Դեկտեմբերի վերջին սակայն հայկական զորամասերը նահանջի հրաման են ստանում եւ հետ են քաշվում մինչեւ Դավալու (ներկայում՝ Արարատ գյուղը)։ Նահանջն ուներ մի քանի պատճառ. նախ՝ հայ-վրացական պատերազմի պատճառով հայկական զորամասերի մի մասը Նախիջեւանից եւ այլ շրջաններից տեղափոխվել էր Լոռի, երկրորդ՝ հայկական առաջխաղացումը դեպի Նախիջեւան կանգնեցնում են բրիտանացիները։
Թեեւ 1919թ. Հայաստանի Հանրապետության արտաքին սպառնալիքները կարծես թե նվազել էին, սակայն ռազմական գործողությունները շարունակվում էին գրեթե ամենուր։ Հայաստանը փորձում էր իր տիրապետությունը հաստատել ու պահպանել հայկական շրջաններում եւ անխուսափելիորեն բախվում էր նոր կազմավորված Ադրբեջանի Հանրապետության հետ։
Ադրբեջանի տարածքային հավակնությունները տարածվում էին Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջեւանի, Ղազախի եւ այլ շրջանների վրա։ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ապրում էին հազարավոր թաթարներ, որոնք չէին ճանաչում հայկական իշխանությունը եւ ամեն ինչ անում էին հայերին վնասելու համար։ Բոլոր ուղղություններով ծավալվող այս հակամարտությունը մեծ ջանքեր էր պահանջում Հայաստանից։
1918թ. աշնանը Առաջին համաշխարհային պատերազմում պարտությունից հետո թուրքական բանակը պետք է հեռանար Անդրկովկասից մինչեւ նախապատերազմյան սահմանները։ Մուդրոսի զինադադարի համաձայն Հայաստանին պետք է անցնեին նաեւ Կարսն ու Նախիջեւանը։ Հեռանալիս սակայն թուրքերն ամրացել էին Նախիջեւանում, որտեղ ամիսներ շարունակ կազմակերպչական, ռազմական եւ քարոզչական լայն գործունեություն էր ծավալել Խալիլ փաշան։ Նախիջեւանում թուրքական բանակի սպաներն ու զինվորներն աջակցում էին տեղի թաթար բնակչությանը, զինում նրանց եւ ամեն գնով խոչընդոտում հայերի վերադարձը։ Գրեթե նույն իրադրությունն էր նաեւ Կարսում, որտեղից 1919թ. հունվարի վերջին ստիպված հեռացել էր Հայաստանի կառավարության ներկայացուցիչը։
1919թ. սկզբին Հայաստանի արտաքին գործերի նախարար Սիրական Տիգրանյանը Ավետիս Ահարոնյանին հեռագրում էր, որ Կարսում բրիտանացիների վարած քաղաքականությունը բացասական օրինակ է ծառայել նաեւ Նախիջեւանի թաթարների համար։
«Օսմանյան եւ Ադրբեջանի թուրք օֆիցերների ու ագիտատորների ձեռքով կազմակերպված տեղական կառավարությունը (Շուրան) գրեթե ճանաչվեց բրիտանական զորական նահանգապետի կողմից, իսկ մեր քաղաքացիական նահանգապետն իր պաշտոնյաներով ստիպվեց հեռանալ Կարսից։ …Կարսի դեպքը շատ վատ եւ ընդարձակ հետեւանքներ ունեցավ, ինչպես եւ սպասում էինք։ Թուրքերը տեսան, որ բավական է ցուցադրեն որեւէ հակառակություն եւ բողոք հայերի, Հայաստանի կառավարության դեմ, եւ Անգլիան իսկույն հանդես կգա զսպելու, կասեցնելու մեր կառավարության ամեն մի քայլն ու ծրագիրը»,- գրում էր Տիգրանյանը։
Գայլի Դրունքում
1918թ. նոյեմբերին Նախիջեւանի գավառապետ է նշանակվում Գարեգին Նժդեհը, իսկ դեկտեմբերին հայկական զորքերին գնդապետ Դոլուխանյանի հրամանատարությամբ հրամայվում է շարժվել դեպի Շարուր-Նախիջեւան։ Զեյվա եւ Ենգիջայ գյուղերի շրջանում կոտրելով թաթարների դիմադրությունը՝ հայկական զորքերը դեկտեմբերի կեսին մոտենում են Գայլի Դրունք (Волчьи Ворота) լեռնանցքին, որն Արարատյան դաշտավայրը կապում է Շարուրին։
«Այսպես հասանք ու մտանք Գայլի Դրունքի կիրճը։ Կիրճի բերանին դիրքեր բռնեցինք… Թշնամին բավականին մոտեցավ կիրճին, կարծելով, թե մենք հեռացած ենք։ Մեր դարանակալ լռութենեն ոգեւորված՝ թուրքերը «եա Ալի» կանչելով հարձակեցան Գայլի Դրունքի մեր դիրքերու վրա։ Սուլոցի ձայնով երեք անգամ ազդանշան տվի զինվորներին, եւ նրանք սկսան համազարկեր տեղացնել հարձակող թշնամիի վրա։ Թշնամին հանկարծակիի գալով՝ սկսավ փախչիլ՝ զիրար կոխկրտելով եւ թողնելով սպանված եւ վիրավոր»,- գրում է Նախիջեւանի մարտերի մասնակից Ղազար Քոչարյանը (Ղազար Քոչարյան, Հայդուկի մը յուշերը, Հայրենիք, թիվ 5, 1935թ., Բոստոն)։
Դեկտեմբերի վերջին սակայն հայկական զորամասերը նահանջի հրաման են ստանում եւ հետ են քաշվում մինչեւ Դավալու (ներկայում՝ Արարատ գյուղը)։ Նահանջն ուներ մի քանի պատճառ. նախ՝ հայ-վրացական պատերազմիպատճառով հայկական զորամասերի մի մասը Նախիջեւանից եւ այլ շրջաններից տեղափոխվել էր Լոռի, երկրորդ՝ հայկական առաջխաղացումը դեպի Նախիջեւան կանգնեցնում են բրիտանացիները։
«Վրա հասավ անգլիական կապիտան Լաուտենը, անցավ Նախիջեւան տեսնելու, թե ի՞նչ կա, ի՞նչ չկա… Եվ իր զեկուցման հետեւանքով նշանակվեց Նախիջեւանի բրիտանական զորական նահանգապետ եւ փոխգնդապետ, հետո եկավ Երեւան՝ պահանջելու, որ մեր զորքերը հետ քաշենք նույնիսկ Դավալուից հյուսիս։ Ոչ առանց դժվարության՝ համաձայնության եկանք երիտասարդ փոխգնդապետի հետ, որ մինչեւ Վօլչի-Վարոտան մնա մեր ադմինիստրացիան, բայց մեր զորքը հետ բերենք այդ շրջանից՝ թողնելով մի փոքրիկ խումբ Դավալուում։ Ուրեմն՝ Շարուրն ու Նախիջեւանն էլ մեր ձեռքից գնաց (թո՛ղ ժամանակավորապես) եւ տարավ Բրիտանական զորական նահանգապետություն (Կարսի օրինակով), եւ մենք պարտավորվեցինք նույնիսկ դրան սահմանակից մեր տերիտորիայում (Վեդի-Բասար) զորք չպահել»,- Ահարոնյանին հեռագրում էր արտաքին գործերի նախարար Տիգրանյանը։
1919թ. հունվարին Նախիջեւանի նահանգապետ է նշանակվում գեներալ-մայոր Գրիգոր Շելկովնիկյանը։ Երկու շաբաթ անց Նախիջեւանում ստեղծվում է անգլիական նահանգապետություն՝ փոխգնդապետ Լաուտենի գլխավորությամբ։
Բախումներ ու հարձակումներ
1919թ. հունվար-փետրվար ամիսներին Նախիջեւանում եւ սահմանակից թաթարական այլ բնակավայրերում տեղի են ունենում բախումներ ու հարձակումներ հայ զինվորների վրա։ Հունվարի 30-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը լսում է Ղամարլուում (Արտաշատ) եւ Դավալուում հայկական զորքերի վրա տեղի ունեցած հարձակումների վերաբերյալ զինվորական նախարար Հախվերդյանի զեկույցը։ Հախվերդյանը նշել էր, որ տեղի ունեցածը մասնավոր դեպք չէ, եւ թաթարների հակապետական գործողությունները համընդհանուր ու կազմակերպված բնույթ ունեն։ Կառավարությունը հանձնարարում է արտաքին գործերի նախարարին միջադեպի մասին անմիջապես տեղեկացնել բրիտանական գլխավոր հրամանատարությանը։ Միաժամանակ 26-30 տարեկան զինապարտների զորակոչ է սկսվում Էջմիածնի, Երեւանի եւ Ղազախի շրջաններում։ Փետրվարի 3-ին կառավարությանը ներկայացվում է Նախիջեւանի անգլիական նահանգապետ Լաուտենի հետ բանակցության արդյունքը, համաձայն որի՝ մինչեւ Շարուրի սահմանը ստեղծվելու էր անգլիական հսկողության տակ գտնվող հայկական վարչություն։
Թաթարական բնակավայրերի անհնազանդությունը մեծանում է 1919թ. մարտից, երբ Երեւանում բացվում է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը՝ Խան Թեքինսկու գլխավորությամբ։
Լաուտենի նահանգապետ նշանակվելուց անմիջապես հետո Անդրկովկասում բրիտանական ընդհանուր հրամանատար Ուոքերը ներկայացնում է Նախիջեւանի գավառում կարգուկանոն հաստատելու ծրագիր։ Այդ ծրագրի համաձայն, սահմանները, որոնք ժամանակավոր բնույթ էին ունենալու, պետք է որոշեր փոխգնդապետ Լաուտենը։ Ուոքերը նաեւ նշում էր, որ Հայաստանի կառավարությունը կարող է Նախիջեւանի վերաբերյալ իր պահանջները ներկայացնել միջազգային խորհրդաժողովին.
Փետրվարի 3-ին արդեն բրիտանացիները Հայաստանի կառավարությանն են ներկայացնում Նախիջեւանից հայկական զորքերը դուրս բերելու համաձայնագիրը, ըստ որի՝ հայկական զինուժը պետք է հետ քաշվեր մինչեւ Դավալու, եւ գավառում կարգուկանոն ապահովեր բրիտանական վաշտը։
Մարտի 13-ին արտաքին գործերի նախարար Տիգրանյանը նամակ է հղում Երեւանում բրիտանական զինվորական ներկայացուցիչ գնդապետ Տեմպերլեյին՝ մտահոգություն հայտնելով թաթարների կողմից հայերին սննդամթերք չվաճառելու, բռնությունների ու թալանի մասին։ Նա կոչ է անում անգլիական հրամանատարությանը իրադրությունը կարգավորելու հրատապ քայլեր ձեռնարկել։
«Անհրաժեշտ է, որ Բրիտանական հրամանատարությունը կտրուկ ու գործոն միջոցներով հաստատե եւ պահպանե այդ վայրերում օրենքն ու կարգը եւ պաշտպանե բնակչության կյանքն ու ստացվածքը ինչպես որ հանձն առել է եւ կամ պետք է, որ այդ հրամանատարությունը չընդդիմանա Հայկական կառավարության, որ նա ուժեղացնե իր զորախմբերը այդ վայրերում, երբ ստիպված կլինի պետք եղած միջոցները եւ ուժը գործադրելու՝ զսպելու համար զինված, խառնակիչ եւ ավազակային տարրերին»,- գրել էր Տիգրանյանը։
Ահարոնյանին ուղղված նամակում նա գրում էր, որ մահմեդականների հանդեպ զիջողական քաղաքականության գլխավոր պատճառը անգլիացիների թույլ լինելն էր. «Ինչպես Գերմանիան ամռանն ու աշնանը տեղի էր տալիս թուրք հրամանատարության պահանջների ու քմահաճույքների առաջ, այնպես էլ այժմ անգլիական գեներալներն են նահանջում Օսմանյան օֆիցերների այս նվաճողական ծրագրերի ու գործունեությունների առաջ… Բրիտանական նահանգապետությունները լոկ մի քող են, նուրբ ու թափանցիկ, որի տակից պարզ երեւում է իրապես թրքական իշխանությունն ու ուժը»։ Հաջորդ պատճառը, ըստ Տիգրանյանի, հայերի հանդեպ անվստահությունն էր. «Անգլիացին չէ հավատում հային՝ ավանդաբար համարելով սրան անուղղելի ռուսասեր, Ռուսական օրիենտացիայի անհողդողդ հետամտող… Նա զիջում էր մեզ Կարսը, բայց հենց որ տեսավ, որ այնտեղ ավելի վստահելի եւ ոչ աննշան հակառուսական ուժ կա հանձին տեղական թրքության, իսկույն շտապեց ուղղել իր սխալը. Կարսը տվեց թուրքերին… եւ ոչ միայն Կարսը» (Հայրենիք, թիվ 2, 1968թ., Բոստոն)։
Թոմսոնի առաջարկը
1919թ. մարտի կեսին բրիտանական քաղաքականությունը մահմեդականների հանդեպ այնուամենայնիվ սկսում է փոխվել։ Ռիչարդ Հովհաննիսյանի բնութագրմամբ՝ գեներալ Թոմսոնը եւ բրիտանական ռազմական մյուս ներկայացուցիչները հասկանում են, որ «օսմանյան մի նուրբ թել այս շրջանները ներքնապես կապում է միմյանց եւ մահմեդական բնակիչներին մղում առավել խիստ ընդդիմության՝ հաղթական Դաշնակիցների դեմ»։ Տեսնելով թուրքական վտանգը՝ գեներալ Թոմսոնի հրամանով մարտի 16-ին Արարատ-Դավալուում եւ Նախիջեւանում բրիտանական ուժերը համալրվում են հնդիկներից կազմված Ռաջպուտ թեթեւազեն գնդի հետեւակային երկու վաշտով։ Բացի այդ, Թոմսոնը Լաուտենի փոխարեն Նախիջեւանի նահանգապետ է նշանակում գնդապետ Սիմսոնին։
1919թ. ապրիլի սկզբին Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված գրությամբ Թոմսոնը հայտնում է, որ «փախստականների վերադարձից հետո, որը, հուսով եմ, տեղի կունենա այս ամսվա վերջին, անգլիական զորքերը հետ կկանչվեն Կարսից եւ Նախիջեւանից, սակայն բրիտանական առաքելությունը կմնա։ Այդ պատճառով մինչեւ մայիսի 1-ը բոլոր շրջաններում պետք է կազմակերպվեն վարչական մարմիններ՝ անհրաժեշտ թվով հայկական զորքերով»։
Ապրիլի 12-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննարկում է Շարուր-Նախիջեւանում իշխանության հաստատման հարցը եւ որոշում «ընդունել Թոմսոնի՝ հիշյալ վայրերը զորքերով եւ գաղթականներով գրավելու առաջարկությունը՝ ցանկություն հայտնելով անգլիական զորքերի ավելի երկար մնալը»։
***
Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Հոդվածը՝ Mediamax.am կայքից։