Ռուսաստանի կողմից 2022թ. սեպտեմբերյան պատերազմի օրերի ստոր դավաճանությունը ևս մեկ ապացույց էր, որ նրանք մեր բարեկամները չեն: Ռուսները իրենց գործիք Ադրբեջանի միջոցով ցանկանում են տարածաշրջանը վերածել Մոսկվա-Անկարա բիզնեսի:
Հովսեփ Խուրշուդյան
1inAM-ի տաղավարում հյուրընկալվել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Զրույց է տեղի ունեցել Հայաստանի անվտանգային մեխանիզմների, միջազգային իրադրության և աշխարհաքաղաքական նոր գործընթացների մասին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը վերջնականապես հրաժարվում է ռուսական կողմնորոշումից և գնում դեպի արևմուտք, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ այդ գործընթացը դեռ շուտվանից էր սկսել և հիմա շատ ավելի կարևոր փուլում է գտնվում: Հայաստան-Արևմուտք հարաբերությունները ոչ միայն խիստ անհրաժեշտ են Հայաստանի անվտանգության համար, այլև կարևոր են նաև ավտորիտար ռեժիմներին մերժելու տեսանկյունից: Դրական գնահատելով ՀՀ դիվանագիտության աշխատանքը և Արևմուտքի խաղարարության ջանքերը, Հովսեփ Խուրշուդյանը նաև անդրադարձ կատարեց աշխարհաքաղաքական դրությանը ոչ միայն ռեգիոնալ տեսանկյունից, այլև համաշխարհային գործընթացների տրամաբանությունից: Հիմա Եվրոպայում պատերազմ է ընթանում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, որում ռուսները հաստատ պարտվելու են: Այդ պարտությունը արդեն իսկ նշմարվում էր անցյալ տարի, երբ ռուսները ցույց տվին, որ մեծ դժվարությունների են հանդիպում ամեն քայլի, իսկ հիմա առավել ևս, երբ ամեն ինչ անում են պատերազմը կանգնեցնելու համար, բայց դա նրանց հիմա չի հաջողվի: Արևմուտքը վճռաբար է տրամադրված և նրա գործողությունները միանգամայն հստակ են ու տրամաբանված:
Արևմուտքը ոչ միայն Ուկրաինային է օգնում ժամանակակից զինատեսակներով ու գումարով, այլև իր ուշադրությունը չի թուլացնում Հարավային Կովկասի իրադարձությունների վրայից: Իսկ Հարավային Կովկասում կրկին խաչվում են Արևմուտքի ու Ռուսաստանի շահերը: Ընդ որում Հայաստանի դաշնակից համարվող, իսկ իրականում մեր թշնամու դաշնակից Ռուսաստանը ոչ մի կերպ մեզ ոչ մի հարցում չի օգնել երբևէ ի տարբերություն Հայաստանի: Արևմուտքը Հայաստանը բարձրացրեց Թայվանի հարցի մակարդակի, այստեղ եկավ Նենսի Փելոսին, նրանք կանգնեցրին 2022թ. սեպտեմբերյան պատերազմը, իհարկե պետք է նշել, որ ադրբեջանցիների առաջ նախ կանգնեց հայկական բանակը ու այդ ջանքերը գնահատվեցին նաև Արմուտքի կողմից: Իսկ Ռուսաստանի կողմից 2022թ. սեպտեմբերյան պատերազմի օրերի ստոր դավաճանությունը ևս մեկ ապացույց էր, որ նրանք մեր բարեկամները չեն: Ռուսները իրենց գործիք Ադրբեջանի միջոցով ցանկանում են տարածաշրջանը վերածել Մոսկվա-Անկարա բիզնեսի:
Անդրադառնալով Եվրոխորհրդարանի կողմից ընդունման որոշմանը, որ մոտակա ժամանակներում Հայաստան են ժամանելու դիտորդական խմբեր ու արդեն ոչ թե մի քանի ամսով, այլ երկու տարով, Հովսեփ Խուրշուդյանը միանշանակ դրական գնահատեց այդ և միևնույն ժամանակ մեկնաբանեց ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի այն հայտարարությունը, որ եթե Ադրբեջանը չհամաձայնվի ապա այդ դիտորդական խմբերի այցը հակառակ ազդեցություն կունենա: Ռուսներն ինչո՞ւ են Ադրբեջանին «քավորություն» անում, եթե ազնիվ են: Այդ հայտարարությամբ Լավրովը բաց տեքստով շանտաժ է անում մեզ, որ եթե մենք մեր կամքով չանենք այն, ինչ իրենք են ուզում, ապա իրենք դրան կհասնեն Ադրբեջանի միջոցով: Դրա մասին է վկայում նաև միջանցքի հարցը: Իսկ Արևմուտքը ասում է բավական է: Ավտորիտար ռեժիմները քիչ քիչ վերջնական ջախջախման են հասնելու:
Հովսեփ Խուրշուդյանը նաև հետաքրքիր անդրադարձ կատարեց այն բանին, որ Ռուսաստանը հիմա հայտարարում է, որ Արևմուտքը փորձում է իրեն ջնջել: Այսինքն ինքը հարձակվել է Ուկրաինայի վրա, դա նորմալ է, բայց երբ Եվրոպան փորձում է փույլ չտալ այդ կայսերապաշտական նկրտումները, ռուսները սկսում են գոռալ, որ Արևմուտքը ուզում է իրենց վերացնի:
Զարմանալի էր նաև այն, որ հիմա Բելառուսը հանկարծ սկսել է հիշել երկրորդ համաշխարհայինի ժամանակվա ցեղասպանությունը նացիստների կողմից: Եթե Լեհաստանը, հիշելով լեհերի ցեղասպանությունը փորձում է Գերմանիային հիշեցնել ցեղասպանությունը և նրան ավելի ուժեղ ներգրավել հակառուսական ճամբարում, ապա Բելառուսը կարծես ակնարկում է, որ Գերմանիան նորից իրենց դեմ է դուրս գալիս, ընդ որում հաշվի չառնելով, որ եթե Գերմանիան քավարանի միջով անցավ, հրաժարվեց նացիզմից, ապա ռուսները ոչ մի քայլ հետ չեն կանգնում իրենց կայսերապաշտական մտադրություններից: Ռուսները նույնիսկ ավելի հեռուն են գնացել ու հիշել Նապոլեոնի արշավանքները, ասելով, որ այն ժամանակ Նապոլեոնը կոնսոլիդացրեց Եվրոպան և չկարողացավ հաղթել իրենց, հիմա էլլ չի ստացվելու: Բայց ժամանակները և նպատկաներն ուրիշ են:
Ինչ վերաբերում է դաշնակիցներին, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ շատ ավելի նախընտրելի է, որ Ֆրանսիան ոչ թե շարունակի միջնորդ մնալ, այլ դառնա Հայաստանի դաշնակիցը:
Ամբողջական տեսանյութը՝