ՌԴ-ն 1916 թ․ Վանի ստորությունից սկսած իրագործում է պատմական նահանջի իր ռազմավարությունը, որից հետո Հայաստան չպետք է մնա։ Հայ-ռուսական դարավոր բարեկամության իմաստը դա է՝ Ռուսաստանը նահանջում է հայերի կյանքերի ու տարածքների հաշվին՝ այդ նահանջը հնարավորինս անկորուստ իրականացնելու համար։
«Խոսող ձին» բացեց խաղաքարտերը եւ սպառնաց հայերին․ ՌԴ-ն անցնում է Հայաստանի դեմ բաց առճակատման ռեժիմի
ՄԱԿ ԱԽ-ում ու ԵԱՀԿ-ում Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունները եւ Բաքվի շահերի փաստաբանությունը բաց խոստովանություններ էին, որ Ռուսաստանն է կազմակերպել Բերձորի միջանցքի արգելափակումն ու Արցախի պաշարումը ցապար ցեղերի գարշահոտ «էկոակտիվստների» կատարմամբ ու Բերձորի միջանցքին բեմադրվող տեսարաններով։ Այս իրողությունն արձանագրվեց ՄԽ համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պաշտոնական հայտարարություններով, Եվրախորհրդարանի բանաձեւով։
Ռուսաստանի նպատակներին բազմիցս անդրադարձել ենք․ հակիրճ՝ Բերձորի միջանցքի կարգավիճակի լուծարում՝ այն Բաքվի վերահսկողությանը հանձնելով, Արցախում Բաքվի սահմանադրական իրավազորության հաստատում։ ՌԴ կողմից միջանցքը բացելու հարցով Բաքվի պահանջներին աջակցելը, թեեւ դա հակասում է նոյեմբերի 9-ի թղթին, ինչպես նաեւ հայկական կողմի հասցեին լուտանքները դրա եւս մեկ վկայություն են։ Բերձորի միջանցքին փորձարկված մեխանիզմը կիրառվելու է ՀՀ այլ շրջաններում՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում, ռուսական տեղակայման այլ վայրերում Բաքվի ներխուժումների միջոցով։ Հայկական հողի օտարման 100-ամյա մեխանիզմն է՝ սկսած 1916 թ․ Վանում ռուսական ստորությունից։
ՄԱԿ ԱԽ-ում ու ԵԱՀԿ-ում Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների անկեղծացումներից հետո ՌԴ «խոսող ձին»՝ ԱԳ նախարար Լավրովը, երեկվա իր ասուլիսում ազդարարեց Հայաստանի դեմ բաց առճակատման ռեժիմի անցնելը, խոստովանելով ՀՀ այլ շրջանների հանդեպ Բաքվի հավակնությունների ռուսական առաջնորդությունը։
2022-ի սեպտեմբերի 13-14-ին սկսած գործողությունը կանխվեց Իրանի ու Արեւմուտքի կոշտ դիրքորոշման շնորհիվ։ Այնուհետեւ շփման գծում տեղակայվեցին եվրոպական դիտորդներ, որոնց առաքելության ժամկետն ավարտվեց դեկտեմբերին։ Ներկայում ԵՄ-ն պատրաստվում է ավելի երկարաժամկետ ու ծավալուն առաքելություն ուղարկել Հայաստան, որն ակնհայտորեն նյարդայնացնում է Մոսկվային։
Ինչպես է գործում հայկական հողի օտարման մեխանիզմը, որը հայերի աչքի առաջ ծավալվեց Հին Թաղերից մինչեւ Ջերմուկ․ Բաքուն ներխուժում է ռուսական զորքի տեղակայման վայրերում, որոնց խնդիրը հայկական կողմի դիմադրության ու պաշտպանական կարողությունների սահմանափակումն է զանազան միջոցներով՝ սկսած հայերի հավատից, որ ռուսը պաշտպանում է իրեն, վերջացրած հայկական կարողությունների ու տեղակայման տվյալները Բաքվին փոխանցելով։ Ռուսական զորքը Հայաստանում (Արցախը ներառյալ) այդ գործառույթն է կատարում՝ առաջնորդել Բաքվի ներխուժումները երաշխավորված արդյունքներով, դրանք լեգիտիմացնելով հայաստանյան խամաճիկ վարչակարգի միջոցով եւ հայկական կողմի միակ մեղավորության հիմքով քարոզչությամբ։
Միջազգային համայնքի կոշտ դիրքորոշումը եւ եվրոպական դիտորդների ներկայությունը շփման գծում խոչընդոտում են այս մեխանիզմի կիրառումը։ Լավրովն իր երեկվա ասուլիսում չթաքցրեց այս իրողությունը եւ սպառնալիքներ տեղաց Հայաստանին։ Ինչ ասես արժե միայն նրա այս մի արտահայտությունը․ «Չպետք է մոռանալ, որ խոսքն Ադրբեջանի հետ սահմանի մասին է և հավանաբար եթե այդ առաքելությունը ծավալվի առանց Ադրբեջանի համաձայնության, այն կարող է կոնտրպրոդուկտիվ լինել վստահության ամրապնդման փոխարեն։ Այն կարող է լրացուցիչ գրգռիչներ ստեղծել»։ Ամեն ինչ ասված է՝ սկսած Բաքվի գործողությունների առաջնորդությունից, վերջացրած Բաքվին «գրգռելու» մտադրությունով։
Մոսկվան ներքին ու արտաքին բարդացող իրավիճակում փորձում է արագացնել հայկական պետականության վերացման ծրագրերը, եւ այդ հանգամանքը, ինչպես նաեւ միջազգային համայնքի կարծրացող դիրքորոշումը՝ ՌԴ պատասխանատվության շեշտադրմամբ, ստիպում է անցնել արդեն Հայաստանի հետ բաց առճակատման ռեժիմի։ «Հայ-ռուսական դարավոր կապերը» Ռուսաստանի հարյուրամյա պատերազմն է հայերի դեմ՝ իր պրոքսի թուրքերի ձեռքով, որոշ դրվագներում էլ՝ 1919-1923, երկու Կոլցո գործողություն՝ ուղիղ հարձակումներով ու ջարդերով։ ՌԴ-ն 1916 թ․ Վանի ստորությունից սկսած իրագործում է պատմական նահանջի իր ռազմավարությունը, որից հետո Հայաստան չպետք է մնա։ Հայ-ռուսական դարավոր բարեկամության իմաստը դա է՝ Ռուսաստանը նահանջում է հայերի կյանքերի ու տարածքների հաշվին՝ այդ նահանջը հնարավորինս անկորուստ իրականացնելու համար։
Հայերը համաձա՞յն են նման դարավոր բարեկամության, թե գոնե հիմա կստանձնեն ռուսական նահանջի ոչ թե օբյեկտի, այլ սուբյեկտի դերը, նրանից կառչելու փոխարեն։ Կառչելը ռուսական հակահայ ծրագրերի իրագործման երաշխիքն է՝ դրա համար է Մոսկվան Հայաստանում ձեւավորում ու պահում խամաճիկ քաղդաս ու զլմ-ներ, որոնք քչփորում են Կրեմլի կոյուղատարներից նետված փրկչության ու ավանդական այլ քարոզչական կեղտը։
Հայ հանրությունը հիմա տեսնում ու հասկանում է ամեն ինչ եւ նողկանքով է վերաբերում ռուսական ու նրա խամաճիկների ջղաձգումներին։ Ժամանակն է ազատ արձակել ռուսներին՝ իրենց հար եւ նման պրոքսի թուրքերով, եռակողմ հայտարարություններով ու հայերին միլիոնավոր մարդկային ու հայրենիքի կորուստ պատճառած ավելի քան 200-ամյա «դարավոր բարեկամության» ողջ փասա-փուսայով։
Հոդվածը՝ lragir.am կայքից։