Ես գիտեի, թե ի՞նչ էր եղել Արամը այդ ժողովրդի համար, բայց եւ այնպես, երբ դագաղը դուրս բերինք բնակարանից, այն, ինչ որ տեսա դուրսը, մի վայրկյան սթափեցրեց մեծ կորստի ազդեցությունը եւ զարմանք պատճառեց: Աչքդ որ կողմը ուղղում էիր՝ ծով բազմություն: Փողոց, տանիք, պատշգամբ, լուսամուտ՝ ամեն տեղ բռնված էր մեծ տարածության վրա: Ամբողջ քաղաքը, մեծ ու փոքր, դուրս էին եկել փողոց: Պողոս-Պետրոս եկեղեցուց սկսած մինչեւ հանգստարան դիակառքը մնաց դատարկ: Դագաղը տանում էին ձեռքերի վրա: Այդ օրը Հայաստանի մայրաքաղաքը համակված էր ընդհանուր սուգով…»,- պատմում է Արշալույս Աստվածատրյանը։
Սովի ու պատերազմի արհավիրքներից բացի, Հայաստանի առաջին հանրապետության մեծագույն դժվարություններից էին համաճարակային հիվանդությունները։
1918-ի ամռանն ու աշնանը Հայաստանի կառավարությունը պայքարում էր հարյուրավոր կյանքեր խլող խոլերայի համաճարակի դեմ, եւ ուշ աշնանը թվում էր, թե աղետը հաղթահարված է։ 1918թ. հոկտեմբերի 31-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը հրամայում է լուծարել խոլերայի դեմ պայքարող գլխավոր կոմիտեն։
«31 հոկտեմբերի, 1918թ.
Ս.թ. նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության տերիտորիայի վրա խոլերայի համաճարակը վերջանալու պատճառով խոլերայի դեմ կռվող բոլոր կազմակերպությունները, ի թիվս սոցա եւ գլխավոր կոմիտեն, համարել լուծարված:
Ներքին գործերի մինիստր Արամ Մանուկյան»:
Սակայն ընդամենը մեկ ամիս անց Հայաստանը կանգնում է նոր՝ ավելի մահացու վտանգի առջեւ. ձմռան սկզբին Անդրկովկասում տարածվում է բծավոր տիֆի համաճարակը։ Մահացու հիվանդությունից զոհվում են հազարավոր մարդիկ. այդ օրերին թերթերը լցվում են հասարակական ամենատարբեր դիրք ունեցող մարդկանց մահախոսականներով ու ցավակցական հեռագրերով։
Սիմոն Վրացյանն իր հուշագրությունում նշում է, որ ըստ արձանագրված դեպքերի՝ 1919թ. հունվար-մայիս ամիսներին միայն Երեւանում հիվանդությունից մահանում է 3 972 մարդ։ «Եթե Երեւանում այն ժամանակվա բնակչությունը միջին թվով հաշվենք 60 000 մարդ, յուրաքանչյուր հազարին կընկնի 161.2 մահ: 1913 թվին Եվրոպական Ռուսաստանում յուրաքանչյուր 1000 մարդուց մեռնում էր 27.9 մարդ»,- գրում է նա։
Ալեքսանդր Խատիսյանը ավելի մեծ թիվ է ներկայացնում՝ գրելով բծավոր տիֆից ու սովից մահացածների մասին.
«Ոչ ոք կրնա ըսել, թե 1918 եւ 1919թ. աշնան ու ձմռան որքան մարդիկ մեռան Հայաստանի մեջ սովեն ու թիֆոյեն, բայց իրականութենեն բնավ հեռու պիտի չըլլա, եթե ըսեմ, որ մեր կորուստը այդ ամիսներուն 150.000 էն պակաս չէր»։
Մեկ միլիոն ռուբլի՝ տիֆի դեմ
1919թ. հունվարի 3-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանը քննարկում է տիֆի դեմ պայքարելու համար մեկ միլիոն ռուբլի հատկացնելու կառավարության պահանջը։ Կարճիկյանի սպանությունից հետո խնամատարության նախարարի պարտականությունները կատարող Ալեքսանդր Խատիսյանը զեկուցում է, որ տիֆի համաճարակն ահռելի չափերի է հասել։
Նախարարն առաջարկում էր զուգահեռաբար միջոցներ ձեռնարկել նաեւ խոլերայի դեմ, որը թեեւ այդ պահին չկար, սակայն գարնանը կարող էր գլուխ բարձրացնել։
Բծավոր տիֆի, նախկինում նաեւ խոլերայի տարածման պատճառներից էին գաղթականների մեծ կուտակումները։ 1918-ի հոկտեմբերից Հայաստանի կառավարությունը գաղթականներին թուրքերի հեռացած շրջաններում տեղավորելու համար ջանք չէր խնայում, ինչը, սակայն, միշտ չէ, որ հաջողվում էր. Լոռու եւ Կարսի շրջաններում տեղի ունեցող բախումները, փակ ճանապարհներն անորոշ ժամանակով հետաձգում էին գաղթականների վերադարձը։
Ալեքսանդր Խատիսյանի բնորոշմամբ՝ տիֆի համաճարակը կատարյալ աղետ էր.
Ռոստոմի մահը
Հունվարին տիֆից մահանում է Հայ հեղափոխական դաշնակցության հիմնադիրներից Ռոստոմը՝ Ստեփան Զորյանը։ 1918-ի դեկտեմբերի վերջին նա Բաքվից մեկնում է Թիֆլիս՝ ցանկանալով հանդիպել Նոյ Ժորդանիայի եւ վրացական քաղաքական վերնախավի այլ ներկայացուցիչների հետ։ Նրանք Ժնեւում միասին էին սովորել եւ ընկերներ էին. Ռոստոմը հույս ուներ, որ իր հանդիպումները թույլ կտան կարգավորել հայ-վրացական հակամարտությունը: Արամ Ալչուջյանն իր հուշերում գրում է, որ Բաքվից մեկնելիս Ռոստոմի հետ նույն բաժնում պառկեցնում են Թիֆլիս տեղափոխվող Ռուբեն Քաջբերունուն, որն արդեն հիվանդ էր։ Ճանապարհին Ռոստոմը խնամում է նրան եւ վարակվում։
«Գալիս է Թիֆլիս ճակատագրական օրերին: Շտապ եւ լուրջ խնդիրներ կային կարգադրելու: Պետք է տեսնվեր Ժորդանիայի, Վրաստանի վարչապետի եւ այլոց հետ: Պետք է կարգադրեր հայ-վրացական փոխհարաբերությանց վերաբերող անհետաձգելի խնդիրներ: Սակայն, Ռոստոմը արդեն հոգնած էր, վարակված տիֆով: Նա զգում էր, որ ուժերը իրեն դավաճանում են, բայց չի կարող մտնել անկողին՝ առանց տեսակցություն ունենալու Ժորդանիայի հետ, առանց բանակցելու նրա հետ հայ ժողովրդի համար խիստ կարեւոր խնդիրների մասին: Վերջապես, նա մտնում է անկողին: Ընկերները մատնվում են շփոթության: Բժիշկ, խնամք: Բայց ուշ է արդեն, հիվանդությունը իր քանդիչ դերը կատարել է»,- գրում է Ալչուջյանը (Ռոստոմ, Մահուան վաթսունամեակին առթիւ, 1979)։
Մեկ այլ վկայության համաձայն Ռոստոմը բծավոր տիֆով հիվանդ էր դեռ Բաքվում, սակայն կարծում էր, թե մալարիա է։ «Գանգատվում էր, թե սաստիկ մրսում է եւ ժողովներին միշտ տաք թեյ էր խնդրում՝ մեծ քանակությամբ: Առաջին չորս-հինգ օրերը չհաջողվեց նրան անկողին պառկեցնել. քինին էր ընդունում ու շարունակում էր ժողովներին մասնակցել եւ այցելություններ անել: Նա շատ վստահ էր իր ուժեղ կազմվածքի եւ տոկուն առողջության վրա: Միայն 5-րդ օրը, երբ արդեն 40 աստիճան տաքություն ուներ եւ չէր կարողանում ոտքի վրա մնալ, պառկեց, եւ պարզվեց, որ թոքերի բորբոքում եւ բծավոր տիֆ ունի միաժամանակ»։
Ռոստոմը մահանում է 1919թ. հունվարի 18-ին։
«Ոտքս գետնով տամ՝ սարերը կդողան»
Ռոստոմի մահից մոտավորապես 10-ն օր անց Երեւանում տիֆից մահանում է ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը։ Նա վատառողջ էր դեռեւս դեկտեմբերի վերջին, եւ նախարարի պարտականություններն իրականացնում էր Ալ. Խատիսյանը։
Աշխատանքի բերումով Արամը հանդիպում էր բազմաթիվ մարդկանց, ինչն էլ մեծացրել էր վարակվելու հավանականությունը։ Նրա ընկեր Արշալույս Աստվածատրյանը գրում է, որ հիվանդությունն իրեն զգացնել է տալիս 1918-ի դեկտեմբերի կեսերին. «1918-ի դեկտեմբերին վախճանվեց (նույնպես բծավոր տիֆից) Սարգիս Օհանջանյանը, Դաշնակցության հին գործիչներից, որ այդ օրերին ներքին գործոց նախարարության գործավարն էր: Արամը ուղեկցեց ընկերոջ դագաղին, բայց մինչեւ գերեզմանատուն գնալ չկարողացավ: Հիվանդությունը զգալ տվեց: Կես ճամփից նա վերադարձավ տուն ու պառկեց՝ առանց իմանալու հիվանդության բնույթը: Երբ պարզվեց, որ հիվանդությունը տիֆ է, նա չափազանց անտարբեր վերաբերմունք ցույց տվեց: Վիշտը, կասկածը, երկյուղը մինչեւ վերջ խորթ մնացին նրան: Ընդհակառակը, տրամադրությունը լավ էր ու իր տրամադրությամբ վարակում էր մտերիմներին ու այցելուներին»։
Աստվածատրյանն ընդգծում է Արամի ոգու ուժը, որն անգամ մահացու հիվանդության ճիրաններում պահում էր առույգ տրամադրությունն ու լավատեսությունը, չէր կորցնում հույսը։ Երեւանի հայտնի բժիշկներից Ս. Կամսարականը, որը բուժում էր նաեւ Աստվածատրյանի կնոջը, պատմում էր Արամի ոգու կորովի մասին.
«Զարմանալի մարդ է: Ի՜նչ հիվանդ. ես նրա մոտ հանգստանում եմ… Արամի մոտ ամբողջ տրամադրությունս լավ է լինում: Ո՛չ մի գանգատ, ո՛չ մի սրտնեղություն: Հիվանդ տեղով մեզ՝ բժիշկներիս ձեռք է առնում, ծաղրում է, որ բծերը լավ չպահեցին ու նրանք էլ խռովեցին ու փախան եւ որ լավ «հեքիմ» չենք: Խոսում է այլեւայլ նյութերի մասին: Իր հիվանդությունով, կարծես, չի հետաքրքրվում: Այո՛, զարմանալի մարդ է Արամը»։
1919-ի հունվարի կեսերին Արամի առողջական դրությունը կտրուկ վատանում է. նա հաճախ, օրեր շարունակ կորցնում էր գիտակցությունը։ Բժիշկներն արդեն հուսահատվում էին, եւ մի անգամ, կարծելով, թե հիվանդն իրենց չի լսում, Արամի ապաքինվելու մասին բարձրաձայն կասկած են հայտնում։ Պարզվում է՝ Արամն ուշքի էր եկել, լսել նրանց խոսքերը եւ ասել.
– Ի՞նչ եք ասում, ոտքս գետնով տամ՝ սարերը կդողան:
Արամ Մանուկյանը մահանում է 1919թ. հունվարի 29-ին, հուղարկավորությունը տեղի է ունենում փետրվարի 1-ին։
Համաժողովրդական սուգ
Ականատեսների վկայությամբ՝ Արամի հուղարկավորությանը մասնակցում էին հազարավոր մարդիկ, իսկ հանգուցյալի դագաղը Պողոս-Պետրոս եկեղեցուց ձեռքերի վրա են հասցնում գերեզմանոց։
«Ես գիտեի, թե ի՞նչ էր եղել Արամը այդ ժողովրդի համար, բայց եւ այնպես, երբ դագաղը դուրս բերինք բնակարանից, այն, ինչ որ տեսա դուրսը, մի վայրկյան սթափեցրեց մեծ կորստի ազդեցությունը եւ զարմանք պատճառեց: Աչքդ որ կողմը ուղղում էիր՝ ծով բազմություն: Փողոց, տանիք, պատշգամբ, լուսամուտ՝ ամեն տեղ բռնված էր մեծ տարածության վրա: Ամբողջ քաղաքը, մեծ ու փոքր, դուրս էին եկել փողոց: Պողոս-Պետրոս եկեղեցուց սկսած մինչեւ հանգստարան դիակառքը մնաց դատարկ: Դագաղը տանում էին ձեռքերի վրա: Այդ օրը Հայաստանի մայրաքաղաքը համակված էր ընդհանուր սուգով…»,- պատմում է Արշալույս Աստվածատրյանը։
Դեռեւս Վանի ինքնապաշտպանության շրջանից Արամին լավ ծանոթ Օննիկ Մխիթարյանը գրում է. «Արամը տված է մեզ մեր Անկախությունը արդեն առարկայացած։ Կրկին ու կրկին կխոնարհենք մեր գլուխը այդ սրբազան արժեքի՝ Անկախ Հայաստանի եւ անոր հիմնադիր՝ Արամի առջեւ…»:
***
Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան