Ինչի՞ հետ համեմատենք դաշնակցական ինքնությունը։ Եվրոպական կուսակցությունների ինքնության հե՞տ: Ո՛չ։ Ինտերնացիոնալի՞ ինքնության հետ: Այո՛, եթե հիմնվենք Քրիստափորի մոդելի դաշնային մասնաճյուղերի ինքնավարության և ազգային, կանտական և համամարդկային բնույթի ընդունման երկակի սկզբունքի վրա, ի տարբերություն Մարքսի Առաջին Ինտերնացիոնալի (1864-1876 թթ․) կամ Երկրորդ Ինտերնացիոնալի (1889-1923 թթ․) հիմնադիրների համընդհանուր սոցիալիստական մոդելի։
Կայծ Մինասյան
Ռուբեն․ չափազանցման նորմը, 1919-1959 (II)
Ամեն ինչ սկսվեց 1891 թվականին՝ Թավրիզի դաշնակցական կոմիտեի այն ժամանակվա ղեկավար Հովնան Դավթյանից։ Դժգոհ լինելով Կենտրոնի որդեգրած նոր ընթացքից՝ նա համոզում է իր ընկերներին հանդես գալ իշխանության դեմ՝ վերսկսելով Քրիստափորի և Զավարյանի ձերբակալություններով ընդհատված Յեղափոխությունը։ Առանց ընթացակարգը պահպանելու՝ նա կոչ է անում արագ արձագանքել ստեղծված իրավիճակին և պահանջում է Ընդհանուր Ժողով գումարել։ Այդ պաշտոնական հանդիպումը վերջապես կայացավ 1892 թվականին։ Դաշնակցության պատմագրության մեջ այն հայտնի է որպես Առաջին Ընդհանուր Ժողով, որը տեղի ունեցավ Թբիլիսիում՝ Հովհաննես (Ժան) Լոռիս-Մելիքովի տանը:
Ո՞րն էր Հովնան Դավթյանի՝ որպես ազատատենչ (libertarian) շեշտադրումներով ուտոպիական սոցիալիզմի հետևորդի մոտեցումը, ով, չնայած առողջական խնդիրներին, իր դրոշմը կթողնի ՀՅԴ-ի առավելապաշտական թևի վրա: Պարզապես, ինչպես գրում է այս նախկին հնչակյանը, նրա նպատակն է «Հայ Յեղափոխականների Դաշնակցությունը» վերածել «Հայ Յեղափոխական Դաշնակցության»՝ այն դարձնելով «Հայ Ազգի Կուսակցություն»։ Նրանում Քրիստափորի հիմնական սկզբունքի երկու խեղաթյուրում կա. նախ՝ «ներ» հոգնակի թվի վերջավորության բացակայությունը, որը միշտ կարևորել է Քրիստափորը, ներառյալ 1892-ի Ընդհանուր Ժողովից հետո ընկած ժամանակաշրջանը, քանզի մինչև 1900-ականների բեկումնային շրջանը, Հնչակյանների՝ ՀՅԴ-ին վերաինտեգրման բանակցությունների ընթացքում, Քրիստափորն իր հայ սոցիալ-դեմոկրատ զրուցակիցներին առաջարկում է ՀՅԴ-ն վերանվանել «Միացյալ Հայ Յեղափոխականների Դաշնակցութիուն», մի հապավում, որտեղ արդարացված է «ներ» հոգնակի թվի վերջավորությունն այն առումով, որ ենթադրում է տարատեսակ անհատների նույնականացում իրենց բազմակարծությամբ և հանդուրժողականությամբ: Բացի այդ, «ՄՀՅԴ»-ից «ՀՅԴ» կամ ինչպես մարքսիստական հռետորաբանության մեջ է ընդունված ասել՝ «ինքնաբուխ շարժումից» «կազմակերպված շարժում» անցումն արտահայտում է Հովնան Դավթյանի կուսակցական և ամբողջատիրական մոտեցումը, մինչդեռ Դաշնության գաղափարն առաջ քաշելիս՝ Քրիստափորը երբեք չի կիրառում «կուսակցություն» բառը, առավել ևս՝ «ազգի կուսակցության» ամբողջատիրական սկզբունքը։
Քրիստափորը հավատարիմ է մնում դաշնության շրջանակներում հեղափոխական միտումների բազմազանությանը, տարբեր դրսևորումեր ունեցող հեղափոխության մեջ հանդես եկող հայության միացյալ շարժմանը, բայց ոչ մի դեպքում՝ մեկ միացյալ կուսակցության մեջ առանձին անհատների համախմբմանը:
Տարբերություն կա Քրիստափորի պաշտպանած՝ հեղափոխությանը հայերի ինտեգրման տեխնիկայի և ՀՅԴ-ն մեկ միասնական կուսակցության վերածելու միջև։ Առաջինը հարգում է բազմակարծությունը և ներքին ժողովրդավարությունը, երկրորդը պայքարում է նրանց մտքերը ստանդարտացնելու և դրանք մեկ միասնական հոսանքի՝ առավելապաշտության և ուտոպիական դաշնակցականության հոսանքի մեջ ինտեգրելու համար:
Ուրեմն ինչի՞ հետ համեմատենք դաշնակցական ինքնությունը։ Եվրոպական կուսակցությունների ինքնության հե՞տ: Ո՛չ։ Ինտերնացիոնալի՞ ինքնության հետ: Այո՛, եթե հիմնվենք Քրիստափորի մոդելի դաշնային մասնաճյուղերի ինքնավարության և ազգային, կանտական և համամարդկային բնույթի ընդունման երկակի սկզբունքի վրա, ի տարբերություն Մարքսի Առաջին Ինտերնացիոնալի (1864-1876 թթ․) կամ Երկրորդ Ինտերնացիոնալի (1889-1923 թթ․) հիմնադիրների համընդհանուր սոցիալիստական մոդելի։
Բայց ավելի ճիշտ, դաշնակցական ինքնությունը կարելի է համեմատել 1789 թվականի ֆրանսիական հեղափոխականների հետ, որոնք համախմբում են չափավորներին և արմատականներին, սահմանադրական միապետներին և հանրապետականներին, լիբերալներին և Մոնտանյարդներին, Յակոբիններին (Jacobins) ու Ժիրոնդիներին (Girondins) և ուրիշներին։
Նույնը վերաբերում է ՀՅԴ-ի հիմնադիր հոսանքներին՝ սոցիալիստներին և ազգայնականներին, արմատականներին և չափավորներին, կղերականներին և հակակղերականներին: Բայց երկու նրբերանգ է առանձնանում նշյալ երկու դինամիկայի միջև. սկզբնական շրջանում ոչ մի ֆրանսիական հեղափոխական ակումբ երբեք չի փորձել համախմբել բոլոր հեղափոխականներին մեկ միասնական քաղաքական կուսակցության մեջ՝ «ֆրանսիական ազգի կուսակցության» վերածվելու համար: Երբե՛ք։ Եթե այդպես լիներ, Ֆրանսիական հեղափոխությունը պարզապես կձախողվեր: Ավելի ուշ, 1789 թվականի ֆրանսիական հեղափոխությունը հեղափոխական հոսանքներ է ծնում, մինչդեռ 1880-1890-ական թվականների հայկական Հեղափոխությունը հաջորդում է հեղափոխական խմբերի ձևավորմանը։ Ֆրանսիայում Հեղափոխությունը նախորդում է հոսանքներին, Հայաստանում հոսանքները նախորդում են Հեղափոխությանը։
Դեպի Ֆրանսիական հեղափոխություն այս շեղման նպատակն է ցույց տալ, որ Հեղափոխությունը չի կարող լինել ինտեգրացիոն կուսակցության վերածված շարժման ներքին հոսանքի արդյունք, այլ բազմակարծիք ինքնություն ունեցող դիվերսիֆիկացված շարժման հետևանք, և որ մեկ հոսանքի մեջ տարբեր ուժերի ստանդարտացման և ինտեգրման դեպքում Հեղափոխությունը կանգնում է քայքայվելու, չորանալու, իրականությունից կտրվելու և, ի վերջո, ձախողվելու վտանգի առջև։
Եվ ահա թե ինչ է լինում, եթե դաշնակցականները թողնում են, որ առավելապաշտները կամ ինտեգրացիոնիստները կամ ուտոպիստները կամ պարզապես կուսակցականներն իշխող դիրք գրավեն Դաշնակցության մեջ՝ հանրությանը ստիպելով իրեն ընդունել բացառապես որպես կուսակցություն կամ «Հայ ազգի կուսակցություն»։ Այսինքն՝ Դաշնակցությունը բազմահոսանք է, բազմաքրոմ ու դեմոկրատական, Կուսակցությունը՝ միահոսանք, միաձույլ (monolithique) ու ամբողջատիրական։
Ինչպես ինքն է գրում հուշերում՝ «մենք ամենից առաջ պարտական ենք Հովնանին…», դրանով Ռուբեն Տեր-Մինասյանն իրեն ներկայացնում է որպես ուտոպիստ սոցիալիստի ամենահավատարիմ աշակերտը՝ զարգացնելով կուրադավանության սկզբունքը և այն գաղափարը, որ միակ բանը, որ պետք է պահպանել ոչ թե ՀՅԴ-ի ղեկավարման գործն է, այլ՝ Դաշնակցության, հետևաբար՝ Կուսակցության վերահսկողությունը։ Ունենալով մարտական պայքարի փորձ և վերապատրաստված լինելով Նիկոլ Դումանի և նրա ընտրյալ զինվորների «Բորեաս» անունը կրող հետախուզական դպրոցում՝ Ռուբենը կփորձի ֆիդայականացման և քաղաքականության սինթեզ անել՝ 1919 թվականին դառնալով Բյուրոյի առաջին անդամը, ով նախկին ֆիդայի է։
Սկսելով 1919 թվականի սեպտեմբերին Երևանում բացված IX-րդ Ընդհանուր Ժողովից՝ Ռուբենը կառավարման ֆիդայական իր տեխնիկան ՀՅԴ-ի գագաթնակետին բարձրացրեց։ Սրա էությունը զինակից եղբայրների փոքր խմբին ապավինելն է, ինչպես Էրգրում էր և առանց քննարկման և վերահսկելու կատարել խմբի ղեկավարի հրամանները և հսկել յուրաքանչյուրին, ով կարող է սպառնալ ղեկավարին կամ ապաակտիվացնել ցանկացած գործողություն, որը կարող է ապակայունացնել ներքին կարգը: Իսկ կազմակերպության մասշտաբով դա նշանակում է վերահսկել նրա ապարատը, տվյալ դեպքում՝ Դաշնակցության ապարատը: Հենց նա էր, որ, օրինակ, 1920 թվականի մայիսին պարտադրեց Բյուրո-Կառավարություն սկզբունքը՝ գործադրի գլուխ կանգնեցնելով իր աջ ձեռք Համո Օհանջանյանին և ՀՅԴ-ի Բյուրոն դարձնելով Հայաստանի Առաջին Հանրապետության իշխանության իրական տերը։ Այս աննախադեպ մեթոդը բախվում է ՀՅԴ-ի ներսում առկա լարվածությանը, մասնավորապես՝ Ալեքսանդր Խատիսյանի և Սիմոն Վրացյանի գլխավորած ժողովրդավարական թևին: Բայց իրադարձություններն այլ ընթացք ստացան 1920 թվականին Առաջին Հանրապետության անկմամբ և Հայաստանի բոլշևիկացմամբ։
Փախստական Ռուբենը Թավրիզից կձգտի տիրանալ ՀՅԴ-ի բոլոր լիազորություններին, և մինչ փորձում է օգտվել Արմեն Գարոյի պես բարձրաստիճան ղեկավարի մահից (1923)՝ձգտելով պաշտոնանկ անել իրեն խանգարողներին, հատկապես մտավորականներին, որոնցից գարշում է, նախ և առաջ ռազմաքաղաքական այն գործիչներին (Գարեգին Նժդեհ, Դրո), ում հայեցակետն առավել մոտ է իրեն, առավելապաշտ Ռուբենը կավարտի Դաշնակցության վերափոխումը Կուսակցության։ Բայց այս ամենն աննկատ է մնում, քանի որ բոլոր հայացքներն ուղղված են Մոսկվայում Ստալինի գերիշխանության վերելքին և խորհրդային ամբողջատիրության պարտադրմանը: Զտումներ, բռնաճնշումներ, հաշիվների մաքրում․ այսկերպ բոլշևիկյանհեղափոխությունն իր դրոշմը դրեց խորհրդային տարածքի և, ինչու չէ, ամբողջ աշխարհի վրա՝ աջակցելով ԽՄԿԿ-ին խարսխված բոլոր կոմունիստական շարժումներին «բուրժուական և ազգայնական շրջանակների» դեմ պայքարում և առաջնորդվելով մարքս-լենինյան գաղափարախոսությամբ: Դիմագրավելով ստալինյան բռնակալությանը՝ Ռուբենը համոզված է, որ ՀՅԴ-ի ներսում միայն իշխանության ամբողջական զավթումը հնարավորություն կտա հակահարված տալ ՆԳԺԿ-ի (NKVD) մեքենային, որը գործում է դաշնակցականների դեմ Խորհրդային Հայաստանում և արտերկրում: Եվ ՀՅԴ-ի այս հակահարձակումը արտահայտվում է նախ և առաջ նրանց բացառմամբ, ովքեր կարող են խոչընդոտել իր վերելքը:
Այսպիսով, նրա ավտորիտարիզմի առաջին թիրախը Շահան Նաթալին էր, այնուհետև Վազգեն Շուշանյանը, որը հեռացվել էր ՀՅԴ-ից, ապա Արշակ Ջամալյանը, որն ազատվել էր Բյուրոյի «Հերթապահի» պաշտոնից մինչև 1933 թվականի XII-րդ Ընդհանուր Ժողովը: Դրանից մի քանի տարի առաջ Ռուբենն առաջ անցավ և խախտեց կանոնադրությունը ՀՅԴ-ի XI-րդ Ընդհանուր Ժողովում՝ իրեն հռչակելով Խորհրդային Հայաստանի այն մասնաճյուղերի պատվիրակ, որոնք հնարավորություն չունեին մեկնել Փարիզ՝ Ընդհանուր Ժողովին մասնակցելու համար։ Բռնության գործադրումն իր գագաթնակետին հասավ 1933 թվականին «Մարդկոց» այլախոհական շարժման ճգնաժամի օրերին։
ՀՅԴ-ն թևակոխում է ներքին ճգնաժամի ժամանակաշրջանը, պառակտման շունչը ծնունդ է առնում Ֆրանսիայում (Շուշանյան, Մոզյան, Կույումջյան), այնուհետև տարածվում է Միացյալ Նահանգներ (Սմբատ, Ֆերարհյան)՝ընդդեմ ՀՅԴ-ի հակախորհրդային քաղաքականության՝ ի հեճուկս Թուրքիայի դեմ պայքարի։ Ռուբենը ձեռքն է հավաքում Բյուրոն՝ XII-րդ Ընդհանուր Ժողովում ստիպելով ընտրել իր մերձավորներին և արմատականներին՝ Համո Օհանջանյանին, Կոպեռնիկ Թանթերջյանին և Վահան Նավասարդյանին: Արդյունքը՝ Բյուրոյի 5 հոգանոց փոքրիկ կազմն է՝ հավատարիմ ֆիդայի Կարո Սասունու անդամակցությամբ, որը Սասունից էր։ 7 անդամի փոխարեն 5 թողնելով, Ընդհանուր Ժողովն ուղերձ է հղում բոլոր մասնաճյուղերին. խիստ հսկողություն սահմանելու ժամանակն է: Առավելապաշտները կարող են բացել շամպայնի շիշը. հաղթանակը լիակատար է, Դաշնակցությունը վերածվել է Կուսակցության։
Բյուրոյի Հերթապահ դարձած Ռուբենի ձեռքում գտնվող ղեկավարությունը ՀՅԴ-ին մղեց դաշնակցական ամբողջատիրության, որի առաքելությունն էր պայքարել ստալինիզմի դեմ: Ինչպես Ստալինն էր իրեն շրջապատել վրացի մի քանի ընկերներով (Բերիա, Օրջոնիկիձե), Ռուբենը նույնկերպ իրեն շրջապատեց Վրաստանից եկած երեք հայերով, որոնք գլխավոր դիրք էին զբաղեցնում ՀՅԴ-ում. Համո Օհանջանյանը՝ Եգիպտոսում, Նիկոլ Աղբալյանը՝ Լիբանանում, Ռուբեն Դարբինյանը՝ Միացյալ Նահանգներում։ Կահիրեն դառնում է ՀՅԴ-ի նոր կենտրոնակայանը։ Եգիպտոսը հեռու է Ֆրանսիայի նման ժողովրդավարական երկիր լինելուց: Շուտով ՀՅԴ-ում այս աննախադեպ ճգնաժամի առաջին նշաններն ի հայտ եկան՝ ՀՅԴ-ի օրգան «Դրօշակը» դադարեց հրատարակվել 1933-ին և կրկին լույս տեսավ որպես սեփական հրատարակություն միայն 1980-ականներին (1969-ից մինչև 1980-ականների սկիզբը նորից հրատարակվեց՝ այս անգամ արդեն «Ազդակ-Դրօշակ Շաբաթօրյակ» անվանումով)։ ՀՅԴ-ն ստանձնեց արքեպիսկոպոս Լևոն Թուրյանի սպանությունը 1933թ. դեկտեմբերի 24-ին Նյու Յորքում, և ՀՅԴ-ն նույն տարի հեռացավ Սոցիալիստական Բանվորական Ինտերնացիոնալից: Ֆրանսիայում «Յառաջ»-ի գլխավոր խմբագիր, Բյուրոյի նախկին անդամ Շավարշ Միսակյանը դատապարտում է այս սպանությունը, «թեև դրա հետևում կանգնած է ՀՅԴ-ն», – գրում է նա։
Ինչ վերաբերում է Սիմոն Վրացյանին, 1933-ին նա հրաժարական տվեց՝ թողնելով բոլոր կառավարչական պարտականությունները, որպեսզի նվիրվի «ՎԷՄ» հանդեսի խմբագրմանն ու հրատարակմանը՝ Ռուբենի հետ իր հաշիվները գրավոր կարգավորելով։ Ռուբենը դրանով չբավարարվեց։ Իր առաջին «վրացական» խմբով նա ներսից վերաձևում է Դաշնակցությունը, դաշնակցական նոր մոդել է պարտադրում Նիկոլ Աղբալյանի գրչի շնորհիվ։ Վերջինս պատվերով գրում է «Մտածումներ ՀՅԴ-ի մասին» գիրքը, որը մի կարմիր գրքույկ է կատարյալ կուսակցականի նախակերպարի մասին, ով հնազանդորեն ենթարկվում է Կուսակցության կանոնադրությանը։ Դա ոչ այլ ինչ է, քան ամբողջատիրական շրջադարձ, ներքին շեղում, դաշնակցական նկարագիրը վերափոխելու ձեռնարկ, որով վերանայվում էր ՀՅԴ-ի պատմությունը, նվիրվածությունը նրա գործին և նորացված կանոնադրությանը՝ «մինչև իսկ իր կյանքի զոհաբերությունը»։ Այս հավելյալ նախադասությունը, օրինակ, զետեղված է ՀՅԴ-ի 1934 թվականի կանոնադրության մեջ, պաշտոնական երդման տեքստում, որը ցանկացած թեկնածու պետք է ընդունի՝ Դաշնակցությանն անդամակցելիս:
Այս պարզաբանումը, Ռուբենի խրախուսմամբ, Նավասարդյանը մտցրեց անդամակցության թեկնածուի հանդիսավոր հայտարարության մեջ։ Բյուրոյի երկարամյա անդամ Երվանդ Խաթանասյանը պատմում է, թե ինչպես է նա իր մանդատների ողջ ընթացքում (1938-1963 թթ.) ստացել Բյուրոյի իր ընկերների կտրուկ մերժումը՝ ամեն անգամ փորձելով երդման տեքստից հանել նշյալ լրացումը, որը գոյություն չուներ XX-րդ դարի սկզբին, երբ ինքն անդամակցեց ՀՅԴ-ին։ Ֆիդայական մոդելն ու ոգին հաստատվել են Դաշնակցության շարքերում՝ ի հեճուկս մտքի ցանկացած ազատության, երբ 1920-ական թվականներին Ռուբենի նախաձեռնած և Հովնան Դավթյանի առավելապաշտությամբ ոգեշնչված մտածելակերպի ֆիդայականացումը մասնատում է ՀՅԴ-ն, արգելափակում բանավեճը և ստանդարտացնում վարքը։ Բռնապետությունն ամրապնդում է իր դիրքերը, Ռուբենն ընկնում է խելացնորության մեջ, նա կասեցնում է կարմիր գրքույկի հեղինակի՝ Նիկոլ Աղբալյանի լիազորությունները, ապա անցնում Դրոյին, որի մեջ նա միայն արկածախնդիր մարդու է տեսնում, ինչպես նաև Վահան Փափազյանին՝ Վանի պաշտպանության նախկին ղեկավար «Կոմսին»: Նա ուժգնացնում է հարձակումները խեղճ բժշկի դեմ, ում հետ հին հաշիվներն է պարզում, երբ ցեղասպանությունից առաջ Վանի դաշնակցական առաջնորդներն ամեն ինչ արեցին՝ Ռուբենին, որը չափազանց ամբարտավան և պառակտիչ կերպար էր, իրենց շրջանից հեռացնելու համար՝ նրան ցույց տալով Սասունի ճանապարհը։ Ռուբենը երբեք չմոռացավ դա և երկար ժամանակ Կոմսի հետ վատ էր վերաբերում:
Ռուբենը Բյուրոյի անդամ Դրոյին փորձեց ՀՅԴ-ից հեռացնել Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո այն բանի համար, որ վերջինս Ստալինին՝ իր հին ծանոթին, շնորհավորական հեռագիր էր ուղարկել՝ ողջունելով նրա նախաձեռնությունը՝ վերսկսելու Կարս-Արդահանի Խորհրդային Միությանը միացման հարցը: Ռուբենը զայրացած էր, Վահան Նավասարդյանի վերջին րոպեին միջամտությունը թույլ չտվեց Դրոյին հեռացնել: Այսպիսով, Բյուրոն անվստահություն է հայտնում բոլորին և խարխլում է Դաշնակցության շարքերը՝ որպես գործողության եղանակ պարտադրելով վախը: Այդ մասին Ռուբենն ինքը կասի իր մտերիմ զինակիցներից մեկին՝ Խոսրով Թութունջյանին, ում հետ 1921 թվականին նույն տանն է գիշերել Թավրիզում. «Ես դարձել եմ հայերի Ստալինը»: «Այո՛, և Նավասարդյանը քո Բերիան է»,- պատասխանում է երիտասարդ իրավաբանը մի քանի տասնամյակ անց 1930-ական թթ․։
Միայն 1947-ին էր, որ Ռուբենի բռնակալությունը փլուզվեց: Կուսակցության XIV-րդ Ընդհանուր Ժողովից քիչ առաջ, Կահիրեում, Ռուբենը երկու վատ լուր է ստանում, որոնք կթուլացնեն նրա դիրքերը ՀՅԴ-ի ներսում։ Նրա գլխավոր զինակից եղբայրներից երկուսը` Համո Օհանջանյանը և Նիկոլ Աղբալյանը մահանում են համապատասխանաբար 1947թ. հուլիսի 31-ին և օգոստոսի 15-ին: «Վրացիների» կլանը փլուզվում է, և մի քանի ներքին հակառակորդներ, օգտվելով առիթից, հեղաշրջում են կազմակերպում Ռուբենի դեմ: Նրանց հաջողվում է համոզել XIV-րդ համագումարի պատվիրակներին՝ գցել նրան իր դիրքերից՝ չվերընտրելով Բյուրոյի կազմում։ Գործը ստանձնում են Սիմոն Վրացյանը, Վահան Փափազյանը, Դրոն և… Վահան Նավասարդյանը, որը կտրուկ հավատափոխ լինելով՝ գաղտնի դրամայնացնում է իր մասնակցությունը՝ Բյուրոյի «Հերթապահ» բարձրագույն կոչմանն արժանանալու համար։ Գործարքն ավարտված է։ Ռուբենը գահընկեց է արված և Վահան Նավասարդյանը դառնում է նոր «Հերթապահ»։
Չորս տարի անց՝ 1951 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին, երբ, ինչպես դաշնակցական ավանդույթի համաձայն,մանդատն ավարտած վարչությունը հրավիրեց Բյուրոյի նախկին անդամներին, որոնց մեջ էր նաև Ռուբենը, Կահիրեում կայանալիք XV-րդ Ընդհանուր Ժողովին, վերջինս պատասխանեց. «Ինձ հանգիստ թողե՛ք, ես այս մահացած ողջերի հետ կապ չունեմ, թողե՛ք ինձ իմ մեռած ընկերների հետ մեր Էրգրում»: Ռուբենը մահացավ մի քանի շաբաթ անց՝ 1951 թվականի նոյեմբերին, Ստալինից գրեթե երկու տարի առաջ՝ 1953 թվականի մարտին։
Բայց եթե Ռուբենը գահընկեց արվեց, այդ մարդու ժառանգությունն անձեռնմխելի մնաց և նրա հիշատակը տեղ գտավ Դաշնակցության պանթեոնում, մինչև իսկ նրա «Հուշերը» Դաշնակցականների Աստվածաշունչը դարձան։ Առավելապաշտական հոսանքն առանց Ռուբենի մնում է իշխանության ղեկին, կարծես թե 1947-ի շրջադարձային պահից Դաշնակցությունը հանգել էր մի եզրակացության՝ շրջանառման մեջ դնել «Ընկեր Ռուբենն ընդդեմ ընկեր Տեր-Մինասյանի» կարգախոսը։ Դա այլևս Քրիստափորի Դաշնակցությունը չէր, որն այդ պահին մտավ սառը պատերազմի մեջ, այլ Ռուբենի կողմից շուրջ 20 տարի վերակազմավորված Կուսակցությունը, որը ոգեշնչված էր «Ստալինյան կոմունիստական կուսակցության» ամբողջատիրական մոդելից, որտեղ բոլոր դաշնակցական արժեքներն ու սկզբունքները վերաշարադրվել են Ռուբեն-Վահան դուետի կողմից. ինքնություն, պատմություն, ծրագիր, կանոնադրություն, ապակենտրոնացում, խոսքի ազատություն, մտքի ազատություն, ամեն ինչ վերացել է Ռուբենի և նրա եգիպտոսցի «Բերիայի» բռնապետության հետ, որտեղ «Յուսաբեր» օրաթերթը ՀՅԴ-ի պաշտոնական փոխարինող օրգանն է, և որտեղ Դաշնակցության ծրագիրը խունացել է գրասեղանի դարակում, և Դաշնակցության 1924-1925 թվականների X-րդ Ընդհանուր Ժողովից ի վեր թարմացման որևէ փորձ չի նախատեսվում:
Վաղուց ընդունված է, որ առավելապաշտները ՀՅԴ-ն են, նրանք Կուսակցությունն են, նրա պատմությունն են, նրա ծրագիրն են, ապակենտրոնացումն են, կանոնադրությունն են, նրանք մարմնավորում են դաշնակցական ինքնությունը, նրանք ամեն ինչ են, մնացածը չի հաշվվում և շարունակում է ծնել ներքին հակադաշնակցական տրամադրություններ…
Առավելապաշտները «սպանեցին իրենց հորը՝ Ռուբենին», և ոչ մեկի մտքով չանցավ ռուբենիզմի ազնիվ և անկեղծ գույքագրումն անել։ Ոչ ոք չմտածեց կազմակերպել ՀՅԴ-ի Ընդհանուր Ժողով՝ Ստալինի ոճրագործությունների դատապարտման ԽՄԿԿ XX-րդ համագումարի (1956թ.) կամ Բադ Գոդեսբերգում գերմանական ՍԴԿ-ի համագումարի (1959թ.) համանմանությամբ։ Ոչ ոք։ Ոչ մի մասնաճյուղ, ոչ մի հայտնի դեմք չի մտածում, որ ՀՅԴ-ն կասկածի տակ դնի չափազանցության այն նորմը, որ Ռուբենը պարտադրել էր կուսակցության անդամներին: Ոչ ոք չի պատրաստվում ոտնձգություն անել Ռուբենի արձանի վրա, որպեսզի բացահայտի բանականության ուղիներն ու ողջախոհության ճանապարհը ՀՅԴ-ում, որը ձգտում է վերագտնել իր դաշնային և բազմակարծական ակունքները: Բացառությամբ մեկ անձի՝ Բեյրութում լույս տեսնող «Նայիրի» թերթի գլխավոր խմբագիր, մտավորական Անդրանիկ Ծառուկյանի, ով համարձակվեց հետռուբենյան լայնամասշտաբ նախաձեռնություն ցուցաբերել՝ կասկածի տակ դնելով Հայ Դատի կառույցն ու նրա գլխավոր գործիքը՝ ՀՅԴ-ն, այն պահին, երբ Խորհրդային Հայաստանը թևակոխում էր հետստալինյան դարաշրջանը։ Հենց նա է նոր հայացք նետում հայոց խնդրին։ Հենց նա է կարևոր հարցեր բարձրացնում հետստալինյան Հայաստանի հետ հարաբերությունների, ազգային ինքնության, տարածքի, լեզվի և միջհայկական կապերի վերաբերյալ։
Բայց որքան խստորեն և տաղանդավոր կերպով լրացնում էր «Նայիրիի» սյունակները հանդուգն թեմաներով և նոր տեսանկյուններով, այնքան հեռանում էր հետռուբենյան ՀՅԴ-ից, մերկացնում Դաշնակցության առավելապաշտական ղեկավարությանը և ականատեսը լինում այն բանի, թե ինչպես են դաշնակցականները լքում իր խմբագրությունը և հետո անհետանում թերթից։ Մնում են միայն Կուսակցությունից վտարվածները՝ Անդրանիկ Ծառուկյանը, Խոսրով Թութունջյանը, Լևոն Մոզյանը, մինչդեռ սփյուռքում ծնված դաշնակցական նոր դեմքերը 1960-ականներից փորձում են տարանջատել «Կուսակցությունը» և «Դաշնակցությունը»։ Այդ դեմքերն անուն ունեն՝ Հրայր Մարուխյան և Սարգիս Զեյթլյան…
Ռուբենից ազատվելն անհնար էր (1959-1991) (III)
Ի՞նչ բաց թողեցին Հրանտն ու Վահանը 1998 թվականին (IV)
Ի՞նչ է բաց թողել ՀՅԴ-ն երեք տասնամյակ շարունակ (V)
ՀՅԴ-ն Հայաստանում. դատարկ խեցի (VI)
ԱՄՆ-ում ՀՅԴ-ի ճգնաժամը դաշնակցական ճգնաժամի ախտանիշն է, ոչ թե պատճառը (VII)
ՀՅԴ-ի 34-րդ համագումարը կամ «Ընկեր Հրանտն ընդդեմ Ընկեր Մարգարյանի» (VIII)
Ինչու՞ ավելի շատ հարձակվել ՀՅԴ-ի վրա կամ «Ով շատ է սիրում, խիստ է պատժում» (IX)
Դաշնակցությունը վերադարձնել շարքերին (X)
______________________
Ինչո՞ւ ենք մենք հասել այս վիճակին (Մաս I)՝