ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հայրենադարձման Համակարգման Ուղիով

1991-ը նոր խնդիրներ առաջ բերեց Սփյուռքի համար՝ դա Հայաստանի անկախ պետականության կայացումն էր ու հզորացումը եւ Արցախի խնդրի լուծումը: Այսօր, կարծում եմ, անհրաժեշտ է նոր առաքելության մշակում թե՛ Սփյուռքի եւ թե՛ Հայաստան-Արցախի հայության համար, նոր ժամանակների շնչին համահունչ:

Հովսեփ Խուրշուդյան

Մաս չորրորդ՝ հարցազրույց «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ

Սփյուռքի հայության բազմազանությունը մեր ազգային հարստույթունն է:

  1. Հայաստանում գոյություն  ունեցող խնդիրներից մեկը երբեք չդադարող արտագաղթն է եղել։ Ինչո՞վ կբացատրեք այդ երևույթը։
  • Իրականում եղել են մի քանի տարիներ, 2000-կանների կեսերին, երբ Հայաստանից մեկնածների եւ Հայաստան եկածների հաշվեկշիռը դրական է եղել: Նույնը նկատվում է նաեւ 2022թ.-ի համար, սակայն այս դեպքում խոսքը նախեւառաջ այլազգի ռելոկանտների մասին է: Բայց մնացած տարիների համար, այո, իրավացի եք, որ նման տենդենց կա: Պատճառը համեմատաբար բարեկեցիկ սոցիալական իրավիճակի կտրուկ վատթարացումն էր 1991թ.-ին՝ անկախությունից ի վեր, որը, սակայն, սկսվել էր դեռ 1988թ. երկրաշարժից: Սակայն եթե այդ վատթարացումը սկզբի տարիներին պայմանավորված էր օբյեկտիվ խնդիրներով՝ ԽՍՀՄ փլուզում, գոյություն ունեցող միջպետական տնտեսական կապերի խզում, Արցախյան ազատագրական պատերազմ, ապա 1995-96թթ. հիանալի հնարավորություն էր ստեղծվել առաջանցիկ տնտեսական վերականգնողական աճի, ապաեւ զարգացման: Սակայն դրա համար անհրաժեշտ էր տնտեսական ազատ շուկայական մեխանիզմների գործարկում, հակամենաշնորհային արդյունավետ քաղաքականություն, դատաիրավական բարեփոխումներ եւ կոռուպցիայի ծավալների նվազում: Այդ ամենը չարվեց: Ավելին, այն պետական եւ հանրային բնույթի արատները, որոնց դեմ անհրաժեշտ էր պայքարել գնալով արմատավորվեցին, զարգացան եւ սկսեցին ձեւավորել վայրի կապիտալիզմին բնորոշ աղավաղված կառուցվածքով տնտեսական համակարգը, որն էլ իր հերթին ծնեց ավտորիտար կառավարման համակարգ: Այդ վերջինը պատճառը դարձավ մեր՝ որպես պետության թերզարգացածության՝ բոլոր համակարգերով հանդերձ, սկսած բանակից եւ անվտանգությունից եւ վերջացրած գիտությամբ,  կրթությամբ եւ մշակույթով: Նման պայմաններում արտագաղթը չէր կարող կանգ առնել: Սոցհարցումներից պարզ էր դառնում, որ արտագաղթում էր նաեւ միջին խավը, որը շատ թե քիչ բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորություն ուներ, սակայն մարդիկ չէին դիմանում անարդարությանը՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ դատաիրավական ոլորտներում: Դա հնարավոր եղավ հաղթահարել միայն 2018թ.-ի Թավշյա հեղափոխությամբ: 
  1. 2020թ պատերազմից հետո ՀՀ-ում շատերի մոտ ուժեղացել է երկրից հեռանալու ձգտումը։ Արդյո՞ք պարտությունը պատերազմում իրոք անվտանգային ծայրահեղ խնդիրներ է առաջացրել ՀՀ բնակիչների համար, թե այդ տրամադրությունները առավելապես հետպատերազմյան բախումներն ուղեկցող ու պարտությունից հետո մնացած ընկճվածություն է։
  • Ձեր նշած երկու խնդիրն էլ կան եւ դրանք փոխկապակցված են: Կայուն եւ երաշխավորված խաղաղության բացակայությունը անվտանգային անորոշություն է առաջացնում մարդկանց մոտ: Շատերը «փախցնում են» իրենց զավակներին՝ բանակային ծառայությունից, քանի որ համարում են, որ այս անկայուն եւ պարբերական թշնամական հարձակումների պայմաններում զինվորների համար կա զոհվելու բարձր հավանականություն:  
  1. Մշտապես շեշտվել է, թե ինչ հսկայական վնասներ է հասցրել արտագաղթը հայ ժողովրդին, իսկ ի՞նչ վիճակում է գտնվում ՀՀ Սփյուռքը։ Որո՞նք են Սփյուռքի հիմնական խնդիրները։
  • Ձեր յուրաքանչյուր հարց ֆունդամենտալ խնդիրների է վերաբերում եւ արժանի է առանձին քննարկման եւ մի ամբողջական ծավալուն հարցազրույցի: Այս հարցերին հպանցիկ, մի քանի նախադասությամբ պատասխանելը շատ թերի է: Բաjց, ամեն դեպքում, փորձեմ: Սփյուռքահայ համայնքները քանի որ ձեւավորվել են հիմնականում Հայոց Ցեղասպանության հետեւանքով՝ ուստի դրանց խնդիրը մինչեւ 1991թ.-ը եղել է Ցեղասպանության միջազգային ճանաչումը, որին պետք է հետեւեին տարածքային ինչ-ինչ պահանջների բավարարումը Թուրքիայի կողմից եւ փոխհատուցումը: Սակայն 1991-ը նոր խնդիրներ առաջ բերեց Սփյուռքի համար՝ դա Հայաստանի անկախ պետականության կայացումն էր ու հզորացումը եւ Արցախի խնդրի լուծումը: Այսօր, կարծում եմ, անհրաժեշտ է նոր առաքելության մշակում թե՛ Սփյուռքի եւ թե՛ Հայաստան-Արցախի հայության համար, նոր ժամանակների շնչին համահունչ: Այդ գլոբալ նոր խնդրի մեջ ավելի մասնավոր խնդիրներ են Սփյուռքի գիտա-տեխնոլոգիական եւ մշակութային ներուժի օգտագործումը Հայաստանը գավառականացումից հետ պահելու համար, իսկ Հայաստանի ներուժի օգտագործումը՝ Սփյուռքի հայկական ինքնության պահպանման համար:  
  1. Արդյո՞ք ՀՀ և Սփյուռքի հայերը լեզվամտածողությամբ արդեն իսկ տարբեր մշակութային խմբեր չեն ներկայացնում իրենցից։ Ինչպե՞ս կարող են տարբեր հոգեբանություն և մտածելակերպ ունեցող մարդիկ մեկ ընդհանուր համաձայնության գալ միմյանց հետ ցանկացած հարցում։
  • Սփյուռքի հայության բազմազանությունը մեր ազգային հարստույթունն է: Այդ բազմազանությունը կարող է նոր սինթեզումներ առաջ բերել մշակութային ոլորտում, որը առավել հեռանկարայինն է Հայության համար, քանի որ մենք մշակութաստեղծ մեծ ներուժ ունենք: Իսկ ամեն հարցում հհամաձայնության գալու կարիք չկա: Պետք է համաձայնության գալ միայն մի քանի առանցքային հարցերի շուրջ, որոնքց շուրջ կառուցել ազգային ռազմավարությունը: Մնացածը պետք է ազատ ստեղծագործությանը թողնել: Այլ կերպ հնարավոր էլ չէ: 
  1. ՀՀ և Սփյուռքի հայերը շատ հարցերում փոխվստահություն չունեն միմյանց նկատմամբ։ Ո՞րն է հիմնական պատճառը և ինչպե՞ս լուծել այդ հարցը։
  • Կրթություն եւ ինքնաճանաչում: Նախեւառաջ՝ որպես մարդ արարած, բնության ներդաշնակ մասնիկ, Երկիր մոլորակի բնակիչ, որին պատկանում է ոչ թե միայն 30.000 կամ 160000 /ով ոնց կուզի/ քառակուսի կիլոմետր հողակտորը, այլ Երկիր մոլորակի ցանկացած անկյուն, սակայն ով պատասխանատու է այդ 30.000 քառակուսի կիլոմետրի համար, որն անվանում է հայրենիք եւ որի վրա կառուցում ու զարգացնում է իր ուրույն  մշակույթն ու արժեքները: Կրթության եւ ինքնաճանաչման ճանապարհով է հնարավոր հաղթահարել բարդույթներն ու նեղմտությունը, որոնք բոլոր խնդիրների պատճառն են, ոչ միայն Ձեր նշածի: 
  1. ՀՀ-Սփյուռք հարաբերություններում ժամանակ առ ժամանակ առաջացող լարվածությունը ի՞նչ պատճառներով է առաջացել և ի՞նչ հետևանքներ է թողնում ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի վրա։
  • Նախորդ հարցում սրա հիմնական պատասխանը տվեցի: Բայց նաեւ կա արտաքին խառնակչության գործոնը: Հայության դեպքում՝ ռուսական կգբ-ական կայսերապաշտ խառնակիչների, ովքեր հավաքագրել են հայկական վերնախավերում մի ամբողջ 5-րդ շարասյուն, որը կեղծ նառատիվներ(պատում) է տարածում համայն հայության մեջ: 
  1. Շատերն այն կարծիքին են, որ արտագաղթն ավերում է Հայաստանը և մեզ հիմա կազմակերպված ու զանգվածային հայրենադարձություն է պետք։ ՀՀ-ը և Սփյուռքը պատրա՞ստ են զանգվածային հայրենադարձության։ Որո՞նք են  հայրենադարձությանը խանգարող հիմնական պատճառները։ Սփյուռքը ցանկանո՞ւմ է հայրենադարձություն։
  • Իրականում Հայաստանը, անգամ այս տարածքով, ունի 10-15 տարում 5-6 միլիոն բնակչության հասնելու հնարավորություն: Հայրենադարձության մի քանի հնարավորություններ եւ պայմաններ կան: 

Առաջինը ճգնաժամային հայրենադարձությունն է: Ցանկացած երկրում, որտեղ հայերն են ապրում պարբերաբար տեղի են ունենում կատակլիզմներ, պատերազմներ, կամ բնական աղետներ եւ ապաստանի առաջին հայացքը շատերը ձգում են դեպի պատմական հայրենիք: Ցավոք, Հայաստանի տկարության պատճառով մենք  մեծամասամբ մսխեցինք մերձավոր Արեւելքից՝ Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, Իրանից հարյուր հազարավոր հայերի ներգաղթի հնարավորությունները, որոնց բացարձակ մեծամասնությունը ուղեւորվեց Եվրոպա եւ Ամերիկա: Սակայն այժմ, շնորհիվ ժողովրդավարական ազատությունների եւ տնտեսական աճի, Հայաստանը դառնում է ապաստան անգամ այլազգիների համար: Մնում է հասնել խաղաղության եւ կայուն զարգացման եւ ճգնաժամայի ներգաղթի մասով մենք մեծ արդյունքների կհասնենք: 

Մյուսը ստանդարտ ճանապարհն է. տնտեսական զարգացում, բարեկեցության աճ, որը անկախ այլ երկրներում ճգնաժամերի առկայությունից կբերի այդ երկրների, հատկապես հարեւանների, շատ բնակիչների մոտ Հայաստան տեղափոխվելու ցանկության, ինչպես այժմ ամբողջ աշխարհից շատերը փորձում են տեղափոխվել արեւմտաեվրոպական երկրներ կամ Հյուսիսային Ամերիկա: 

Վերջապես՝ հոգեւոր հայրենադարձությունն է: Եւ պետք չէ հասկանալ այս եզրը հին, հնացած իմաստով: Ես նկատի ունեմ մի այնպիսի նոր գաղափարի, արժեհամակարգի, ապրելակերպի ծնունդ Հայաստանում, որը, արտացոլվելով, օրինակ, նոր ժամանակակից քաղաքի տեսքով, ձգողական ուժ կունենա ոչ միայն հայերի, այլեւ աշխարհի ամենաառաջադեմ եւ ուսյալ մարդկանց համար: Նման մի քաղաքի նախագիծ ես այժմ շրջանառում եմ ու փորձում հանրային դիսկուրսի վերածել, սակայն փակ շրջանակներում:    

  1. Եթե զանգվածային հայրենադարձություն տեղի ունենա, դա նշանակո՞ւմ է, որ Սփյուռքը նվազելու է ինչպես մարդկային ռեսուրսի, այնպես էլ ֆինանսական և նյութական առումով։ Եվ եթե այո, արդյո՞ք դա վտանգներ չի առաջացնի, քանի որ հայկական Սփյուռքը այսօր ոչ միայն օտար երկրներում ապրող հայերի խումբ է, այլև քաղաքական, ֆինանսական, նյութական հզոր խաղաթուղթ։
  • Սփյուռքում ապրող հայության չնչին մասն է ներգրավված հայկական հարցերի լուծման գործում, համայնքային կյանքում: Մնացածը հետզհետե ուծանում են: Եվ եթե չլիներ Հայաստանից եւ Մերձավոր Արեւելքի երկրներից մշտական արտագաղթը դեպի հիմնական սփյուռքահայ համայնքներ, որը թարմացնում է դրանք, մենք այժմ Սփյուռք այս տեսքով ու քանակով չէինք ունենա: Մինչդեռ Հայաստան հայրենադարձված բոլոր հայերը՝ անկախ իրենցից, ամբողջությամբ ներգրավված են պետության հզորացման գործում, իրենց աշխատանքով, իրենց վճարած հարկերով, իրենց ստեղծագործությամբ, անգամ իրենց սպառած ապրանքներով: Իսկ քաղաքական եւ ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է արդյունավետ արտաքին քաղաքականություն վարել, այդ դեպքում շատ դաշնակիցներ կունենանք եւ սփյուռքի կարիքն էլ չի լինի: Մեծ հաշվով Սփյուռքը վաղ թե ուշ վերանալու է: Ցանկալի է, որ այն վերանա ոչ թե օտարության մեջ ուծացմանն հետեւանքով, այլ հայրենադարձության արդյունքում: 
  1. Ինչպե՞ս եք գնահատում այս տարվա հոկտեմբերին տեղի ունեցած համահայկական խորհրդաժողովը։

Չեմ կարող որեւէ գնահատական տալ, քանի որ չեմ մասնակցել դրան՝ հրավիրված/տեղեկացված չլինելու պատճառով: 

Վերլուծաբան, Պահեստազորի Սպա, «Ազատ Քաղաքացի» ՀԿ-ի Նախագահ

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *