Ինչի մասին է վկայում 2002 թվականից ԱՄՆ-ի կողմից Հրանտ Մարգարյանի նկատմամբ մուտքի արգելքը, երբ ԿՀՎ-ի գործակալները նրան նկատեցին իրանական գաղտնի ծառայությունների ներկայացուցիչների շրջապատում՝ ԱՄՆ 51-րդ նահանգ համարվող Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Դուբայի հյուրանոցներից մեկում:
Կայծ Մինասյան
Հրանտն ու Վիգենը հեծանվով են: Նրանք ոտնակներն են պտտում։ Արագ, շատ արագ են ոտնակները պտտում: Հանկարծ ընկնում են: Հետո վեր են կենում, նստում են իրենց հեծանիվները և ոտնակներն են պտտում… Նրանք արագացնում են ընթացքը: Նորից են ընկնում: Նորից են վեր կենում և նորից նստում հեծանիվները։ Նրանք պտտում են ոտնակները՝ ավելի ու ավելի արագ ու դարձյալ ընկնում են: Եվ այդպես շարունակ… Մինչև այն օրը, երբ Վիգենը, գետնին ընկած, վեր չի կենում, մինչ Հրանտն արդեն հեծանիվի վրա է՝ պատրաստ նորից ճանապարհ ընկնել։ Եվ Վիգենը նրան հարցնում է. «Ի՞նչ իմաստ ունի այս ամենը, Հրա՛նտ։ Մենք անընդհատ ընկնում ենք: Ո՞ւր ենք գնում այսպես։ Կարո՞ղ ենք մի պահ կանգ առնել՝ խորհելու: Մենք չենք կարող մեր անկումը բացատրել միշտ արտաքին պատճառներով՝ թաց մայթ, ուժեղ քամի, կիսաքանդ ճանապարհ և այլն։ Իսկ եթե մեր հեծանիվները պարզապես անսարք են: Իսկ եթե մենք ինքներս ենք թույլ՝ նվաղած: Կամ ի՞նչ, եթե մեր ընտրած երթուղին այլևս ճիշտ երթուղի չէ։ Կարո՞ղ ենք հանգիստ մտածել մեր ընկնելու հետևանքների մասին և վերջապես հասկանալ, թե ինչ իմաստ պետք է տանք մեր ուղուն, մեր ռեսուրսներին և մեր անձնակազմին»: Հրանտը ոչինչ չի ուզում լսել, և Վիգենին լսելու և շարունակ ընկնելու պատճառների շուրջ խորհրդածելու փոխարեն, նա խլում է Վիգենից հեծանիվը և կոտրում այն։ Այնուհետև նրանից խլում է գոյության բոլոր միջոցները, մեղադրում է գործի դիտավորյալ վիժեցման՝ խափանարարության մեջ, նորից նստում իր երկանիվ փոխադրամիջոցը և հետո շատ մեծ արագությամբ ճանապարհ է ընկնում, նորից ընկնում է, նորից նստում իր ժանգոտ հեծանիվը և այսպես շարունակ… Մնացածը Ձեզ արդեն ծանոթ է։ Այսպես կարելի է ամփոփ ներկայացնել այն ճգնաժամը, որը տարիներ շարունակ ծվատում է ՀՅԴ-ն՝ հայտնվելով Դաշնակցության Բյուրոյի և Կալիֆոռնիայի դաշնակցականների միջև՝ որպես բանականության և զգացմունքների միջև ընթացող վերափոխված կռիվ։ Այնուամենայնիվ, երկար ժամանակ է, ինչ ՀՅԴ-ի ներսում զգացմունքները ճնշում են բանականությանը: Ընդ որում, վատագույնը դեռ առջևում է, քանի որ քանի դեռ առավելապաշտները մնում են իշխանության ղեկին, ՀՅԴ անվանումը զուգորդվելու է Բանականության բացակայության հետ…
Դաշնակցության էկոհամակարգում՝ բնականորեն կառուցված միջավայրում, Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ առանձին թղթապանակի նյութ են՝ Ամերիկայի դեպքում Բյուրոն միայն մեկ սկզբունք ունի. տնտեսապես օգուտ ստանալ այն ամենից, ինչ ստացվում է ամերիկյան դաշնակցական կենտրոնից՝ երբևէ նրան կարևոր քաղաքական հենակետ չդարձնելով ՀՅԴ ներսում: Այս դիտվածքում Կուսակցության ղեկավարությունը, առանց ակնհայտ պատճառի, որոշեց ամերիկյան դաշնակցական ճյուղը բաժանել երկու մասի կամ երկու «տարածաշրջանի»՝ Արևմտյան շրջանը կամ Կալիֆոռնիան՝ «Կարս» կենտրոնական կոմիտեով (այսուհետ օգտագործելու ենք «Կարս» անվանումը՝ նկատի ունենալով Արևմտյան Ամերիկայի Դաշնակցությունը) և Արևելյան շրջանը կամ Բոստոնը՝ «Շիրակյան» կենտրոնական կոմիտեի գլխավորությամբ (այսուհետ օգտագործելու ենք «Շիրակյան» անվանումը՝ նկատի ունենալով Արևելյան Ամերիկայի ՀՅԴ), ասես գոյություն ուներ երկու ամերիկյան դաշնային կառավարություն և, որ ավելի դժվար էր կառավարել մի քանի հազար մարդու, քան ավելի քան 330 միլիոն բնակիչ ունեցող մի ամբողջ նահանգ: Իրականում այս անկանոնության պատճառը ոչ այլ ինչ է, քան «բաժանի՛ր և տիրի՛ր» հին գործելաոճը։ Մի խոսքով, կարևոր էր, որ ԱՄՆ-ում «Կարսն» ու «Շիրակյանը» չմիավորվեին, որպեսզի հանկարծ այս երկու ճյուղերը վերամիավորվելուց հետո, եթե ոչ՝ չափազանց հզոր, գոնե չափազանց ազդեցիկ չլինեին ՀՅԴ գործերում։ Այսպես էր ընթանում ամեն ինչ Կուսակցությունում դեռ Ռուբենի ժամանակաշրջանից, որը միշտ էլ թերահավատորեն էր վերաբերում Միացյալ Նահանգներին՝ ավելի շատ բրիտանամետ լինելով: Բայց դա երբեք չի խանգարել Միացյալ Նահանգների կուսակցականներին վրդովվել կամ առարկել Բյուրոյի այս կամ այն ձեռնարկմանը կամ դիրքորոշմանը: Արդարև, մի կողմից ՀՅԴ «Կարս» և «Շիրակյան» թևերի և մյուս կողմից՝ Բյուրոյի հարաբերությունները պարբերաբար ցնցումների, լարվածության ու պառակտումների էին ենթարկվում։ Բավական է հիշել 1930-ական թվականներին գեներալ Սմբատ Բորոյանի և փաստաբան Մաթեոս Ֆերահյանի ապստամբությունը Ռուբենի դեմ, կամ 1950-ականների վերջում ԱՄՆ-ում Բաբկեն Փափազյանի առաքելությունը բարելավելու հարաբերությունները Բյուրոյի հետ՝ միաժամանակ խորացնելով «բաժանի՛ր և տիրի՛ր» սկզբունքով ստեղծված ծուղակը, կամ նույնիսկ 1970-ականներին թշնամաբար տրամադրված ամերիկյան դաշնակցականների զայրացած արձագանքը Հայդատական մշակութային հեղափոխությանն ու ՀՅԴ լիբանանացմանը և դրանց հետևանքով առաջացած զտումներին, կամ 1990-ականների սկզբին «ՀՅԴ վերահիմնադիրների» և ՀՅԴ օրգան «Եռագույն դրոշակ» պարբերականի այլախոհությունը, որը ղեկավարում էին 1972-ին Վիեննայի XX-րդ Ընդհանուր Ժողովի երկու նախկին պատվիրակ Անդրանիկ Ուրֆալյանը և Հրաչ Թուրիգյանը։ Վերջապես, վերջին իրադարձությունը, որն ընթացքի մեջ է․ 2010-ականների վերջին դանդաղ ճգնաժամ է սկսվել Բյուրոյի առավելապաշտների համար, սակայն այժմ այն շատ տարբեր է նախորդ դաշնակցական ցնցումներից: Ինչի՞ մասին է խոսքը։
Ամեն ինչ սկսվեց Բյուրոյի՝ «Կարսի» ղեկավարությանն ուղղված դիտողություններով, պարզաբանումներով ու հիշեցումներով «Ասպարեզում» կոռուպցիայի դեմ պայքարի բացակայությունը դատապարտող հրապարակումից հետո, որը կասկածի տակ էր դնում կոալիցիոն կառավարության որոշ դիրքորոշումների արդիականությունը։ Ավաղ, «Ասպարեզի» գլխավոր խմբագրին հաջողվեց միայն թափանցել Երևանում իշխանության մեջ ՀՅԴ-ի ստեղծած տարածքը, որը նեղ միջանցք է հիշեցնում, որտեղից կարելի է հավասարակշռություն պահպանել, դաշնակցելով մեծամասնությունը ներկայացնող կուսակցությունների հետ՝ առանց նախագահներ Քոչարյանի և Սարգսյանի վարած քաղաքականությանը հարելու կամ ընդհակառակը՝ հետևել այս նախագահների քաղաքական ուղղությանը՝ չհարելով իշխանության մյուս կուսակցությունների դիրքորոշմանը։ Սա այսպես ասած՝ լարախաղացի դիրքորոշում էր, որը «Կարսը» մեկնաբանում է նախ և առաջ որպես ցանկացած համագործակցությունից վեր՝ իշխանության նկատմամբ պահանջի սկզբունք, մինչդեռ Բյուրոն գերադասում է դա դիտարկել՝ որպես նախ իշխանության հետ համերաշխության պահանջ, ապա ձախերի ներքին կարգավորումներ։ Մի խոսքով, «Կարսի» տեսանկյունից՝ պահանջը նախորդում է համերաշխությանը, մինչդեռ ըստ Բյուրոյի՝ համերաշխությունը նախորդում է այդ պահանջին։ «Կարսի» համար ՀՅԴ-ն առաջ է ընկնում իշխանությունից, իսկ Բյուրոն նույնացնում է իշխանությունն ու ՀՅԴ-ն…
«Կարսը», ճիշտ է, հիանալի հաղթաթղթեր ունի ձեռքին. Կալիֆոռնիան ամենաբնակեցված ամերիկյան նահանգն է, որտեղ քաղաքական գործիչները երկրի ամենահայտնի դեմքերից են։ Խոսքը հատկապես Ներկայացուցիչների պալատի երկարամյա նախագահ Նենսի Փելոսիի մասին է։ ԱՄՆ-ի տնտեսական «շնչառությունն» ապահովող Կալիֆոռնիան ամերիկահայ երևելի գործարարներ ունի և ամենամեծ հայկական սփյուռքն է Արևմուտքում (խոսքը Կալիֆոռնիայում ապրող 600-700 000 ամերիկահայերի մասին է), քանի որ այն դարձել է դեպի Արևմուտք գաղթող բոլոր հայերի իջևանատեղը (Իրան, Լիբանան, Սիրիա, Հայաստան)։ Հետևաբար, այն ՀՅԴ ամենամեծ շրջաններից է, արևելահայ մշակույթների մի տեսակ կարկատան: Ընդ որում, գաղթականների թիվը շարունակում է աճել։ Եթե 1970-ականներին Կալիֆոռնիայի շրջանն ուներ մի քանի հարյուր կուսակցական, ապա այսօր ՀՅԴ-ն անցել է 1400 անդամների նշաձողը` չհաշված կից կազմակերպությունների անդամների թիվը, ինչն ավելի քան 5000-ից 10000 է: Սա միակ շրջանն է, որտեղ դաշնակցական օրաթերթը, տվյալ դեպքում «Ասպարեզը», հավելյալ տպաքանակով է լույս տեսնում և ունի պատկառելի ու ակնհայտորեն աճող տպաքանակ։ Հայկական դպրոցական խոշոր ցանց և ամենակարևորը՝ հայագիտության համալսարանական ամբիոններ ունեցող, շատ խիտ բնակեցված Կալիֆոռնիան, հիրավի, հայկական սփյուռքի նոր հենակետն է (մինչև 1945 թվականը Փարիզից և 1945-1991 թվականներին Բեյրութից հետո): Այդ մասին են վկայում ամերիկահայ քաղաքացիների մեծ երթերն ապրիլի 24-ին, մասնավորապես ցեղասպանության հարյուրամյակի տարելիցին 2015 թվականին, երբ 160.000 մարդ էր մասնակցում Լոս Անջելեսի հսկա ցույցին, ինչպես նաև սերտ կապերը, որ գոյություն ունեն Կալիֆոռնիայի, Հայաստանի և Արցախի միջև։ Հարկ է հիշել, որ «Կարսը» ՀՅԴ ամենահզոր ֆինանսական ճյուղն է. միայնակ այն կարող է ֆինանսավորել ամբողջ դաշնակցական ընտանիքն աշխարհում։ Նրա «դիվանագիտական» թևը (ՀԱԿ) դաշնակցական ուղեծրում ամենաակտիվներից է, իսկ «Կարսի» ղեկավարությունը հայտնի է իր բաց քաղաքականությամբ, հանդուրժողականությամբ և այն սակավաթիվ կարգապահական միջոցներով, որոնք ձեռնարկվել են տասնամյակներ ի վեր, ի տարբերություն Բյուրոյի ավազակախմբի ձեռնարկած միջոցների:
Եվ ահա, այս բոլոր հարստություններով հանդերձ, «Կարսը» չարամիտ ցանկության և նախանձի առարկա է դարձել, և դա խաթարում է դաշնակցական կարգը։ Ուստի այն պետք է թուլացնել կամ գոնե գտնել նրա բոլոր լծակները, քանի որ այն ուղղակիորեն չի ղեկավարվում Հրանտ Մարգարյանի կողմից, ով չի կարողանում իր կամակատարներին դնել Կալիֆոռնիայի ղեկին։ Այնպես որ, ինչպես միշտ, հարկավոր է կոտրել այն ամենը, ինչը նա չի վերահսկում քաղաքական, ֆինանսական և կազմակերպչական առումով։ Բայց «Կարսը» փակելու այս ցանկությունը համահունչ է նաև մեկ այլ՝ այս անգամ արդեն ռազմավարական օրակարգի՝ Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից առաջ և հետո՝ 2019 թվականին (Կոնգրեսի կողմից) և 2021 թվականին (Սպիտակ տան կողմից), ռուսներն ու իրանցիները թերահավատորեն էին նայում Վաշինգտոնի ձեռնարկած այս հայանպաստ քայլերին և դրանցում տեսան ամերիկյան փափուկ ուժի (soft power) հետքը Հայաստանի վրա։ Փափուկ ուժ, որը Մոսկվան և Թեհրանը պետք է բացարձակապես զսպեն կամ կասեցնեն, նույնիսկ ոչնչացնեն։ Այնուամենայնիվ, «Կարս» միավորումը, որը չափազանց ուժեղ է ՀՅԴ-ում, հետևաբար Հայաստանում, խափանում է ռուսների և իրանցիների շահերը, ովքեր ցանկանում են իրենց ազդեցության տակ պահել Հայաստանը և իրենց կամքը պարտադրել ՀՅԴ-ին: Իսկ դրա համար ռուսներն ու իրանցիները հենվում են առաջին հերթին առավելապաշտների վրա, ինչպիսիք են Հրանտ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Իշխան Սաղաթելյանը և ուրիշներ: Այստեղից էլ՝ Բյուրոյի անդադար հարձակումներն ու ճնշումները, նպատակ ունենալով կոտրել «Կարսի» դիմադրությունը, այնուհետև հնարավորության դեպքում վերականգնել փլուզված միավորումը և, ի վերջո, նորոգել Կալիֆոռնիայի այդ դաշնակցական կառույցը, բայց արդեն Ռուսաստանի և Իրանի քիմքին համապատասխան։
Միայն թե «Կարսը» դիմադրում է, և ամերիկյան իշխանություններն էլ այդքան միամիտ չեն, ինչի մասին է վկայում 2002 թվականից ԱՄՆ-ի կողմից Հրանտ Մարգարյանի նկատմամբ մուտքի արգելքը, երբ ԿՀՎ-ի գործակալները նրան նկատեցին իրանական գաղտնի ծառայությունների ներկայացուցիչների շրջապատում՝ ԱՄՆ 51-րդ նահանգ համարվող Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Դուբայի հյուրանոցներից մեկում, մինչդեռ Բյուրոն կարողացավ 2000 թվականի վերջին կամ 2001 թվականի սկզբին Հրանտի ներկայությամբ լիագումար նիստ գումարել Կալիֆոռնիա քաղաքում։ Ինչպե՞ս կարելի է անլուրջ վերաբերել Միացյալ Նահանգների անվտանգության ծառայությունների տեսադաշտում հայտնվելու փաստին, երբ երևում ես Վաշինգտոնի թշնամի Իրանի Իսլամական Հանրապետության գաղտնի ծառայությունների գործակալների կողքին:
«Կարսը» թիրախավորելն այսպիսով Հրանտ Մարգարյանի անձնական համոզմունքն է, որի գերիշխող ազդեցությունը ՀՅԴ այս թևի վրա նրան հնարավորություն է տալիս նաև «Դաշնակցության գանձարանը» ձեռքն առնել, որպեսզի ամբողջովին կախված չլինի հայկական պետական ապարատի հատկացրած միջոցներից, որոնց մի մասը կառավարվում է ՀՅԴ կողմից՝ 1998 թվականին կառավարության կազմում իր ընդգրկումից ի վեր: Ազատորեն տնօրինել «Կարսի» գանձերը, ինչպես նաև Հերթապահի համար նախատեսված գումարը, այն դեպքում, երբ ոչ ոք չգիտի, թե որտեղից են գալիս և ուր են գնում գումարները, նշանակում է թույլ տալ ընկեր Հրանտին տնօրինել այդ փողերը, ինչպես Տարտյուֆն է անում Մոլիերի «Տարտյուֆ» կատակերգության մեջ՝ քիչ թե շատ գաղտնի ֆինանսական պայմանավորվածությունների միջոցով, որպեսզի ներդրումներ կատարի մասնավոր գույք (սրճարաններ, խորտկարաններ, հյուրանոցներ) ձեռք բերելու համար և այդպիսով կարողանա ինքնուրույն ղեկավարել «իշխանական որջերը», և որպեսզի ավելի լավ ազդի վարչակարգի կայացրած որոշումների վրա, կամ գոնե, որպեսզի կուսակցական ընկերներին ստիպի հավատալ, որ իրենց կուսակցությունը, որն ինքը դիտում է որպես իր անձնական բիզնեսը, կարևոր դերակատարում ունի պետական քաղաքական կյանքում:
Բոլորը խաբված են ՀՅԴ և ՀՀ բացարձակ իշխանության միջև առկա վերոնշյալ հանցակցություններից, գաղտնի պայմանավորվածություններից, խղճի հետ կնքված գործարքներից, որտեղ ՀՅԴ-ն քսան տարի ի վեր վիթխարի գումարներ էր կորզում այնպիսի ջոջապետերից, ինչպիսիք են Գագիկ Ծառուկյանը՝ «Դոդի Գագո» մականունով, կամ Միքայել Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի դուրսպրծուկ փեսան՝ որպես խոշոր մեդիամիավորման ղեկավար, և այլ նոր մեծահարուստներ հասարակական կյանքի բոլոր ոլորտներից՝ քաղաքականությունից մինչև բիզնես, խորհրդային-միջնադարյան ժամանակներից ժառանգած աչքի զարնող ճաշակով և գործելաոճով։ Բոլորը խաբված են, այո, բացի «Կարսից», որի առաջնորդները, տեղական կաշառակերության մեջ թաղված վարչակարգի չարաշահումների ականատեսները լինելով, իրենց ֆինանսական խրախճանքների մեջ ներքաշված և կուսակցական բարեվարքության համար քիչ մտահոգվող ՀՅԴ-ին ասացին «Կանգ ա՛ռ» /«STOP»/ 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ հրապարակայնորեն ընդդիմանալով Բյուրոյի կողմից սկզբունքների և կանոնադրության բոլոր խախտումներին․ նախ ներսից՝ երբ Բյուրոյի անդամ, Կալիֆոռնիայում հաստատված Վիգեն Հովսեփյանը սեփական կուսակցության թերությունները տեսնելով, 2011 թվականին որոշեց դուրս գալ այդ փակ շղթայից, այնուհետև դրսից՝ 2020 թվականի դեկտեմբերին, երբ նրանք հրապարակայնորեն ցուցադրեցին իրենց դժգոհությունը ՀՅԴ բարձրագույն ղեկավարության դեմ։ Եվ ինչպես Հռոմի պապն է իր ավանդական Urbi et orbi /«Քաղաքին /Հռոմին/ և աշխարհին»/ ուղերձով դիմում հավատացյալներին, «Կարսի» ղեկավարները դիմեցին ՀՅԴ-ին՝ «Կանգ ա՛ռ, հե՛րիք է» կոչով։
Նրանք ասացին «Կանգ ա՛ռ» Բանականության բացակայությանը, որը շատ երկար է տիրել ՀՅԴ շարքերում՝ դրանք պարուրելով խեղդամահ անող ինքնասպանության անպտուղ և վտանգավոր զգացումով, քանի որ երբ կեղծ խանդավառությունը (pathos) տիրում է մտքին ու բանականությանը (logos)՝ բարոյագիտություն (ethos) ստեղծելու նպատակով, ոչ մի իրական, կառուցողական և ինքնաճանաչողական բան այլևս չի մնում: Նրանք ասացին «Կանգ ա՛ռ» կուսակցական առաջնորդների կործանարար երևակայությանը, որը ոչնչացնում է մարդու կյանքն ու միտքը, ով դարձել է ոչ հողեղեն մահկանացու՝ առանց շարժիչի և վառելիքի մեքենայի մեխանիզմի նման։ «Կանգ ա՛ռ» ասացին դաշնակցական ձրիակերներին, որոնք ՀՅԴ ընդհանուր դրամագլուխն օգտագործում են անձնական նպատակների համար, մինչդեռ այսօր ՀՅԴ-ն ո՛չ կանխիկ գումար ունի, ո՛չ էլ այլ միջոցներ: Նրանք ասացին «Կանգ ա՛ռ» գաղափարական կենտրոնամետությանը, որը ժխտողականություն է սերմանում այնպիսի ուղերձով ներշնչվածների մեջ, որն իր մեջ մի ամբողջ աշխարհ է պարփակում, որը, ավաղ, գոյություն չունի և չի էլ կարող գոյություն ունենալ: Նրանք «Կանգ ա՛ռ» ասացին չափազանցության և ամբարտավանության հռետորաբանությանը, որպեսզի ՀՅԴ-ն վերջապես գտնի Քրիստափորյան դիալեկտիկայի ուղին: «Կանգ ա՛ռ» ասացին քոչարյանասարգսյանականությանը, այն է՝ հնացած ու ախտածին, խելացնոր ու դաժան երկգլխանի հրեշին: Նրանք ասացին «Կանգ ա՛ռ» այս քաղաքական գլխահակ հետևորդությանը, որի իմաստը ՀՅԴ-ն իր իսկ ստվերը կամ ավելի ճիշտ Քոչարյան-Սարգսյան կասկածելի զույգի աղոտ ուրվապատկերը դարձնելն է, մինչդեռ ՀՅԴ-ն միշտ էլ ընտրել է անկախ կամ երրորդ ճանապարհը։ Նրանք ասացին․ «Կանգ ա՛ռ» Բյուրոյի ֆիդայականացմանը և քաղաքականության ու ռազմական շփոթությանը, որտեղ զենքն ու գաղտնիությունը պաշտամունքի աստիճանի են հասցված, երբ այն, ինչ պետք է գաղտնի լինի, գաղտնի չէ (կոշտ և արհեստավարժ գործունեություն), և այն, ինչ պետք չէ գաղտնի լինի, գաղտնի է (կաշառակերություն և անթափանցիկություն): «Կանգ ա՛ռ» ասացին ՀՅԴ սատանայական գործելաոճին Հայաստանում, որը 30 տարի Էրգրից դուրս գտնվող կուսակցականներին ստիպել է հավատալ, որ պետք է ատել ՀՅԴ հակառակորդներին, մինչդեռ նրանք իրենք են սերտ և երկարամյա հարաբերություններ պահպանում նրանց հետ, ում պետք է ատել։ Նրանք «Կանգ ա՛ռ» ասացին դյուրահավատ կուսակցականների շրջանում Բյուրոյի կողմից տարածված ստին առ այն, որ իրենք Հայաստանի «կեղծ» (fake) դաշնակցականների հետևորդն են։ «Կանգ ա՛ռ» ասացին այն քաղաքական դիմակահանդեսին, որը 30 տարվա ընտրական պարտությունները վերածում է գերագույն ամբարտավանության՝ ավարտին՝ ինքնաշնորհավորանքով և ինքնարդարացմամբ։ Նրանք ասացին «Կանգ ա՛ռ» առավելապաշտներին, ովքեր ոտնակներն են պտտում անօդ տարածության մեջ, ինչպես մկներն են սիրում պտտվել անիվի մեջ՝ իրականում չիմանալով, թե ինչու, եթե ոչ՝ համոզված լինելով, որ հասնելու են հորիզոնին, բայց ովքեր շրջադարձով մոտենալու փոխարեն, միայն հետընթաց են անում՝ ստելով: Նրանք ասացին «Կանգ ա՛ռ» ՀՅԴ-ն ղեկավարող իրական քաղաքական հանցագործի դաժան, արագ գործելաոճին, ով միշտ սպառնացել և վախեցրել է իրեն դիմադրողներին՝ 21-րդ դարի «փոքրիկ Ռուբենի» նման, որը շփոթում է քաղաքականությունը և գաղափարախոսությունը կամ ավելի ճիշտ ժողովրդավարությունն ու բռնապետությունը։ Նրանք ասացին «Կանգ ա՛ռ» վատի քաղաքականությանը, որն անոտուգլուխ Դաշնակցությանը քշում է գնդակահարության պատի տակ կամ անդունդի եզրին՝ բաց թողնելով Պատմության գնացքը և ժողովրդական ցնծության հավաքները։ Նրանք ասացին «Կանգ ա՛ռ» ժողովրդից և քաղաքացիներից բացարձակապես կտրված ավազակապետական, ջոջապետական իշխանությանը մասնակցելուն։ Նրանք ասացին «Կանգ ա՛ռ» ՀՅԴ-ում չափազանց երկար իշխող առավելապաշտությանը, որը, քայքայելով կուսակցությունը, հանգեցրեց ամուր և ժողովրդական կուսակցության վերափոխմանը հեղհեղուկ կազմավորման կամ հարուստ պատմություն ունեցող կուսակցությունից՝ հիշողության կորուստ ունեցող կուսակցության, կարծես թե Դաշնակցության հսկաների ողջ ժառանգությունը երբեք գոյություն չէր ունեցել։ Սա է Մոնտեբելոյի 2021 թվականի հոկտեմբերի 9-ի և 10-ի կոչի ողջ իմաստը, երբ «Կարսի» ղեկավարությունը բարձր ու հստակ գոչեց, որ չի ցանկանում, որ իրեն տեր կանգնեն դաշնակցական գերեզմանափորները, նրանք ովքեր երեք տասնամյակ ի վեր էժան գնով վաճառում են նրա հարստությունը և թքում անկեղծ ու նվիրյալ ընկերների բոլոր սերունդների երեսին՝ հընթացս ձևացնելով, որ նրանք «պապից ավելի կաթոլիկ են», կամ ավելի ճիշտ՝ «դաշնակցականներից ավելի դաշնակցական են», մինչդեռ առավելապաշտները միայն կուսակցական թնդանոթներ են, որոնք ՀՅԴ-ն շրջում են իրենց իսկ կուսակցական շարքերի՝ դաշնակցականների դեմ… Սա է Մոնտեբելլոյի կոչի ճշմարիտ խրատը, որը, անկասկած, կդառնա ՀՅԴ պատմության մեջ մի նոր Մանիֆեստ ընդդեմ նրանց բռնակալության և անարգանքի, ովքեր խլել են այն ադամանդը, որը ոչ այլ ինչ է, քան ՀՅԴ պատմությունը:
Բայց կոնկրետ ի՞նչ տեղի ունեցավ, որը հանգեցրեց Մոնտեբելոյի կոչին: Եկեք մի քանի տարի հետ գնանք՝ ապստամբության անցած ողջ ճանապարհը վեր հանելու համար, որն, անկասկած, մտավ ՀՅԴ պատմագրության մեջ՝ որպես մի ամբողջ մոլորված, հիասթափված և զայրացած սերնդի հույսի ճիչ:
«Կարսը» կարգապահ միավորում է, որին շատ երկար ժամանակ նվաստացրել է Հրանտ Մարգարյանը, որն իր բռնապետությունն է կառուցել՝ կուսակցականներին՝ ավելի լավ վերահսկելու համար։ Կենդանավարժի հարկադրական մեթոդներից զզվելով՝ Վիգեն Հովսեփյանը վերջապես բացեց մյուս կուսակցականների աչքերը և Ցյուրիխի արձանագրությունների դրվագից հետո նրանց տեղեկացրեց, որ ինքը հրաժարվում է Բյուրոյի մանդատից 2011 թվականի XXXI-րդ Ընդհանուր Ժողովից հետո։ Նա ինքն իրեն ասում էր, որ ի վերջո կարելի է նաև մտածել ինքնավարության սկզբունքը նախ կիրառել սեփական անձի նկատմամբ, որպեսզի այն ավելի պաշտպանված լինի դաշնակցական իշխանական կենտրոնից դուրս։ Բյուրոյից հեռանալուց մի քանի ամիս անց Վիգեն Հովսեփյանը ստանձնում է «Կարսի» ղեկավարությունը և ընկերների քվեներով հզորացած՝ հասկանում է, որ Հրանտ-Վահան զույգի գլխավորած Բյուրոյից ավելին պետք չէ սպասել։ Սակայն Հրանտը կատաղում է, քանի որ նրա նպատակն էր Վիգենին պահել իր կողքին, որպեսզի նրան ավելի լավ վերահսկի, բայց ամենից առաջ նպատակ ուներ հեշտացնել «Կարսի» կառավարումը` իր ամերիկացի «ընկերոջը» կիտրոնի պես սեղմելով մինչև ուժասպառ անելը և այդպիսով կարգի հրավիրելով «Կարսը»՝ առանց իր չար դիտավորությունն ի ցույց դնելու․ ստիպել ուրիշներին անել այն, ինչ ծրագրել է, որպեսզի հետո հայտնվի որպես փրկիչ, երկխոսության կողմնակից, իմաստուն մարդ, որպեսզի, ի վերջո, վայելի «Կարսի» հարստությունը՝ միաժամանակ քաղաքականապես կազմալուծելով այն։ Կատարյալ անհաջողություն է Հրանտի համար, ով չի ստանում ամերիկյան ոչ մի պատվիրակի համաձայնությունը։ Նրանցից ոչ մեկը համաձայն չէ Բյուրոյի անդամ դառնալ: «Թագավորը մերկ է», ավելի ճիշտ՝ «Հերթապահը մերկ է» այն աստիճան, որ իր երկու կնքահայրերի՝ Վահան Հովհաննիսյանի, այնուհետև իր աշխատակազմի ղեկավար, խորամանկ Վահիկ Հարությունյանի մահը նրան հունից հանում է՝ ստիպելով դուրս նետել ամբողջ դառնությունն ու նենգությունը։ Պայթունը տեղի ունեցավ XXXII-րդ Ընդհանուր Ժողովում, 2015 թվականին, երբ Հրանտ Մարգարյանն ընտրվեց Բյուրոյի անդամ՝ միայն մեկ ձայնով հաղթահարելով բացարձակ մեծամասնության շեմը: Նրա համար, ով աֆրիկացի միապետի պես թագավորում է բարոնների կալվածքների վրա, դա իսկական անարգանք է, բայց նա գիտի, որ դրա պատճառով քիչ էր մնում աշխատանքը կորցներ։ Ամերիկյան և լիբանանցի պատվիրակների գլխավորած ճակատի պատճառով, հազիվ անհրաժեշտ ձայները հավաքած Հրանտը ցանկանում է ստիպել վիրավորանքը վճարել նրանց, ովքեր դեմ են այս հին կազմակերպության կանոնադրությունից և սկզբունքներից վեր գտնվող իր բռնապետական իշխանությանը: Անձնական փոքր բավարարվածություն ունեցավ, երբ Բյուրոյում ընտրել տվեց երկու ամերիկացիների՝ Խաչիկ Մուրադյանին՝ «Շիրակյանից» և Վիգեն Յակուբյանին՝ «Կարսից», որը պատասխանատու էր միավորման գործունեությունը վերահսկելու համար, ինչպես մեկը կրակի վրա դրված կաթի եռալուն կհետևեր: Իսկ Լիբանանում Հրանտ Մարգարյանը Շրջանային Ժողովի ժամանակ բացահայտ պայքար տարավ նրանց դեմ, ովքեր Ընդհանուր Ժողովում իրեն չէին ընտրել։ Բյուրոյի հերթապահի միջամտությունը Լիբանանի Շրջանային Ժողովում, հանգեցրեց բյուրոյական ԿԿ-ի ընտրությանը, որը գոյատևում է մինչև օրս։ Իսկ Բյուրոյին հակադրված կողմի դեմ բացահայտ հալածանք սկսվեց, որոշ ընկերներ հեռացվեցին, ուրիշները՝ մեկուսացվեցին։ Իրականում, բացառվում է, որ գործընթացը շարունակվի մինչև հաջորդ Ընդհանուր Ժողովը, որն անկասկած ճակատագրական կլինի նրա համար, մանավանդ որ պատմությունն արագ ընթացք է ստանում 2018 թվականի ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո, որը տապալում է իր դաշնակից Սերժ Սարգսյանի ռեժիմը։ Հետևաբար, անհրաժեշտ է հնարավորինս արագ հաշիվները մաքրել դիմադրողների հետ՝ մինչև իր հերթը հասնելը: Այսպիսով, Հրանտը մեկ առ մեկ, ուղղակիորեն կամ Հայաստանի ՀՅԴ Գերագույն մարմնի հետ համատեղ ձեռք է բերում Աբո Պողիկյանի, Նազարեթ Բերբերյանի և Անդո Պողոսյանի հեռացման որոշումը։ Մնում է «Կարսի» դեպքը՝ տեսադաշտում երկու անձով, դրանք են Վիգեն Հովսեփյանը և ակադեմիկոս Արա Խանջյանը։ Վիգեն Հովսեփյանին կանչում են 2016 թվականի ապրիլին՝ ստիպելով նրան հրաժարվել ՀՅԴ-ում իր պաշտոնից, ընդ որում հրամանն արձակվում է 53-րդ Շրջանային ժողովից երեք ամիս առաջ: Որպես «Կարսի» հեռացող առաջնորդ, վերջինս, այնուամենայնիվ, կարողանում է համոզել իր ընկերներին, որ այս կամ այն կերպ անհրաժեշտ է կասեցնել անպատասխանատու և բռնապետական Բյուրոյի գործողությունները, և իր 53-րդ Շրջանային Ժողովի որոշումներով «Կարսը» կոչ է անում մյուս շրջաններին միանալ իրեն, ՀՅԴ կանոնադրության համաձայն՝ ստեղծելու «կուսակցական դատարան» ընդդեմ ՀՅԴ ղեկավարության։ Վերջինս այս միջնորդությունը համարում է անընդունելի, հակականոնադրական, մինչդեռ «Կարսն» օգտագործում է միայն կանոնադրության մեջ նշված բոլոր հնարավոր պաշտպանական միջոցները։ Նվաստացման մեկ այլ ձև է, երբ 2 տարի «առանց հանցանքի» պատժին Բյուրոն ավելացնում է նրա նկատմամբ մեկ տարվա կասեցում՝ մինչև 2018 թվականի նոյեմբերը, այսինքն՝ 2019 թվականի հունվարին տեղի ունեցած XXXIII-րդ Ընդհանուր Ժողովից մեկ կամ երկու ամիս առաջ։ Նպատակն ակնհայտ է։ Վիգեն Հովսեփյանին ամեն չարիքում մեղադրելը նշանակում է գլխատել խռովությունը։ Եվ ամեն ինչ վերադառնում է իր բնականոն հունին: Ինչ վերաբերում է Արա Խանջյանին, ապա նա ազատորեն արտահայտվում է «Ասպարեզում» և սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ Facebook-ում՝ իր կասկածները հայտնելով ՀՅԴ գծի անհամապատասխանության վերաբերյալ, մասնավորապես՝ կապված՝ կաշառակերության դեմ պայքարում կուսակցության պասիվության և Սերժ Սարգսյանի կոռումպացված ռեժիմի դեմ ժողովրդական բողոքի հանդեպ լռության հետ։
Բայց հետո, 2018-ի գարնանը տեղի է ունենում աներևակայելին, և երկու ամսվա ընթացքում թավշյա հեղափոխությունը մաքրում է իր ճանապարհին ամեն ինչ։ Սերժ Սարգսյանի ռեժիմը տապալվում է, նոր վարչապետը հույսը դնում է հեռացող կոալիցիայի փոքրաթիվ կուսակցությունների վրա, որպեսզի 2018 թվականի մայիսին վարչապետ ընտրվի և նոր Հայաստանի համար պայմաններ ստեղծի՝ ժողովրդին ավելի մոտ և հանձնառու պետական իշխանության վերականգնման համար։ ՀՅԴ-ն տատանվում է, կուսակցության շարքերը նոսրանում են, մի քանի հարյուր անդամներ լքում են այն Երևանում, իսկ արտասահմանում ապրողները հմայված են երիտասարդ սերդով, որը դուրս է եկել փողոց՝ ապահովելու պետության պաշտպանությունը այս այլասերված ռեժիմից։ Այնուհետև Հրանտ Մարգարյանն իր դերն ունեցավ՝ թույլ տալով, որ Բյուրոյի անդամներն իրեն համոզեն կառուցողական մոտեցում ցուցաբերել Նիկոլ Փաշինյանի շրջապատի նկատմամբ։ Հանդիպումներ են տեղի ունենում Երևանում և այլուր, իսկ ՀՅԴ-ն ծառայում է նոր վարչակարգին, այսպիսին է Դաշնակցության պաշտոնական ուղերձը Երևանի նոր ուժեղ անձնավորությանը։ Սակայն Հրանտը չի վերջացրել իր հաշիվները երիտասարդ իշխանության հետ: Վատ խաղացող լինելով՝ նա բազմաթիվ սայթաքումներ է ունենում նոր ռեժիմի դեմ, բայց, ի վերջո, հենց նա կորցրեց ոտքի տակի հողը 2018 թվականի հոկտեմբերի 2-ին, երբ իր ընկերներն ու դաշնակցական նախարարները հեռացվեցին Փաշինյանի կառավարությունից, և վերջինս հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին 2018 թվականի դեկտեմբերի 9-ին։
Մինչ սկսվել են XXXIII-րդ Ընդհանուր Ժողովի նախապատրաստական աշխատանքները, ՀՅԴ-ն մտահոգ և անզոր է առերեսվում այս կարևոր քվեարկությանը: Մտահոգությունը հետևանք է 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրություններում իրենց թեկնածուի ցույց տված աղետալի արդյունքի՝ 1,62 տոկոս, այսինքն՝ հազիվ 5000 ձայն, ինչը բոլորն են հիշում։ Անզոր Հրանտն ու իր ընկերները վախենում են ամենավատ ելքից օրենսդրական ընտրություններում՝ հեռանալ Ազգային ժողովից ու հայ քաղաքական կյանքից։ Այսպիսով, 2018 թվականի գարնանային «ազատագրումը» կավարտվի նոր Հայաստանում՝ առանց ՀՅԴ։
2019 թվականի հունվարի 16-ին Հրանտը հասկանում է, որ եկել է իր ժամանակը, երբ նա մեծ աղմուկով բացում է ՀՅԴ XXXIII-րդ Ընդհանուր Ժողովը Ստեփանակերտում՝ ազատագրված Արցախում՝ հեռու երևանյան ջղաձգություններից։ Նա բանակցում է Բյուրոյից հեռացած իր ընկերների հետ հաջորդ ղեկավար կազմից դուրս գալու մասին, սակայն իր հեռանալը պայմանավորում է «Կարսի» վերջնական ջախջախմամբ, որի առաջնորդներից շատերը հմայված են թավշյա հեղափոխության «նրբագեղությամբ», թեպետ այնքան էլ միամիտ չեն 2019 թվականի հունվարի 14-ին երկրորդ անգամ Հայաստանի վարչապետ ընտրված իրենց առաջնորդի անկանխատեսելիության հանդեպ։
Հրանտ Մարգարյանը Բյուրոյի մյուս անդամների համաձայնությամբ պատանդ է վերցնում Ընդհանուր Ժողովը և այն վերածում «Կարսի» դեմ ուղղված հարթակի։ Իսկ այն, ինչ ժամանակագրական առումով պետք է դառնար Բյուրոյի դատավարությունը, շրջվում է դրա նախաձեռնողների դեմ։ Փորձառու պատգամավոր Հրանտ Մարգարյանը վերահսկում է մանդատների մեծամասնությունը և պատվիրակներին կարգում է դատարանի իսկական երդվյալ ատենակալներ, որպեսզի համոզի, որ «Կարսը» դեմ է ոչ միայն ՀՅԴ Բյուրոյին, այլ ողջ կուսակցությանը: «Կարսը» գտնվում է Ընդհանուր Ժողովի խիստ հսկողության տակ, և նրա հիմնական խռովարար տարրերը ենթարկվում են կարգապահական պատասխանատվության. Արման Բարդոյանը պարսավանքի է ենթարկվում՝ «Ասպարեզում» չորս հոդվածով հոդվածաշարի հրապարակման, մասնավորապես՝ «Ժողովրդական մարտահրավերները (փորձությունները)» վերնագրով վերջին հոդվածի համար, որը հրապարակվել է 2018 թվականի դեկտեմբերի 21-ին՝ արտահերթ ընտրություններից մի քանի օր անց։ Սոցիալական ցանցերի անհամաձայնության հարթակներում հանդես եկող Արա Խանջյանը, որին Ընդհանուր Ժողովը «Ապստամբ» որակումն էր տվել, վերջապես ընդունում է իր սխալը։ Ընդհանուր Ժողովն այն ի գիտություն է ընդունում և փակում այսպես կոչված «Խանջյանի» գործը։ Բայց ամենասարսափելի նվաստացումը բաժին է հասնում Վիգեն Հովսեփյանին։ Որոշումներ ընդունող հանձնաժողովի հետ վեց ժամ բանակցելուց հետո Վիգեն Հովսեփյանից պահանջում են, ինչպես Չինաստանի կոմունիստական կուսակցության դատարանների ժամանակներում էր արվում, որպես հանրային ինքնաքննադատության դրսևորում՝ ներողություն խնդրել լիագումար նիստում հավաքված պատվիրակներից․ «Սիրելի ընկերնե՛ր, վերջերս հասկացա, որ կազմակերպչական շատ սխալներ եմ գործել կուսակցական կյանքիս ոչ վաղ անցյալում։ Խոստանում եմ այսուհետ ջանք չխնայել կազմակերպության ներքին մթնոլորտի շուտափույթ վերականգնմանն աջակցելու համար։ Այս ուղերձը փոխանցում եմ ՀՅԴ XXXIII-րդ Ընդհանուր Ժողովի նախագահությանը` որպես ափսոսանքի անկեղծ հայտարարության վկայություն: Վիգեն Ա․ Հովսեփյան, Ստեփանակերտ, 2019 թվականի հունվարի 24»: Ընդհանուր Ժողովն ի գիտություն է ընդունում այս հայտարարությունը և Վիգեն Հովսեփյանի գործը փակված է հայտարարում։ Իսկապե՞ս փակված է: Իրականում՝ ոչ, որովհետև Բյուրոն չհասկացավ կամ շատ լավ հասկացավ, որ «Կարսը» ցնցող խմորումները ոչ թե համաշխարհային ճգնաժամի պատճառն են, այլ ախտանիշը, որը հասել է Դաշնակցությանը։ Եվ այնտեղ, որտեղ «Կարսն» առաջարկում է քաղաքական քննարկումներ անցկացնել՝ ՀՅԴ-ն մրրիկի գոտուց դուրս բերելու համար, Բյուրոն պաշտպանում է վարչարարական մոտեցումը՝ ինքն իր վրա վստահ, քանի որ առաջին անգամ չէ, որ ՀՅԴ-ն այսպիսի ցնցումների է ենթարկվում։ «Բայց այս անգամ պետության հետ գործ ունես, ապու՛շ», և իրոք, իրականում պետության վերականգնումն է հունից հանել ՀՅԴ-ին, որը տեղի ունեցավ 30 տարվա մեջ առաջին անգամ, և դա այն է, ինչ չի ուզում տեսնել առավելապաշտների մեծամասնությունը Ընդհանուր Ժողովներում՝ կուրացած լինելով պետության և Կուսակցության հիմնարար գաղափարների մասին իրենց պատկերացմամբ, մինչդեռ «Կարսը» մտադիր է միայն ՀՅԴ-ն հարմարացնել հայկական պետությանը։ Ահա թե ինչու, 2000-ականների կեսերից դժգոհության առաջին նշաններից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 28-ին «Կարսի» և Բյուրոյի միջև բախումը Ընդհանուր Ժողովներում (2008, 2011, 2015 և 2019 թթ.) և դրա հետ կապված միջնորդական փորձերը, չկարողացան կանգնեցնել ժողովրդավարական, պատասխանատու և իրական դաշնակցական այն քամին, որը փչում է Կալիֆոռնիայից մինչև աշխարհի ամենահեռավոր ՀՅԴ միությունները: Ոչինչ չկարողացավ կանգնեցնել․․․
Եվ միանգամայն բնական է, որ 44-օրյա պատերազմով և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռազմական պարտությամբ արագանում է դեպի դժոխք տեղափոխվելը, որով արագանում է նաև պառակտումը ՀՅԴ ներսում 2020 թվականի դեկտեմբերին: Զգայացունց ալիքը խուճապի է մատնում Բյուրոն, որն այժմ գլխավորում է Հակոբ Խաչատուրյանը՝ Հրանտի «նախկին Բերիան»՝ լուսապսակված իր նոր պաշտոնով, որի մասին նա մտածում էր ամեն առավոտ՝ հայելու առաջ դիրք ընդունելով տարիներ շարունակ: Նորընտիր Բյուրոն՝ Արևմտյան Ամերիկայից երկու կուսակցականների՝ վերընտրված Վիգեն Յակուբյանի և Արամ Գալուստյանի հետ, բազմապատկում է քայլերը՝ մերթ «յեղի», մերթ «դեղի» քաղաքականություն վարելով: Այնուհետև, ինչպես մի վիշապօձ, որն աստիճանաբար խեղդամահ է անում զոհին, ղեկավարությունը ցանկանում է խեղդել «Կարսը» բոլոր միջոցներով, մասնավորապես՝ 2019 թվականի սեպտեմբերին «Կարսի» կենտրոնական կոմիտեի 2018 թվականի հուլիսին օրինականորեն ընտրված 11 անդամների կողքին Բյուրոյի չորս հոգաբարձուների նշանակմամբ։ «Սակայն, 11 անդամից 15 անդամ դառնալը հակականոնադրական է», – արձագանքում է «Կարսը»։ Բայց Երևանում Բյուրոն և Գերագույն մարմինը ունեն կանոնադրության նկատմամբ փոփոխական երկրաչափական մոտեցում. նրանց նպատակը պարզ է՝ սեփական մարդկանց տեղավորել Բյուրոյում և «Կարսի» կենտրոնական կոմիտեում՝ այն ամեն կերպ թուլացնելու համար։ Սա նշանակում է այդ «լկտի միավորմանը» ներսից մղել կանոնադրական հանցանքի, որպեսզի ավելի շատ մեկուսացնեն նրան ղեկավարող «ապստամբների խումբը»՝ արտաքուստ այն ներկայացնելով որպես «Նիկոլ Փաշինյանին ձեռնտու միավորում»՝ պարզապես նրան ամբողջ ՀՅԴ-ից մեկուսացնելու համար՝ այն կապելով դասական հակադաշնակցության հետ։ Ինչ վերաբերում է «Կարսին», նրա ղեկավարները չեն վախենում՝ հիանալի հասկալով, որ Հրանտն ու Հակոբը շարունակում են Կալիֆոռնիայի իրենց վնասարար գործը՝ հարստությունն ու ունեցվածքը վերականգնելու համար, քանի որ Սերժ Սարգսյանի վարչակարգի անկումից ի վեր կուսակցական գանձարանը դատարկ է։ ՀՅԴ-ն դրամական և նյութական միջոցների խիստ կարիք ունի: Վճռական քայլն արվեց 2020 թվականի դեկտեմբերի վերջին՝ թագավարակի (Covid-19) համաճարակի ժամանակ, երբ «Ասպարեզ» օրաթերթը հրապարակեց «Կարսի» կենտրոնական կոմիտեի՝ վերջին Շրջանային Ժողովում՝ 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ընտրված նոր կազմը, որն օրինականորեն կազմակերպվել էր՝ որպես սխրագործություն ամերիկացիների մեկուսացման առանձնապես ծանր պայմաններում։ Սա չափազանց է Բյուրոյի համար, որը Շրջանային Ժողովի ավարտից երկու օր առաջ հապճեպ «կենտրոնական կոմիտե» է ընտրում՝ իր «սապոգին հարմար», որպեսզի պատվավոր գորգը հանի «Կարսի» պատգամավորների ոտքի տակից։ Ի վերջո, Բյուրոն կդիմի իր կարգապահական կացնին ու ՀՅԴ շարքերից կհեռացնի Կարսի պարագլուխներին՝ Ավետիք Իզմիրյանին, Վիգեն Հովսեփյանին, դոկտոր Կարմեն Օհանյանին, Արա Խաչատրյանին («Ասպարեզի» խմբագիր), Վահան Պզտիկյանին և մի շարք հավատարիմ ընկերների։ Բյուրոյի համար «Կարսի» պատգամավորների ապստամբությունը casus belli է՝ «չափազանց լուրջ հակականոնադրական արարք», որն ավելին՝ շռայլորեն հրապարակ է նետում այն, ինչ վերաբերում է ՀՅԴ ներքին խնդիրներին։
Այդ պայթյունը սարսափելի է ՀՅԴ-ի համար, որը ցանկանում է (թեպետ արդեն ուշ է), ցույց տալ կազմակերպության համախմբված ու միասնական դեմքը և շարունակում է քողարկել վեճերն ու ներքին խնդիրները ականատեսների աչքից: Անօգուտ է անդրադառնալ Բյուրոյի անհամար ստոր հարվածներին, հրամաններին ու հակահրամաններին կամ «Կարսի» առաջարկներին և հակաառաջարկներին, պառակտումն ավարտված է, և հիմա պայքարը միայն սրվում է։ 2021-ի տարեվերջին Բյուրոն, վիրավորված ինքնասիրությամբ, և դրանում տեսնելով Դաշնակցության դեմ ուղղված հանցագործության նշան, հանձնարարում է իր «կենտրոնական կոմիտեին»՝ Տարոն Տեր-Խաչատուրյանի և Հովիկ Սալիբայի գլխավորությամբ, կոտրել դեկտեմբերին օրինական կերպով ընտրված կոմիտեի թիկունքը, որը ղեկավարում էր դոկտոր Կարմեն Օհանյանը։ Այսպիսով, Բյուրոն քայլեր է ձեռնարկում. «Կարսը» արհեստականորեն բաժանվում է Երևանի կողմից ստեղծված փոքրամասնության «պաշտոնական հոսանքի» և կուսակցական հիմնական կազմի կողմից ընտրված մեծամասնության «պատմական հոսանքի» միջև։ Առաջիկա վեց ամիսներին «իր Շրջանային Ժողովը» նախապատրաստելու հանձնառու «պաշտոնական հոսանքն» ունի նոր կուսակցական օրգան՝ «Օրակարգը»՝ «Ասպարեզի» դեմ պայքարելու համար։ Այնուհետև հետևում է ստոր հարվածների, հաշիվների մաքրման, ծեծկռտուքների, տուրուդմբոցների, ընտանեկան պառակտումների և վիրավորանքների և նույնիսկ «պատմական հոսանքի» անդամներին ուղղված ֆիզիկական սպառնալիքների մի ամբողջ շարան, անշուշտ, ՀՅԴ-ից հեռացված անդամների նկատմամբ, այդ թվում՝ նաև Վիգեն Հովսեփյանի, ով դարձել է «փոքրիկ սատանա» կամ «ամերիկյան գործակալ», ինչպես սիրում են նրան բնութագրել Բյուրոյին հավատարիմ կուսակցականները: Եվ այդ ամենը՝ դատարանների դեմ մղվող պայքարի ֆոնին, քանի որ «պաշտոնական հոսանքն» ամրագրված կացարան չունի, այն չի կարող տնօրինել «ՀՅԴ» պիտակն ու անշարժ գույքն այն պարզ պատճառով, որ ամերիկյան դաշնային օրենքը ճանաչում է միայն Միացյալ Նահանգներում օրինականացված կազմակերպություններն ու միությունները։ Ավաղ, «պաշտոնական հոսանքը» ենթակա է Միացյալ Նահանգներից դուրս ստեղծված ղեկավարությանը: Դատավարությունից դատավարություն՝ «պաշտոնական հոսանքը» մեկը մյուսի հետևից ձախողումներ է ունենում և վերջապես կորցնում է դեմքը: «Պատմական հոսանքը» սպասվածից ավելի խիզախորեն է դիմադրում և, ի նշան Կալիֆոռնիայի դաշնակցական միջնաբերդում տեղի ունեցած այս վեճի, ՀՅԴ երկու թևերը միմյանց հակահարված են տալիս հանդիսավոր ճաշկերույթների միջոցով և դրամահավաքի այլ եղանակներով հավաքված դոլարներով: Եվ այս խաղում նույնպես «պատմական հոսանքն» ամենահզորն է դուրս գալիս՝ ավելի լայն հասարակական աջակցության շնորհիվ և Հայաստանում ՀՅԴ գերեզմանափորների կողմից հյուծված հովանավորների օգնությամբ: Շատ պարզ է. որտեղ Բյուրոն և նրա «խամաճիկային կենտրոնական կոմիտեն» հավաքում են 10 դոլար, հետո՝ 100, «պատմական հոսանքը» հավաքում է 10 000, հետո՝ 100 000 դոլար:
Ծայրահեղությունների աճին զուգահեռ՝ Բյուրոն ընդլայնում է «պատմական հոսանքը» մեկուսացնելու իր ռազմավարությունը և փորձ անում շրջանցել այն՝ իր ճամբար ներգրավելով ՀՅԴ-ի հետ կապված կազմակերպությունների կալիֆոռնիական մասնաճյուղերին, այնուհետև Կալիֆոռնիայում գտնվող Անթիլիասի և Էջմիածնի թեմերին, ինչպես նաև Միացյալ Նահանգներում հաստատված մյուս երկու ավանդական կուսակցություններին: Նշյալ բոլոր դերակատարները, սակայն, սահմանափակվում են խիստ չեզոքությամբ կամ սադիստական (դաժանության մոլուցք) փոքրիկ հաճույքներով, մասնավորապես Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան և Ռամկավար ազատական կուսակցությունները, որոնք ամենևին դժգոհ չեն լռելյայն ականատեսը լինել իրենց մրցակցի թուլացմանը, որը երկար ժամանակ գերիշխող դիրք ուներ ամերիկյան մայրցամաքում։ Հարձակումների դաժանությունից ապշած ամերիկահայերի վրա ճգնաժամի ազդեցությունն աղետալի է և նույնիսկ տարածվում է սահմանից այն կողմ: Կալիֆոռնիայում ցանված ընդվզման սերմերը տարածվում են աշխարհով մեկ՝ Եվրոպայից մինչև Կովկաս, Ամերիկայից մինչև Մերձավոր Արևելք։ ՀՅԴ-ն համաշխարհային խորը ճգնաժամ է ապրում։ Մանավանդ, որ 2021 թվականի հունիսի 21-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՅԴ – Քոչարյան դաշինքը խորապես ցնցում է կուսակցության շարքերը։ Բայց քանի որ ՀՅԴ Գերագույն մարմինն առաջնագծում է, համաձայնագիրը վավերացվում է Բյուրոյի կողմից, ինչից օգտվում է «Կարսի» «պատմական հոսանքը», որն իր հերթին մեծացնում է իր կուսակցական կազմը Ատլանտյան օվկիանոսից այն կողմ:
Այսպիսով, հավասարակշռություն և հանգստություն փնտրելով՝ Բյուրոն 2021 թվականին հանձնարարում է Կալիֆոռնիայի երկու ներկայացուցիչներից մեկին՝ Վիգեն Յակուբյանին, միջնորդություն անել։ Կարմեն Օհանյանի և նրա հարազատների հետ մի քանի հանդիպումներից հետո նրան հաջողվում է փոխզիջման հասնել («Կարսի» նկատմամբ բոլոր կարգապահական միջոցների վերացում, Շրջանային Ժողովի կազմակերպում, կենտրոնական կոմիտեի ընտրված կազմի հարգում, դատավարությունների ավարտ և «Կարսի» վերականգնում): Այս պայմանավորվածությունից գոհ՝ Վիգեն Յակուբյանը շտապում է ուրախ լուրը հայտնել Երևանում իր ղեկավարությանը։ Եվ չնայած Բյուրոյի որոշ անդամների աջակցությանը, շատ վրդովված լինելով այս ճգնաժամից, որ պետք է արագ դադարեցվեր, նա «կտրական ոչ» է ստանում Բյուրոյի մեծամասնությունից: Նոր ճգնաժամ է սկսվում։ Վիգեն Յակուբյանը վայր է նետում ձեռնոցը և հրաժարական տալիս Բյուրոյից՝ հիասթափված այս ձախողումից, որի համար որևէ այլ ակնհայտ պատճառ չկա, քան Հակոբ Տեր-Խաչատուրյանի գոռոզությունը, ով ցանկանում է իր օրենքը պարտադրել որպես նոր Հերթապահ՝ ենթարկվելով անկանխատեսելի Հրանտի ճնշմանը։ Հրաժարական տա՞լ Բյուրոյի անդամի իր պաշտոնից։ Այո, և դա շատ հազվադեպ է ՀՅԴ-ի պատմության մեջ: Իսկապես, պետք է վերադառնանք 1905-1907 թվականներին, որպեսզի արձանագրենք Բյուրոյի անդամի առաջին հրաժարականը։ Խոսքը Ժան-Լորիս Մելիքովի՝ ՀՅԴ հիմնադրի և Քրիստափորի մտերիմ ընկերոջ մասին է, ով 1905-ին հեռացավ Արևմտյան Բյուրոյից իր առաջնորդի մահից հետո, որը ձևակերպվեց նամակով 1907 թվականին IV-րդ Ընդհանուր Ժողովի ժամանակ՝ ի նշան բողոքի ՀՅԴ «սոցիալիստական՝ ընկերվարական» շրջադարձի, որը տեղի ունեցավ կարծես հանպատրաստից (տե՛ս Առաջին Մասը), և Բյուրոյի արևմտյան թևի երեք ընկերների (Ավետիս Ահարոնյան, Միքայել Վարանդյան և Ակնունի) «անճարակության» դեմ: Շահան Նաթալիի դեպքը փոքր-ինչ այլ է. տեղեկանալով, որ Ռուբենի կողմից գաղտնի ղեկավարվող Բյուրոյի իր ընկերները պատրաստվում են իրեն արտաքսել, Նեմեսիսի հերոսը հրաժարական տվեց իր պաշտոնից 1929 թվականի XI-րդ Ընդհանուր Ժողովից առաջ: Ուստի սա նուրբ պահ է։ Բայց դաշնակցական օրենքն իր պատճառներն ունի, որ բանականությանը հասու չէ։ Բյուրոյից հրաժարական տալ չի կարելի։ Իսկ հրաժարական տվող Վիգեն Յակուբյանի մասին նորից կլսենք միայն XXXIV-րդ Ընդհանուր Ժողովի ժամանակ, Դիլիջանում, 2022 թվականի հունվարին, երբ պատգամավորները նրա նկատմամբ պատժիչ միջոց կկիրառեն (մեկ տարով գործունեության կասեցում՝ հրաժարականի օրվանից սկսած), ինչը հավասարազոր է Յակուբյանի գործի ծածուկ փակմանը:
Բայց եթե Յակուբյանի գործը փակված է, Բյուրոյի զայրույթը շարունակում է տեղալ Կալիֆոռնիայի վրա, որտեղ Հակոբ Տեր-Խաչատուրյանը կանոնավոր կերպով զտումներ է անցկացնում, որոնք իրեն ներկայացնում է իր «խամաճիկային կենտրոնական կոմիտեն»: Վտարվածների ցանկը մեծանում է, և ՀՅԴ ղեկավարության նպատակն է այնպես անել, որ «պատմական հոսանքը» կորցնի ինքնատիրապետումը։ Սակայն վերջինս լռում է, հրապարակայնորեն չի արձագանքում սադրանքներին և հավատարմորեն հարգում է կանոնադրությունը, ընդ որում Մոնտեբելոյի կոչը միայն նրա հազվադեպ պաշտոնական դրսևորումներից մեկն էր։ Խոստովանենք, որ «պատմական հոսանքի» ղեկավարները զգույշ են հաղորդակցման մեջ, իրենց հեռու են պահում փաշինյանական նոր ռեժիմից, որպեսզի չենթարկվեն ՀՅԴ ղեկավարության հարձակումներին։ Նրանք այնքան ոչ եռանդուն են թվում, որ որոշ կողմնակիցներ արտասահմանում, Հայաստանում, Լիբանանում կամ Եվրոպայում սկսում են անհամբերություն հանդես բերել՝ տարակուսելով, թե ո՞րն էր այս ըմբոստության իմաստը․ ինչու՞ ժամանակ շահել, եթե ոչինչ չի ձեռնարկվելու։ Ժամանակի ընթացքում արդյո՞ք պառակտումը շահեկան չէ Բյուրոյին համար: Փաստորեն, ՀՅԴ-ն կարող է ներկայացնել այս այլախոհությունը՝ որպես Դաշնակցության իրադարձություններով լի պատմության նոր դասական փորձություն, նա ի վիճակի չէ հասկանալ, որ վերջինս ավելի խորն է, քան նոր պառակտումը: Ավելի շուտ դա դաշնակցական էկոհամակարգի ամբողջական և տևական վերափոխման սկիզբն է։ Մի տեսակ հիմնավոր վերանորոգում, որը կատարվել է լավագույն կազմակերպված կուսակցական ճյուղերից մեկի կողմից, անշուշտ Հայաստանից հեռու, բայց հզոր և ուժեղ հասարակության անսասան աջակցությամբ, որը ցանկանում է վերականգնել վերահսկողությունը ՀՅԴ-ի նկատմամբ: Այս կալիֆոռնիական կուսակցական միավորումը գիտակցում է, որ հիշյալ խռովությանը՝ ներքևից աճող ներքին հեղափոխության հետ մեկտեղ, վիճակված է հաղթելու ամբողջ Դաշնակցությանը։ Ավելին, փոքրիկ ցնցումներ արդեն իսկ առաջանում են Լիբանանում, Հունաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, որտեղ «Շիրակյան» միավորումը Կալիֆոռնիայի «երկրաշարժի» էպիկենտրոնին ամենամոտ գտնվող օղակն է։ Բյուրոն ամեն ինչ անում է Հայաստանի իր հիվանդ կենտրոնում ներքին ճգնաժամը ճնշելու համար, սակայն հարկադրական միջոցներով կամ սոցցանցերի մշտադիտարկմամբ հնարավոր չէ կանգնեցնել այս թեժ ալիքը, քանզի կալիֆոռնիական արևայրուքը, որ նա ստացել է ամբողջ դեմքին, տարածվում է ողջ մարմնի վրա։ Եվ որքան պարտադրանքը սաստկանում է, այնքան ճգնաժամն ավելի է խորանում ու տարածվում։ Առավելապաշտները՝ ժամանակի դժոխային ռիթմին կառչած, ընկել են իրենց իսկ լարած թակարդը․ երբ պատժում են, սաստկացնում են ճգնաժամը, իսկ երբ հանդարտացնում են իրավիճակը, վերահսկողությունն են կորցնում:
Սա այն դասն է, որ քաղել են «Կարսի պատմական հոսանքի» ղեկավարները։ Որովհետև համբերատար, սառնասրտությամբ և պատասխանատվության զգացումով սպասում են, թե ինչ է լինելու հետո, և մասնավորապես՝ 2022 թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ը նախատեսված XXXIV-րդ Ընդհանուր Ժողովին Դիլիջանում՝ պատերազմում պարտությունից թուլացած և 2020 թվականի դեկտեմբերի 28-ից հետո՝ գրեթե երկու տարի տևած ճգնաժամից ուժասպառ Հայաստանում: Բայց մինչ պատգամավորները պատրաստվում են մասնակցել այս նոր Ընդհանուր Ժողովին, «պաշտոնական հոսանքը» հայտարարում է, որ Տարոն Տեր-Խաչատուրյանի և Հովիկ Սալիբայի գլխավորած պատվիրակությունը կգնա այնտեղ, մինչդեռ այն հեռու է Դիլիջան գնալու համար ՀՅԴ բոլոր կանոնադրական չափանիշները հարգելուց: Հակոբ Տեր-Խաչատուրյանի համար կարևոր չէ, որ բացառվում է առանց «Կարսի» մասնակցության Ընդհանուր Ժողով կազմակերպել։ Սակայն դա կլինի արհեստականորեն վերափոխված «Կարս», որի նպատակը ներդաշնակ կերպարով հանդես գալն ու հիշատակված «ներքին հեղափոխությունը» րոպեական բռնկման կրակ ներկայացնելն է: Միայն թե րոպեական բռնկվող կրակը շատ շուտ խարույկի է վերածվում։
Մի խարույկ, որը բռնկվել է, եթե ոչ 1905 թվականին (տե՛ս Առաջին մասը), ապա առնվազն 1991-ին Հայաստանի անկախության վերականգնմամբ: Իսկապես, Կալիֆոռնիայի և Բյուրոյի միջև ծավալվող եղբայրասպան մենամարտը կապված է մի շարք հարցադրումների հետ. ո՞րն է առաջնայինը՝ «անկախ Հայաստա՞նը», թե՞ «միացյալ Հայաստանը», ժողովրդավարությու՞նը, թե՞ բռնապետությունը, ինքնիշխանության ազգային ռազմավարությու՞նը, թե՞ ռուսամետ ռազմավարությունը, ազգային պետությու՞նը, թե՞ Ռուսական կայսրությունից կախյալ պետությունը, համաշխարհային առաքելությամբ Դաշնակցությու՞նը, թե՞ կովկասյան կողմնորոշմամբ Դաշնակցությունը: Այս օբյեկտիվ հարցումներին, որոնք հայդատականության և նրա սահմանների հետ ուղիղ աղերսներ ունեն, ավելանում են ներքին ծագում ունեցող հարցադրումները․ արդյո՞ք ՀՅԴ «ռազմական» թևը բաժանվել է երկու մասի, արդյո՞ք ներդաշնակցական վերոհիշյալ վեճն իրականում միայն կովկասյան ներշնչմամբ հայկական մշակույթի և սիրիա-լիբանանյան ներշնչմամբ հայկական մշակույթի միջև ինքնության բախման մի տարբերակ չէ՝ Արևելյան Հայաստանի և արևմտահայության հին երկընտրանքի վերափոխված դրսևորումը: Արդյո՞ք դա նաև սկզբունքային վեճ չէ ապակենտրոնացման (Կարս) և գաղափարական կենտրոնամետ իշխանության (Բյուրո) պաշտպանների միջև։ Կամ թեկուզ՝ վեճ Դաշնակցության և Կուսակցության միջև, այլ կերպ ասած՝ վեճ Դաշնության գաղափարի և Կուսակցության գաղափարի միջև։ Այս հարցերն են հուզում 2020 թվականի դեկտեմբերի 28-ի ցնցումն ապրած ականատեսներին: Բայց մինչ ազգային միավորումների պատվիրակությունները հաղթահարում են համաճարակը, դիմակներն են գցում փողոցներում և մեկ առ մեկ բռնում Դիլիջանի ճանապարհը՝ մասնակցելու XXXIV-րդ Ընդհանուր Ժողովին, ուր Հրանտ Մարգարյանը հրապարակայնորեն իր հանդիսավոր վերադարձն է տոնում ազգային հարթակում և պատրաստվում մասնակցել «Կարսի» բարդ իրավիճակի մասին բանավեճերին, որոնց հիմքում իշխանության հասնելու նպատակներն են…
ՀՅԴ-ի XXXIV-րդ Ընդհանուր Ժողովը կամ «Ընկեր Հրանտն ընդդեմ Ընկեր Մարգարյանի» (VII)
Ինչու՞ ավելի շատ հարձակվել ՀՅԴ-ի վրա կամ «Ով շատ է սիրում, խիստ է պատժում» (VIII)
Դաշնակցությունը վերադարձնել կուսակցական շարքերին (IX)
______________________
Ինչո՞ւ ենք մենք հասել այս վիճակին (I)
Ռուբեն․ չափազանցման նորմը, 1919-1959 (II)
Ռուբենից ազատվելն անհնար էր (1959-1981) (III)
Մարուխյանական և հետմարուխյանական տասնամյակները (1981-1998) (IV)
ՀՅԴ-ն Հայաստանու՞մ․ օճառի պղպջակ (1998-2019) (V)