Հայաստան

Իրան-Ադրբեջան Առճակատում

Իրանա-ադրբեջանական հարաբերություններում Նախիջևանը լարվածության միայն մեկ շերտն է: Դրանից բացի Թեհրանը հայտարարեց, որ երկու շաբաթ առաջ Շիրազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի զոհ դարձավ 15 մարդ, կազմակերպել է և կոորդինացրել Ադրբեջանի քաղաքացի:

Անի Ավետյան

Իրան–Ադրբեջան առճակատումը վտանգավոր թափ է հավաքում

Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում

Թեև Իրանի և Ադրբեջանի առաջնորդները հայտարարում են, որ հարաբերություններում սկանդալ չկա, ավելի ցածր օղակներում տեղի ունեցող իրադարձությունները փաստում են, որ հիմա իրանաադրբեջանական առճակատման ամենալարված և վտանգավոր փուլերից մեկն է։

PanARMENIAN.Net – Իրանի և Ադրբեջանի միջև նախիջևանյան առճակատումը նոր և վտանգավոր թափ է հավաքում: Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը սկսել է որոնել այն անձանց, որոնք կանգնած են տարածվող աղմկահարույց հայտարարության հետևում:

Ամեն ինչ սկսվեց, երբ իրանական SAHAR հեռուստաալիքը եթերում պատմեց Իրանի նախիջևանյան ժողովրդային շարժում կոչվող կազմակերպության հայտարարության մասին: Այն դիմում է Իրանի իշխանություններին՝ հորդորելով վերցնել Նախիջևանն Ադրբեջանի ձեռքից, զորք տեղակայել այնտեղ և վռնդել Ալիևին, որը տանջանքների է ենթարկում Նախիջևանի ժողովրդին:

«Այս շարժումը Իրանից օգնություն է խնդրում՝ հայտնելով, որ Նախիջևանի ժողովուրդը ցանկանում է ինքնակամ անցնել Իրանի իշխանության տակ», – նշել է հեռուստաալիքը:

Սա հայտարարություն է, որի ծագումն անհայտ է, և այն առաջին հայացքից Իրանի օգտին է: Մյուս կողմից, Բաքվում կարող են օգտագործել այն որպես պատրվակ՝ առնվազն Ադրբեջանի իրանամետ շրջանակներին ճնշելու համար և ավելին՝ մեղադրելու Իրանին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սպառնալու մեջ:

Իրանա-ադրբեջանական հարաբերություններում Նախիջևանը լարվածության միայն մեկ շերտն է: Դրանից բացի Թեհրանը հայտարարեց, որ երկու շաբաթ առաջ Շիրազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի զոհ դարձավ 15 մարդ, կազմակերպել է և կոորդինացրել Ադրբեջանի քաղաքացի:

«Այդ անձն է ինքն իրեն ներկայացրել որպես հարձակման կոորդինատոր՝ նշելով, որ կապեր ունի «Իսլամական պետության» Աֆղանստանի թևի հետ», – նշված է Իրանի հետախուզության նախարարության հայտարարության մեջ:

Իրանի հետախուզության նախարարության տեքստում նշվում է, որ ադրբեջանցին ձերբակալված է, 26 ձերբակալվածի մեջ կան այլ ադրբեջանցիներ և ձերբակալվածների մեծ մասին բռնել են դեպի Ադրբեջանի սահման փախչելիս: Ադրբեջանն էլ աղաղակում է, թե բացահայտել է անօրինական զինված խմբավորում, որը գործում է Ադրբեջանում՝ Իրանի հատուկ ծառայությունների վերահսկողությամբ:

«Իրանի հատուկ ծառայություններն Ադրբեջանի քաղաքացիներին գաղտնի ներգրավում են ռազմական վարժանքների մեջ, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի տարածքից դուրս, ֆինանսավորում են նրանց, ուղղորդում, շանտաժի ենթարկում՝ Ադրբեջանի պետական անվտանգության դեմ օգտագործելու նպատակով», – նշված է Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հայտարարության մեջ:

Այս ամենից առաջ Իրանի զորավարժությունն էր Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով՝ փորձարկելով Արաքսը հատելու սցենար: Եթե Իրանը հատում է Արաքսը, նշանակում է՝ մտնում է Ադրբեջան: Եվ իրանական զորավարժությունն ուղեկցվեց Իրանի թշնամի Իսրայելին և Իսրայելի դաշնակից Ադրբեջանին ուղղված քարոզչական տեսանյութ-երգ սպառնալիքով, որից Բաքվում նկատելի ջղագրգռվեցին:

Սրանից հետո Ադրբեջանը զորավարժություն սկսեց Իրանի հետ սահմանին: Եվ Իրանի մեջլիսի նախագահը չեղարկեց Ադրբեջան կատարելիք այցը: Իրանական կողմը հայտարարեց, որ այցը կլինի ավելի պատշաճ ժամանակում:

Թեհրան-Բաքու ընթացիկ առճակատումն արագ զարգացող իրադարձություններով է: Այս ամենը տեղի է ունեցել մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում:

Հոդվածը՝ panarmenian.net կայքից:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *