1918թ. վերջին թուրքական բանակը սկսում է հեռանալ նաեւ Կարսից, ինչը սակայն չէր նշանակում, որ նրանք հրաժարվում էին իրենց հավակնություններից։
1918թ. հոկտեմբերի վերջին` Մուդրոսի զինադադարի կնքումից հետո, թուրքերը չէին շտապում կատարել իրենց ստանձնած պարտավորությունները եւ դուրս գալ Կարսից ու Ալեքսանդրապոլից։
Թուրքական ներկայության ամեն օրը ծանր հարված էր Հայաստանի քայքայված տնտեսությանը. Կարսում եղած հացահատիկի հարուստ պաշարները չէին հասնում Հայաստան, իսկ հեռացող բանակն իր հետ տանում էր մարզից թալանված գույքը։ Բացի այդ, քանի թուրքական բանակը Կարսում եւ Ալեքսանդրապոլում էր, հայ գաղթականները չէին կարող վերադառնալ իրենց տները, ինչը մեծ դժվարություններ էր ստեղծում Հայաստանի կառավարության համար։
1918-ի դեկտեմբերի սկզբին միայն հայկական զորամասերը կարողանում են մուտք գործել Ալեքսանդրապոլ։ «Դրոն հայ զորքերու գլուխն անցած՝ դեկտեմբերի 6-ին մտավ Ալեքսանդրապոլ, որ մաքրված էր թուրքերեն։ Մենք կձգտեինք օր առաջ մտնել Կարս, եւ կպահանջեինք, որ թուրքերն անմիջապես թողուն Կարսը, բայց մեր ճիգերը ապարդյուն անցան»,- գրում է Ալեքսանդր Խատիսյանը։
Կարսը կորցնելուց հետո փախստական հայերը սփռվել էին Հայաստանի ու Վրաստանի տարբեր շրջաններում եւ ծանր պայմաններում փորձում էին գոյատեւել։
Արձակագիր Ատրպետը (Սարգիս Մուբայաջյան) 1919թ. հունվարին գրում էր, որ Կարս քաղաքի, Արդահանի, Օլթիի, Կաղզվանի եւ Սարիղամիշի շրջաններից թուրքական զավթումից հետո հեռացել էր 60 հազարից ավելի հայ։ «Ապրիլի 12-ից մինչեւ այսօր, շուրջ ինն ամիս է, որ Կարսի նահանգի հայերը աստանդական թափառում են Երեւանի, Թիֆլիսի նահանգներում եւ տարագրված են Ռուսաստանի խորքերը։ Այս չարիքի պատճառը պատերազմն է, բայց արգելառիթն է բանակի հրամանատարը՝ Շեւքի փաշան, որ ինն ամսից ի վեր թույլ չի տալիս Կարսի հայությանը վերադառնալ իր ծննդավայրը» (Մշակ, 12 հունվարի, 1919թ., թիվ 9)։
1918թ. վերջին թուրքական բանակը սկսում է հեռանալ նաեւ Կարսից, ինչը սակայն չէր նշանակում, որ նրանք հրաժարվում էին իրենց հավակնություններից։ Կարսում թուրքական իշխանության ջանքերով ստեղծվում էին մահմեդական կառույցներ, որոնք ամեն կերպ պետք է խոչընդոտեին հայերի մուտքը։ Այդպիսի կազմակերպություններից մեկն էլ Կարսի Մահմեդական խորհուրդն էր, որը հիմնադրվել էր 1918թ. նոյեմբերին։ Հետագայում խորհուրդը կոչվում է Կարսի Մահմեդական ազգային կոմիտե՝ Ազգային խորհուրդ՝ Միլլի Շուրա։
Կարսը փոխանցվում է Հայաստանին
1919թ. հունվարի 8-ին Անդրկովկասում անգլիական զորքերի հրամանատար գեներալ-մայոր Ուոքերը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնագիր է կնքում, որով Կարսի մարզը հանձնվում էր Հայաստանի Հանրապետությանը։
Կարսի անգլիական զինվորական նահանգապետ է նշանակվում Թեմփերլեյը, որը գեներալ Բիչի ուղեկցությամբ շուտով մեկնում է Կարս։
