Ալիևի համար ստեղծվել է խառնաշփոթ մի իրավիճակ, երբ այլևս պարզ չէ, թե ինչ անել հետո:
Արամ Սարգսյան
FreeNews-ի եթերում Արթուր ԿԻրակոսյանը «Ազատ զրույց» հաղորդաշարի շրջանակներում հյուրընկալել էր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին:
Արամ Սարգսյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանն ու այն կարծիքն արտահայտել, որ ըստ էության 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրը փակուղու մեջ է, քանի որ կողմերից մեկը խոսում է ուժի դիրքերից, ավելին է ցանկանում ստանալ, քան կա, իսկ մյուս կողմը կամ ներքին պայմանավորվածություն ունի, կամ էլ ուժերը չեն հերիքում դաա թույլ չտալու համար:
Ընդ որում երեք կողմերն էլ հայտնվել են փակուղու մեջ: Նախապես ադրբեջանցիները հայտարարում էին, որ իրենք չեն փակել ճանապարհը, այլ ռուսները, բայց պարզ երևում է, որ ճանապարհը փակողները, գոնե դե ֆակտո, ադրբեջանցիներն են: Ու հիմա Ալիևի համար ստեղծվել է խառնաշփոթ մի իրավիճակ, երբ այլևս պարզ չէ, թե ինչ անել հետո: Միջազգային հանրությունն ասում է, գնացեք ձեր հարցերը լուծեք, իսկ Ալիևն ասում է, որ Արցախն իր երկրի տարածքն է ու ինքը չի պատրաստվում որևէ մեկի հետ ինչ որ բան քննարկել: Բայց ամբողջ հարցն էլ այն է, որ Արցախը հենց այդպես չի կարող ուղղակի լինել Ադրբեջանինը: Արցախը տեր ունի: Ալիևը չի կարող ռազմական ճանապարհով մտնել և կոտորած սարքել ու նա ի վերջո ստիպված է լինելու բանակցել: Բայց ո՞ւմ հետ: Եթե Ալիևը բանակցի Հայաստանի հետ, ապա Հայաստանը հայտարարում է, որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալու պատճառով պետք է խոսի միջնորդների միջոցով: Միջնորդների միջոցով խոսել՝ նշանակում է վերականգնել Մինսկի խումբը: Եթե Ալիևը չի ցանկանում խոսել ՀՀ հետ, ապա պետք է խոսի Արցախի հայերի հետ: Ադրբեջանցիները արհեստական պատճառաբանություններ են բերում, թե կխոսեն, եթե Արայիկ Հարությունյանն ու Ռուբեն Վարդանյանը չլինեն, այսինքն ցանկանում է ունենալ դրածոներ Արցախում, ինչը բացառվում է:
Ադրբեջանը եթե անգամ չի ցանկանում աշխատել Մինսկի համանախագահների հետ, նրանցից առնվազն երկուսը՝ ԱՄՆ և Ֆրանսիան նրան ասում են, որ Ադրբեջանը այսպես թե այնպես չի կարող ուղղակի շրջվել ու հեռանալ, որովհետև բազմաթիվ փաստաթղթեր ունի ստորագրած, օրինակ՝ փոքրամասնությունների կամ համանման այլ իրավունքների հարցով, իսկ Արցախի հարցում այդ փաստաթղթերը կարող են գործոն համարվել:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ռուսները ձգտելու են չզիջել ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին: Նրանք ցանկանում են Հայաստանի տարածքով Լաչինին համահունչ միջանցք տալ Ադրբեջանին և այդ ձևով շարունակել մնալ տարածաշրջանում՝ առանց հակամարտող կողմ դառնալու:
Հայաստանը ևս մտածելու շատ բան ունի: Դժբախտաբար Հայաստանն այսօր ևս փակուղու մեջ է, որից դուրս գալը կենսական նշանակություն ունի:
Արամ Սարգսյանը հիշեցրեց ՄԱԿ-ում հայկական կողմի ելույթը և ընդգծեց, որ թերևս ավելի լավ կլիներ, որ հայերը նշեին, որ Արցախը շրջապատված է ամբողջովին ու ճանապարհն էլ փակ է բոլորի համար, ոչ թե բաց է մասնակի, ինչպես փորձում են նշել ադրբեջանցիները: Ադրբեջանը, երբ ասում է, որ արցախցիներին կտա այն նույն իրավունքները, որ ունեն Ադրբեջանի քաղաքացիները, ապա ինչի՞ մասին է խոսքը գնում: Ի՞նչ իրավունք է տալու մի երկիր, ուր 30 տարի է իշխանությունը չի փոխվում, կոռուպցիան ու բռնապետական ռեժիմը հաստատ են, ազատության ամեն ձայն խեղդվում է ու սպանվում:
Ամբողջական տեսանյութը՝