Ընկերնե՛ր, արթնացե՛ք և ՀՅԴ-ն դու՛րս բերեք մղձավանջից: Դու՛րս բերեք մեզ այս մղձավանջից,
որը շատ երկար է տևել: «Վրդովվե՛ք», ինչպես ասում էր Ստեֆան Հեսելը, ավելի ճիշտ՝ «Ըմբոստացե՛ք»,
ինչպես տասնամյակներ առաջ գոչել էր Քրիստափորը՝ ձեր «Ես»-ն արթնացնելու համար։
Կայծ Մինասյան
Դաշնակցությունը Վերադարձնել Կուսակցական Շարքերին(IX)
Վահան Նավասարդյանը՝ «Ռուբենի Բերիան», մեր ընթերցողներին բացատրում է, որ «ՀՅԴ-ի դեմ պայքարելու երկու ճանապարհ կա՝ կա՛մ կյանքի եք կոչում նրա գաղափարները, կա՛մ հալածում եք»: 1988-1991 թվականներից հայերը կյանքի են կոչել նրա գաղափարների մի մասը․ Հայաստանն անկախ է (1991թ.) և ազատ (2018թ.): Ինչ վերաբերում է երկրորդ տարբերակին, ոմանք դա իրագործեցին ամբողջատիրական և ազգայնական տարբեր ժամանակաշրջաններում Մերձավոր Արևելքի կամ հետխորհրդային կայսրություններում և Հայաստանում (Լևոն Տեր-Պետրոսյան), և բոլորն իրենց ատամները փշրելով՝ ձախողեցին։ Այսօր կա երրորդ տարբերակ, որը հորինվել է ՀՅԴ Բյուրո-Գերագույն մարմին արյունապիղծ զույգի կողմից, որն այդ մասին հրաշալի կերպով հոգ է տանում՝ թուլացնելով այն՝ ինչպես ներսից, այնպես էլ դրսից։ ՀՅԴ-ին չհաջողվեց իրականացնել իր փոխպատվաստումը Հայաստանում, քանի որ չհամարձակվեց ներքևից իր շեղաճը նախաձեռնել։ Այսպիսով, ՀՅԴ-ն երեսուն տարվա ընթացքում կորցրել է իր ողջ ոգեշնչումը, պատմությունը, առաջնորդությունը, հավասարակշռությունը և հարմարվելու կարողությունը: Ընտրություններին երեք տասնամյակում ՀՅԴ-ն երբեք չի փայլել իր արդյունքներով կամ, ավելի ճիշտ, փայլել է իր չգոյությամբ և իրականությունը հաշվի առնելու անկարողությամբ։ Փոխարենը, ՀՅԴ-ն թողեց, որ իր գերեզմանափորները չարչարեն իրեն, որպես խանդավառված տաքգլուխ, որը փորձում է մուրճը ձեռքին՝ քառակուսին շրջանի մեջ ագուցել, իսկ արդյունքն այն է, որ արդեն 30 տարի Հայաստանում ՀՅԴ-ն միայն մի զույգ է ներկայացնում՝ Ընկեր Փանջունին և Ընկեր Քաջ Նազարը, որոնք ձեռք-ձեռքի տված, ինչպես անպետք ու ծույլ արարածներ, շրջում են Երևանով՝ առաջինն իր սուտը տարածելով, երկրորդը՝ ձևացնելով, թե աշխատում է։ Սա այն տխուր և ամոթալի պատկերն է, որը, ստեղծվել է Դաշնակցության մասին Հայաստանի հանրության մեջ նրանց կողմից, ովքեր հավակնում են ՀՅԴ-ն ներկայացնել, նրա դեմքը լինել:
Այնուամենայնիվ, բոլորը գիտեն, որ Ընկեր Փանջունին և Ընկեր Քաջ Նազարը ՀՅԴ-ում անելիք չունեն, քանի որ նրանք ամենից առաջ վտանգավոր ու աղանդավոր են: Շարունակել հավատալ, օրինակ, որ ՀՅԴ-ն պետք է ամեն ինչ անի իշխանության կուսակցություն մնալու համար, կնշանակի խաբեություն, տխմարություն, խայտառակություն: Ինչպե՞ս կարող են առավելապաշտները հպարտանալ, որ շրջում են դաշնակցության խորհրդանիշն իրենց վզին գցած, երբ 30 տարի շարունակ ունեցել են ընտրական ձախողումներ, կտրված են եղել հասարակական իրողություններից, երբեք չեն սովորել դժվարություններից դասեր քաղել՝ առանց երբևէ իրենց առաջնորդներին և տնտեսական ու քաղաքական կառուցվածքը փոխելու։ Ոչինչ այլևս չի մնացել։ Լիակատար տապալում է։ Կուսակցությունն ուղեղային կաթված է ստացել։ Առավելապաշտներն իրենց «կուսակցության» անվան տակ քանդել են այն ամենը, ինչը դաշնակցության փառքն էր։ Հրանտը, Հակոբը, Իշխանը և ընկերությունը՝ այդ «Ընկեր Փանջունիները» և «Ընկեր Քաջ Նազարները», որոնք, մեկը մյուսի հետևից անարժեք մարգարիտների պես շարված՝ վերարտադրվում են ճիշտ ժամանակին, միայն արտացոլումն են ներքին և համաշխարհային ճգնաժամի, որը պատուհասել է ՀՅԴ-ն արդեն շատ վաղուց՝ այն պատելով կուրությամբ և գաղափարական սնանկությամբ, որոնց մեջ առավելապաշտները զմռսել են ՀՅԴ-ն: Այո՛, եթե խոսենք առանց ավելորդ համեստության և խղճի խայթի, Դաշնակցությունը պատանդ է վերցված առավելապաշտների կողմից, որոնք գերադասում են Դաշնակցությանը տապալված տեսնել, քան թողնել ասպարեզը, քանի որ միայն իրենց «Կուսակցության» պահպանումն է իրենց աչքին կարևորվում։ Զուր ջանքեր են իշխանության իրականացման գրեթե երկու տասնամյակների ընթացքում «Հայաստանի ՀՅԴ-ի» իրագործած հասարակական որևէ բարեփոխում գտնել։ Որտե՞ղ է ազգային կրթության բարեփոխումը: Ու՞ր մնաց հանրային առողջապահության բարեփոխումը։ Որտե՞ղ են գյուղատնտեսության բարենորոգումները։ Իսկ ո՞ւր է հավասարապաշտ և ընկերվար ոգով իրականացված հարկային բարեփոխումը։ Կամ էլ ի՞նչ եղան այն «կուսակցական» նախարարները, որոնց շուրթերին է մշտապես «ընկերվար» բառը, և որոնք իրենց նախարարությունները ղեկավարելիս ամեն ինչ արել են, բացի հասարակական արդարություն իրականացնելուց… «Հայաստանի ՀՅԴ»-ն շարունակում է խնայել նրանց, պաշտպանել և թողնել, որ զբաղվեն իրենց գործով:
Որքան էլ կրկնեն urbi et orbi-ն (Հռոմ քաղաքին և համայն աշխարհին ուղղված օրհնություն), ՀՅԴ-ն չի կարող ղեկավարվել առավելապաշտներով, Ռուբենն ու նրանց փոքրիկ կենսաբանական պատճենները դաշնակցության ղեկին անելիք չունեն, քանի որ այն միշտ ավարտվում է քաոսով։ Միշտ է ավարտվում քաոսով։ Կուսակցության ներսում Մտքերի ոստիկանությունը հանցավորության օրենքը փաթաթում է վախից սսկված և քարացած կուսակցականների վզին, իսկ կուսակցությունից դուրս՝ ՀՅԴ հետևորդների քանակը շագրենի կաշվի պես փոքրանում է և, ի վերջո, մնում են իրենք իրենցով։ Այնուամենայնիվ, ՀՅԴ-ն, ի սկզբանե, հռետորական բավական հզոր և ազդեցիկ ուժ ունի, և հնարավոր չէ այն թողնել խելացնոր, ինքնաոչնչացնող և Հայաստանի և հայության համար վտանգավոր ժխտողականների ձեռքում: «Դաշնակցությունը չափազանց արժեքավոր կազմակերպություն է առավելապաշտների ձեռքում թողնելու համար»՝ սա կարող էր լինել այն կարգախոսը, որն այսօր պետք է տարածվեր ՀՅԴ շարքերում։
Բայց այսօր «ՀՅԴ»-ն ծանր հիվանդ մարմին է, որի սնարի մոտ տարիներ շարունակ հերթով միմյանց փոխարինում են Հակոբ-Հրանտ դժոխային զույգը և երկու այլ բժիշկներ Վիգեն Հովսեփյանն ու Նազարեթ Բերբերյանը։ Այս հիվանդ մարմինը առավելապաշտական ստի չարաշահումից և ընտրապայքարում կրած պարտությունից հյուծված փտախտավոր ոտք ունի («Հայաստանի ՀՅԴ»-ն)։ Վիգենը և Նազարեթը կողմնակից են քայքայված ոտքի անդամահատմանը, որպեսզի փտախտը չտարածվի մարմնի մնացած մասում, իսկ Հակոբն ու Հրանտն առաջարկում են ոչնչի չդիպչել, քանի որ մարմինը կարող է չդիմանալ անդամահատմանը և, հետևաբար, մահանալ: Ինչ վերաբերում է փտախտավոր ոտքին (Իշխան), ապա ամեն ինչ, ըստ նրա, լավ է, միայն թե՝ մարմնի մնացած մասն է հիվանդ, ոչ թե ինքը։ Աշխարհը շուռ է եկել: ՀՅԴ-ն գլխիվայր է շրջվել։ Այսպիսով, վիրահատարանում ականջ ծակող ճիչերից և բռունցքներից խուսափելու համար Հակոբ-Հրանտ զույգը որոշում է հեռացնել մյուս երկու բժիշկներին՝ նրանց խաբեբաներ և հակադաշնակցականներ հայտարարելով, այն պարզ պատճառով, որ նրանց ախտորոշումը տարբեր է և, որ նրանք ձգտում են մարմնի հիմնական մասը փրկել։ Բայց իրականում խաբեբաները նրանք են, ովքեր ներսից չեն ուզում տեսնել ոտքի քայքայվող վիճակը և գերադասում են շարունակել ստել ընտանիքին, այսինքն՝ ՀՅԴ բոլոր անդամներին՝ սեփական շահերը պաշտպանելու համար։
Ուրեմն, քանի որ ամբողջ խնդիրը նրանում է, թե ինչպե՞ս փրկել ծանր հիվանդ մարմինը, կուսակցականները պետք է որոշեն, և ոչ թե Հակոբ-Հրանտ խաբեբա զույգն ու նրանց ստեղծած պիղծ արարածը, որ «Հայաստանի ՀՅԴ»-ն է, որը նրանք քարշ են տալիս, ինչպես տաժանապարտն է ոտքից կախված շղթայակապ գունդը քարշ տալիս։ Բայց պետք է խոսքը տալ կուսակցականներին, որոնք միակն են, ովքեր կարող են որոշել ՀՅԴ ապագան։ Չափազանց երկար ժամանակ շարքային կուսակցականը դիտվել է որպես առաջնորդներին արժեվորող անձ կամ ապրանքաման՝ կուսակցության կառավարման մարմնի համար, որը ստեղծել է կուսակցականի յուրօրինակ նմուշ, ներգրավման կաղապար, ինչպես հովիվն է խանդավառված լծվում ոչխարաբուծության գործին: Երկար ժամանակ՝ դեռևս 1930-ականներին ռուբենյան բեկումնային ժամանակաշրջանից սկսած, կուսակցության մեջ անդամագրումը կատարվում էր մտքերի կուսակցականացման իսկական արտադրությամբ՝ ոգեշնչվելով կուսակցականների հարահոսային (կոնվեյերային) արտադրական մոդելից՝ նպատակ ունենալով կուսակցությունը վերածել նոր ազնվականության: Մտքերի այսպիսի «լաքապատումով» ռուբենյան և հետռուբենյան փորձարարները կուսակցությունը վերածել են կուսակցական պատկերով նրբագեղություն ունեցող պաշտամունքի, որն անպայմանորեն գերազանցում է միջին հային ամբողջատիրական կուսակցություններում ընդունված ինքնասիրահարվածությամբ, մինչև իսկ ՀՅԴ Պատմությունը կուսակցության Դիցաբանության վերափոխելով: Նույնը տեղի է ունենում ՀՅԴ քրիստոսյան զինանշանը տարբեր իմաստներով մեկնաբանելիս. նախ, հիշենք այն իմաստը, որը վախ է առաջացնում. փետրավոր գրիչը ստորագրում է զոհի մահվան հրամանը, սուրը տապալում է զոհին, իսկ բահը թաղում է մարմինը: Գոյություն ունի նաև համընդհանրացնող իմաստ՝ գրիչը խորհրդանշում է մտավորականին, բահը՝ բանվորին, իսկ սուրը՝ զինվորին։ Այստեղ ականատես ենք հայ ավանդական հասարակության եռաբաժանմանը՝ սուրը (ազատ խավի համար), բահը (ռամիկների համար) և գրիչը (նախարարների համար): Հայաստանի խաբեբա առավելապաշտները վերջերս իրենց անարգ վարքի գագաթնակետին նոր իմաստ են ավելացրել. սուրը սպանում է նոր ծնվող հույսը, բահը թաղում է հույսը, իսկ գրիչը սպանված հույսը գունազարդելով՝ վերածում է ստի ինքնաշնորհավորանքի: Բայց մի քիչ լրջացե՛ք, ընկերնե՛ր, սա չէ Դաշնակցությունը։
Երբ դրությունը ծանրանում է, և ժամանակ չկա, այլևս շտապել պետք չէ, այլ պետք է մտածել՝ նախ և առաջ Դաշնակցության բանալիները հանձնելով նրա օրինական տերերին՝ շարքային կուսակցականներին: Հենց նրանց գործն է իրենց կազմակերպության ապագան որոշելը: Նրանց գործն է առավելապաշտների գործած չարիքը վերացնելը։ Նրանց գործն է քանդել Կուսակցությունը, որպեսզի ավելի լավ վերակառուցվի Դաշնակցությունը։ Այս կազմակերպությունն իրենց է պատկանում, և նրանց խնդիրն է վերջ տալ իրենց խիստ շրջանակի մեջ դնող այս լուռ զանգվածային կարգավիճակին, որպեսզի կարգապահությունը չշփոթեն ստրկության հետ: Վերադառնան ՀՅԴ, որ այլևս գոյություն չունենա՞ն: Վերադառնան ՀՅԴ՝ մահացածներին տեսակցելու՞: Վերադառնան ՀՅԴ, որպեսզի ասպարեզից դուրս գա՞ն: Ո՛չ, Քրիստափորը ստեղծել է մարդկանց դաշնություն (federation), և ոչ թե ատամնանիվներով աշխատող Կուսակցություն։ Քրիստափորի համար դաշնակցականն աշխույժ, գործունյա և նախաձեռնող մարդ է, առավելապաշտների համար՝ ոչ եռանդուն, քարացած ուղեղով և մեքենայացված վարքագծով շարժվող սարք:
Ընկերնե՛ր, արթնացե՛ք և ՀՅԴ-ն դու՛րս բերեք մղձավանջից: Դու՛րս բերեք մեզ այս մղձավանջից, որը շատ երկար է տևել: «Վրդովվե՛ք», ինչպես ասում էր Ստեֆան Հեսելը, ավելի ճիշտ՝ «Ըմբոստացե՛ք», ինչպես տասնամյակներ առաջ գոչել էր Քրիստափորը՝ ձեր «Ես»-ն արթնացնելու համար։ Մի պահ չափե՛ք դեռևս Հովնան Դավթյանից և հատկապես Ռուբեն-Վահան զույգից սկսած՝ առավելապաշտների կատարած հանցանքները. հեղափոխական շարժումը սկսվեց, որպեսզի յուրաքանչյուր հայ գիտակցի իր ճակատագիրը, տեր կանգնի իր ապագային և գործի, քանի դեռ ողջ է։ Ավա՜ղ, առավելապաշտները ճիշտ հակառակն են արել. նրանք ժամանակը ծախսել և դեռ ծախսում են ձեր «Ես»-ը ոչնչացնելու, մտածելու իրավունքը սպանելու և ձեզ մեռած ու անիրական դարձնելու համար: Թույլ մի՛ տվեք այլևս, որ ձեզ մոլորեցնեն իրենց ստերով, խաբեն անառասպել առասպելաբանությամբ, անոտուգլուխ պատմվածքներով: Մի՛ դարձեք ներսից հակադաշնակցականության կրավորական ավանդառուն..․
Շատ հաճախ առավելապաշտները ներկայացնում են նախկին կուսակցականների՝ ՀՅԴ-ի մասին գրքերն ու աշխատությունները՝ որպես խորամանկ հնարք ու նենգափոխում՝ փորձելով պառակտել կուսակցականների ղեկավարությունը կամ նույնիսկ տարանջատել շարքային կուսակցականներին և կուսակցական ապարատը: Սույն աշխատանքը ոչ մի աղերս չունի այդ անպտուղ մեթոդների հետ, քանի որ դաշնակցական պատմագրության մեծածավալ ընթերցանությունն ինձ պաշտպանում է կուսակցության և նրա անդամների նկատմամբ չարակամության ցանկացած դրսևորումից, բայց և պարտավորեցնում է այլևս չլռել և ուղղակիորեն դիմել ձեզ, ընկերնե՛ր, որոնց հետ ես փոխադարձ հարգանք և չափազանց շատ հիշողություններ ունեմ կիսելու։ Պետք է խոսքը ձեզ տալ, ձեզ վերադարձնել խոսելու իրավունքը, որպեսզի արմատախիլ արվեն առավելապաշտների ամբողջատիրական նկրտումները։ Կուսակցականներին ձայն տալը նշանակում է միանալ ինչպես «Դեպի Էրգիր», այնպես էլ և, առաջին հերթին, «Դեպի Ժողովուրդ» ուղերձին, իրական ժողովրդին ուղղված ուղերձին, և ոչ թե նրան, որ առավելապաշտները զրոյից ստեղծել են արհեստական ու երևակայական եղանակով՝ անհիմն բանը հիմնավորելու համար:
Դա նշանակում է նաև բազմազանել Հայ Դատի պահանջը և այն այլևս չսահմանափակել տարածքային պահանջով: ՀՅԴ-ն ոչ միայն պաշտպանում է հողի իրավունքը (հողային պահանջը), այլև պաշտպանում է մարդկանց իրավունքը, քանի որ սոցիալական հայդատականությունը նույնքան կարևոր է, որքան հողի իրավունքը, որը չափազանց երկար ժամանակ իշխել է ՀՅԴ-ում իրեն շրջապատող ողջ միջակությամբ և դատարկությամբ: Եվ այս սոցիալական հայդատականությունը մտքի հորինվածք չէ։ Այն ՀՅԴ պատմության մեջ է դրոշմված։ Դաշնակցության ակունքներին մոտ կանգնած Քրիստափոր Միքայելյանը վեր հանեց հայերի քաղաքական իրավունքները, այսինքն՝ և՛ ազգերի, և՛ տարածքային իրավունքը: Ավելին, Միքայել Վարանդյանը չէ՞ր, որ ՀՅԴ անունից 1904-1907 թվականներին ստորագրեց կայսրությունների՝ իրենց ազգային-մշակութային ինքնավարության համար պայքարող բոլոր ազգային փոքրամասնությունների արտատարածքային ինքնավարության ստեղծման մասին պաշտոնական հռչակագրեր՝ հիմնվելով ավստրիացի ընկերվար Օտտո Բաուերի (1881-1938) գաղափարախոսության վրա։ Ազգերի իրավունքի մասին է խոսքը, այնպես չէ՞։
Ինչպիսի՞ն կարող է լինել ազգերի իրավունքի վրա հիմնված հիշյալ սոցիալական հայդատականությունն այսօր Հայաստանում: Պարզապես հարկավոր է առաջնորդվել այն գաղափարով, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի հայությունը շարունակի ապրել Հայաստանի Հանրապետությունում։ Դրա համար մենք պետք է կենտրոնանանք Պետության իրական արդիականացման վրա, մասնավորապես՝ Պետության և նրա մենաշնորհային հաստատութենական հագեցվածության, սոցիալական Պետության և քաղաքացիներին պաշտպանող Պետության ամրապնդման վրա՝ կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և տրանսպորտի գերազանցության առանցքների շուրջ։ Հանուն ինչի՞ պետք է ապրեն նոր սերունդները, որ իրենք իրենց զոհաբերեն։ Հասարակության վերնախավին և կաշառակեր, ավազակապետական ու հանցավոր վարչակարգերին հաճոյանալու՞ համար։ Պետության վերականգնումը պահանջում է նոր հասարակական դաշինք կառավարողների և կառավարվողների միջև սոցիալական, ժողովրդավարական և իրավահավասար Հայ Դատի գաղափարի շուրջ՝ ի շահ ընդհանուր բարիքի, որն արդար և թափանցիկ Պետությունն է: Սա կարող է լինել Լոս Անջելեսից Երևան ձգվող նոր Դաշնակցության առաջընթացի ճանապարհը: ՀՅԴ արդիականացումը սկսվում է Դաշնակցության գաղափարի վերածնմամբ՝ ի վնաս Կուսակցության: Ճիշտ է, դիալեկտիկական զարգացման ուսմունքը Դաշնակցական շարժման ակունքներում է դրվել հենց 1891 թվականին, երբ Հովնան Դավթյանը հեղաշրջում կատարեց, մինչ Քրիստափորը բանտարկված էր Բեսարաբիայում (ներկայիս Ուկրաինայի և Մոլդովայի միջև)՝ «Հայ Յեղափոխականների դաշնակցությունը» (ազգերի իրավունք և անհատների բազմակարծություն, ժողովրդավարություն) վերանվանելով «Հայ Յեղափոխական Դաշնակցության» (տարածքային իրավունք և ազգային կուսակցություն, ամբողջատիրություն)։
Քրիստափորը ստեղծեց ոչ թե կուսակցություն, այլ դաշնություն, նույնիսկ Հայկական Ինտերնացիոնալ (Ինտերնացիոնալը միջազգային կազմակերպություն է, որ հիմնադրել են Կառլ Մարքսն ու Ֆրիդրիխ էնգելսը 1864 թվականին), որը հիմնված էր ազգային միավորումների ինքնիշխանության վրա, որոնք, սակայն, միմյանց կապված են ուղերձը կենտրոնացնող Բյուրոյի միջոցով: Սկզբում Հովնան Դավթյանն էր, իսկ ավելի ուշ՝ Ռուբեն Տեր-Մինասյանը, ովքեր ոչնչացրեցին ամեն ինչ՝ նախ Քրիստափորին թույլ չտալով ստանձնել հաստատութենական ղեկավարությունը, իսկ հետո Դաշնակցությանը՝ դաշնություն (federation) մնալ․ առաջինը՝ Դաշնությունը (federation) Կուսակցության վերածելով, երկրորդը՝ ազգային միավորումների ինքնիշխանությունը վերացնելով՝ ի նպաստ կեղծ ապակենտրոնացման, քանզի այն քողարկված էր գաղափարական կենտրոնամետությամբ: Միայն այս դիտվածքով մենք պետք է այսուհետ անդրադարձ կատարենք, քանի որ հայկական ինքնիշխան պետությունը վերականգնվել է, և որպես առաջնորդող միավոր՝ Պետությունը պետք է համայն հայության ծանրության կենտրոնը դառնա։ Բայց քանի որ վերջինս աշխարհով մեկ սփռված ինքնություն ունի, ուստի անհրաժեշտ է շեշտը դնել վերազգայինի վրա, այլ կերպ ասած՝ Հայկական Ինտերնացիոնալի՝ Դաշնակցության վերազգայնականության վրա։ Միայն այս վերականգնման գործընթացի միջոցով յուրաքանչյուր միավորում, յուրաքանչյուր կուսակցական կկարողանա իր ոտքերի տակ իրական հողը զգալ, կյանքի իմաստ և փոխլրացում գտնել երկրագնդի մի կետից մյուսը: Քանի որ պետությունը վեր է Դաշնակցությունից և ոչ՝ հակառակը, եթե հաշվի առնենք, որ Դաշնակցությունը միասնության ընդունումն է բազմազանության մեջ, մինչդեռ Կուսակցությունը միօրինակության պաշտամունքն է մեկ և միակ գաղափարախոսության մեջ, արդ՝ կուսակցականների գործն է Պետության գաղափարը ներառել իրենց պատկերացումների համակարգում: Սակայն, եթե ՀՅԴ-ն չվերադառնա Դաշնության ճիշտ ուղու վրա, ապա դատապարտված է դանդաղ մահվան, քանի որ նրա հին ձևը քարացած է և չի համապատասխանում իրականությանը։ Այն վերերկրյա, անիրական նմուշ է և, որպես գործիք, հարմարվելու հնարավորություն չունի: Բայց նաև այն պատճառով, որ Պետության գաղափարը փոխարինվեց պետության ներուժն ու ցանկացած քաղաքականության ծնունդը կաշկանդող նախապետական գաղափարախոսություններով. քրիստոնեություն, դաշնակցություն և բոլշևիզմ: Եվ դարձյալ դաշնակցությունն այս երեք գործուն գաղափարախոսություններից միակն է, որն ընդունում է պետության սկզբունքը, և հենց դրանով է, որ առավելապաշտներն իրենց հայտնվելուց ի վեր կատարել են Դաշնակցության դեմ ուղղված հանցագործություն՝ տարիների ընթացքում գոհանալով միայն մի այլընտրանքով. կամ առավելապաշտները հսկում են հայոց պետությունը և այն ոչնչացնում, կամ էլ տիրում են պետությանն ու ուղղորդում վերջինիս գործունեությունը՝ այն վերջնականապես ոչնչացնելու համար: Երկու դեպքում էլ ականատեսն ենք պետության կործանման կամ ինքնաոչնչացման… Ցավալի է։ Հետևաբար, եթե ՀՅԴ-ն չգտնի դեպի Դաշնություն (federation) իր ուղին, այն կինքնաոչնչանա և քաղցից կմահանա և, ի վերջո, սփյուռքում կուռքամոլության պատճառով Հնչակյան կդառնա, իսկ Հայաստանում կենտրոնամետության միջոցով կռամկավարացվի: Բայց այս երկակի գործընթացը շարունակվում է, և դրա վնասներն արդեն շոշափելի են. բավական է տեսնել, թե ինչպես է Կուսակցականը Հայաստանում հարստացել հարուստ ռամկավարի նման՝ պահպանողական լինելով, և թե ինչպես է Կուսակցությունը սփյուռքում՝ գոյությունը հազիվ քարշ տվող հնչակյանի պես խեղճացել կուռքամոլության պատճառով… Պատկերը սարսափեցնում է, գործընթացը շարունակական է, մահվան անիվը շարունակում է պտտվել…
Ուրեմն, ինչպե՞ս կանգնեցնել այն: Ինչպե՞ս վերջ տալ ՀՅԴ փլուզմանը: Նախ, սկսենք վերականգնել անհատական և հավաքական բանականության ուժն ու գաղափարների հզորությունը, որոնք միշտ Դաշնակցության հարստությունն են եղել: Սա նշանակում է ելակետ վերցնել մտավորական Վահե Օշականի նամակը, որը գրվել է 1991թ. հոկտեմբերի 2-ին Սան Ֆրանցիսկոյում և տպագրվել 1992 թվականի հունվարի 4-ին «Պայքար» ռամկավար թերթում, այնուհետև նամակի ավելի մեղմ մի տարբերակ լույս է տեսել «Ասպարեզում»՝ Միացյալ Նահանգներում 1991 թվականի դեկտեմբերի 28-ին, «Դրօշակ» պարբերականում 1992 թվականի հունվարի 29-ին և, վերջապես, «Յառաջ» թերթում 1992 թվականի հունվարի 18-ին, ուր նա քննադատում էր ՀՅԴ վերադարձը Հայաստան, և որից որոշ հատվածներ ենք ներկայացնում․ «Գլխավոր պատճառը (անցյալը գնահատելու և մեր ձախողումներից դասեր քաղելու անկարողությունը…) մեր մտավոր ներուժի ցածր մակարդակի մեջ է: Արևելքից սերված երկու սերունդ արմատավորել է զգացմունքների, զոհաբերության, հերոսի պաշտամունքի վրա հիմնված ՀՅԴ գաղափարն առ այն, որ շարժումը գործողությունից է սերում, միմիայն գործողությունից, և որ այն մշակույթի կամ բարձրագույն և համալսարանական ուսման կարիք չունի։ Ավելի լուրջ բան էլ կա։ Սերնդեսերունդ մեր կուսակցությունում աստիճանաբար առաջացել է կասկածամտության, նույնիսկ թշնամանքի զգացում «մտավորական» կոչվածների, զուտ տեսական հարցերի շուրջ խորհողների և տրամաբանողների նկատմամբ, մինչդեռ «նրանցից ակնկալում են ճղճիմ, ծանրամարս, ճոռոմ հայերենով արտահայտված բոցաշունչ ելույթներ, հայրենասիրական հայտարարություններ՝ անվերջ կրկնվող տեքստերով ու գովեստներով, որոնք ավելի շատ նպատակ ունեն կոնկրետ առասպելաբանություն ստեղծելու, կարճ ասած՝ իր մասնաբաժինը վճարելու ՀՅԴ-ին և բովանդակություն հաղորդելու շրջաբերականներին ու ներքին հաշվետվություններին (…) Ճգնաժամն ու դժվարությունները, որոնց միջով այսօր անցնում է կուսակցությունը, ներկայիս մարտահրավերներին դիմակայելու մեր անկարողության արդյունքն են»:
Այս փուլում, երբ նախընտրությունը տրվում է հասարակական գիտությունների մասնագետների (հասարակագետներ, քաղաքագետներ, միջազգայնագետներ, փիլիսոփաներ և պատմաբաններ) միջև մտքերի բանավեճին, ակնհայտ են մի քանի տարրեր՝ նախքան Դաշնակցության խորը բարեփոխումը դիտարկելը։ Դրանք փոխկապակցված տարրեր են, որոնք հնարավոր չէ տարանջատել, քանի որ անհրաժեշտ է նախ և առաջ քանդել Կուսակցությունը, նախքան Դաշնակցությունը վերականգնելը, ընդ որում՝ պետք է լուծարել «Հայաստանի Դաշնակցությունը» և ներքին հետաքննություն սկսել Հայաստանի ՀՅԴ-ի և Նախկին վարչակարգի ուժերի միջև կապերի գծով, այդ թվում՝ նախկին նախագահների մակարդակով։ Սրանք լավ սկիզբի երկու կարևոր նախադրյալներն են:
Այս նախադրյալների հիման վրա ՀՅԴ-ն, և ոչ թե Բյուրոն, այլ ավելի շուտ՝ պատասխանատու մարմինը, որը կազմված է կենտրոնական կոմիտեների մեկական ներկայացուցչից, պետք է կազմակերպի արտահերթ Ընդհանուր Ժողով՝ 1923 թվականի Բուխարեստի և Վիեննայի Համաժողովների համաբանությամբ, Դաշնակցության կանոնադրության և ծրագրի բարեփոխման օրակարգով։ Համաժողովների այս շրջափուլի ավարտին նշյալ պատասխանատու մարմինը կգումարի արտահերթ Ընդհանուր Ժողով, որի ստեղծմամբ ամբողջությամբ կմերժվի մինչ այժմ կիրառվածը։ Այս փուլում կանոնադրության բարեփոխումը պետք է լավագույն դեպքում տարանջատի Բյուրոն Գերագույն մարմնից, որն այլևս չպետք է այս տեսքով հանդես գա՝ նկատի ունենալով, որ ՀՅԴ-ն պետք է հարգի Օրենքը Հայաստանում, դարձյալ դառնա նշյալ Ինտերնացիոնալը, որը պետք է երբեք չդադարեր գոյություն ունենալ, նպաստելով ազգային միավորումների ինքնիշխանությանը, որոնք կարող են ազատորեն ընտրել իրենց անվանումը, ինչպես օրինակ՝ «Հայ սոցիալիստական կուսակցությունը» Ֆրանսիայում, «Հայ սոցիալական արդարություն» կուսակցությունն ԱՄՆ-ում, «Հայ սոցիալ-լիբերալ կուսակցությունը» Կանադայում, «Հայ ազգային կուսակցությունը» Լիբանանում և այլն։ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» անունը պիտի վերապահվեր հիշյալ վերազգային կազմակերպության ընդհանուր ղեկավարությանն ու այդ վերազգային կազմակերպության ընդհանուր հավաքներին։ Այսպիսով, դաշնակցական կենսահամակարգը կլիներ մարտական, բայց և հարմարեցված ներկա աշխարհակարգին և պետությանը: Բանավեճը կխրախուսվեր: Ազգային երկմշակույթ դրսևորումն ընդունելի կլիներ։ Ներքին հաղորդակցական կապը համացանցի և սոցիալական ցանցերի միջոցով կընդլայնվեր։ Բազմակարծությունը երաշխավորված կլիներ, քանի որ այսօր քաղաքացիական հասարակություններն ավելի պահանջկոտ և գործունյա են, հատկապես ժողովրդավարական երկրներում: Եվ այդ ամբողջը կիրականացվեր առավելագույն ճկունությամբ, առանց զտումների, առանց ժողովրդավարական կամ գաղափարական կենտրոնամետության։ Որովհետև, քանի դեռ գոյություն ունեն մտահոգությունների ընդհանրություն և վերազգային դաշնակցական համերաշխություն, ոմանց հաղթանակները կլինեն մյուսների հաղթանակները, ոմանց էլ ճակատագրի ծանր հարվածները՝ մյուսներինը: Այս վճռորոշ փուլին հասնելու համար իսկապես օգտակար կլիներ հրաժարվել գաղափարական կենտրոնամետությունից՝ առավելապաշտների իսկական Զանգվածային ոչնչացման զենքից, որպեսզի ՀՅԴ-ն իր հերթին ունենար իր «Բադ-Գոդեսբերգը», որի կարիքն այնքան շատ ունի: Եվ այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն ազատված կլիներ գաղափարական կենտրոնամետությունից, ՀՅԴ գլխավոր քարտուղարին ներքևից, այսինքն՝ շարքային կուսակցականների կողմից ուղիղ քվեարկությամբ ընտրելու գաղափարը, թվում է բոլորովին նորարարական և գնահատելի տարբերակ: Այսպիսով, հենց շարքային կուսակցականները կունենային առաջին և վերջին խոսքի իրավունքը, և ոչ թե կուսակցական վերնախավը։
Այսպիսի լայնախոհության և կուսակցական «ապարատի» դեմ պայքարելու տրամադրվածության պայմաններում, իսկական ժամանակը կլիներ նպաստել իշխանությունների (գործադիր, օրենսդիր և դատական) տարանջատմանը ՀՅԴ-ում, որը ներկայումս կենտրոնացած է Բյուրոյի, հետևաբար՝ կուսակցական «ապարատի»՝ կառավարող մարմնի ձեռքում: Իսկ ի՞նչ անել։ Գործադիր իշխանությունը պետք է պատկանի նախ կենտրոնական կոմիտեներին, իսկ հետո՝ Բյուրոյին, որը կլինի ոչ թե ազգային միավորումների գործերին խառնվող և ուղղորդող, այլ համակարգող բյուրո։ Օրենսդիր իշխանությունը պետք է կազմակերպվի Ընդհանուր Ժողովի շուրջ, որի պատվիրակներն ընտրված կլինեն չորս տարի ժամկետով Խորհրդարանում՝ Բյուրոյի մանդատի տևողությանը զուգահեռ: Եվ երկու տարին մեկ Դաշնակցության նշյալ խորհրդարանը կիրականացնի Բյուրոյի քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա յուրաքանչյուր ազգային միավորման խնդիրն է չորս տարի ժամկետով ներկայացուցիչ ընտրել հակամարտությունների կարգավորման միջազգային հանձնաժողովում, պայմանով, որ նախորդ չորս տարիներին որևէ պաշտոն զբաղեցրած չլինի ՀՅԴ կառավարման մարմնում։ Միջոցառումների այս առաջին ցանկը պետք է խրախուսի շարքային կուսակցականներին՝ այլ առաջարկներ անելու:
Իշխանությունը վերադարձնել կուսակցականներին և կենտրոնական կոմիտեներին՝ Դաշնակցության ճշմարիտ ապակենտրոնացման, իրական ժողովրդավարացման և օրինական դաշնային սկզբունքով կազմավորման պայմաններում․ սա է այն լուծման սկիզբը կամ հեռանկարը, որով ՀՅԴ-ն վերջնականապես կազատվի առավելապաշտներից, (որոնք, ի դեպ, չմոռանանք, որ ռուսերենում «Բոլշևիկներ» անունն են կրում), և նորից կկապվի իրականության, ողջախոհության, բանականության և պատմության հետ, որպեսզի նրա առաջնորդները վերագտնեն իրենց ժպիտը, հպարտությունը, լավ տրամադրությունը, թարմ մտածողությունն ու ազդու խոսքը…
Կայծ Մինասյան
Նրանք, ովքեր ցանկանում են գրել հեղինակին, կարող են իրենց էլեկտրոնային նամակներն ուղարկել հետևյալ հասցեին․ [email protected]
Մոնտեբելլոյի կոչից (2021) մինչև Մոնտեբելլոյի ռումբը (2023) (Մաս X և վերջ)
_____________________
Ինչո՞ւ ենք մենք հասել այս վիճակին (Մաս I)
Ռուբեն․ չափազանցման նորմը, 1919-1959 (Մաս II)
Ռուբենից ազատվելն անհնար էր (1959-1981) (Մաս III)
Մարուխյանական և հետմարուխյանական տասնամյակները (1981-1998) (Մաս IV)
ՀՅԴ-ն Հայաստանում. օճառի պղպջակ (1998-2019) (Մաս V)
«Ձայն մը հնչեց Կալիֆոռնիայից…» (Մաս VI)
ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը կամ «Ընկեր Հրանտն ընդդեմ Ընկեր Մարգարյանի» (Մաս VII)
Ինչու՞ ավելի շատ հանդիմանել ՀՅԴ-ին կամ «Ով շատ է սիրում, խիստ է պատժում» (Մաս VIII)