Հայաստան

Խաղաղության Գինը

Ֆրանսիայի խորհրդարանի բանաձևից բացի, անգամ Ֆրանսիայի գործադիրի, և ընդհանրապես որևէ միջազգային դերակատարի կամ կառույցի մակարդակում չկա որևէ նախադրյալ, որ թույլ կտար խոսել այն մասին, թե Բաքվի համար նշմարվում կամ հասունանում է այդպիսի գին: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանն ունի սադրանքների «քարտ-բլանշ»։

Կովկասի խաղաղության գինը

Այն, որ Ադրբեջանը որևէ սադրանք է ծրագրում Լաչինի միջանցքի նկատմամբ, բավականին նկատելի էր Բաքվի պաշտոնյաների հայտարարություններից, որ հնչում էին վերջին շաբաթների ընթացքում: Գուցե հնչի տարօրինակ, սակայն թերևս «բարեբախտություն» է, որ այս անգամ սադրանքը ոչ թե ռազմական էր, այլ «բնապահպանական», և չհանգեցրեց բախումների ու զոհերի: Սակայն, դա բոլորովին չի նշանակում, որ Ադրբեջանը հրաժարվել է ռազմական սադրանքների և շանտաժի քաղաքականությունից և հաջորդ սադրանքը չի կրի այդպիսի բնույթ: Համենայն դեպս, քանի դեռ Բաքվի գործողությունները չեն արժանանում միջազգային համարժեք գնահատականի, դրանք կշարունակեն լինել այնպիսին, ինչպես դրսևորվել են մինչև հիմա: Իսկ առայժմ չկա միջազգային համարժեք արձագանք, որը թույլ կտար խոսել այն հստակ գնի մասին, որ Բաքուն կվճարի ռազմական սադրանքի դեպքում: Ընդ որում, երբ չկա ռազմական սադրանքի գինը, Ադրբեջանը կարող է և «բավարարվել» այլ բնույթի սադրանքներով, այդ կերպ «խաղալով» հայկական կողմի «նյարդերի» հետ և ստիպելով, որպեսզի «առաջին քայլն» անի հայկական կողմը: Ըստ այդմ, բոլոր դեպքերում շատ կարևոր է, որպեսզի միջազգայնորեն սահմանվի այն գինը, որ Ադրբեջանը կվճարի ռազմական էսկալացիայի համար:

Բայց, Ֆրանսիայի խորհրդարանի բանաձևից բացի, անգամ Ֆրանսիայի գործադիրի, և ընդհանրապես որևէ միջազգային դերակատարի կամ կառույցի մակարդակում չկա որևէ նախադրյալ, որ թույլ կտար խոսել այն մասին, թե Բաքվի համար նշմարվում կամ հասունանում է այդպիսի գին: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանն ունի սադրանքների «քարտ-բլանշ», ու թեև դրանք առժամանակ կարող են զերծ լինել ռազմական բաղադրիչից, սակայն ըստ էության լինել ոչ պակաս խնդրահարույց և անգամ կրել բնույթ, որի միջոցով Բաքուն կարող է հող նախապատրաստել ռազմական սադրանքների համար:

Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում հանդիպել են ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարները: ՌԴ արտգործնախարար Լավրովը վերստին հայտարարել է, որ Մոսկվան պատրաստակամ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության: ԱՄՆ հանձնառու է Հարավային Կովկասի խաղաղությանը նպաստելուն, Բաքու, Թբիլիսի և Երևան այցից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերի գլխավոր բանակցող Ֆիլիպ Ռիքերը:

Խաղաղությանը նպաստելու պատրաստակամություն հայտնում են բոլորը, անգամ Թուրքիայի նախագահ Էրդողանը, որի պաշտպանության նախարարը և գլխավոր շտաբի պետը մեկնել են Ադրբեջան և հետևում են թուրք-ադրբեջանական զորավարժությանը: Խաղաղությանը նպաստելու մասին հայտարարություններն ու դիվանագիտական վոյաժները իրենց վստահելիությունը կորցրել են դեռ վաղուց, առնվազն այն պահից, երբ այդ մասին խոսողներից որևէ մեկը չկարողացավ կամ չուզեց ստիպել Բաքվին թույլ տալ հայկական կողմին դուրս բերել խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունները, այն բանից հետո, երբ Ադրբեջանը խոցել էր վարժական թռիչք իրականացնող ուղղաթիռը: Խաղաղությունը Կովկասում պահանջում է դրան սպառնալիքների համար հստակ իրավա-քաղաքական գնի սահմանում, ընդ որում բոլորովին ոչ խորհրդատվական մակարդակով: Բայց հարցն իհարկե խաղաղությանը նպաստառելու հանձնառություն ունեցողներից յուրաքանչյուրի համար ունի իհարկե իր գինը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *