ՄԵՐ ՈՒՂԻՆ

Նոր Տարի, Հին Խնդիրներ

Արցախի հաշվով մենք ոչ թե պիտի ջանանք բացել Բերձորի(Լաչին) միջանցքը և բավարարվենք, որ արցախահայոց զանգվածային սովամահություն տեղի չունեցավ, այլ մեր ջանքերը ուղղենք Արցախի հարցի լուծմանը, որովհետև քանի դեռ օդում առկախ է Արցախի ճակատագիրը, միջանցքը մտրակ է մեր բարեկամների և թշնամիների ձեռքում, որով նրանք շարունակելու են ձաղկել մեզ։

Մեր Ուղին

Մի քանի ժամից 2022-ը պատմություն կդառնա և կսկսվի մի նոր տարի, որի առիթով մենք միմյանց բարեմաղթանքներ կասենք, բայց և մեծ մասամբ մեզնից կախված կլինի այդ բարեմաղթանքների մի մեծ մասի կատարումը։

Հասկանալի պատճառներով արդեն երրորդ տարին է, ինչ մենք ամանորի մասին խոսելիս մեր ցանկությունների, մտահոգությունների ու մաղթանքների մի մեծ բաժինն ուղղում ենք ոչ թե անձնական, այլ առավելապես ազգային-պետական երևույթներին։ 2020-ից հետո Հայաստանում կյանքը շատ է փոխվել։ Ավերիչ պատերազմը, որ ամայացրեց Արցախը և հիմա է սպառնում է պայթել ամեն վայրկյան, եկավ ապացուցելու մեր պետական-գաղափարական սնանկությունը և վերջին տասնամյակների ոչ ճիշտ կենցաղ-մտածելակերպը։

Եթե փորձենք ամփոփել 2022-ը, ապա առաջին հերթին մի քանի իրադարձությունների մասին է հարկ լինում խոսել և գրեթե բոլորն էլ կապված են ազգային-պետական հարցերի հետ։ Այս տարին աչքի է ընկել սեպտեմբեր ամսին ադրբեջանցիների կողմից ՀՀ արևմտյան սահմանների գերակշիռ հատվածի ռմբակոծումով ու ՀՀ տարածք ներխուժումով, հարյուրից ավել զոհերով, մի շարք ավերված բնակավայրերով։ Ինչպես նաև ադրբեջանցիների կողմից նոր սպառնալիքների հնչեցում՝ Սյունիքի ու Երևանի հաշվով և իհարկե ռուս-ուկրաինական, մինչև օրս չդադարող պատերազմը, ևս մեկ առիթ հանդիսացավ, որ առանց այն էլ պառակտված հայությունը ևս մի քանի մասի բաժանվի։ Ընդ որում պառակտվածությունն ավելի նկատելի դարձավ «հայաստանցի-ղարաբաղցի» կտրվածքով։ Արդյո՞ք մենք հասկանում ենք տեղի ունեցողի ողջ ողբերգությունը։ Դժվար թե։

Միևնույն ժամանակ մեզ հասնում էին լուրեր, որ Պաշտպանության նախարարությունը նոր զենքեր է գնում այլ երկրներից, ռուսները մեզ այլևս զենք չեն մատակարարում և միաժամանակ՝ նոր ճնշումներ ՀՀ վրա՝ Ռուսաստանի ու Բելառուսի հետ միութենական պետություն կառուցելու համար։

Մի խոսքով պարզ է, որ անցնող տարին ընդհանրապես խաղաղ չէր, և այս իրավիճակում դժվար է լինում ասել շնորհավոր Նոր տարի, որովհետև չգիտես, թե ինչը շնորհավորես, երբ տարին ավարտում ես քամված, տնտեսապես ծանր վիճակում, զոհերով, գերիներով, տարածքային կորուստներով, քաղաքական դաշտի երկբևեռ պառակտվածությամբ։ Հերթական անգամ։

Մի քանի ժամից 2022-ը կավարտվի ու կգա 2023-ը։ Ի՞նչ է բերելու այն իր հետ։ Հերթական կորուստն ու փորձա՞նքը, թե՞ ինչ-որ լավ բան։ Նոր տարին իր հետ բերելու է այն, ինչ մենք արդեն ունենք։ Նոր տարին պարզապես շարունակելու է այն, ինչ կար նախորդ տարի։ Ինչ-որ առումով նույնիսկ տխուր միամտություն է, երբ մարդիկ ձմռան մի երեկո սեղանին շատ ուտելիք են դնում, խմում-հարբում են ու հույս ունեն, որ այդ ամենը հաջողություն է բերելու։ Սա նոր տարի չէ, սա պարզապես կերուխում է; Հաշվի առնելով մեր սարսափելի վիճակը՝ ավելորդ կերուխում։  

Եթե խոսենք առանց մի կաթիլ էմոցիայի, ապա 2023-ը լինելու այն այն հետևանքը, ինչ տեղի է ունեցել 2022-ին, իսկ 2022-ին տեղի են ունեցել շատ քիչ լավ և տասնապատիկ ավելի շատ վատ բաներ։

Ամանորը, իհարկե, խոշորն հաշվով մարդկային նախապաշարմունք է, բայց այն ևս մեկ առիթ է վերհիշելու, թե ինչի վրա պիտի կենտրոնանանք՝ տնտեսություն, բանակ, կրթություն, առողջապահություն, գիտություն, մի խոսքով՝ ամեն ինչ։ Եվ որպես առաջնահերթություն՝ Արցախը։ 

Արցախի հաշվով մենք ոչ թե պիտի ջանանք բացել Բերձորի(Լաչին) միջանցքը և բավարարվենք, որ արցախահայոց զանգավածային սովամահություն տեղի չունեցավ, այլ մեր ջանքերը ուղղենք Արցախի հարցի լուծմանը, որովհետև քանի դեռ օդում առկախ է Արցախի ճակատագիրը, միջանցքը մտրակ է մեր բարեկամների և թշնամիների ձեռքում, որով նրանք շարունակելու են ձաղկել մեզ։

Բայց վերը թվարկված հարցերին թեկուզ սթափ հայացքով նայելու համար մեզ միաբան ու համերաշխ հասարակություն է պետք, որին հասնելը ևս մի բարդ խնդիրր է, քանի որ հայաստանյան հասարակությունն այնքան քաղաքականացած է, որ անառողջ քաղաքական դաշտի պայմաններում հասարակությունը բաժանվում է քաղաքական խմբավորումների։ 

Մեզ օդ ու ջրի նման քաղաքակական նորմալ միջավայր է պետք։ Մեզ հարկավոր է սթափ իշխանություն և նոր ու սկզբունքային ընդդիմություն։ Ընդդիմություն ոչ թե պետության դեմ, այլ հանուն պետության։ Հասկանալի է, որ այսօրվա «ներկա-նախկին» կռիվը մեզ պահելու է նույն իրավիճակում։

Եթե մենք մեր պահվածքում ոչ մի սկզբունքային փոփոխություն չմտցնենք, մեր վիճակը չի փոխվի։ Իհարկե ավելլի վատ կլինի, բայց ոչ լավ։ Կարելի է մի ողջ հազարամյակ նստել ու սպասել փոփոխությունների, բայց կարելի է ընդամենը տասը տարում հասնել հազարամյակ արժեցող երևույթների։

Հայտնի ասացվածքում նշվում է․ «Անհնար է վերադառնալ ու փոխել անցյալը, բայց կարելի է սկսել հիմա և փոխել ապագան»։

Ամեն ինչ մեր ձեռքերում է։ Հայոց պատմությունը՝ մեծագույն ապացույց մեր դիմացկունության և հստակ ուղեցույց, թե ինչ չի կարելի անել։

Բայց դադարեցնենք բացասական շունչը և փորձենք ավելի լավ տրամադրվել։

«Մեր Ուղին» շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Մաղթում ենք, որ հաջորդ տարի մենք այնքան լավը լինենք որպես հասարակություն, պետություն և ժողովուրդ, որ 18 տարեկան տղաներին չսպանեն թշնամիները, նրանց անթաղ դիերը ամիսներով չմնան չեզոք գոտում, և 2024-ը դիմավորելիս մենք իրոք կարողանանք ասել «շնորհավոր նոր տարի», որովհետև ձեռքբերումներ կունենանք, հաղթանակներ կլինեն, ամուր պետություն, իսկ ամուր պետությունը ծնունդ կտա երջանիկ անհատի, թե չէ այս պայմաններում, երբ ժողովրդի մի մասը անձնապես սգի մեջ է, պարզապես մարդկայնորեն անհնար է անհոգ քեֆ անել։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *