ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ապագան Այն Չէ, Ինչ Առաջ Էր

Մենք նայում ենք ու չենք տեսնում: Եթե տեսնում էլ ենք, չենք հասկանում: Նման ենք այն մարդուն, ում բացատրում են, որ թերմոսը մի բան է, որը հեղուկը ձմռանը տաք է պահում, իսկ ամռանը՝ սառը, մենք հարցնում ենք, թե թերմոսն ինչ գիտի ամառ է թե ձմեռ: Իրականության ընկալումը ծանր բան է: 

Արայիկ Մկրտումյան

Հայաստանը վերածվել է մի պետության, ուր նույնիսկ քաղաքական գործիչները զբաղված են մոտիվացիոն տեքստեր գրելով: Համընդհանուր շփոթմունք է տիրում լրիվ հասկանալի պատճառներով, բայց ոչ կաթիլ սթափ հայացք ապագային: Եթե ինչ որ վերլուծություններ էլ արվում են, ապա անցյալի մասին: Հիմնականում այս կամ այն պատմական դեպքերի հետ կապված: Այդ վերլուծությունները ուղղակիորեն ոչ մի ազդեցություն չեն ունենում, քանի որ չի ընդգծվում այդ երևույթի կապն ապագայի հետ: Ամենաշատը, որ տեսնում ենք այն է, որ ինչ-որ վերլուծություններով փորձ է արվում հասկանալ, որ 2020թ. պարտությունն ինքն իրենով տրամաբանական էր, քանի որ երկիրը չի զարգացել, թաղված է եղել համըատարած կոռուպցիայի մեջ և այլն և այլն և այլն:

Իսկ հետո՞: Ի՞նչ է լինելու հետո: Ենթադրենք մենք էլի մի քանի ամիս զբաղվեցինք անցյալը քրքրելով: Նույնիսկ ոչ թե իմաստավորելով, այլ նույն մոխիրը տասն անգամ խառնելով: Ի՞նչ է դա մեզ տալու: Եթե պատմաբանների դեպքում նորմալ է աշխատել անցյալի հետ ու ժամանակի այդ քննիչները կարող են վերլուծելով անցյալը հասկանալ ներկան ու մոտավոր պատկերացում կազմել ապագայի մասին, դա նորմալ է, բայց ի՞նչ ասես, երբ մի ողջ հասարակություն զբաղված է անցյալը փիլիսոփայորեն քննարկելով, ներկայից՝ ուշանալով ու ապագայի հանդեպ ինչ որ հիմարավուն լավատեսությամբ լցվելով:

Մենք այսօր ոչ մի պատկերացում չունենք, թե ինչի հաշվին է ապագան լավը լինելու: Մենք ուղղակի հույս ունենք: Հայերը բնածին լավատեսներ են: Հայերը պարզապես կարող են կենաց ասել ու սպասել այդ լավ ապագային: Իսկ ապագան անընդհատ ուշանում է, կամ էլ արդեն անցյալ է դառնում՝ ընդ որում ձախողված: Հայկական հավատը պայծառ ապագայի նկատմամբ՝ ահեթեթ է, որովհետև այն հիմնված է անհոգության ու ծույլ լավատեսության վրա: Դեռ մի բան էլ մենք գլուխ ենք գովում մեր գերեզմանային համբերատարությամբ՝ պարծենալով, որ մենք պինդ ժողովուրդ ենք ու կդիմանանք: Դիմանալ՝ գուցե, իսկ ապրել՝ ոչ: Մենք նույնիսկ մեր անձնական կյանքի մասին խոսում ենք որպես մի անհասկանալի երևույթի, որին պետք է դիմանալ, մինչև տեսնենք ինչ է լինելու: 

Հիմա, երբ ողջ աշխարհը խառնվել է իրար ու նախկին պատկերացումները փուլ են եկել, մենք դեռ 90-ականների աշխարհում ենք ապրում: Մենք կարծես չենք տեսնում, որ նախկին աշխարհն այլևս չկա: Մենք դեռևս մեր մտքի մեջ պահում ենք բարեկամ ռուս, թշնամի թուրք, կես-բարեկամ, կես թշնամի Եվրոպա բառերը և կարծես չենք տեսնում մի պարզ իրադրություն, որը հենց մեր աչքի առաջ է:

Օրինակ չենք տեսնում, որ ռուսը կռվում է ուկրաինացու հետ և բարեկամ է թուրքին, ով օգնում է ուկրաինացուն: Ուկրաինացուն օգնում է Եվրոպան, ու չի սիրում ռուսին: Ռուսի բարեկամն է թուրքը, ով նաև եվրոպայի բարեկամն է: Եվրոպան չի սիրում  պարսիկին, ով օգնում է ռուսին, որի բարեկամ թուրքը չի սիրում պարսիկին: Ռուսին սիրող պարսիկը լավ է մեզ հետ, բայց չի սիրում թուրքերին, որի բարեկամն է մեր բարեկամ ռուսը: Թուրքի բարեկամ Եվրոպային մենք խնդրում ենք, որ նա մեզ ազատի իր բարեկամ թուրքից, որին օգնում է մեր բարեկամ ռուսը ու որից մենք դժգոհ ենք: Ավելի պարզ բացատրելն ուղղակի անհնար է:

Սա իրականության բացատրման այսպես ասած գեղավարի, հասարակ տարբերակն է: Ավելի գեղեցիկ բառերով նույն բանն ասում են դիվանագետները ու ավելի համոզիչ՝ հրանոթները: 

Հիմա հարց՝ ի՞նչ անել այս պարագայում, երբ բարեկամդ չի օգնում, իսկ նա, ում դիմում ես, միայն խոսում է, լավ խոսում, իսկ Արցախում արդեն քարտով են մթերք բաց թողնում:

Ո՞րն է մեր պետական հայեցակարգը հույսը դնել ուրիշի վրա, թե ռուսների մոտ լացել Եվրոպայից, Եվրոպայի մոտ՝ ռուսներից:

Մենք այսպես իրար ենք խառնվել ու չենք հասկանում, թե ինչ է տեղի ունենում այն պատճառով, որ երբեք չենք մտածել, թե ապագայում ինչ կպատահի ու ինչին ինչպես պատրաստվել: Ապագայի նկատմամբ մեր պահվածքը եղել է ռուսների վրա հույս դնելով ու վերջ: Թե ով ինչու օգնեց ու ինչու չօգնեց՝ էական չէ, Էականաը հասկանալն է, որ մեր պատկերացումները չեն կատարվել: Հասկանալ, որ ապագան այլևս այն չէ, ինչ հինգ տարի առաջ էր, 10 կամ 20 տարի առաջ: Ապագան կերտվում է հենց հիմա, այս օրերին: Հիմա անցնում են օրեր, որ տարիներ արժեր: Ձախողած մի քանի ամիսը ծանրանալու է մի քանի տասնամյակ: Ու մենք հանկարծ արթնանալու ենք մի աշխարհում, որտեղ կան նոր ուժեղներ ու թույլեր, նոր հարաբերություններ ու մենք շփոթված նայելու ենք աջ ու ձախ՝ չիմանալով, թե ինչ անել:

Իսկ մենք զբաղված ենք դեռ հաշվելով, թե ով ինչքան է կերել և ով ինչքան պիտի ուտի: Իշխանությունն ու ընդդիմությունը բարիկադավորվել են ու իրար մեդիատեռոր են անում ուրիշ ոչինչ: Ապագա՝ չկա, ժողովուրդն էլ շփոթված ու հուսահատված: 

Որովհետև իրականության ընկալում գոյություն չունի: Մենք նայում ենք ու չենք տեսնում: Եթե տեսնում էլ ենք, չենք հասկանում: Նման ենք այն մարդուն, ում բացատրում են, որ թերմոսը մի բան է, որը հեղուկը ձմռանը տաք է պահում, իսկ ամռանը՝ սառը, մենք հարցնում ենք, թե թերմոսն ինչ գիտի ամառ է թե ձմեռ: Իրականության ընկալումը ծանր բան է: 

Իրականության ընդունումն այնպիսին, ինչպիսին այն կա, դժվար է: Դժվար է և՛ առանձին մեկ մարդու, և՛ մի ողջ հասարակության համար: Հատկապես հասարակության, որովհետև նա ստիպված է իրականության հետ մեկտեղ ընդունել սեփական վրիպումները, սխալները և այդ բացասականը, որ կա: Ու սովորաբար ամենատարբեր միջոցներով փորձ է արվում խուսափել իրականության ընդունումից՝ դրա համար գտնելով ամենատարբեր պատճառներ, ընդհուպ մինչև մեղադրանք Աստծուն կամ Սատանային:

Իրականության կամ անխուսափելին ընկալելու համար ամերիկացի հոգեբան և հոգեբույժ Էլիզաբեթ Կյուբլեր-Ռոսսն իր «Մահվան և մահանալու մասին» գրքում առաջարկել է հետևյալ հետևյալ հինգ փուլերը՝

  1. Ժխտում
  2. Զայրույթ
  3. Քննարկում(սակարկում)
  4. Ընկճախտ(դեպրեսիա)
  5. Ընդունում:

Ժխտում՝

Առաջին փուլի ժամանակ հասարակությունը ժխտում է իր իրականությունը, համարում է, որ այն այդպես չէ, որ այն ուրիշ է և ամեն կերպ փորձում է ժխտել հենց իր աչքի առաջ կատարվող կամ կատարված իրականությունը: Փորձ է արվում գոյություն ունեցող փաստը բացատրել ուրիշ կերպ, ուրիշ անուն տալ, ասել ու անել ամեն ինչ, միայն թե չընդունել: Այդ նշանակում է, որ ամեն ինչ շատ վատ է, քանի որ փորձ է արվում ջայլամի պես գլուխը պահել հողում, միայն թե չտեսնելու տալ եղածը: Հասարակությունը սուր հուզմունքով և զայրույթով է լսում ցանկացած քննադատություն իր հասցեին և պատրաստ է նույնիսկ ամենադաժան և չհիմնավորված գործողությունների, միայն թե չլսի քննադատությունն ու մեղադրանքն իր հասցեին:

Զայրույթ՝

Երկրորդ փուլում իրականությունից փախչելն արդեն հնարավոր չէ և հասունանում է իրականության աչքերին նայելու պահը: Բայց հասարակությունը դեռևս պատրաստ չէ ընդունել իրականությունը և տեսնելով, որ ժխտելով ոչինչ չի փոխում և ամեն ինչ մնում  է նույնը, դեռ մի բան էլ ավելի է վատանում, սկսում է զայրույթի էտապը: Հասարակությունը դեռևս ի վիճակի չէ քննարկելու, նա զայրացած է, նա հայհոյում է, մեղադրանքներ է տարածում ամենուր և մեղավորներ փնտրում իր վիճակի համար: Նա ի վիճակի չէ սթափ նայել իրավիճակին և զայրույթը նրա միակ գործիքն է, որով փորձում է այդ իրավիճակում սթափ մնալ, նա այլևս չի կարող ժխտել, բայց և բավականաչափ հասունացած չէ ընդունելու համար:

Քննարկում՝

Երրորդ փուլը բավական ուշ կարող է հասնել, քանի որ զայրույթը ինքն իրեն սնող է: Երբեմն զայրույթը կարող է շատ երկար տևել և երկար տևելով ոչ միայն լճացում և որպես հետևանք ճգնաժամ առաջացնել, այլև սխալ ուղիով տանել մարդուն: Ի վերջո քննարկման փուլը վրա է հասնում, առաջացնելով «ի՞նչ»,  «ինչպե՞ս»,  «ինչո՞ւ» հարցերը: Այդ հարցերին պատասխանելու կարողությունը կախված է հասարակության մտավոր մակարդակից: Որքան ցածր է մակարդակը, այնքան երկար է տևում այդ ներքին քննարկումը, անհամաձայնությունը, վեճը: Եվ որքան շատ է երկարում արդեն իսկ գոյություն ունեցող փաստի քննարկումը, որքան ավելի շատ են արդարացումներ հորինվում, այնքան ավելի է հեռանում ճշմարտությունը և ձևափոխում իրականությունը: Հանդես են գալիս կեղծ մարգարեներ և կեղծ ճշմարտություններ տալիս, ապակողմնորոշում հասարակության, տանում սխալ ուղիով:  Մտավոր ցածր մակարդակներ ունեցող հասարակությունը կարող է տասնամյակներով քննարկել իր հետ տեղի ունեցածը և չհասկանալ ու անընդհատ ապակողմնորոշվել, բայց ի վերջո միևնույն է քննարկումը, իր ներքին սակարկությունը մոտենում է իրականությանը և հասարակությունը վաղ թե ուշ ստիպված կանգնում է մերկ ճշմարտության աչքի առաջ: Հաճախ այդ իրավիճակը ձևավորվում է ոչ միայն ներքին քննարկումով, այլև ինչ որ աղետով, որը ջնջում է հասարակության, մինչ այդ ունեցած պատրանքները և ողջ չորությամբ պարտադրում իրականությունը:

Ընկճախտ(դեպրեսիա)

Ընկճվածությունը սկսվում է իրականությունը տեսնելուն պես: Որքան երկար է հասարակությունը հավատացել իր իսկ ստերին, այնքան ավելի երկար է տևում այդ հասարակության ընկճվածությունը: Այն կարող է շատ երկար տևել ու ժամանակին չհասկանալու, չսթափվելու դեպքում ինքնասպանության հասցնել թե՛ մարդուն, թե հասարակությանը: Ընկճվածության փուլում պակասում է հավատը սեփական ուժերի նկատմամբ, ամեն ինչ սկսում է կեղծ թվալ, խոչընդոտները՝ անհաղթահարելի, հակառակորդը՝ անպարտելի: Կարող է թվալ, որ ողջ աշխարհը քո դեմ է: Ընկճվածությունը զուգակցվում է խորը անտարբերությամբ ամեն ինչի նկատմամբ: Բոլոր կարևոր հարցերը դառնում են անկարևոր, կյանքը կորցնում է իմաստը, կյանքն ընթանում է ինքնաբերաբար: Գերակշռում են ցածր գաղափարները, տարածվում է կենցաղային մակարակը, հասարակական մոլությունները և ախտերը՝ անբարոյականություն, կաշառակերություն, խաղամոլություն, հարբեցողություն, հանցավորություն: Շատանում է նաև մեղքի զգացումը, մարդը և հասարակությունը սկսում է խղճալ ինքն իրեն: Դեպրեսիան շատ վտանգավոր ճահիճ է, որում բազմաթիվ մարդիկ են խեղդվել չկարողանալով հաղթահարել այն: Բայց դեպրեսիան կարելի է հաղթահարել՝ անհատ մարդու դեպքում հոգեբանի և լավ ու առողջ միջավայրի ձևավորումով, իսկ հասարակությանը պետք է ուշքի բերի իր մտավորական, գիտական էլիտան: Հենց այս փուլում էլ շատ հաճախ սկսում է «առաջ ավելի լավ էր» մտայնությունը, քանի որ իրականությունն անտանելի է, չի բավարարում և վատն է:

Ընդունում

Ընդունման փուլը նշանակում է ընդունել ամեն ինչ այնպես, ինպես այն կա: Եթե հասարակությունը կարողանում է հասնել ընդունմանը, ուրեմն նա բուժվել է շատ ծանր հիվանդությունից, նա հաղթահարել է իր տագնապն ու անկարողությունը և այժմ պատրաստ  է ուղիղ նայել իրականության աչքերին, ուղղել իր սխալները և շարունակել ապրել: Երջանիկ են այն հասարակությունները, որոնք կարողանում են վերականգնվել ծանր հարվածներից հետո, բայց նաև կան այնպիսինները, որոնք չհաղթահարելով նախավերջին փուլը կարող են պարզապես ինքնաոչնչանալ: 

Էլիզաբեթ Կյուբլեր-Ռոսսն այս գիրքը գրելով նպատակ է ունեցել օգնելու մահացու հիվանդ մարդկանց՝ անխուսափելին ավելի հեշտ ընդունելու համար: Իսկ մի՞թե մենք ուրիշ վիճակում ենք: Միայն թե, ի տարբերություն մահվան դատապարտվածի, մենք դեռ կարող ենք: Կարող ենք ընդունել, հասկանալ ու փոխել:

Պետք է փոխել ապագան, փոխելով հենց ինքներս մեզ:

«Նախքան քո փոխվելը, քեզ համար անհավատալի կարևոր մի բան պետք է վտանգի տակ հայտնվի»,- Ռիչարդ Բախ:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *