25 C
Yerevan

Ապա­գան Այն Չէ, Ինչ Առաջ Էր

Մենք նայում ենք ու չենք տեսնում: Եթե տեսնում էլ ենք, չենք հասկա­նում: Նման ենք այն մարդուն, ում բացատրում են, որ թերմո­սը մի բան է, որը հեղուկը ձմռա­նը տաք է պահում, իսկ ամռա­նը՝ սառը, մենք հարցնում ենք, թե թերմոսն ինչ գիտի ամառ է թե ձմեռ: Իրա­կա­նության ընկա­լումը ծանր բան է: 

Արա­յիկ Մկրտումյան

Հայաստա­նը վերածվել է մի պետության, ուր նույնիսկ քաղա­քա­կան գործիչնե­րը զբաղված են մոտի­վա­ցիոն տեքստեր գրե­լով: Համընդհա­նուր շփոթմունք է տիրում լրիվ հասկա­նա­լի պատճառնե­րով, բայց ոչ կաթիլ սթափ հայացք ապա­գա­յին: Եթե ինչ որ վերլուծություններ էլ արվում են, ապա անցյա­լի մասին: Հիմնա­կա­նում այս կամ այն պատմա­կան դեպքե­րի հետ կապված: Այդ վերլուծություննե­րը ուղղա­կիո­րեն ոչ մի ազդե­ցություն չեն ունե­նում, քանի որ չի ընդգծվում այդ երև­ույթի կապն ապա­գա­յի հետ: Ամե­նա­շա­տը, որ տեսնում ենք այն է, որ ինչ-որ վերլուծություննե­րով փորձ է արվում հասկա­նալ, որ 2020թ. պարտությունն ինքն իրե­նով տրա­մա­բա­նա­կան էր, քանի որ երկի­րը չի զարգա­ցել, թաղված է եղել համըա­տա­րած կոռուպցիա­յի մեջ և այլն և այլն և այլն:

Իսկ հետո՞: Ի՞նչ է լինե­լու հետո: Ենթադրենք մենք էլի մի քանի ամիս զբաղվե­ցինք անցյա­լը քրքրե­լով: Նույնիսկ ոչ թե իմաստա­վո­րե­լով, այլ նույն մոխի­րը տասն անգամ խառնե­լով: Ի՞նչ է դա մեզ տալու: Եթե պատմա­բաննե­րի դեպքում նորմալ է աշխա­տել անցյա­լի հետ ու ժամա­նա­կի այդ քննիչնե­րը կարող են վերլուծե­լով անցյա­լը հասկա­նալ ներկան ու մոտա­վոր պատկե­րա­ցում կազմել ապա­գա­յի մասին, դա նորմալ է, բայց ի՞նչ ասես, երբ մի ողջ հասա­րա­կություն զբաղված է անցյա­լը փիլի­սո­փա­յո­րեն քննարկե­լով, ներկա­յից՝ ուշա­նա­լով ու ապա­գա­յի հանդեպ ինչ որ հիմա­րա­վուն լավա­տե­սությամբ լցվե­լով:

Մենք այսօր ոչ մի պատկե­րա­ցում չունենք, թե ինչի հաշվին է ապա­գան լավը լինե­լու: Մենք ուղղա­կի հույս ունենք: Հայե­րը բնա­ծին լավա­տեսներ են: Հայե­րը պարզա­պես կարող են կենաց ասել ու սպա­սել այդ լավ ապա­գա­յին: Իսկ ապա­գան անընդհատ ուշա­նում է, կամ էլ արդեն անցյալ է դառնում՝ ընդ որում ձախողված: Հայկա­կան հավա­տը պայծառ ապա­գա­յի նկատմամբ՝ ահե­թեթ է, որովհետև այն հիմնված է անհո­գության ու ծույլ լավա­տե­սության վրա: Դեռ մի բան էլ մենք գլուխ ենք գովում մեր գերեզմա­նա­յին համբե­րա­տա­րությամբ՝ պարծե­նա­լով, որ մենք պինդ ժողո­վուրդ ենք ու կդի­մա­նանք: Դիմա­նալ՝ գուցե, իսկ ապրել՝ ոչ: Մենք նույնիսկ մեր անձնա­կան կյանքի մասին խոսում ենք որպես մի անհասկա­նա­լի երև­ույթի, որին պետք է դիմա­նալ, մինչև տեսնենք ինչ է լինե­լու: 

Հիմա, երբ ողջ աշխարհը խառնվել է իրար ու նախկին պատկե­րա­ցումնե­րը փուլ են եկել, մենք դեռ 90-ականնե­րի աշխարհում ենք ապրում: Մենք կարծես չենք տեսնում, որ նախկին աշխարհն այլևս չկա: Մենք դեռևս մեր մտքի մեջ պահում ենք բարե­կամ ռուս, թշնա­մի թուրք, կես-բարե­կամ, կես թշնա­մի Եվրո­պա բառե­րը և կարծես չենք տեսնում մի պարզ իրադրություն, որը հենց մեր աչքի առաջ է:

Օրի­նակ չենք տեսնում, որ ռուսը կռվում է ուկրաի­նա­ցու հետ և բարե­կամ է թուրքին, ով օգնում է ուկրաի­նա­ցուն: Ուկրաի­նա­ցուն օգնում է Եվրո­պան, ու չի սիրում ռուսին: Ռուսի բարե­կամն է թուրքը, ով նաև եվրո­պա­յի բարե­կամն է: Եվրո­պան չի սիրում  պարսի­կին, ով օգնում է ռուսին, որի բարե­կամ թուրքը չի սիրում պարսի­կին: Ռուսին սիրող պարսի­կը լավ է մեզ հետ, բայց չի սիրում թուրքե­րին, որի բարե­կամն է մեր բարե­կամ ռուսը: Թուրքի բարե­կամ Եվրո­պա­յին մենք խնդրում ենք, որ նա մեզ ազա­տի իր բարե­կամ թուրքից, որին օգնում է մեր բարե­կամ ռուսը ու որից մենք դժգոհ ենք: Ավե­լի պարզ բացատրելն ուղղա­կի անհնար է:

Սա իրա­կա­նության բացատրման այսպես ասած գեղա­վա­րի, հասա­րակ տարբե­րակն է: Ավե­լի գեղե­ցիկ բառե­րով նույն բանն ասում են դիվա­նա­գետնե­րը ու ավե­լի համո­զիչ՝ հրա­նոթնե­րը: 

Հիմա հարց՝ ի՞նչ անել այս պարա­գա­յում, երբ բարե­կամդ չի օգնում, իսկ նա, ում դիմում ես, միայն խոսում է, լավ խոսում, իսկ Արցա­խում արդեն քարտով են մթերք բաց թողնում:

Ո՞րն է մեր պետա­կան հայե­ցա­կարգը հույսը դնել ուրի­շի վրա, թե ռուսնե­րի մոտ լացել Եվրո­պա­յից, Եվրո­պա­յի մոտ՝ ռուսնե­րից:

Մենք այսպես իրար ենք խառնվել ու չենք հասկա­նում, թե ինչ է տեղի ունե­նում այն պատճա­ռով, որ երբեք չենք մտա­ծել, թե ապա­գա­յում ինչ կպա­տա­հի ու ինչին ինչպես պատրաստվել: Ապա­գա­յի նկատմամբ մեր պահվածքը եղել է ռուսնե­րի վրա հույս դնե­լով ու վերջ: Թե ով ինչու օգնեց ու ինչու չօգնեց՝ էական չէ, Էակա­նաը հասկա­նալն է, որ մեր պատկե­րա­ցումնե­րը չեն կատարվել: Հասկա­նալ, որ ապա­գան այլևս այն չէ, ինչ հինգ տարի առաջ էր, 10 կամ 20 տարի առաջ: Ապա­գան կերտվում է հենց հիմա, այս օրե­րին: Հիմա անցնում են օրեր, որ տարի­ներ արժեր: Ձախո­ղած մի քանի ամի­սը ծանրա­նա­լու է մի քանի տասնամյակ: Ու մենք հանկարծ արթնա­նա­լու ենք մի աշխարհում, որտեղ կան նոր ուժեղներ ու թույլեր, նոր հարա­բե­րություններ ու մենք շփոթված նայե­լու ենք աջ ու ձախ՝ չիմա­նա­լով, թե ինչ անել:

Իսկ մենք զբաղված ենք դեռ հաշվե­լով, թե ով ինչքան է կերել և ով ինչքան պիտի ուտի: Իշխա­նությունն ու ընդդի­մությունը բարի­կա­դա­վորվել են ու իրար մեդիա­տե­ռոր են անում ուրիշ ոչինչ: Ապա­գա՝ չկա, ժողո­վուրդն էլ շփոթված ու հուսա­հատված: 

Որովհետև իրա­կա­նության ընկա­լում գոյություն չունի: Մենք նայում ենք ու չենք տեսնում: Եթե տեսնում էլ ենք, չենք հասկա­նում: Նման ենք այն մարդուն, ում բացատրում են, որ թերմո­սը մի բան է, որը հեղուկը ձմռա­նը տաք է պահում, իսկ ամռա­նը՝ սառը, մենք հարցնում ենք, թե թերմոսն ինչ գիտի ամառ է թե ձմեռ: Իրա­կա­նության ընկա­լումը ծանր բան է: 

Իրա­կա­նության ընդունումն այնպի­սին, ինչպի­սին այն կա, դժվար է: Դժվար է և՛ առանձին մեկ մարդու, և՛ մի ողջ հասա­րա­կության համար: Հատկա­պես հասա­րա­կության, որովհետև նա ստիպված է իրա­կա­նության հետ մեկտեղ ընդունել սեփա­կան վրի­պումնե­րը, սխալնե­րը և այդ բացա­սա­կա­նը, որ կա: Ու սովո­րա­բար ամե­նա­տարբեր միջոցնե­րով փորձ է արվում խուսա­փել իրա­կա­նության ընդունումից՝ դրա համար գտնե­լով ամե­նա­տարբեր պատճառներ, ընդհուպ մինչև մեղադրանք Աստծուն կամ Սատա­նա­յին:

Իրա­կա­նության կամ անխուսա­փե­լին ընկա­լե­լու համար ամե­րի­կա­ցի հոգե­բան և հոգե­բույժ Էլի­զա­բեթ Կյուբլեր-Ռոսսն իր «Մահվան և մահա­նա­լու մասին» գրքում առա­ջարկել է հետևյալ հետևյալ հինգ փուլե­րը՝

  1. Ժխտում
  2. Զայրույթ
  3. Քննարկում(սակարկում)
  4. Ընկճախտ(դեպրեսիա)
  5. Ընդունում:

Ժխտում՝

Առա­ջին փուլի ժամա­նակ հասա­րա­կությունը ժխտում է իր իրա­կա­նությունը, համա­րում է, որ այն այդպես չէ, որ այն ուրիշ է և ամեն կերպ փորձում է ժխտել հենց իր աչքի առաջ կատարվող կամ կատարված իրա­կա­նությունը: Փորձ է արվում գոյություն ունե­ցող փաստը բացատրել ուրիշ կերպ, ուրիշ անուն տալ, ասել ու անել ամեն ինչ, միայն թե չընդունել: Այդ նշա­նա­կում է, որ ամեն ինչ շատ վատ է, քանի որ փորձ է արվում ջայլա­մի պես գլուխը պահել հողում, միայն թե չտեսնե­լու տալ եղա­ծը: Հասա­րա­կությունը սուր հուզմունքով և զայրույթով է լսում ցանկա­ցած քննա­դա­տություն իր հասցեին և պատրաստ է նույնիսկ ամե­նա­դա­ժան և չհիմնա­վորված գործո­ղություննե­րի, միայն թե չլսի քննա­դա­տությունն ու մեղադրանքն իր հասցեին:

Զայրույթ՝

Երկրորդ փուլում իրա­կա­նությունից փախչելն արդեն հնա­րա­վոր չէ և հասունա­նում է իրա­կա­նության աչքե­րին նայե­լու պահը: Բայց հասա­րա­կությունը դեռևս պատրաստ չէ ընդունել իրա­կա­նությունը և տեսնե­լով, որ ժխտե­լով ոչինչ չի փոխում և ամեն ինչ մնում  է նույնը, դեռ մի բան էլ ավե­լի է վատա­նում, սկսում է զայրույթի էտա­պը: Հասա­րա­կությունը դեռևս ի վիճա­կի չէ քննարկե­լու, նա զայրա­ցած է, նա հայհո­յում է, մեղադրանքներ է տարա­ծում ամե­նուր և մեղա­վորներ փնտրում իր վիճա­կի համար: Նա ի վիճա­կի չէ սթափ նայել իրա­վի­ճա­կին և զայրույթը նրա միակ գործիքն է, որով փորձում է այդ իրա­վի­ճա­կում սթափ մնալ, նա այլևս չի կարող ժխտել, բայց և բավա­կա­նա­չափ հասունա­ցած չէ ընդունե­լու համար:

Քննարկում՝

Երրորդ փուլը բավա­կան ուշ կարող է հասնել, քանի որ զայրույթը ինքն իրեն սնող է: Երբեմն զայրույթը կարող է շատ երկար տևել և երկար տևե­լով ոչ միայն լճա­ցում և որպես հետև­անք ճգնա­ժամ առա­ջացնել, այլև սխալ ուղիով տանել մարդուն: Ի վերջո քննարկման փուլը վրա է հասնում, առա­ջացնե­լով «ի՞նչ»,  «ինչպե՞ս»,  «ինչո՞ւ» հարցե­րը: Այդ հարցե­րին պատասխա­նե­լու կարո­ղությունը կախված է հասա­րա­կության մտա­վոր մակարդա­կից: Որքան ցածր է մակարդա­կը, այնքան երկար է տևում այդ ներքին քննարկումը, անհա­մա­ձայնությունը, վեճը: Եվ որքան շատ է երկա­րում արդեն իսկ գոյություն ունե­ցող փաստի քննարկումը, որքան ավե­լի շատ են արդա­րա­ցումներ հորինվում, այնքան ավե­լի է հեռա­նում ճշմարտությունը և ձևա­փո­խում իրա­կա­նությունը: Հանդես են գալիս կեղծ մարգա­րե­ներ և կեղծ ճշմարտություններ տալիս, ապա­կողմնո­րո­շում հասա­րա­կության, տանում սխալ ուղիով:  Մտա­վոր ցածր մակարդակներ ունե­ցող հասա­րա­կությունը կարող է տասնամյակնե­րով քննարկել իր հետ տեղի ունե­ցա­ծը և չհասկա­նալ ու անընդհատ ապա­կողմնո­րոշվել, բայց ի վերջո միևնույն է քննարկումը, իր ներքին սակարկությունը մոտե­նում է իրա­կա­նությա­նը և հասա­րա­կությունը վաղ թե ուշ ստիպված կանգնում է մերկ ճշմարտության աչքի առաջ: Հաճախ այդ իրա­վի­ճա­կը ձևա­վորվում է ոչ միայն ներքին քննարկումով, այլև ինչ որ աղե­տով, որը ջնջում է հասա­րա­կության, մինչ այդ ունե­ցած պատրանքնե­րը և ողջ չորությամբ պարտադրում իրա­կա­նությունը:

Ընկճախտ(դեպրեսիա)

Ընկճվա­ծությունը սկսվում է իրա­կա­նությունը տեսնե­լուն պես: Որքան երկար է հասա­րա­կությունը հավա­տա­ցել իր իսկ ստե­րին, այնքան ավե­լի երկար է տևում այդ հասա­րա­կության ընկճվա­ծությունը: Այն կարող է շատ երկար տևել ու ժամա­նա­կին չհասկա­նա­լու, չսթափվե­լու դեպքում ինքնասպա­նության հասցնել թե՛ մարդուն, թե հասա­րա­կությա­նը: Ընկճվա­ծության փուլում պակա­սում է հավա­տը սեփա­կան ուժե­րի նկատմամբ, ամեն ինչ սկսում է կեղծ թվալ, խոչընդոտնե­րը՝ անհաղթա­հա­րե­լի, հակա­ռա­կորդը՝ անպարտե­լի: Կարող է թվալ, որ ողջ աշխարհը քո դեմ է: Ընկճվա­ծությունը զուգակցվում է խորը անտարբե­րությամբ ամեն ինչի նկատմամբ: Բոլոր կարև­որ հարցե­րը դառնում են անկարև­որ, կյանքը կորցնում է իմաստը, կյանքն ընթա­նում է ինքնա­բե­րա­բար: Գերակշռում են ցածր գաղա­փարնե­րը, տարածվում է կենցա­ղա­յին մակա­րա­կը, հասա­րա­կա­կան մոլություննե­րը և ախտե­րը՝ անբա­րո­յա­կա­նություն, կաշա­ռա­կե­րություն, խաղա­մո­լություն, հարբե­ցո­ղություն, հանցա­վո­րություն: Շատա­նում է նաև մեղքի զգա­ցումը, մարդը և հասա­րա­կությունը սկսում է խղճալ ինքն իրեն: Դեպրե­սիան շատ վտանգա­վոր ճահիճ է, որում բազմա­թիվ մարդիկ են խեղդվել չկա­րո­ղա­նա­լով հաղթա­հա­րել այն: Բայց դեպրե­սիան կարե­լի է հաղթա­հա­րել՝ անհատ մարդու դեպքում հոգե­բա­նի և լավ ու առողջ միջա­վայրի ձևա­վո­րումով, իսկ հասա­րա­կությա­նը պետք է ուշքի բերի իր մտա­վո­րա­կան, գիտա­կան էլի­տան: Հենց այս փուլում էլ շատ հաճախ սկսում է «առաջ ավե­լի լավ էր» մտայնությունը, քանի որ իրա­կա­նությունն անտա­նե­լի է, չի բավա­րա­րում և վատն է:

Ընդունում

Ընդունման փուլը նշա­նա­կում է ընդունել ամեն ինչ այնպես, ինպես այն կա: Եթե հասա­րա­կությունը կարո­ղա­նում է հասնել ընդունմա­նը, ուրեմն նա բուժվել է շատ ծանր հիվանդությունից, նա հաղթա­հա­րել է իր տագնապն ու անկա­րո­ղությունը և այժմ պատրաստ  է ուղիղ նայել իրա­կա­նության աչքե­րին, ուղղել իր սխալնե­րը և շարունա­կել ապրել: Երջա­նիկ են այն հասա­րա­կություննե­րը, որոնք կարո­ղա­նում են վերա­կանգնվել ծանր հարվածնե­րից հետո, բայց նաև կան այնպի­սիննե­րը, որոնք չհաղթա­հա­րե­լով նախա­վերջին փուլը կարող են պարզա­պես ինքնաոչնչա­նալ: 

Էլի­զա­բեթ Կյուբլեր-Ռոսսն այս գիրքը գրե­լով նպա­տակ է ունե­ցել օգնե­լու մահա­ցու հիվանդ մարդկանց՝ անխուսա­փե­լին ավե­լի հեշտ ընդունե­լու համար: Իսկ մի՞թե մենք ուրիշ վիճա­կում ենք: Միայն թե, ի տարբե­րություն մահվան դատա­պարտվա­ծի, մենք դեռ կարող ենք: Կարող ենք ընդունել, հասկա­նալ ու փոխել:

Պետք է փոխել ապա­գան, փոխե­լով հենց ինքներս մեզ:

«Նախքան քո փոխվե­լը, քեզ համար անհա­վա­տա­լի կարև­որ մի բան պետք է վտանգի տակ հայտնվի»,- Ռիչարդ Բախ:

Առնչվող Հոդվածներ