուսակցութուն է, որը միացյալ հայ ազգին ղեկավարող հայկական հաստատությունների հիմքն է: Վարանդյանը ՀՅԴ-ն դիտարկում է որպես սոցիալիստական կուսակցություն` ընդօրինակելով եվրոպական առաջադեմ կուսակցություններին` ժամանակակից երևալու համար: Ռոստոմի համար ՀՅԴ-ն առաջապահ կուսակցություն է, ինչպես ընդունված է գործող մարքսիստական տեսություններում, որտեղ մի բուռ արհեստավարժներ՝ որպես ժողովրդի ճակատագրի տերեր, առաջնորդում են նրան դեպի հաղթանակ: Ի վերջո, Հովնան Դավթյանի համար ՀՅԴ-ն Ազգի կուսակցությունն է, քաղաքական գործողության նվազագույն տոտալիտար հայեցակարգ, իսկ Ռուբեն Տեր-Մինասյանի ՀՅԴ-ն մեսիանիստական կուսակցություն է կամ կազմակերպություն, որը գործում է հանուն սուրբ տարածքների ազատագրման։
Քրիստափորի և նրա հետնորդների միջև տարակարծությունների ցանկը բավական մեծ է։ Բայց վերադառնանք կուսակցության 1905 թվականի ճգնաժամին՝ ՀՅԴ-ի ներսում առկա վիճակի ծանրությունն ըմբռնելու համար: Որպես հայ հանճարի, միասնության, քաղաքական մտքի և իշխանության խորհրդանիշ՝ Քրիստափորը ևս մեկ առավելություն ունի իր հետնորդների նկատմամբ. նա եվրոպացի առաջնորդների և տեսաբանների հետ խոսում է ինչպես հավասարը հավասարի հետ․ Բեբելը, Ժորեսը, Քիյարը և ժամանակի մյուս առաջադեմ մտավորականները, իր կարծիքով, քաղաքական տեսանկյունից իրավացի չեն, քանզի ենթադրվում էր, որ եվրոպական մշակույթը պետք է գերիշխող ազդեցություն ունենար մյուս ժողովուրդների վրա։ Նրանց դատողություններն ավելի հավաստի չեն, քան իր սեփականը։ Սակայն միջազգային տեսական և ռազմավարական բանավեճում սեփական տեսակետի պաշտպանությունը երկու նախապայման է ենթադրում․ մի կողմից, կարևոր է իմանալ քաղաքական մտքի զարգացման պատմությունն ու հասկացությունների կիրառման կանոնները, անընդհատ կարդալ և սովորել՝ բանավեճերում հետին պլան մղվելուց կամ պարտությունից խուսափելու համար, մյուս կողմից, գիտակցել ուժերի բաշխման իրական վիճակը և խոսքը կառուցել՝ հաշվի առնելով սեփական հնարավորությունները, առանց պատասխանատվությունից խուսափելու՝ սեփական խնդիրների պատճառը ուրիշների մեջ չփնտրելով:
Բանականության կանտյան քննադատությամբ մտահոգ Քրիստափորի համար Հայն առաջին հերթին պատասխանատու է իր հետ կատարվող ամեն ինչի համար, մինչդեռ նրա հետնորդների կարծիքով պատասխանատվությունը պետք է ուրիշները կրեն, նրանք, ովքեր կապ չունենալով Հեղափոխության հետ՝ պատասխանատու են բոլոր փորձությունների համար, որոնց ենթարկվել է հայ մարդը։ Այլ կերպ ասած, եթե Քրիստափորը խորհրդանշում է քաղաքականությունը, իշխանությունը, իրականը, ուժերի հավասարակշռությունը, որը մեղմվում է բանականության նորմով՝ որպես քաղաքականության ցուցիչ կամ բարոմետր, ապա նրա հետնորդները մարմնավորում են գաղափարախոսությունը, տիրապետությունը, անիրականը, չափազանցության նորմով գերագնահատված ուժերի հարաբերակցությունը՝ գործելով որպես անպետք գաղափարախոսության անսլաք կողմնացույց։
Այսպիսով, Քրիստափորը երեք չարիքի պետք է դիմագրավի. նախ, արտաքին աշխարհին ու հայերի դեմ նրա սպառնալիքներին, այնուհետև հայ ախոյաններին (ՍԴՀԿ, Արմենականներ, Եկեղեցի և բուրժուազիա)՝ նրանց հեղափոխական մարմնին ինտեգրելու ակնկալիքով, վերջապես, հեղափոխության ներքին խոչընդոտողներին, մասնավորապես Հովնան Դավթյանի նման առավելապաշտներին, մի մարդ, ով մինչև 1904 թվականը երբեք չի կարողանա ընտրվել ՀՅԴ-ի Բյուրոյի ղեկավար կազմում․ Քրիստափորն արգելափակում է նրա առավելապաշտությունը։ Դաշնակցության հիմնադիրը շատ վատ հիշողություններ ունի Հովնան Դավթյանի՝ Ժնևում «Դրօշակ»-ի ղեկավարության ժամանակներից՝ 1893-1897 թվականներին, որտեղ իր խմբագրական հոդվածներում Օսմանյան կառավարությունը բնորոշում էր որպես «պոռնիկ կառավարություն»․ անասելի ձևակերպում Քրիստափորի մարմնավորած յեղափոխության համար, որովհետև քաղաքականությունը չափազանց կարևոր գործ է առավելապաշտների ձեռքում թողնելու համար։ Ըստ Քրիստափորի, Դաշնակցությունը, որն Արևելքի ժողովուրդների քաղաքական պատմության մեջ հավասարը չունեցող շարժիչ ուժ է, չի կարող առավելապաշտներով առաջնորդվել։ Մինչդեռ ….
Կայծ Մինասյան
Շարունակությունը՝
Ռուբեն, նավաշեղման կառավարումը, 1919-1956։ (II)
Ինչպե՞ս հեռու մնալ Ռուբենից՝ առանց հաջողության, 1963-1991։ (III)
Ի՞նչ բաց թողեցին Հրանտն ու Վահանը 1998 թվականին։ (IV)
Այն, ինչ ՀՅԴ-ն բաց է թողել երեք տասնամյակների ընթացքում։ (V)
ՀՅԴ-ն Հայաստանու՞մ. դատարկ խեցի։ (VI)
ԱՄՆ-ում ՀՅԴ-ի զարթոնքը Դաշնակցության ճգնաժամի ախտանիշն է, ոչ թե պատճառը։ (VII)
ՀՅԴ-ի 34-րդ համագումարը կամ «Ընկեր Հրանտն ընդդեմ Ընկեր Մարգարյանի»։ (VIII)
Ինչու՞ ավելի կշտամբել ՀՅԴ-ին կամ «Ով շատ է սիրում, խիստ է պատժում»։ (IX)
Ուրեմն ի՞նչ անել մղձավանջից դուրս գալու համար: (X)