Դաշնակցական պատմագրության մեջ հայտնի դեպք է, երբ 1990-ի մարտին ՀՅԴ-ին հայտնի դարձավ, որ Երևանում կազմակերպություն է ստեղծվել իր վարչությունից դուրս և կրում է «Հայաստանի Հայ Յեղափոխական Դաշնակցություն» անվանումը, պարզապես ուշադրությունը շեղելու համար։ Բյուրոն հրապարակեց մամուլի հաղորդագրություն՝ «պախարակելով այս կազմակերպությունը, որը չնայած անվանմանը, ոչ մի կապ չուներ Քրիստափորի, Ռոստոմի և Զավարյանի կուսակցության հետ», և որը զրոյից ստեղծվել էր այն ժամանակվա ՊԱԿ (КГБ)-ի կողմից՝ վնասելու իրական ՀՅԴ-ին։ Նույնիսկ այս կեղծ ՀՅԴ-ին միացավ «Դաշնակցություն» անունը կրող մարմինը։ Իսկ եթե իրականում ներկայիս «Հայաստանի ՀՅԴ-ն» ոչ ավել, ոչ պակաս այս «ՀՅԴ-ՊԱԿ»-ի ժառանգորդն էր, այլ ոչ Հայաստանից դուրս այն ժամանակվա Բյուրոյի ծրագրով ստեղծվածը…
Կայծ Մինասյան
Երբեք չի կարելի թքել այն ամենի վրա ինչ սիրել ես և դեռ սիրում ես, չնայած կյանքի տարբեր դիպվածներին, բայց և այնպես պետք չէ հասնել հարաբերությունների բացարձակ խզման: Դա վերաբերում է ինչպես անձնական, այնպես էլ հասարակական կյանքին: Ամեն ոք, ով խախտում է այս ոսկե կանոնը, ընկնում է անհաշտության, հիասթափության և վրեժխնդրության գիրկը: ՀՅԴ պատմությունը նույնպես երկար պատմվածք է այդ օրինախախտման մասին, սակայն մի առանձնահատկությամբ․ այն ընթերցողին մշտապես անդունդի եզրին է պահում: ՀՅԴ միասնությունը հիմնված է, ի թիվս այլ բաների, անհատի վրա, ով, նախախնամորեն, հակված է հաճախ անցնել բանականության սահմանը։ Հայերի՝ քաղաքականության մասին պատկերացումը սաղմնային է, երևակայական, որը ճիշտն ասած՝ կարգավորման ենթակա չէ․ Եկեղեցին թույլ է, կուսակցությունները թույլ են, պետությունը՝ երիտասարդ, քաղաքացիական ինստիտուտը՝ էլ ավելի երիտասարդ։ Ուստի, այս պայմաններում հայության համար կարգավորող գործառույթ իրականացնող ոչ մի հիմնական հաստատություն չկա։
Դաշնակցության բնական համակարգն իր հզորությամբ և հիմքերով, միջավայրով և մտավոր ներուժով, բանականության և զգացմունքի միասնական զարգացման ներքին գործընթաց է: Ուրեմն, մի կողմից՝ բանականության, որովհետև Քրիստափորն այն գաղափարի ջատագովն է, որի համաձայն մարդիկ են կերտում Պատմությունը, և որ ողջախոհությունն է ուղղորդում նրանց հանձնառությունը: Մյուս կողմից՝ զգացմունքի, որովհետև Քրիստափորը մշակեց կանտյան հեղափոխական բարձրագույն նպատակի համընդհանուր պայմանները՝ ի նպաստ Բանականության, և ամենևին ոչ՝ հօգուտ զգացմունքի։ Միայն թե՝ երբ քաղաքական այս հանճարը մատնացույց արեց սահմանը, որին պետք էր հասնել, առավելապաշտ կուսակցականը, ով հավակնում էր իր ժառանգորդը լինել, նրա մատին նայեց և տեսավ միայն զգացմունք, չափազանցություն և ամբարտավանություն։ Մինչդեռ Քրիստափորի մատն ուղղված էր դեպի Բանականության բոլոր դրսևորումները։ Այն Բանականության սահմանն էր ցույց տալիս։ Այնուամենայնիվ, երբ առավելապաշտը ՀՅԴ իշխանության ղեկին է, ինչպես 1919 թվականից հետո է եղել, նա խեղդում է Բանականությունը հօգուտ զգացմունքի, չհասկանալով, որ ինքը ներկայացնում է միայն Քրիստափորի ծաղրանկարը, նա իր բացարձակապետության գերին է այն աստիճան, որ ոչնչացնում է այն ամենը, ինչն իրեն նման չէ, հատկապես ՀՅԴ-ում։ Ընդհակառակը, երբ անհատը մեկուսանում է ՀՅԴ-ից կամ լքում է դաշնակցական ընտանիքը, շատ հաճախ նա այդ զգացմունքը թաքցնում է պայուսակում, բայց այն շրջում է ՀՅԴ-ի դեմ: Դա հենց ֆիդայի խմբապետ Միհրանի դեպքն է, ով, ի դեպ, ճիշտ է ընկալում քրիստափորյան գաղափարախոսությունը, ինչի վկան են 2020 թվականին Երևանում տպագրված Քրիստափորի անտիպ նամակները, մասնավորապես՝ 1905 թվականի մարտի սկզբին նրա գրած երկար ուղերձը (էջք 280- 289) բոլոր նրանց համար, ովքեր իրենց զենքերն ուղղել են ՀՅԴ-ի դեմ։
Երկու դեպքում էլ այստեղ են թաղված երկգլխանի հակադաշնակցականության արմատները, որոնց ընդհանրությունը զգացմունքային վերալիցքավորումն է, որը բանավեճն աշխուժացնելու փոխարեն, միայն արգելափակում է միտքը։ Անկախ նրանից, թե անհատը լքել է դաշնակցությունը կամ դաշնակցական առավելապաշտ է, հակադաշնակցականության նշյալ երկու ձևերն էլ տարբերվում են, բայց զուգահեռ դրսևորումներ ունեն: Տարբեր են, այն առումով, որ արտաքին հակադաշնակցականությունը ձգտում է արժեզրկել այն, ինչ ներկայացնում է ՀՅԴ-ն ժամանակակից հայկական իրականության մեջ, այլ կերպ ասած՝ դա Պատմության ժխտում է և հետևաբար՝ շեղում, իսկ ներքին հակադաշնակցականության էությունն իր հերթին «դաշնություն կամ դաշնակցություն» հասկացության անտեսումն է՝ հօգուտ «կուսակցության» (տե՛ս Մաս I): Իսկ զուգահեռ են զարգանում, քանի որ այդ երկու հակադիր ձևերը միավորվում են կրքի և չափազանցության գաղափարի հիման վրա, բայց եթե առաջինը հիմնվում է դաշնակցականության վախի վրա, երկրորդը զարգացնում է այդ վախը, որը նա առաջացնում է: Մի խոսքով, դա « դաշնակաֆոբիա » (տագնապային խանգարում) է ընդդեմ « դաշնակամոլության »… երկու դեպքում էլ՝ հիմքում զգացմունքի հաղթանակն է բանականության նկատմամբ:
Հակադաշնակցականությունը, ինչպիսի ծագում էլ ունենա՝ արտաքին, թե ներքին, թերի է մնում, կարծես այդ urbi et orbi-ն (Հռոմ քաղաքին և համայն աշխարհին ուղղված օրհնություն) մշակողները կուրացած են իրենց երևակայությունից և պարփակված են գաղափարական «պղպջակի» մեջ։ Իսկ դրա համար մենք պետք է շտապ վերացնենք այդ երկակի գաղափարական ախտահարումը։ Նրանք, ովքեր «Մեր Ուղին» հարթակի հետևորդներն են, ովքեր ընդունում են «Կարսի պատմական հոսանքը», կապ չունեն այս կրկնակի արատի հետ։ Երբ արտահայտում են իրենց մտահոգությունները ՀՅԴ առողջական վիճակի վերաբերյալ, նրանք կասկածի տակ են դնում քաղաքական գծի արդիականությունը, մեղմացնում են իրենց պահվածքը և չեն ցանկանում լինել մեքենայի ատամնանիվ, որը երկար ժամանակ պտտվում է իր առանցքի շուրջը, այլ կերպ ասած՝ դատարկության մեջ: Նրանք հավատարիմ են մնում պատմական ժառանգությանը, հանձնառության տրամաբանական հիմնավորմանը և դաշնակցության համոզմունքի կամ պատասխանատվության բարոյագիտությանը, բայց մերժում են ամեն տեսակ նահատակությունները, ժխտողականությունը և մտքի ինքնաոչնչացումը:
Բայց արժե՞ հիշեցնել, որ Դաշնակցության մենաշնորհը ոչ ոք չունի, հակառակ այն բանի, ինչ մտածում էին առավելապաշտները ՀՅԴ սկզբնավորումից ի վեր։ Ավելին, ինչպե՞ս կարող են այս առավելապաշտները հավակնել լինելու Քրիստափորի միակ ժառանգորդները: Նրանք, ովքեր ՀՅԴ-ն ներկայացնում են որպես «ազգի կուսակցություն», այսինքն՝ ամբողջատիրական (totalitar) կուսակցություն։ Իսկ ինքը՝ Քրիստափորը, ճիշտ հակառակն է գրում. «Ցանկացած շարժում, որը հիմնված չէ ժողովրդավարության վրա, դատապարտված է կործանման»։ Ո՞ւր մնաց Հովնան Դավթյանի, Ռուբեն Տեր-Մինասյանի, Խաժակ Տեր-Գրիգորյանի և Հրանտ Մարգարյանի քրիստափորյան ժողովրդավարությունը, եթե դիտարկենք ՀՅԴ առավելապաշտական հոսանքի միայն այս ամենահայտնի օրինակները: Ոչ մի տեղ։ Եվ այստեղ է, որ մենք չպետք է վարանենք կասկածի տակ առնել առավելապաշտների դաշնակցական հանձնառության իրական էությունը: Արդյո՞ք դրա համար չպետք է վախենանք «Այբ ու Բեն »-ով նրանց ցույց տալ (Քրիստափորից մեջբերելով՝ « Դրօշակ », 1893 թ․-ի նոյեմբեր, թիվ 5), որ իրենց գաղափարական թմբկահարումը քրիստափորյան, հետևաբար՝ դաշնակցական իդեալի մշտական խախտում է: Այս նույն առավելապաշտները չեն վարանում բոլոր անուններից ցուցակագրել նրանց, ովքեր մտածում են, թե ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկել կուսակցական գործիքակազմն ու ծրագիրը կատարելագործելու համար: Պարզ է, իրենց համար ՀՅԴ-ից հեռացածը կամ ընկճախտ ունի, կամ օտար ուժի գործակալ է, կամ էլ նենգափոխ դավաճան։ Ոչ մի դեպքում նրանց մտքով չի անցնում, որ նրանք, ովքեր կուսակցությունից դուրս են հայտնվում, կարող են պարզապես ինքնուրույն մտածել ՝ այս բոլոր չարիքներից զերծ մնալով, պարզապես կասկածելով այս կամ այն բանի վրա, եթե միայն հիշենք, որ երբեմն ավելի շատ դաշնակցական հավատարմություն կա ազնիվ կասկածի մեջ, քան կուսակցականության հավատամքում։ Բայց դա նրանցից վեր է: Իրականում, առավելապաշտները հակադաշնակցականությունը բարձր թափահարում են խրտվիլակի պես, քանի որ գիտակցաբար շփոթում են «հակադաշնակցականությունը» և «հակակուսակցականությունը»՝ սեփական վախը քողարկելու և ինքնասիրահարվածությունն ի ցույց դնելու համար: Եվ այդ ճղճիմ ամբարտավանությունը բանական, հասկանալի և պատասխանատու վարքի հակադրությունն է։
Ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող այս անհավանական կազմակերպության անցյալը փորփրելու մեր ձեռնարկած քայլը հիմնված է Բանականության զգացողության վրա: Սա ամենևին հետևանք չէ որևէ հետախուզական ծառայության կողմից պատվիրված ախտաբանական հետազոտության, ընկճախտի, նենգափոխման կամ որևէ ուսումնասիրության, պարզապես անկախ, կամավոր աշխատանքի արդյունք է, որը հիմնված է քաղաքագիտության դոկտորական ատենախոսությունից վերցված գաղափարի վրա, որը պաշտպանվել է 1999 թվականին վեց երկար տարիների ընթացքում տվյալ ոլորտում արված գիտական հետազոտություններից, ուսումնասիրություններից, հարցազրույցներից և փորձառությունից հետո: Ընդհանուր առմամբ, դաշնակցական կամ հարադաշնակցական գրականությունն իմ առօրյայի մասն է կազմում արդեն գրեթե 30 տարի, և յուրաքանչյուր ընթերցմամբ նոր տեսանկյուններ են ի հայտ գալիս, քանի որ դաշնակցական միտքը հարատև շարժման մեջ գտնվող, փոփոխվող միտք է։ Դա քարացած, չզարգացող միտք չէ, ինչպիսին ցանկանում են ներկայացնել առավելապաշտները, ովքեր կարծում են, որ պատրաստի հագուստեղենին նմանվող Հովնան Դավթյանի մտքերը և հատկապես Ռուբենի եռակտոր կոստյում-գաղափարախոսությունը (բռնակալություն, սուտ, ինքնաոչնչացում) պատասխանանում են այն բոլոր հարցադրումներին, ինչպիսին կարծրատիպային, մեքենայացված մտքերն են, որոնք ամեն ինչի պատասխանն ունեն, հաճախ նույնիսկ մինչև տվյալ իրադարձության սկսվելը: Համանման պայմաններում և այնպիսի խոնարհությամբ, որը հարիր է նման դեպքերին, այս երկար փնտրտուքը ՀՅԴ լաբիրինթոսում կատարվում է Հովհաննես Քաջազնունու և Խոսրով Թութունջյանի ոգով, որոնցից առաջինը եղել է Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետը 1918 թվականին, իսկ երկրորդը՝ իրավագիտության փայլուն դոկտոր, այն ժամանակ նախարար Ռուբեն Դարբինյանի խորհրդական, ապա Լիբանանի խորհրդարանի դաշնակցական պատգամավոր։ Երկուսն էլ տարբեր ժամանակներում մեծ տեղ են տվել Բանականությանն իրենց խոսքում, գրվածքներում ու ելույթներում՝ խուսափելով դաշնակցական նորալեզվի ծուղակից։ Նրանց աշխատանքներն ուղղված չեն Դաշնակցության դեմ։ Դրա ապացույցն առնվազն այն է, որ Հրայր Մարուխյանը ոգեշնչված էր Դաշնակցության մասին նրանց իրատեսական և գործապաշտ մտորումներով՝ նպատակ ունենալով բացահայտել կուսակցության վերածննդի պայմանները։ Այդ աշխատանքներն ավելի շուտ այլ հայերի հարցապնդումն են նրանց դեմ, ովքեր խեղաթյուրում են ՀՅԴ-ն՝ այն պարզ, բայց անվերծանելի կուսակցության կարգավիճակի հասցնելու համար։ Դա բոլորովին այլ բան է, նույնիսկ վերջինիս հակապատկերն է, և մենք կվերադառնանք այս վճռորոշ կետին մեր եզրակացության մեջ:
Այն, որ ՀՅԴ-ն այսօր ընդդիմադիր է Նիկոլ Փաշինյանին, ոչ միայն իրավունք ունի, այլև իրավացի է, քանի որ պատերազմում պարտված վարչակարգը, ինչ էլ որ լինի, չի կարող շարունակել կառավարել։ Հանուն պետության բարօրության՝ Նիկոլ Փաշինյանը պետք է թողներ պաշտոնը և իշխանությունը հանձներ իր թիմակցին՝ արտահերթ օրենսդրական ընտրություններով կամ առանց ընտրությունների։ Սա է ճիշտ պետական տրամաբանությունը, բայց իրականում Նիկոլ Փաշինյանն ի վերջո վարվեց այնպես, ինչպես տարիներ շարունակ նրան դատապարտողները։ Որոշ ժամանակահատված պետականաշինությամբ զբաղվելով՝ գործադիրի ղեկավարը կանգնում է խոչընդոտի առաջ և «Պետության» մասին մտածելու փոխարեն՝ մտածում է իր վարչակարգը պահպանելու մասին։ Լևոն Տեր-Պետրոսյանը «Պետության» մասին մտածեց դեռևս 1991 թվականին, բայց շատ արագ՝ ՀՅԴ կասեցումից (1994թ.) և վիճահարույց ընտրություններում վերընտրվելուց (1996թ.) հետո, նա գործեց միայն իր վարչակարգը փրկելու համար: Նրա իրավահաջորդ Ռոբերտ Քոչարյանն իր հերթին 1998 թվականին մտածեց «Պետության» մասին, սակայն 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած սպանդից հետո նա կառուցեց միայն իր վարչակարգի պաշտպանությունը։ Չխոսենք Սերժ Սարգսյանի մասին, ով իր երկժամկետ պաշտոնավարման ընթացքում՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո, մտածում էր միայն մեկ բանի մասին՝ փրկել իր վարչակարգը՝ առանց «Պետություն» կառուցելու։ Երբ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսին վերցրեց իշխանությունը, նա փորձեց հակառակը՝ փրկել պետությունը վարչակարգից և կառուցել նոր Հայաստան։ Բայց ռազմական պարտությունը նրան անմիջապես կանգնեցրեց և ստիպեց իր հերթին մտածել «վարչակարգի» մասին։ Սա այն է, ինչ նա անում է 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր, սակայն, 2021 թվականի հունիսի 21-ի արտահերթ ընտրությունների ժամանակ ձեռք բերված քաղաքական օրինականությամբ: Եվ քանի որ նա փրկեց ժողովրդավարությունը և թույլ տվեց հայերին արտահայտվել ընտրությունների միջոցով, այժմ անհերքելի ժողովրդավարական օրինականություն է վայելում՝ չնայած հանգամանքներին և ձեռնպահության բարձր ցուցանիշին։ Բայց Նախկին վարչակարգի ուժերը, այդ թվում՝ ՀՅԴ-ն, իրենց իրավունք են տալիս այլ կերպ որոշել. նրանք չեն ընդունում ընտրության արդյունքները և իրենք իրենց դրսևորում են որպես հակաժողովրդավարական ուժեր։ Եվ սա շարունակվում է արդեն երկու տարի․ երկու տարի շարունակ բանականության բացակայություն, հիմարություն, վտանգավորություն, անպատասխանատվություն, անզորություն, գռեհկություն, չափազանցություն, որոնք կապ չունեն դեռևս 1918 թվականին, նույնիսկ՝ դրանից առաջ, ընդունված այն մտքի հետ, որ դաշնակցությունը կարելի է դարձնել պետության կառուցման հիմնաքար։ Առանց լուտանքների բանավեճ քարոզելու, ինստիտուտների խաղն ընդունելու և իշխանական հերթափոխը նախապատրաստելու փոխարեն, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը ad vitam æternam (ցկյանս) իշխանություն չի վայելում, ի՞նչ իմաստ ունի այս հականիկոլական մոլուցքը, էներգիայի մեծ ծախսը՝ առանց նվազագույն արդյունքի, երեխայի պես առաջ նետվելու պատրաստակամությունը, հականիկոլական պարզամիտ կարգախոսները, ինչպես Երևանում, այնպես էլ Փարիզում, Բեյրութում, Լոս Անջելեսում, ասես ընտրությունների արդյունքները չեն հաշվվում, ժողովրդավարությունը չի հաշվվում, մանավանդ՝ ասես Նիկոլ Փաշինյանը հավերժ է։ Հանգստացե՛ք, ընկերնե՛ր։ Հանգստացե՛ք։ Երևանում իշխանափոխություն պահանջելուց առաջ՝ մաքրե՛ք ձեր տան մուտքը։ Նախքան ներկայիս իշխանության վրա հարձակվելը, նախ հեռու մնացե՛ք նախկին վարչակարգից: Ներողություն խնդրե՛ք ժողովրդից 20 տարվա անպատիվ իշխանության ընթացքում ձեր գործունեության և հատկապես անգործության համար, նախքան գործող վարչակարգի հեռանալը պահանջելը: Մի՛ մոռացեք նախ հաշիվ տալ ՀՅԴ բոլոր ընկերներին տասնամյակներ շարունակ նրանց հիմարացնելու համար, նախքան հետնիկոլյան ապագայի մասին մտածելը։ Գործե՛ք հենց նշվածի պես՝ վերջապես լսելի, վստահելի և պատասխանատու լինելու համար: Դադարե՛ք սպառնալիքներ հնչեցնել ձեր հեռուստաէկրանների առջև նստած կամ խոսափողը ձեռքին՝ առանց հանդիսատեսի՝ Երևանի «Ֆրանսիայի հրապարակում»: Դաշնակցական իշխանությունից հեռացրե՛ք Իշխաններին, Գեղամներին, Հրանտներին ու Հակոբներին և բոլոր նրանց, ովքեր գործում են առանց պատասխանատվության զգացման։ Ազատե՛ք ՀՅԴ-ն ձեր կեղտոտ ձեռքերից, սուտ խոսքերից և նենգ արարքներից: Սա է Բանականության զգացողությամբ և առանց չափազանցության վարքով՝ դեպի Դաշնակցություն վերադարձի ճանապարհը։ Դադարե՛ք ձեզ պահել շփացած, քմահաճ և թուլամիտ երեխաների պես, որոնց բնորոշ են անշուք գեղագիտությունն ու անփայլ ազնվական պահվածքը: Դաշնակցության հիմքը շինարարներ են դրել, իսկական շինարարներ՝ որպես հնադարյան տաճարների կերտողներ և համամարդկային ժառանգության պահապաններ: Բայց դուք միայն Դաշնակցության ու նրա վարպետ շինարարի՝ Քրիստափորի ողջ ճարտարապետական կառույցը քանդողներն եք։ Հեռացե՛ք, այո՛, հեռացե՛ք, որովհետև, եթե Հայաստանը Դաշնակցության կարիքն ունի, ապա նրա ծաղրանկարը հայերին պետք չէ։ Հայաստանը ձեզ չի պատկանում, առանց ձեզ էլ կապրի։ Իշխանությունը ձեզ չի պատկանում, առանց ձեզ էլ կդրսևորվի։ ՀՅԴ-ն ձեզ չի պատկանում, այն կապրի առանց ձեզ կամ կմահանա ձեր պատճառով, քանի որ այսօր ձեր անողնաշար գործողությունը, որի էությունն է ոչնչացնել այն, ինչ չեք վերահսկում և ինքնաոչնչացնել այն, ինչ վերահսկում եք, սահմանափակվում է միայն մի այլընտրանքով. կամ համառորեն առաջ եք գնում ձեր կուրությամբ և միակողմանի տոմս եք վերցնում, առանց հնարավոր վերադարձի, ուղիղ դեպի գերեզմանատուն, կամ վերադառնում եք Բանականությանը, բայց այդ դեպքում անմիջապես սկիզբ եք դնում ձեր քաղաքական ինքնասպանությանը։ Երկու դեպքում էլ լիակատար ոչնչացում է։ Կա՛մ դա մահն է մի ատամնանիվով ջարդող մեքենայի, որը դուք եք, կա՛մ դա ձեր մահն է, այսինքն՝ մեկի, ով չի կարող հրաժարվել ՀՅԴ-ն հետ պահելուց: Հեղափոխական շարժման ժամանակ ֆիդայիներն «Ազատություն կամ մահ» կարգախոսով էին շարժվում։ Ձեր շնորհիվ այս կարգախոսը դարձել է «Մահ կամ մահ», այլ կերպ ասած՝ կա՛մ գերեզմանատուն, կա՛մ քաղաքական ինքնասպանություն: Ընտրությունը ձերն է…
Ինչո՞ւ այս կերպ ընդգծել ՀՅԴ պատասխանատվությունը պատմության առջև։ Ինչու՞ չշտապել և հանգիստ ու առանց խանդավառության նայել այս կազմակերպության գործունեությանը: Հաստատ ո՛չ հակադաշնակցականության պատճառով, հիմարների այդ հայրենասիրությունը թողնենք ՀՅԴ-ից դուրս գտնվողներին կամ Իշխանի ու նրա ընկերության նման առավելապաշտներին։ Չէ՛, խնդրո առարկան միանգամայն այլ է, և դրան պատասխանելու համար՝ վերադառնանք այն հիմնարար սկզբունքներին, որոնք լիարժեք ներկայացնում են մեր մոտեցումը։ Ո՞ր կազմակերպությունն աշխարհաքաղաքական փորձ ունի հայոց աշխարհում: ՀՅԴ-ն։ Ո՞ր կազմակերպությունը Պատմության և քաղաքական շարժագրության փորձ ունի: ՀՅԴ-ն։ Ո՞ր կազմակերպությունն իրական քաղաքական փորձ ունի: Կրկին ՀՅԴ-ն։ Եվ ո՞ր կազմակերպությունը դիվանագիտական փորձ ունի։ Կրկին ու կրկին ՀՅԴ-ն։ Բայց ի՞նչ արեցին առավելապաշտները 30 տարվա այս փորձի և ժառանգության հետ։ Ընդհանրապես ոչինչ, ավելի ճիշտ՝ ամեն ինչ վատնեցին, ամեն ինչ մսխեցին, ամեն ինչ ծախեցին՝ իրենք իրենց առաջարկելով առաջին պատահածին մի քանի պատգամավորական մանդատի կամ նախարարական պորտֆելի համար։ Փաստորեն, ամեն խելամիտ մարդ ներկայումս ՀՅԴ-ին մեղադրում է ոչ թե ընդդիմություն լինելու, այլ 30 տարում Հայաստանի ապահաստատութենական և ապապետականացման ընթացքն արագացնելու համար, մինչդեռ ՀՅԴ-ն, առավելապաշտների շրջանակից դուրս, ներառական և կայուն ծրագրի այլընտրանքի ստեղծման և վերակառուցման հարուստ պատմություն և փորձառություն ունի: Դա նշանակում է՝ 30 տարի թույլ տալ, որ Հայաստանը ձախողված պետության վերածվի։ Ֆիլմի վերջում՝ 2020 թվականի պարտության ժամանակ չէ, որ պետք է ընդվզենք պետության անկազմակերպվածության դեմ, այնժամ արդեն չափազանց ուշ է և չափազանց հեշտ քննադատելը։ Հենց 1990-ից կամ 1994-ից կամ նույնիսկ 1998-ից էր պետք պայմաններ ստեղծել իրազեկության բարձրացման համար, որպեսզի հարացույցը փոխվի և օգտագործվի «ազգ-պետություն» նոր մոտեցումը՝ հասարակական համախմբման և ոչ թե իշխանության միջոցով, կարճ ասած՝ պետք է գործել ոչ թե վերևից ներքև, այլ՝ ներքևից վերև։ Ձեր ընտրած ճանապարհով իշխանության գալու ձախողումը երաշխավորված էր նրանով, որ ՀՅԴ-ն 70 տարի տառապում էր Հայաստանի մասին գիտելիքի պակասից։ Այսպիսով, ՀՅԴ-ն անխուսափելիորեն դուրս էր գալու իրականությունից: Ցանկացած ազգային ռազմավարություն պետք է արմատավորվեր հայ հետխորհրդային հասարակության մեջ, անհրաժեշտ էր այն վերափոխել ներքևից վերև, հզոր ալիքի պես՝ նրան հասկացնելով, որ ինքնիշխանության վերակառուցումն անցնում է նոր ինստիտուտներով, նոր գործելակերպով, աշխատանքային նոր մշակույթով և իշխանության և հասարակության միջև նոր հարաբերություններով: Պետք էր օրինակ վերցնել 1918 թվականի պետությունը ստեղծող հսկաներից, ովքեր սկսեցին կրթությունից, երբ Հայաստանը պատերազմում էր, և մշակույթով, երբ Հայաստանը կրակի և արյունահեղության բաժին էր դարձել։ Ո՛չ, միայն դուք՝ ձեր երևակայության գերին դարձած առավելապաշտներդ էիք հավատում լրիվ կոռումպացված և հանցավոր իշխանության առաքինությանը։ Դաշնակցությունը երբեք հրեշավոր կոռուպցիային կուլ չէր գնա, եթե այլ առաջնորդներ ունենար, բացի ձեզնից՝ առավելապաշտներիցդ: Վերջիններն անկաշկանդ են գործում, քանի որ իրենց բարոյականությունից բացի այլ բարոյականություն չունեն, այսինքն՝ կուսակցական բարոյականություն, որը սովորաբար անբարոյական է դառնում սովորական մահկանացուների համար։ Սակայն համամարդկային արժեքները կրող դաշնակցական բարոյականությունը պաշտպանում է մարդուն արատներից, իսկ կուսակցական բարոյականությունն արտոնում է արատավորությունը։
Եվ, այնուամենայնիվ, ամեն ինչ նրանց աչքի առջև էր, հեշտ հասանելի, գրքերը պարզապես սպասում էին, որ իրենց հոտն առնեն, թերթեն ու կարդան՝ վատագույնից խուսափելու համար: Որովհետև, ի վերջո, ինչո՞ւ են Վրացյանները, Խատիսյանները, Վարանդյանները և մյուսները գրել և գրում իրենց կենդանության օրոք։ Ինչո՞ւ, եթե ոչ՝ նպատակ ունենալով փոխանցել ընդհանուր հետախուզության գործիքակազմը՝ 1870-ից 1920 թվականներն ընկած ժամանակահատվածում՝ 50 տարի շարունակ թույլ տված սխալները չկրկնելու համար։ Նրանց աշխատանքը բոլորի համար պետք է որպես նշաձող, հղում և դաս ծառայեր։ Բայց ի՞նչ են արել առավելապաշտներն առնվազն 30 տարի։ Ոչինչ, բացի երես թեքելուց Սիմոն Վրացյանից, Շավարշ Միսաքյանից, Արամ Մանուկյանից և Ալեքսանդր Խատիսյանից։ Բավական է տեսնել Երևանի Աբովյան փողոցի մոտ գտնվող Արամ Մանուկյանի տան անմխիթար վիճակը, որպեսզի պատկերացնենք, թե որքան է մեծացել Արամի և հետխորհրդային կուսակցական առավելապաշտների միջև եղած տարածությունը։ Ավելին, ինչո՞ւ մկրտել «ՀՅԴ»-ի հայաստանյան կենտրոնական գրասենյակը «Սիմոն Վրացյան» անվամբ, եթե անընդհատ երես են թեքում նրանից և ժխտում նրա ուսմունքը։ Նա, ով գրում էր, որ «Մեծ Հայաստանի գաղափարն անհեթեթություն է, մանկամտություն», նա, ով գրում էր, որ «անտեսել Թուրքիան նշանակում է կարճատեսություն և քաղաքական անընդունակություն ցուցաբերել»։ Չէ՛, «Հայաստանի ՀՅԴ-ն»՝ այդ օճառի պղպջակը, շարունակում է զզվեցնել «Նիկոլի» անունը տալով՝ այն կրկնելով աքլորի պես ամեն առավոտ՝ արթնանալիս։ Բայց անդրադառնանք «Նիկոլ՝ դավաճան», «Նիկոլ՝ թրքամոլ» կամ «Հայաստանն առանց Նիկոլի» պահանջներին։ Իմ գրածներում որևէ բան չկա, որը թույլ կտա որևէ մեկին ուղղակիորեն կամ անուղղակի կերպով կապել ինձ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ, բայց հարգանքը մի կողմից՝ շատ դժվարություններ տեսած և փորձություններից հոգեբանորեն ճնշված մարդու՝ վարչապետի և, մյուս կողմից՝ ընտրողների ձայների նկատմամբ, կարևոր նշանակություն ունի պետության կառուցման, ժողովրդավարական մշակույթի առումով, և ոչինչ և ոչ ոք իրավասու չէ հակառակը մտածել իշխանության հետ իմ հարաբերությունների մասին, մինչդեռ առավելապաշտներն ու «Հայաստան» դաշինքը, սկսած Ռոբերտ Քոչարյանից, ոչինչ չարեցին, բացի իրենց ընտրողներին արհամարհելուց՝ հրաժարվելով իրենց մանդատից (Քոչարյան), Ազգային Ժողովի դահլիճը վերածելով բռնցքամարտի հարթակի, իսկ փողոցը՝ գռեհկության ու բանավոր բռնության ասպարեզի, որը պատմության, նախևառաջ ՝ սեփական պատմության չիմացության նշան է։
Իրենց սեփական պատմությա՞ն: Այո՛, իրենց սեփական պատմության: Ո՞վ է հիշում, օրինակ, 1918-ի օգոստոսի 3-ին կամ 4-ին նորանկախ Հայաստանի մայրաքաղաք Երևանում Արամ Մանուկյանի և Էնվեր փաշայի հորեղբոր՝ 1915-ին մոտ 300.000 հայերի կոտորածի պատասխանատու Խալիլ փաշայի հանդիպումը, և որի մասին Խալիլ փաշան հայտարարել է. «Ես փորձել եմ ոչնչացնել հայ ազգին մինչև վերջին մարդը»: Եվ այս նույն Խալիլ փաշան և Արամը գրկախառնվեցին 1918 թվականի օգոստոսի 4-ի հանդիպման ժամանակ։ Փաշան Վանի հերոսին խնդրում էր, որ Օսմանյան կայսրություն վերադառնալիս իրեն թիկնապահ խումբ տա, քանի որ նա զգուշանում էր հայ ազգաբնակչությունից, որը կարող էր վրեժխնդիր լինել և Լինչի դատաստանի ենթարկել իրեն: Արամը ոչ միայն երկու անգամ ընդունեց նրան Երևանում 24 ժամվա ընթացքում, այլև Արևմտյան Հայաստանի չորս ֆիդայիների հանձնարարեց ուղեկցել Խալիլ փաշային՝ վերադառնալիս: Այդ դեպքում կարո՞ղ ենք բղավել «Արամ՝ դավաճան», «Արամ՝ թրքամոլ», «Հայաստանն առանց Արամի»։ Ո՞վ կհամարձակվեր նրան այդպես վիրավորել, երբ նա գործում էր միայն ի շահ Պետության: Արամը գիտեր, որ Հայաստանը երիտասարդ պետություն էր, ուստի պետք էր խնայել թուրք ղեկավարներին՝ թույլ չտալով, որ վատթարագույնը կրկնվի։ Ուրեմն, պարոնայք Իշխան և Գեղամ, եթե հավատանք ձեր սին ու հիմար խոսքերին, «Արամը դավաճան կլինե՞ր»։ Ո՛չ և ո՛չ, Արամն արձագանքել է որպես պետական գործիչ՝ առանց երկմտելու։
Միևնույն ժամանակ, 1918 թվականի հունիսից մինչև սեպտեմբեր, Առաջին համաշխարհային պատերազմը չավարտված, Օսմանյան կայսրությունը դեռ գտնվում էր եռապետերի՝ Թալեաթի, Էնվերի և Ջեմալի ձեռքում։ Հայաստանը չորս ամսով Կոստանդնուպոլիս է ուղարկում Ալեքսանդր Խատիսյանի գլխավորած պատվիրակությունը, որին կերակրում, տեղավորում և պահում է ցեղասպան վարչակարգը։ Տեղում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը հանդիպում է Օսմանյան պետության բարձրագույն ղեկավարության հետ։ Ներկա են բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են հայերի ցեղասպանության համար, որոնց կոտորված մարմինները դեռևս սփռված են Կայսրության հովիտներում, անապատներում և լեռներում: Այդ դեպքում կարո՞ղ ենք բղավել․ «Խատիսյան՝ դավաճան», «Խատիսյան՝ թրքամոլ», «Հայաստանն առանց Խատիսյանի»։ Ո՞վ կհամարձակվեր նրա երեսին նետել այդ վիրավորանքները, երբ պետական շահն է նրան դրդում այդպես վարվել: Ուրեմն, պարոնայք Իշխան և Գեղամ, եթե հավատանք ձեր սին ու հիմար խոսքերին, «Խատիսյանը դավաճան կլինե՞ր»։ Ո՛չ և ո՛չ, Խատիսյանն արձագանքել է որպես պետական գործիչ՝ առանց երկմտելու։
Մեկ այլ օրինա՞կ։ Խնդրեմ… 1927 թվականին Սիմոն Զավարյանին նվիրված աշխատության մեջ ՀՅԴ տեսաբան Միքայել Վարանդյանը գրում է․ «Պետք է խոստովանել, որ 1912-1913 թվականներին Բալկանյան պատերազմների և Թուրքիայի քաղաքական ճգնաժամի պայմաններում, հայերի, և, մասնավորապես՝ Թուրքիայի հայ ղեկավարների դիրքորոշումը, այլ կերպ ասած՝ նրանց հստակ և բացարձակ շրջադարձը թուրքական սահմանադրական պետության դեմ, առնվազն դիվանագիտական մակարդակով ամենաաղետալի սխալն է հայոց պատմության մեջ»: Ժորեսի ընկեր, ընկերվար-ժողովրդավար Վարանդյանը հրապարակում է այս գրությունը 1927 թվականին՝ ցեղասպանությունից 12 տարի անց և ակնհայտորեն ցույց է տալիս իր անհամաձայնությունը Եվրոպայում Հայկական հարցը վերակենդանացնողների հետ, այդ թվում՝ Էջմիածնի Սուրբ Աթոռի և Կովկասի դաշնակցական առաջնորդների հետ։ Ուրեմն կարո՞ղ ենք «Վարանդյան՝ դավաճան», «Վարանդյան՝ թրքամոլ», «Հայաստանն առանց Վարանդյանի» բղավել։ Ո՞վ կհամարձակվեր նրա երեսին նետել այդ վիրավորանքները, երբ պատասխանատվության զգացումն էր նրան դրդում այդպես վարվել։ Ուրեմն, պարոնա՛յք Իշխան և Գեղամ, ձեր սին ու հիմար խոսքերով՝ «Վարանդյանը դավաճա՞ն կլիներ»։ Ո՛չ և ո՛չ, Վարանդյանը գործել է որպես պետական գործիչ՝ առանց երկմտելու։
Մյուս ուշագրավ պահը վերաբերում է ձեր անտեղյակությանը, պարոնայք առավելապաշտնե՛ր, և զուտ գաղափարական հաշվարկից ելնելով, ժողովրդին ստելու ձեր հակվածությանը։ 44-օրյա պատերազմից ի վեր պարբերաբար, բայց իրականում շատ ավելի վաղ, ջանում եք Ռուսաստանին փրկել, Հայաստանին և հայերին պատուհասած փորձությունների ողջ պատասխանատվությունից: Դուք և ձեր առաջնորդները, ձեր ռուսապաշտ հավատամքով բազմիցս կուրացած, երբևէ Ընդհանուր Ժողովների ժամանակ չեք համարձակվել քննադատել, դատապարտել կամ մեղադրել Ռուսաստանին և նրա առաջնորդ Վլադիմիր Պուտինին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկակի խաղի կամ նույնիսկ մեղսակցության համար: Ավաղ, պատմության մեջ առաջին անգամը չէ, որ ռուսներն ու թուրքերը համագործակցում են հայերի թիկունքում, բայց առաջին անգամն է, որ դուք՝ կուսակցական առավելապաշտներդ, ընտրովի վրդովմունք եք ցուցաբերում։ 1891-1905 թվականներին Աբդուլ Համիդ II-ի և Նիկոլայ II-ի կայսերական համաձայնությունը չէ՞ր 1894-1896 թվականներին 250․000 հայերի ջարդերի և ռուս-օսմանյան սահմանին հայ հեղափոխականների դեմ բռնաճնշումների պատճառը: Այդ ժամանակ ՀՅԴ-ն իր ղեկավարների անունից, որոնց թվում էր Ակնունին, որին Քրիստափորը հանձնարարել էր քննադատել Ռուսաստանին, արել էր այն, ինչ անհրաժեշտ էր Սանկտ-Պետերբուրգին մերկացնելու համար: Դուք, եթե այդ ժամանակ ողջ լինեիք, ջարդերի պատասխանատվությունը կվերագրեիք բացառապես Աբդուլ Համիդ II-ի դաժանությանը։ Դուք երբեք չէիք համարձակվի դիպչել ցարին։ Մի քանի տարի անց՝ 1919-1923 թվականներին, մի՞թե Քեմալ-Լենին դաշինքը չէր, որ պատասխանատու էր Հայաստանի վերացման և Հայաստանի Հանրապետության տարածքի մասնատման համար։ Այն ժամանակ Դաշնակցությունն իր առաջնորդների անունից, որոնց թվում էր Վրացյանը, արել էր ամեն ինչ՝ դատապարտելու երկու հեղափոխական պետությունների այդ անառողջ դաշինքը։ Դուք, եթե այն ժամանակ ողջ լինեիք, Հայաստանի Առաջին Հանրապետության վերացման համար կմեղադրեիք բացառապես թուրք առաջնորդ, բռնակալ Մուստաֆա Քեմալին։ Դուք երբեք Լենինին կամ Ստալինին չէիք կապի այդ կեղտոտ գործի հետ։
Իրականում, և լուրերն ամեն օր դա են ցույց տալիս, երբեք չեք համարձակվում դատապարտել ցարական, բոլշևիկյան կամ պուտինյան Ռուսաստանին այն բոլոր փորձությունների համար, որոնց միջով անցել է Հայաստանը ավելի քան հարյուր տարի։ Երբե՛ք։ Դեռ ավելի վատ, վերջին տարիներին համարձակվել եք ներխուժել ռուս-հայկական համերաշխության դաշտ, Ռուսաստան-Բելառուս միացյալ միության նման, միասնական Ռուսաստան-Հայաստան պետություն ստեղծելու համար։ Բայց ի՞նչ խելագարություն է ձեզ պատել։ Արտասահմանյան Անվտանգության դաշնային ծառայության գործակալներին հատուկ ի՞նչ կուրություն է ձեզ առաջնորդում: Ձեր վախկոտությունը, սահման չունի։ Դուք այսօր գործում եք այնպես, ինչպես 1920-ականներին գործել է Դաշնակցության նախկին ղեկավար Ավետիք Իսահակյանը՝ բաճկոնի աստառը շրջելով Մոսկվայի օգտին և Ստալինի գովքն անելով։ «Հայաստանի ՀՅԴ-ն», որը դուք եք ներկայացնում, այսպես ասած՝ նախանձելու ոչինչ չունի Ավետիք Իսահակյանին, ով 1930-ականներից դարձել էր Ստալինի ներբողագիրը: Ձեր տեղը զբաղեցրե՛ք ամբիոնի մոտ, պարոնայք Իշխան, Գեղամ, Արմեն, Հակոբ, Արծվիկ և համակիրներ, ու ձեր բոցավառ ողջույնը հղե՛ք ցար Պուտինին…
«Հայաստանի ՀՅԴ-ն», ուրեմն, «ոչ մի կապ չունի Վրացյանների և հիմնադիրներ Քրիստափորի, Ռոստոմի և Զավարյանի ՀՅԴ-ի հետ», ուստի եկել է Երևանում վարագույրն իջեցնելու և դրա լուծարումը հռչակելու ժամանակը։ Դե, դաշնակցական պատմագրության մեջ հայտնի դեպք է, երբ 1990-ի մարտին ՀՅԴ-ին հայտնի դարձավ, որ Երևանում կազմակերպություն է ստեղծվել իր վարչությունից դուրս և կրում է «Հայաստանի Հայ Հեղափոխական Դաշնակցություն» անվանումը, պարզապես ուշադրությունը շեղելու համար։ Բյուրոն հրապարակեց մամուլի հաղորդագրություն՝ «պախարակելով այս կազմակերպությունը, որը չնայած անվանմանը, ոչ մի կապ չուներ Քրիստափորի, Ռոստոմի և Զավարյանի կուսակցության հետ», և որը զրոյից ստեղծվել էր այն ժամանակվա ՊԱԿ (КГБ)-ի կողմից՝ վնասելու իրական ՀՅԴ-ին։ Նույնիսկ այս կեղծ ՀՅԴ-ին միացավ «Դաշնակցություն» անունը կրող մամուլը։ Իսկ եթե իրականում ներկայիս «Հայաստանի ՀՅԴ-ն» ոչ ավել, ոչ պակաս այս «ՀՅԴ-ՊԱԿ»-ի ժառանգորդն էր, այլ ոչ Հայաստանից դուրս այն ժամանակվա Բյուրոյի ծրագրով ստեղծվածը… Հարցը, իհարկե, մի թեթև սադրիչ է, սակայն անհիմն չէ, երբ կարելի է կռահել, թե ինչպես է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն ավելի քան երեք տասնամյակ ներթափանցել հայաստանյան քաղաքական ուժերի և մասնավորապես Սփյուռքում նոր հերթափոխը կազմող կուսակցականների շարքերը։
2020 թվականի պարտությունից հետո հայերը շփոթված, տարակուսած և անհանգստացած են իրենց և իրենց երեխաների ապագայով։ Եվ այնուամենայնիվ, արյան ու արցունքների փորձությունը, որով նրանք անցնում են, պետք է առիթ հանդիսանա այս ձախողման պատճառների վերաբերյալ խղճի քննության համար։ Հասարակական գիտությունները թող հոգ տանեն այս ողբերգության խորը և անմիջական պատճառները բացատրելու համար, որն ընդհանուր առմամբ հիշեցնում է ուղիղ մեկ դար առաջվա՝ 1920 թվականի ողբերգությունը։ Բայց հենց հիմա, քաղաքական առումով, Հայաստանը դժվար կլինի ոտքի կանգնեցնել, եթե դատողությունն արգելափակված մնա համընդհանուր ցնցման երկակի մոտեցման վրա. նիկոլապաշտներն ընդդեմ հականիկոլականների: Վարչապետի անձի վրա բևեռացումը ծառայում է Հայաստանի հակառակորդների շահերին, այլ ոչ թե հայությանն ու պետության վերականգնմանը։ Եվ քանի դեռ քաղաքական բանավեճը ծավալվում է նրա անձի շուրջ, այն անպտուղ է մնալու։ Որովհետև Նախկին վարչակարգի ուժերը որքան շատ են հետապնդում Նիկոլ Փաշինյանին, այնքան ուժեղացնում են նրան։ Եվ որքան Նիկոլ Փաշինյանը խեղդում է իր պարտականությունները Նախկին վարչակարգի թողած ցեխի մեջ, այնքան ավելի է խթանում ընդդիմության արմատականությունը, որն ընդունակ է ամեն ինչի, նույնիսկ՝ անսպասելի շրջադարձի։ Ուրեմն, եթե մանիքեական բանավեճը (մանիքեությունը 3-րդ դարում Իրանում տարածված կրոն էր, որը տարբեր կրոնների համադրություն էր, այդ պատճառով սուր վեճեր էին ծագում, թե այդ կրոններից ո՞րն էր հիմնականը) պատճառ է դառնում, որ Ազգային Ժողովի երկու բևեռները ոչնչացնեն միմյանց, դա նրանից է, որ այն ամուլ է և ստիպում է Հայաստանին տեղապտույտ անել: Սակայն այդ վիճակից դուրս գալու համար հայերը պետք է մտածեն երրորդ ուղու մասին՝ «Ո՛չ ներկայիս իշխանությունը, ո՛չ էլ Նախկին վարչակարգի վերադարձը»։ Ինչի՞ մասին է խոսքը։ Իսկ որո՞նք կարող են լինել այդ մոտեցման հիմնական գծերը: Մի կողմից, երրորդ ուղին շահագրգռված է ժառանգել թավշյա հեղափոխության խորհրդանիշն ու գեղագիտությունը, պատրաստ է վերջինիս հետքերով գնալ՝ խթանելով այն գաղափարը, որ այս քաղաքական զարգացումը վերմարդկային է, անկախ նրանից, թե ինչ ներգրավվածություն նա դրանում ունի: Մյուս կողմից, երրորդ ուղին պետք է ոգեշնչվի ոչ թե Նախկին վարչակարգի կողմնակիցների հռչակած համազգային մոտեցմամբ, այլ ավելի իրատեսական՝ վերազգային (transnational) մոտեցմամբ, քանի որ եթե համազգային մոտեցումը հայկական ինքնությունը վեր է դասում ամեն ինչից և, հետևաբար, երազի (մղձավանջի) և իրականության միջև անհամապատասխանության վտանգ է ներկայացնում, վերազգային մոտեցումը ներգրավում է տվյալ պետությունում հաստատված յուրաքանչյուր անհատի քաղաքական, հասարակական և մշակութային իրողությունները, բայց այս կապը արտաքուստ երկմշակութային է: Համազգայնությունը վտանգավոր կերպով ջնջում է տեղական առանձնահատկությունները, մինչդեռ վերազգայնությունը դրանք համախմբում է իշխանության և պետության մասին իր պատկերացմամբ:
Երկու ներշնչանքները՝ մի կողմից՝ պետությունն ու քաղաքացիների արժանապատվությունը, մյուս կողմից՝ ամբողջ միացյալ ազգը, պետք է ծառայեն մեկ գործի՝ հայոց պետության կառուցմանը։ Երկու նախաձեռնությունների (պետության ամրապնդում, ազգի հզորացում) հիման վրա ներդաշնակ փոխազդեցություն է գործում ընդհանուր պետության գաղափարի շուրջ, որտեղ յուրաքանչյուրի հմտությունները կծառայեն բոլորին և առաջին հերթին պետությանը: Այդ փոխազդեցությունը կկառուցվի առանց չափազանցության և համայնքային մոտեցման, առանց անձնային կախվածության կամ կուռքամոլության, առանց իշխանության բռնագրավման կամ դրա իրականացման անթափանցիկության: Հայաստանը պետք է դուրս գա իր գավառական, ծառայապետական և գաղութային կարգավիճակից, որպեսզի ավելի հասուն, իրական ինքնիշխան, պատասխանատու և բանական կարգավիճակ ձեռք բերի։ Այս պետականաշինության երեք հիմնասյուներն են անվտանգությունը, կրթությունը և հասարակական-տնտեսական զարգացումը։ Եվ համախմբվածության, արհեստավարժության և կատարելության այդ փուլին հասնելու համար միայն կատարյալ միասնական կառավարության ձևավորումն է ի վիճակի դիմակայել այդ մարտահրավերներին։ Անվտանգությունը՝ բոլոր առումներով, կրթությունը՝ ողջ ընդգրկմամբ և զարգացումը՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, վաղվա Հայաստանի երեք բանալիներն են:
«Մեր Ուղին» հարթակի պատասխանատուները այս իրատեսական տրամադրվածության և մասնագիտական ընդգրկուն մոտեցման մաս են կազմում՝ հանուն մեկ տրամաբանության, այն է՝ ինքնիշխան պետության վերականգնումը՝ ընդհանուր շահի՝ «Հայաստանը հանուն բոլորի, բոլորը հանուն Հայաստանի» կարգախոսով: Նրանք միակը չեն. «Կարսի պատմական հոսանքը», «Նիկոլ Աղբալյան» ուսանողական շարժման նախկին անդամները և ուրիշներ Հայաստանում, Ղարաբաղում կամ Սփյուռքում մշտապես մտահոգված են ինքնության վերակառուցմամբ՝ ոչ թե ցեղասպանության, այլ պետության շուրջ։ Որովհետև ցեղասպանության թեման պետք է լինի պետության կառուցման մաս և ոչ թե զարգանա պետությանը զուգահեռ: Ցեղասպանության և պետության միջև այս համակեցությունն անհատների արժանապատվության և ողջախոհության հարց է: Խոսքը Հայաստանը խանդավառությամբ թաթախված հիշատակի պետություն դարձնելու մասին չէ, բնա՛վ, այլ ցեղասպանության թեման դրականորեն օգտագործելու մասին է՝ ազդեցիկ և հզոր պետության ստեղծման գործում։ Օրինակ՝ նայենք Ռուանդային, որը սերունդների համերաշխության շնորհիվ կարողացել է դառնալ աֆրիկյան ամենաազդեցիկ պետություններից մեկը։ Եվ այնուամենայնիվ, այն փոքր, սակավ բնակչություն ունեցող երկիր է։ Հայաստանում երրորդ ուղու արմատները թավշյա հեղափոխության և անդրազգային իրատեսական մոտեցման միախառնման մեջ է՝ ի նպաստ միացյալ պետության։ Հայաստանն այս պահին չի կարող այլ օրակարգով ընթանալ։ Անօգուտ է մեր ցավերի բուժման պատրաստի բաղադրատոմսը կամ հրաշքների կախարդական ըմպելիքն անհայտ կամ շատ սպասված մի բանի մեջ փնտրել կամ երազել: Այն չկա և չի կարող լինել։ Բայց դրա համար հայերը պետք է անհապաղ հրաժարվեն իրենց կործանարար երևակայությունից, որն իրենց ինքնության քրիստոնեական ակունքներից է գալիս, որովհետև միմյանցից հեռացած լինելով՝ ոչ մի բանի չենք հասել, և ոչ մի բանի չհասնելով՝ հավաքականորեն գոյություն չունենք, մանավանդ՝ եթե շարունակենք մեկուսացած մնալ աշխարհի բոլոր հասարակական և տնտեսական գործընթացներից: Եթե հայերը ստիպված են չափազանցությունից զերծ մնալ՝ փրկելով իրենց պետությունը, ՀՅԴ-ի գործն է կրկին փակել իր լամպի մեջ, և այս անգամ՝ ընդմիշտ, առավելապաշտ կուսակցական չար հանճարին, որը նյարդախտավոր, տձև, ինքն իրեն ոչնչացնող և վտանգավոր էակ է… Դրա համար ժամանակն է «Կեսարին վերադարձնել այն, ինչ Կեսարին է պատկանում», ՀՅԴ «նորալեզվով» ասած՝ «դաշնակցականներին վերադարձնել իրենց Դաշնակցությունը»… Բայց ինչպե՞ս։
Դաշնակցությունը վերադարձնել կուսակցական շարքերին (Մաս IX և վերջ)
____________________________________________________________________
Ինչո՞ւ ենք մենք հասել այս վիճակին (Մաս I)
Ռուբեն․ չափազանցման նորմը, 1919-1959 (Մաս II)
Ռուբենից ազատվելն անհնար էր (1959-1981) (Մաս III)
Մարուխյանական և հետմարուխյանական տասնամյակները (1981-1998) (Մաս IV)
ՀՅԴ-ն Հայաստանու՞մ․ օճառի պղպջակ (1998-2019) (Մաս V)
“Ձայն մը հնչեց Կալիֆոռնիայից…” (Մաս VI)
ՀՅԴ XXXIV-րդ Ընդհանուր Ժողովը կամ «Ընկեր Հրանտն ընդդեմ Ընկեր Մարգարյանի» (VII)