Հայաստան

Հանրապետություն

Հայ ժողովրդի արյունոտ դատը անկասկած բարեհաջող եւ արդար լուծում պիտի ստանա, որովհետեւ նա մարդկության խղճի, պատվի եւ իրավունքի հարցն է։

1919թ. օգոստոսին Հայաստանի առջեւ կանգնած ամենամեծ մարտահրավերները թաթարական ապստամբություններն էին եւ ոտքի կանգնող Թուրքիան, ուստի նորընտիր խորհրդարանն անմիջապես սկսում է քննարկել այս հարցերը։

1919թ. հունիսին Հայաստանի Հանրապետությունում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում ձեւավորված խորհրդարանն ուներ 80 պատգամավոր, որոնցից 73-ը Հայ հեղափոխական դաշնակցությունից էին, երկուսը թուրք էին, մեկը՝ եզդի, եւ մեկ պատգամավոր էլ անկուսակցական էր։ Ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ Հայ ժողովրդական կուսակցությունը, բոյկոտել էր ընտրությունը։ Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր միակ ուժը սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունն էր, որն ուներ 4 պատգամավոր։

Նոր խորհրդարանը

Խորհրդարանի անդրանիկ նիստը բացվում է 1919թ. օգոստոսի 1-ի կեսօրին։ Խորհրդարանում էին 56 պատգամավոր, կառավարության անդամները, օտարերկրյա դիվանագիտական եւ այլ կառույցների ներկայացուցիչներ։

Ավագության կարգով նիստը բացում է նախորդ խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանը։ Նա ողջունում է դահլիճում ներկա Վրաստանի, Պարսկաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներին՝ մաղթելով բարգավաճում, ամուր եւ հարատեւ զարգացում։ Ավետիք Սահակյանը շեշտում էր, որ «Հանրապետությունն անշեղ կերպով ձգտել է հաստատել այնպիսի կարգեր, որ երկրում ապրող բոլոր ազգերը օգտվին հավասար իրավունքներով եւ զգան իրենց իբրեւ հարազատ զավակներ՝ ընդհանուր հայրենիքի եւ լծվեն միասին պետական գործը առաջ տանելու»։

Արտաքին քաղաքական հարցերն ու Հայ դատի լուծման խոստումները չէին կարող չընդգրկվել խորհրդարանի նախագահի ուղերձում.

«Ճիշտ է, մինչ հիմա դեռ շարունակվում են փակված մնալ մեր առաջ նախկին Տաճկահայաստանի դռները եւ այնտեղ թշնամին կատարում է իր սեւ գործը, ճիշտ է, նա դավեր է լարում մեր համար, բայց ես չեմ տատանվում պնդել, որ վաղը մենք կճեղքենք այդ դռները մեր դաշնակիցների հետ եւ կտիրանանք մեր անհամար նահատակների եւ հերոսների արյունով ներկված մեր երկրին։ Հայ ժողովրդի արյունոտ դատը անկասկած բարեհաջող եւ արդար լուծում պիտի ստանա, որովհետեւ նա մարդկության խղճի, պատվի եւ իրավունքի հարցն է։ …Առանձնապես ողջունենք մեր մեծ դաշնակիցներին, Անգլիային, Ամերիկային, Ֆրանսիային, Ռուսաստանին եւ Իտալիային, հանձինս նրանց ներկայացուցիչների, որոնք վերջ տվին աշխարհավեր պատերազմին իրենց փառահեղ հաղթանակով եւ փրկեցին մեր պետությունը ամենածանր մոմենտին»։

Նոր խորհրդարան, հին պայքար

Հայ ժողովրդական կուսակցությունը օգոստոսի 1-ին իր պաշտոնական թերթում հատուկ հայտարարություն է տպագրում, որտեղ նոր խորհրդարանը հայտարարում է ապօրինի։ Հայտարարության մեջ նշված էր, որ հունիսի 21-23-ը տեղի ունեցած ընտրություններում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, ինչը կասկածի տակ է դնում խորհրդարանի օրինականությունը։

Օգոստոսի 5-ին խորհրդարանի նախագահ է ընտրվում Ավետիս Ահարոնյանը, փոխնախագահներ՝ Լեւոն Շանթը, Սարգիս Արարատյանը։ Ավետիս Ահարոնյանը Փարիզում էր, գլխավորում էր հայկական պատվիրակությունը եւ ընտրվելուց հետո երբեւէ չի նախագահում Հայաստանի խորհրդարանը։ Ըստ տարբեր կարծիքների՝ Ահարոնյանին նախագահ ընտրելը նրան առավել ծանրակշիռ ու հեղինակավոր դերակատարություն հաղորդելու նպատակով էր արվել, ինչը կարող էր հավելյալ դրական ազդեցություն ունենալ Խաղաղության համաժողովում։

Նախագահության անդամների ընտրությունից հետո խորհրդարանում կառավարության նախորդ երկու ամսվա գործունեության մասին զեկուցում է Ալեքսանդր Խատիսյանը, ապա, ըստ օրենքի, հայտարարում կառավարության հրաժարականը։ Խորհրդարանը կրկին վարչապետ է ընտրում Խատիսյանին, որն էլ օգոստոսի 10-ին ձեւավորում է նոր կառավարությունը։

Ի տարբերություն ընդդիմության՝ Դաշնակցական մամուլը մեծ գորովանքով էր խոսում նոր խորհրդարանի մասին՝ համարելով, որ այն «հավատքով ու անշեղ կերպով» լծվելու է Անկախ եւ Միացյալ Հայաստանի վերածննդի գործին։

«Բոլոր անոնք, որ գիտակցաբար կամ անգիտությամբ կշարունակեն խոչեր հարուցանել Խորհրդարանի դեմ, բոլոր անոնք, թուրքահայ թե ռուսահայ, որ կուսակցական, թայֆայական ու անձնական շահե դրդված եւ աթոռազրկման ցավեն մղված՝ չեն ուզեր տեսնել ժողովուրդի կամքի այս հստակ արտահայտությունը եւ կհամառին պղտորել հանրային միտքը, բամբասել ու վատաբանել, ուրիշ գործ չեն կատարեր։ Հայաստանի այս Խորհրդարանը … տեղի չպիտի տա որեւէ թելադրանքի եւ ուժի առջեւ, որովհետեւ ինքն է միակ իրական եւ ժողովրդական ուժը եւ իրավունքը Հայաստանի անունեն խոսելու եւ գործելու համար», – գրում էր «Աշխատանքը»:

«Մենք հետզհետե շրջապատվում ենք երկաթե օղակով»

Նոր կառավարության զեկուցումից հետո խորհրդարանը հատուկ կոչով դիմում է Ամերիկայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Իտալիայի եւ մի շարք այլ պետությունների խորհրդարաններին։ Տեքստում ասվում էր, որ հայ ժողովուրդը, «դաշնակիցների առաջին իսկ կոչով» դուրս է եկել Օսմանյան կայսրության դեմ պատերազմի, տվել մեծաթիվ զոհեր՝ հույս ունենալով, որ արդարությունը պետք է հաղթի եւ «դաշնակիցների օգնությամբ հայ ժողովրդի մնացորդները պետք է երջանիկ կյանքով ապրեն իրենց ազատագրված հայրենիքում»։

Հայոց խորհրդարանը միջազգային հանրության ուշադրությունն էր հրավիրում այն փաստի վրա, որ դաշնակիցները ոչ մի գործուն քայլ չեն ձեռնարկել Թուրքահայաստանի խնդրի լուծման ուղղությամբ։ Փոխարենը ժամանակն աշխատել է թուրքերի օգտին, որոնք նոր սպառնալիքներ են ստեղծել Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Խորհրդարանն ընդգծում էր թաթարական ապստամբություններին թուրք գործակալների մասնակցությունը, որի հետեւանքով ռազմական գործողությունները ծավալվում էին արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում։

«Աշխատանք», 21 օգոստոսի, 1919թ., թիվ 59

«Այս վայրագությունները կատարվում են այն ժամանակ, երբ դաշնակից պետությանց ներկայացուցիչները մեզ մոտ են, իսկ նրանց տասնյակ հազարավոր զորքերը ընդամենը մի քանի ժամվա հեռավորության վրա… եւ դաշնակիցների հոգացողությունից գրեթե ամբողջովին դուրս են մնացել հայ ժողովրդի պաշտպանության գործը կամ նրա ինքնապաշտպանությունը կազմակերպելու խնդիրը։ …Սրա համար Հայաստանի պառլամենտը հրահանգում է իր կառավարության զենքի տակ առնել զենք կրելու ընդունակ բոլոր քաղաքացիներին։ …Երբ հայ տղամարդու առաջ նորից ցցվում է թուրքական յաթաղանից խողխողվելու անխուսափելիությունը, երբ հայ կնոջ ու աղջկա գլխին նորից կախվում է պատվազրկության սպառնալիքը՝ Հայաստանի պառլամենտը այլ որոշում ընդունել չի կարող։ Եթե հայ ժողովրդի մնացորդներին վիճակված է կոտորվել դաշնակիցների աչքի առաջ, երբ այնքան հնարավոր է նրանց համար կանգնեցնել դահճի ձեռքը, կընդունենք տղամարդու պես»։

Այս զգացական հայտարարությունից հետո խորհրդարանը առավել սթափ ու հանգամանալից քննարկում է ստեղծված դրությունը։ Ավետիք Սահակյանը կառավարության անունից տեղեկացնում է, որ թուրքերն Էրզրումից զորք են տեղափոխում Սարիղամիշ, որտեղ նոր ռազմաճակատ կարող է ստեղծվել։

Իրադրությունը լարված էր նաեւ Սուրմալուի, Ղամարլուի եւ Դարալագյազի ուղղություններում։ Սահակյանը նաեւ ասում էր, որ Հայաստանի կառավարությունը օգնություն է խնդրում երկրի բոլոր կարող ուժերից եւ «կարիք ունի հեղինակավոր գործիչների եւ պատգամավորներից օգնություն ստանալու հույս ունի»։

Միաժամանակ Սահակյանը հայտնում է, որ «Մենք հետզհետե շրջապատվում ենք երկաթե օղակով… Այս մոմենտին մենք կարող ենք ապավինել միայն մեր ուժերին, որովհետեւ դաշնակիցների ուժն օգնության կգա գուցե ապագայում»։

Ընդդիմության ներկայացուցիչ Արշամ Խոնդկարյանը նշում է, որ «կառավարությունը իրենց մասին հիշում է միայն վտանգի պահուն», այնինչ իրենց կուսակցությունը Հայաստանում ստեղծված աղետալի դրության մասին դեռ վաղուց էր նախազգուշացնում.

«Այսօր, թե Դաշնակցության ֆրակցիայի ներկայացուցիչը, թե փոխվարչապետը հայտնում են, որ մենք մենակ ենք մնացել, որ դրսից ոչ մի օգնություն չկա։ Ես հարց եմ տալիս այդ պարոններին՝ արդյո՞ք նոքա նախատեսել են այս դրությունը, արդյո՞ք նրանք մեր քաղաքականությունը վարել են եւ մեր քաղաքական ազգային իդեալները ձեւակերպել ու առաջ են մղել ելնելով միայն հայ ժողովրդի ռեալ ուժերից։ Ո՛չ, եւ հազար անգամ ոչ։ Ամիսներ շարունակ դաշնակիցների հույսով օրորելով ու ընդարմացնելով հայ ժողովրդի կամքը, փաթաթելով նրա վզին իր ուժերից վեր քաղաքական իդեալներ, որպիսի հանգամանքը մեծապես նպաստել է նրա կղզիացման, այսօր ի՞նչ իրավունքով այդ պարոնները դիմում են հայ ժողովրդին եւ հայտնում, որ նա մենակ է, որ նա իր հույսը իր վրա պետք է դնի»:

Խորհրդարանը որոշում է ստեղծել հատուկ հանձնաժողով, որը մեկնելու էր առաջնագիծ, ողջուներ մարտիկներին եւ քաղած տեղեկությունները ներկայացներ խորհրդարանին։

***

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *