Երիտթուրքերի գաղտնի կազմակերպությունները, մասնավորապես՝ Քարաքոլը, թուրք ժսպաների ու զինվորների էր ուղարկում Փոքր Ասիա զինված պայքար կազմակերպելու համար։
Փարիզի խաղաղության վեհաժողովում ուրվագծվում են համաշխարհային պատերազմի արդյունքները։ Գերմանիայի հետ հաշտության պայմանագիրը 1919թ. մայիսին ամբողջությամբ պատրաստ էր, եւ ծայրահեղ ծանր պայմաններն արդեն հրապարակվել էին։ Գերմանիան կորցնելու էր գրեթե ամեն ինչ՝ գաղութները, ռազմական կարողությունը, ինքնիշխանության մի մասը։
Խաղաղության խորհրդաժողովի որոշումները քննարկվում էին նաեւ հայկական հասարակական-քաղաքական շրջանակում. ոմանք գտնում էին, որ Գերմանիայի հանդեպ ծայրահեղ խիստ որոշումները վտանգավոր են, քանի որ կարող են ռեւանշիստական տրամադրություններ առաջացնել եւ նոր պատերազմի պատճառ դառնալ։ Առաջին հայացքից Հայաստանի հետ շատ հեռավոր աղերս ունեցող այս հարցն իրականում լուրջ հիմքեր ուներ, քանի որ, ինչպես կտեսնենք հետագայում, խաղաղության խորհրդաժողովի ծայրահեղ պահանջները մեծ դիմադրություն առաջացրին նաեւ Թուրքիայում, որի հետեւանքների ողջ ծանրությունը կրեց Հայաստանը։
Թուրքիայի մասնատումը թվում էր անխուսափելի
Փարիզում որոշվել էր նաեւ հունական հարցը, եւ 1919թ. մայիսի 15-ին Անտանտի նավատորմի օգնությամբ հունական բանակի ստորաբաժանումները մտել էին Զմյուռնիա (Իզմիր), ինչն առաջացրել էր թուրքերի զայրույթը։ Կ.Պոլսում ամենօրյա հավաքներ էին տեղի ունենում։ Թեեւ նույն օրերին ընթանում էր հայերի Ցեղասպանության հանցագործների դատավարությունը, սակայն երիտթուրքական կուսակցությունը դեռեւս պահպանում էր իր ազդեցությունը ազգայնական տրամադրություններ ունեցող շրջանակներում։ Կ.Պոլսում լույս տեսնող «Ճակատամարտ» թերթը 1919թ. մայիսի 21-ին գրում էր, որ Իզմիրի գրավման առիթով հանրահավաքին մասնակցել էր 10 հազարից ավելի մարդ, եւ հանրահավաքի կազմակերպիչները համոզված էին, որ դժվարություններին հաջորդելու էին լուսավոր օրերը.
«Իսլամներ եւ թուրքեր։ Թուրքերը այսօր իրենց ամենեն սեւ օրը կապրին։ Գիշե՜ր, խավար գիշեր։ Բայց մարդկային կյանքի մեջ չկա գիշեր մը, որ իր առավոտը չունենա։ Թերեւս վաղը պայծառ եւ լուսատու արշալույս մը ծնի։ Ընկերներ եւ ընկերուհիներ։ …Այսօր մեր երկիրը բաժանման վտանգին տակ կգտնվի, քայլ առ քայլ կուզեն մեր գլխուն էֆենտի ընել այն ազգերը, որ թվով մեզմե քիչ են։ Այսօր՝ Իզմիր, վաղը՝ Գոնիա, մյուս օրը՝ Պոլիս, հետո իսլամական աշխարհին գլուխն եղող թուրքը լռության պիտի դատապարտվի եւ դարերով Եվրոպայի փափագածը պիտի կատարվի…»։
Թուրքական ծայրահեղ ազգայնական տրամադրությունները թեեւ մտահոգիչ էին, սակայն հայկական շրջանակը վստահում էր Փարիզի վեհաժողովի արդյունքներին։ «Թուրք մամուլին այսօրվան վայնասունը, ամբոխային ինքնաբեր կամ սարքված ցույցերն ու միթինկները, մզկիթներու մեջ խորհրդավոր ժողովները, փաթթոցավորներու կամ բեյ-էֆենդիներու ճամարտակությունները, – այս բոլորը ոչ մեկ իրական ազդեցություն կրնան ունենալ դեպքերու վրա, որ իրենց բնական ու անողոք ընթացքը պիտի բոլորեն, թերեւս ավելի շուտ, քան կսպասվեր։ Դաշնակիցները, եւ մասնավորապես, Անգլիան, վերջին պատեհությունն է, որ կընծայեն Թուրքիո վարիչներուն, անոնք կսպասեն, որ թուրքերը սթափվեն, իրենք իրենց ձեռքով սրբագրեն ոճիրները եւ գտնեն ուղիղ ճամփան»,- գրում էր «Ճակատամարտը» մայիսի 22-ին։
Քարաքոլը եւ Մուստաֆա Քեմալը
Իսկապես, Թուրքիայի մասնատումը թվում էր անխուսափելի. աշխարհի հզորները որոշել էին, որ Օսմանյան կայսրությունը պետք է արժանանա Գերմանիայի ճակատագրին։ Բայց Թուրքիայում բոլորը չէ, որ համակերպվել էին կործանման մտքի հետ: Երիտթուրքերի գաղտնի կազմակերպությունները, մասնավորապես՝ Քարաքոլը, թուրք սպաների ու զինվորների էր ուղարկում Փոքր Ասիա զինված պայքար կազմակերպելու համար։
«Քարաքոլը կապ հաստատեց մայրաքաղաքում գտնվող Մուստաֆա Քեմալի հետ։ …Քարաքոլի օգնությամբ նրան հաջողվեց ստանալ կայսրության փոքրասիական տարածաշրջանում տեղակայված 9-րդ բանակի տեսուչի պաշտոնը։ Քեմալը պատրաստվում էր ղեկավարել այնտեղ սկիզբ առնող զինված պայքարը հանուն Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականության պահպանման։ 1919թ. մայիսի 19-ին Քեմալը հասավ Սամսուն։ Այդ օրը թուրքական պաշտոնական պատմագրությունը համարում է քեմալական շարժման սկիզբը եւ նշում որպես ազգային տոն» (Թուրքիայի Հանրապետության պատմություն, Երեւան, 2014, Ռուբեն Սաֆրաստյան, Մուստաֆա Քեմալ. Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ, 1919-1921թթ., Երեւան, 2019):
Վիլսոնի խոստումը
Հայկական պահանջների վերջնական ու արդարացի լուծման լավատեսությունը պայմանավորված էր Խաղաղության վեհաժողովի հայանպաստ ընթացքով, ինչպես նաեւ 1919թ. ապրիլի կեսին Միացյալ Նահանգների նախագահ Վիլսոնի եւ Հայաստանի պատվիրակության անդամների հանդիպման արդյունքով։ Նախագահի հետ հանդիպումը տեւել էր 20 րոպե, որին մասնակցել էին Ավետիս Ահարոնյանը, Պողոս Նուբար փաշան եւ պրոֆեսոր Տեր-Հակոբյանը, որը նաեւ թարգմանիչն էր։
Հայկական պատվիրակության անդամները հայտնել էին, որ շատ կարեւորում են Հայաստանի մանդատի հարցը։ «Եթե երբեք Ամերիկան որեւէ մանդատ հանձն առնի, այդ կլինի Հայաստանինը… որովհետեւ այդ ավելի հեշտ կընդունվի շնորհիվ այն խորունկ համակրության, որ Ամերիկան տածում է դեպի հայ ժողովուրդը»,- ասել էր Վիլսոնը։ Ինչ վերաբերում էր Հայաստանի սահմաններին, ապա ԱՄՆ նախագահն ասել էր, որ աշխատում է այդ ուղղությամբ. «Մրցում կա, ուրիշներն էլ պահանջ ունեն, բայց ես աշխատում եմ» (Ավետիս Ահարոնյան, Սարդարապատից մինչեւ Սեւր եւ Լոզան։ Քաղաքական օրագիր, Բոստոն, 1943թ.)։
Ամերիկյան մանդատի մասին մայիսին գրում է նաեւ հայտնի լրագրող Էմիլ Դիլոնը «Դեյլի Քրոնիքլ»-ում։ Ըստ նրա՝ Թուրքիայի տարածքը պետք է խիստ կրճատվեր եւ մնար Սամսոն-Անթալիա հատվածում։ Մնացած տարածքը՝ Կիլիկիայից մինչեւ Կովկաս, պետք է լիներ հայկական պետությունը։ 1919թ. մայիսի 22-ին հայկական մամուլը գրում է, որ Խաղաղության վեհաժողովը վերջապես որոշել է նաեւ Թուրքիայի սահմանները, որոնք մոտավորապես նույնն էին, ինչ գրել էր Դիլոնը։
«Աշխատավոր», 22 մայիսի, 1919թ., թիվ 101
«Օսմանյան կայսրության ջլատումը միայն նպաստելու է տաճիկ ժողովրդի կուլտուրական զարգացմանը։ Ազատագրված ժողովուրդները եւս, իրենց հերթին, այլեւս ապահովված նորանոր եղեռններից ու արյունի նախճիրներից՝ ի վիճակի կլինեն ազատ ու անկաշկանդ իրենց ուրույն ազգային քաղաքական կյանքով ապրելու։ Ազատ ու անկախ Հայաստանն էլ, ի շարս այդ պետությունների, արդեն վառ ապագայի ու հսկայական ստեղծագործական աշխատանքի նախօրեին է կանգնած»։
Տարածքների փոխանակության առաջարկ
Փարիզում Ահարոնյանը հանդիպում է նաեւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի հետ եւ քննարկում Կովկասից անգլիական բանակի հեռանալու հարցը։ Ֆրանսիական կողմն ասում է, որ դաշնակիցները Կովկասն առանց աջակցության չեն թողնի, եւ հնարավոր է, որ այնտեղ տեղակայվեն իտալական զորքերը։ Սակայն Ֆրանսիայի ռազմական ներկայությունը միանշանակ հերքում են։ «Նույնիսկ Կիլիկիա մենք հրաժարվում ենք զորք ղրկել, հակառակ անգլիացիների հրավերի։ Քանի որ Կիլիկիան միանալու է Հայաստանին,- ասաց նա դառնությամբ,- Ամերիկայի մանդատի տակ, ես չեմ հասկանում, թե մենք ինչու պետք է զորք ղրկենք»։ Ահարոնյանը փորձում է տեղեկություններ ստանալ նաեւ Ղարաբաղի վերաբերյալ։ Ֆրանսիացի պաշտոնյան հայտնում է, որ անգլիացիները ցանկանում են մեծ Ադրբեջան ստեղծել։
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Լուի Մալետի հետ հանդիպման ժամանակ Ահարոնյանը վերստին անդրադառնում է Ղարաբաղի հարցին՝ ասելով, որ այնտեղ 300 հազար տեղաբնիկ հայ է ապրում, իսկ թաթարների թիվը 70-80 հազար է։ Մալետը հետաքրքրվում է, թե հնարավոր չէ՞ արդյոք տարածքների ու բնակչության փոխանակություն թաթարների հետ։
«Նախ՝ անհնարին է տեղահան անել այդքան բազմություն։ Երկրորդ՝ այդ ժողովուրդը, ասացի, հազարավոր տարիներից ի վեր այդ լեռներում սնած ու իր հողին կպած, երբեք չի համաձայնի շարժվել իր տեղից եւ ոչ մի ուժ նրան չի ստիպի կրել մուսուլմանական բռնություն։ Եվ վերջապես, մենք երբեք չենք կարող համաձայնել, որ այդ հայկական Լեռնաստանը, որ մեր աշխարհի մշտական պարիսպն է եղել ընդդեմ Ասիայի հորդաների, թաթարների ձեռքն ընկնի»,- պատասխանում է Ահարոնյանը։ Մալետը կրկին բարձրաձայնում է հայտնի թեզը, թե դուք՝ հայերդ, ստանալու եք մեծ Հայաստան, Ղարաբաղն էլ թողեք Ադրբեջանին։
Փարիզում հայկական պատվիրակության հանդիպումների թվում, թերեւս, ամենաուշագրավը Պոլսում Ռուսաստանի նախկին դեսպան Գիրսի հետ հանդիպումն էր, որին Ահարոնյանից բացի, մասնակցում էին Պողոս Նուբար փաշան, Համո Օհանջանյանը, Աճեմյանն ու Գարեգին Փաստրմաճյանը։ Գիրսն Ահարոնյանին հայտնում է, որ հնարավոր է մոտ ապագայում համաշխարհային հանրությունը ճանաչի Կոլչակի կառավարությանը, ինչն ուղղակի ազդեցություն կարող է ունենալ Կովկասի վրա։ Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Գիրսը շեշտում է, որ ավելի հավատարիմ դաշնակից, քան հայերը, Ռուսաստանը չունի։
Նա դրական է գնահատում Միացյալ Նահանգների կողմից հայկական մանդատը ստանձնելու փաստը, սակայն Ահարոնյանին ակնարկում է, որ Ամերիկան «նվաճողական քաղաքականություն Արեւելքում չունի եւ վերջ ի վերջո հեռանալու է։ Եվ մենք, հույս ունեմ, որ կմնանք դաշնակիցներ»,- ասում է Գիրսը։ Նա նաեւ վստահեցնում է, որ Կոլչակի կառավարության ճանաչումից հետո «Հայաստանի միությունից ու անկախությունից դուրս ոչինչ չենք զիջի, այո՛, զանազան Ադրբեյջաններին»։
Մինչ Հայաստանը փորձում էր հասկանալ միջազգային դիվանագիտական բարդ հարաբերությունները եւ անկախության երաշխիքներ ստանալ, տարածաշրջանում սրընթաց զարգացումներ էին տեղի ունենում։ Քեմալը հետեւողականորեն ամրացնում էր իր դիրքերն ու համախմբում Հայաստանին թիվ 1 թշնամի համարող թուրք ազգայնականներին, Ադրբեջանն օրեցօր մեծացնում էր ճնշումը Ղարաբաղում եւ Զանգեզուրում, իսկ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմը բեկումնային փուլ էր թեւակոխում, որին հաջորդելու էր բոլշեւիկյան իշխանության աստիճանական ներթափանցումը Անդրկովկաս։
***
Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Հոդվածը՝ Mediamax.am կայքից։