(Մաս երկրորդ)
Սուլեյման Նեջաթին, որն այդ շրջանում «Ալբայրաք» թերթի պատասխանատու խմբագիրն ու գրեթե բոլոր աշխատանքները համակարգողն էր, աստիճանաբար որդեգրում ու բացահայտում և պարտադրում է իր քաղաքական ուղղվածությունն ու նպատակային ուղեգիծը որպես կլիշե (այս դեպքում թերթի յուրաքանչյուր համարում ամրագրված խորագրային ձևաչափ)՝ որդեգրելով «Արևելյան նահանգները Հայաստան չեն լինելու» ժխտողական կարգախոսը:
Էլինա Միրզոյան
«ԱԼԲԱՅՐԱՔ» ԹԵՐԹԸ՝ «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ» ԺԽՏՈՂԱԿԱՆ ԹԵԶԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՂ (1919-1920 ԹԹ.)
Ինչպես այդ շրջանում տպագրվող յուրաքանչյուր թերթում, այնպես էլ «Ալբայրաքում» ևս որոշ գովազդներ են հրապարակվել վերջին էջում՝ նորությունների և այլատեսակ հոդվածների շարքում։ Թեև այդ գովազդները բնութագրվում են որպես հատուկ նպատակով ամենօրյա տեղեկատվական նյութեր, որոնք, թվում է, թե մեծ ուշադրություն չեն գրավում, սակայն դրանք իրականում այդ թերթերի պարագայում ժամանակ առ ժամանակ կարող էին պատմական տեղեկատվություն տալ արդեն գալիք-նախաձեռնած իրադարձությունների մասին, որոնք առավել ռազմաքաղաքական բնույթ էին կրում: Նշենք, սակայն, որ պակաս չէին նաև հասարակական ոլորտին վերաբերող նյութերը (Uca, 2010, 259-282), որոնք լայն ուսումնասիրության անհրաժեշտություն ունեն, քանի որ այդ գովազդներից գրեթե յուրաքանչյուրը կարևոր հուշումներ ու պատկերացումներ է տալիս այդ շրջանի հասարակական կյանքի վերաբերյալ (Uca, 2010, 259-282)։ Իր հրատարակչական գործունեությունը վերսկսած «Ալբայրաք» թերթը սկզբնական շրջանում սահմանափակ հնարավորություններով փորձեց հանրությանը հայտնել Թուրքիայի և տարածաշրջանի նորությունները։ Այն իր ընթերցողներին էր սպասարկում տեղեկատվություն՝ տարբեր քաղաքական թեմաների մեկնաբանություններով, որից աստիճանաբար անցում է կատարում` աջակցելու թրքական Millî Mücadele (Ազգային պայքար) և Kuvayı Milliye («Քուվայի Միլլիյե») շարժմանը (Özçelik, 2021, 21-37): Բացի դրանից՝ ներառվել են ծավալուն վերլուծական նորություններ, հրատարակվել են երկարաշունչ նյութերով սյունակներ և մեկնաբանություններ՝ ազատագրական պայքարին աջակցելու միտումով (Özçelik, 2021, 21-37)։ Այս ուղղությամբ հիմնականում տպագրվում էին նյութեր` միտված թրքական ոգին բարձրացնելուն, ատելություն սերմանելուն և թրքական ցեղասպան գործողությունները հայերին վերագրելուն: Ազգային պայքարի տարիներին հասարակական կարծիք կարող էր ձևավորվել հանրահավաքներ կազմակերպելու, թռուցիկներ բաժանելու միջոցով հայտարարություններ անելով, մզկիթներում հանրությանը դիմելով և կենտրոնացնելով, թերթեր ու ամսագրեր հրատարակելով։ Այդ ընթացքում քարոզչական ամենաարդյունավետ տարբերակը դարձան թերթերը, այս պարագայում քննվող թերթը նույնիսկ դառնում է քաղաքական շարժում առաջնորդող «թրքական խոսք». «Էրզրումն առաջիններից էր, որը ձայն բարձրացրեց։ Դադաշներից (Dadaş Ne Demek, Kime Denir? TDK’ya Göre Dadaş Kelimesinin Anlamı Nedir?, 02.02.2022)1 նշանավորները հավաքվեցին և գոռացին ի լուր աշխարհին՝ «Արևելյան նահանգները Հայաստան չեն լինելու»:
1919 թ. մայիսի 15-ին Իզմիրի տիկինները, որոնք իրենց սրտերում զգացին Էրզրումի օկուպացիայի/բռնազավթման ցավը, հավաքվեցին ու կազմակերպեցին մեծ հանրահավաք՝ բողոքելով օկուպացիայի դեմ և միջադեպը հեռագրելով ԱՄՆ նախագահ Վիլսոնին (İlk sesi haykıran yüce Erzurum, 02.02.2022) ։ Մի խումբ հերոսներ, որոնք սկսեցին լուծում որոնել երկիրն այդ ծանր վիճակից փրկելու համար, սկզբում կազմակերպվեցին՝ Վիլայաթ-ի Շարքիյե Մուդաֆաա-ի Հուկուկ Ջեմիեթիի1 Էրզրումի մասնաճյուղը բացելով, և նրանք իրենց վճռականությունը ցուցաբերեցին Կոնգրեսի միջոցով հունիսի 17-ին «Էրզրումի նահանգային կոնգրեսի» անվան ներքո 1919 թ.» (İlk sesi haykıran yüce Erzurum, 02.02.2022): Էրզրումի համագումարման օրերին ընթացող իրադարձություններին ուշադրությամբ հետևած «Ալբայրաք» թերթը լայնորեն անդրադարձել է համագումարի մասին լուրերին։ Համագումարի ավարտին «Ալբայրաք» թերթը հրապարակել է «Կոնգրեսի հռչակագրի» տեքստը՝ «Արևելյան նահանգները Հայաստան չեն լինելու» խորագրի ներքո՝ (Uca, 2010, 259-282; Temiztürk, Salih Seyhan, 2014, 2349-2365) թերթի 34-րդ համարից սկսած (Temiztürk, Seyhan, 2014, 2349-2365): «Ալբայրաք» թերթն սկսում է իրազեկել ու համախմբել Էրզրումի ու նրա շրջակայքի ժողովրդին նույն նպատակների շուրջ՝ հասարակության ձայնը թրքական հասարակական լայն կարծիք դարձնելու և դրան հաղորդակից դարձնելու նաև համաշխարհային հասարակությանը (Özçelik, 2005, 10-14) ։ Եվ Սուլեյման Նեջաթին, որն այդ շրջանում «Ալբայրաք» թերթի պատասխանատու խմբագիրն ու գրեթե բոլոր աշխատանքները համակարգողն էր, աստիճանաբար որդեգրում ու բացահայտում և պարտադրում է իր քաղաքական ուղղվածությունն ու նպատակային ուղեգիծը որպես կլիշե (այս դեպքում թերթի յուրաքանչյուր համարում ամրագրված խորագրային ձևաչափ)՝ որդեգրելով «Արևելյան նահանգները Հայաստան չեն լինելու» ժխտողական կարգախոսը. «Այս շրջափուլում թերթի առաջնային քաղաքականությունը Արևելյան նահանգների բնակիչներին զգուշացնելն ու լուսավորելն էր և տարածաշրջանում թուրք բնակչության մեծամասնություն կազմելու մասին հայտնելն էր» (Şirin, 2009, 207-220)։ Ըստ էության, «Ալբայրաք» թերթն սկսել է տպագրվել՝ «իրենք իրենց պաշտպանելու» և «Մուդրոսի զինադադարով հաստատված տարածաշրջանի այն իրավունքներից, որով նաև նախատեսվում էր ստեղծել Մեծ Հայաստան՝ թերթի յուրաքանչյուր համարում որպես խորագիր ներկայացնելով «Արևելյան նահանգները Հայաստան չեն լինելու1» թեզը» (Şirin, 2009, 207-220). ցանկացած նյութ տպագրվում էր այս խորագրի ներքո: Թերթը նաև Vilâyât-ı Şarkiyye Müdâfaa-i Hukûk-ı Milliye Cemiyeti-ի Էրզրումում մասնաճյուղի հրատարակչական պաշտոնաթերթն էր (Akbulut, 1991; Necati, 1999), ինչի մասին արդեն նշվել է։ Այն, ինչպես թրքական կողմն է ներկայացնում, հատկապես Սուլեյման Նեջաթին է դարձնում Էրզրումի Ազգային իրավունքների պաշտպանության միության ոգին և Արևելյան նահանգների Ազգային իրավունքների պաշտպանության միության պաշտոնաթերթը։ Թերթը, այս կարգախոսը որդեգրելով, թրքական հասարակական ազգային ոգին բարձրացնելու նպատակ է հետապնդում, որը վերածվում է քաղաքացիական-հասարակական, ինչպես նաև ռազմաքաղաքական լայնածավալ շարժման:
Էլինա Միրզոյան բ․գ․թ․, ՀՑԹԻ Հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի գիտաշխատող
Հոդվածի ծանոթագրությունները եւ գրականության ցանկը տե’ս գիտական հոդվածի սկզբնաղբյուրում հետեւյալ հղումով`