«Մշակ», 12 հունվարի, 1919թ., թիվ 9
«Անգլիական գեներալը, որ հարյուր զինվորով գնացել էր Կարս թուրք հրամանատարության հետ բանակցելու շրջանը դատարկելու մասին, երկու օր առաջ վերադարձավ։ Բանակցությունները վերջացել են նրանով, որ թուրքերը մի ամսվա ընթացքում պետք է դատարկեն Կարսի ամբողջ շրջանը եւ հանձնեն այն հայկական զորքերին։ Թուրքերն իրավունք չունեն ոչինչ դուրս տանելու, բացի ցորենից, այն էլ որոշ քանակով»։
Ստեղծվում են հայկական միլիցիայի ստորաբաժանումներ
Հայաստանի կառավարությունը 1919թ. հունվարի 10-ին զինվորական նախարար Հովհաննես Հախվերդյանին հանձնարարում է Ալեքսանդրապոլի եւ Ղարաքիլիսայի զորամասերից անհրաժեշտ թվով զինծառայողների կազմակերպել եւ ուղարկել Կարս միլիցիայի ստորաբաժանումներ ստեղծելու համար։ Զինվորական պահեստներից նրանց տրվում է անհրաժեշտ հանդերձանք։ Միաժամանակ սպայական կազմից ընտրվում են անգլերեն եւ ֆրանսերեն իմացող զինվորականներ Կարսի անգլիական նահանգապետի տրամադրության տակ դնելու համար։
1919թ. հունվարի 14-ին սահմանվում է նաեւ միլիցիայի ուժերի թիվը՝ 400 սպա եւ զինվոր, ինչպես նաեւ Կարս-Ալեքսանդրապոլ երկաթուղու վարչության եւ ծառայողների հաստիքները։ Միաժամանակ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին ժամանակավորապես փոխարինող (Արամ Մանուկյանն արդեն ծանր հիվանդ էր) Ալեքսանդր Խատիսյանը ներկայացնում է Ալեքսանդրապոլ կատարած իր այցի մանրամասները։ Նա հայտնում է, որ սննդամթերքի եւ սպառազինության թուրքական պահեստները գույքագրելու համար նշանակվել է պատասխանատու։ Գաղթականների վերադարձի ու տեղավորման, ինչպես նաեւ սննդային կայաններ բացելու համար նույնպես նշանակվում է կառավարության ներկայացուցիչ։
«Հունվարի 15-ին անգլիական մի զորամաս մայորի եւ մի խումբ օֆիցերների գլխավորությամբ եղավ Ալեքսանդրապոլ։ Գնացքի մեջ էր եւ Կարսի համար նշանակված անգլիացի զինվորական ընդհանուր-նահանգապետը։ Կայարանում նրանց դիմավորեցին Երեւանից եկած ներքին գործերի մինիստրի պաշտոնակատար եւ խնամատարության մինիստր Ալ. Խատիսյանը, [Ալեքսանդրապոլի] քաղաքագլուխ Լեւոն Սարգսյանը եւ ուրիշ ներկայացուցիչներ քաղաքի կողմից։ Ողջույնի խոսք ասին Ալ. Խատիսյանը եւ Լեւոն Սարգսյանը։ Անգլիացիները շնորհակալություն հայտնեցին սիրալիր ընդունելության համար։ Այնուհետեւ ի պատիվ հյուրերի տրվեց ճաշկերույթ։
Կարսի զինվորական ընդհանուր նահանգապետը խնդրեց հայտնել հայ ժողովրդին, որ համերաշխ լինեն հարեւանների հետ եւ աշխատեն կարգուկանոնը վերականգնելու եւ խախտված հարաբերությունները վերանորոգելու։ Նույն օրը անգլիացիները մեկնեցին Կարս։
Կարսի ամբողջ շրջանի զինվորական գործը գտնվելու է անգլիացիների ձեռքին՝ ընդհանուր նահանգապետով, իսկ քաղաքացիական վարչությունը՝ հայերի։ Քաղաքացիական մասի նահանգապետ է նշանակված Ստ. Ղորղանյանը, որը Ալեքսանդրապոլում իր համար պաշտոնեություն (ծառայողների շտատ) կազմելով արդեն մեկնել է Կարս»,- գրում էր «Մշակը»:
Հայ նահանգապետը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Կարսում անգլիական նահանգապետության խնդրի քննարկման ժամանակ որոշում է նաեւ այնտեղ ուղարկել Ստեփան Ղորղանյանին, որը լինելու էր մարզի հայ նահանգապետը։
Ստեփան Ղորղանյանը ծնվել էր 1865թ.։ Կրթությունը ստացել էր Թիֆլիսի ռեալական դպրոցում եւ գերմանական պանսիոնում։ Արդեն 19 տարեկանում Սուրմալուի գավառապետի օգնականն էր։ Մեկ տարի անց «Մշակ»-ում սկսում են լույս տեսնել Ստեփան Ղորղանյանի հեղինակած «Գավառական նամակներ» եւ «Նյութեր հասարակական կյանքի ուսումնասիրության» հոդվածաշարերը։ 1917թ. հեղափոխության շրջանում Ղորղանյանը Կարսի զինվորական վարչական շրջանի պետն էր, սակայն շուտով թողնում է ծառայությունը եւ տեղափոխվում Դիլիջան։ Այստեղ է, որ 1919թ. հունվարին ստանում է Կարսի նահանգապետ նշանակվելու առաջարկություն։
«19 թվի հունվարի 11-ին մեր վաստակավոր եւ բազմաշխատ հասարակական գործիչ Սամսոն Հարությունյանը, այն ժամանակվա Հայաստանի Հանրապետության արդարադատության մինիստրը, Երեւանից հրավիրեց ինձ հեռախոսի մոտ։
– Մինիստրների խորհուրդը,- ասաց արդարադատության մինիստրը,- լսելով այսօրվա նիստում անգլիական հրամանատարության առաջարկը Կարսի նահանգը մեզ հանձնելու մասին, միաձայն որոշեց առաջարկել ձեզ Կարսի նահանգապետի պաշտոնը։ Անգլիական գեներալ Բիչը,- շարունակեց Սամսոն Հարությունյանը,- այսօր Թիֆլիսից մեկնում է Ալեքսանդրապոլ, եւ դուք պետք է հենց այսօր ճանապարհվեք, որպեսզի գեներալ Բիչի հետ միասին անցնեք Կարս»,- գրում է Ղորղանյանն իր հուշերում (Վլադիմիր Հարությունյան, Կարսի մարզը Հայաստանի առաջին Հանրապետության կազմում, նյութեր եւ փաստաթղթեր, Երեւան, 2016թ.):
Ղորղանյանը սիրով եւ ոգեւորությամբ համաձայնում է ստանձնել պաշտոնը եւ անմիջապես մեկնում է Երեւան. «Ես հիշեցի իմ երիտասարդությունը, ութսունական թվականների մշակականների հուզմունքները, մեր քաղաքական «ցնորքները» եւ այդ բոլորը, իրականացած այսօր, կանգնած էր իմ առաջ որպես մի քաղցր ու հմայիչ երազ…»:
Դեպի Կարս՝ անգլիական ու հայկական դրոշներով
«Փայլուն արտակարգ գնացքը, որ սպասում էր դեպի հինավուրց Արփաչայ տանելու մեզ, զարդարված էր անգլիական ու հայկական դրոշակներով եւ կանաչ ժապավեններով։ Ամբողջ Ալեքսանդրապոլը, Կարսի ու թուրքահայ ամբողջ գաղթականությունը հեղեղել էր կայարանը եւ երկաթուղու գծով բռնել ամբողջ ճանապարհը։ Երբ լսվեց գնացքի առաջին սուլոցը, մինիստր-նախագահ Խատիսյանը մի հուզիչ ճառով դիմեց հայ ժողովրդին օրվա նշանակության եւ մեր անելիքների մասին։ Ապա շատ ոգեւորված խոսեց պրեմիերի թիկնապահ գեներալ Բեյ-Մամիկոնյանը, որ կեցցե բացականչեց ի պատիվ դաշնակիցների եւ ի պատիվ այն Ռուսաստանի, ուր երբեմն պատսպարվել ու խնամվել է գաղթական ու ընչազուրկ հայությունը»,- գրում է Ղորղանյանը։
Կարսում սակայն ամեն ինչ հարթ չի անցնում։ Կայարանում հայ եւ անգլիացի նահանգապետներին դիմավորում են տեղի մահմեդականները, որոնց առաջնորդում էին Շուրայի անդամները։ Գեներալ Բիչին նրանք հայտնում են, որ ողջունում են անգլիացիների մուտքը Կարս, սակայն ցանկանում են «օգտվել ինքնորոշման սկզբունքից եւ կառավարել այնպես, ինչպես ցանկանում են»։
Բացի այդ, Կարսում գեներալ Բիչն ասում է Ղորղանյանին, որ հայերի երեւալը կարող է վատ տպավորություն թողնել թուրքերի վրա, եւ խնդրում է հեռացնել Ղորղանյանի շքախումբը։ «Հայը, որ վերադառնում էր իր հայրենիքը, վերադառնում էր որպես իրավատեր, որպես իշխող եւ ոչ գաղտագողի, պետք է չերեւար թուրքերին, նոցա տրամադրությունը չփչացնելու համար…»,- վրդովված գրում է Ղորղանյանը։
Իր հուշերում ուշագրավ նկարագրություն է արել Շուրայի անդամների մասին։ Նա նշում է, որ իրենց ժամանումից մի քանի օր անց անգլիացի զինվորականների հետ հանդիպում է խնդրում Շուրայի նախագահ Մամեդ բեկ Ալիբեկովը, որին Ղորղանյանը ճանաչում էր դեռ Սուրմալուից. «Շուրայի մյուս անդամներն էին՝ Սարիղամիշի անտառների պահապաններից մեկը, մի վայրենի անգրագետ քուրդ, իսկ մյուսը գյուղական տանուտերի նախկին գրագիրը։ Երեքն էլ իր ժամանակին ենթարկվում էին իմ իշխանությանը…»։
Անգլիացիները բավականին սառն ընդունելություն են ցույց տալիս Շուրայի ներկայացուցիչներին եւ ասում, որ երկիրը հանձնվում է Հայկական կառավարությանը, որին պետք է ենթարկվի նաեւ Շուրան։
Ալեքսանդրապոլի պայթյունը
1919-ի հունվարին Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղու աշխատանքը մասամբ խափանված էր նախորդ տարվա վերջին տեղի ունեցած ուժգին պայթյունից։ Դեկտեմբերի 29-ին անփութության հետեւանքով Ալեքսանդրապոլի կայարանում պայթել էին մոտ 3000 փութ վառոդով ու դինամիտով բեռնված վագոնները, որոնք ավերել էին կայարանի մի մասը։ Մամուլը գրում էր, որ պայթյունն այնքան ուժեղ էր, որ քաղաքի բազմաթիվ տների ապակիները կոտրվել էին։ Զոհերի թիվը հստակ չէր. հունվարի 9-ին «Մշակը» գրում էր, որ, համաձայն որոշ տեղեկությունների, սպանվել է 150-200 մարդ, սակայն ամսի 22-ին տեղեկություն էր հաղորդվում 50-60 սպանվածի եւ շուրջ 300 վիրավորի մասին։
«Կայարանում տեղի ունեցած պայթումից վնասները շատ մեծ են։ Կայարանը ամբողջովին ավերակ է դարձել։ Ջարդվել են մեծ թվով վագոններ, վնասվել է գիծը, կոտրտվել են նույնիսկ ռելսերը։ Պայթումը այնքան ուժեղ է եղել, որ կայարանի շենքից ահագին քարեր եւ մարմնի կտրված մասեր են շպրտել քաղաքի մեջ։ Պայթումն առաջ է եկել կայարանում դարսված վառոդից եւ ուժանակից (դինամիտ)։ Բարեբախտաբար չի բռնկվել 30 քայլի վրա գտնվող փամփուշտի մեծ պաշարը՝ շնորհիվ նրա, որ դարսված է եղել կես սաժեն [ներքեւ]։ Դեպոն անվնաս է։ Քաղաքի կեսի ապակիները ջարդված են, կայարանի մոտի շենքերը հիմնահատակ եղած։ Երկաթուղային գործառնությունը այժմ կատարվում է մի փոքրիկ սենյակում։ Մարդկային զոհեր շատ են եղել։ Պատմողն իր աչքով տեսել է 300 վիրավոր։ Բայց, լուրերի համաձայն, վիրավորների թիվը հաշվում են 400-500, սպանվածներինը՝ 50-60։ Սպանվել են եւ անասուններ. կայարանի մոտ կանգնած սայլերում լծված եզները իրենց տերերի հետ»,- հունվարի 22-ին գրում էր «Մշակը»:
Համատարած թալան
Թեեւ անգլիացիները Կարսում ունեին շուրջ 3000 զորք, այնուամենայնիվ, չէին կարողանում ապահովել զինամթերքի, հացի, սննդամթերքի պահեստների պահպանությունը։ «Շիրակի աշխատավոր» թերթի թղթակիցը 1919թ. հունվարի 31-ին «Մշակ»-ին հայտնել էր, որ թալանը համատարած է։ Թուրքերը, թեեւ պարտավորվել էին «ձեռք չտալ» Կարսի ունեցվածքին, սակայն դիտավորյալ պահակներ չէին կարգում պահեստներում, եւ գաղտնի խրախուսում էին թալանը։
«Մշակ», 31 հունվարի, 1919թ., թիվ 23
«Կարսից մինչեւ Սարիղամիշ ճանապարհին թափված են ամեն տեսակի ապրանքներ, հացահատիկներ, ռազմամթերք մեծ քանակությամբ։ …Սարիղամիշում թողնվեց 30 հոգուց բաղկացած պահակ անգլիական եւ հայկական օֆիցերների գլխավորությամբ, որոնք պիտի հետեւեն, որ թուրքերը, բացի իրենց ինչքը, ուրիշ ապրանքներ եւ զինամթերք չտանեն։ Չնայած որ Կարսում, Սարիղամիշում, Զուռղունայում եւ երկաթուղու կայարաններում դրված են պահակներ անգլիացիների կողմից, բայց, շնորհիվ նրանց քիչ թվով ներկայացված լինելուն, թուրքերը կարողանում են տանել շատ բան։ Ինչ չեն կարողանում տանել, թալանի են տալիս։
Դիտմամբ պահեստների վրա պահակ չեն դնում եւ թուրք ազգաբնակությանը հասկացնում են, որ կարող են թալանել պահեստները։ Իհարկե, ազգաբնակությունը սիրով կատարում է թուրքերի «հանձնարարությունները»։ Երբ անգլիական ներկայացուցիչը հարց է բարձրացնում այդ ձեւի թալանի մասին, թուրքերը պատասխանում են, որ բավարար չափով զինվորներ չունեն, որ պահակներ դնեն բոլոր պահեստների վրա, եւ նրանք մնալով առանց պահպանության թալանվում են ազգաբնակության կողմից»։
Մահմեդականների գնդացրային վաշտերը
Մահմեդական Շուրան կազմակերպված ու լավ զինված էր։ Թերթը գրում էր, որ մահմեդականներն ունեին անգամ գնդացրային վաշտեր։ Ստեփան Ղորղանյանը գրում է, որ նահանգապետ Թեմփերլեյը հանդիպել էր ինչպես Շուրայի, այնպես էլ թուրքական բանակի ներկայացուցիչների հետ.
«Տաճկաց հրամանատարը, Թեմփերլեյի ասելով, առաջարկում էր նրան, իր սվինները Շուրան ցրելու համար, բայց գնդապետ Թեմփերլեյը երկյուղ էր կրում, որ այդ սվինները միայն առերես կլինեն անգլիացիների կողմը, եւ կարող են առաջ բերել երկրում այնպիսի մի շփոթ, որից դուրս գալը շատ դժվար կլիներ»։
Ղորղանյանը նաեւ առանձնահատուկ ընդգծում էր Շուրայի եւ Բաքվի կապը. Ադրբեջանի գործակալները Արդահան-Թիֆլիսի վրայով գալիս էին Կարս։
***
Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Հոդվածը՝ Mediamax.am կայքից: