Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դիրքորոշվել ուկրաինական կոնֆլիկտի իմաստով, եթե ՀԱՊԿ-ն էլ այսպես ասած Հայաստանի համար նախընտրելի տարբերակով դիրքորոշվի հայ-ադրբեջանական հակամարտության հանդեպ:
Հակոբ Բադալյան
Լուկաշենկոն խորհելու առիթ է տալիս. ՀԱՊԿ ծուղա՞կ, թե՞ հնարավորություն
Մինսկում տեղի է ունեցել Բելառուսի նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հանդիպումը: Բելառուսը ներկայումս ՀԱՊԿ նախագահող երկիրն է: ՀԱՊԿ ԳՔ հետ հանդիպմանը Լուկաշենկոն խոսել է կազմակերպության անդամների միջև խնդիրները լուծելու անհրաժեշտության մասին: «ՀԱՊԿ-ը բավական մարտահրավերներ ունի։ Մենք համարձակվեցինք մեր նախագահության ծրագրում ներառել և փորձել լուծել այն խնդիրները, որոնք մենք ունենք հատկապես ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններում: Դուք լավ գիտեք և՛ Կովկասը, և՛ Կենտրոնական Ասիան, այնտեղ խնդիրներ կան։ Եկեք փորձենք լուծել դրանք և հնարավորինս համախմբել ՀԱՊԿ-ն այս դժվարին ժամանակներում»,-ասել է Լուկաշենկոն Իմանգալի Տասմագամբետովի հետ կայացած հանդիպման ժամանակ։
Լուկաշենկոն արել է նաև այլ հայտարարություն, կապված ուկրաինական զարգացումների և ՀԱՊԿ քաղաքականության հետ, որը թերևս պետք է դիտարկել մարտահրավերի տրամաբանության շրջանակում: Մասնավորապես, Բելառուսի նախագահը խոսել է, թե «կգա ժամանակը, և այն հեռու չէ, տառացիորեն վաղը, և այն կպահանջի դիրքորոշվել, զբաղեցնել որոշակի դիրք…: Ես չեմ ասում ազգային շահերի դեմ, և այլն, բայց մեր դաշնակցային թերություններով հանդերձ մեզ հարկ կլինի հստակ դրսևորել մեր քաղաքականությունը, մեր գիծը, որպեսզի գործենք միասին»:
Լուկաշենկոն հայտարարել է, թե նրանք, ովքեր կարծում են, թե Ուկրաինայի և ՌԴ կոնֆլիկտը իրենց չի վերաբերում, չեն կարող մնալ մի կողմ քաշված: Այդ համատեքստում էլ նա կոչ է արել լուծել ՀԱՊԿ ներքին խնդիրները:
Թվում է, թե Լուկաշենկոյի հայտարարությունները ուրվագծում են նաև Հայաստանի արդարացի պահանջների հանդեպ ի վերջո դիրքորոշվելու հարցադրում: Մյուս կողմից սակայն, ավելի խորքային մակարդակում առաջանում է հարց՝ իսկ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դիրքորոշվել ուկրաինական կոնֆլիկտի իմաստով, եթե ՀԱՊԿ-ն էլ այսպես ասած Հայաստանի համար նախընտրելի տարբերակով դիրքորոշվի հայ-ադրբեջանական հակամարտության հանդեպ: Անկասկած է, որ սա շատ բարդ խաղ է, որը կարող է Հայաստանի համար վերածվել նույնիսկ ծուղակի: Այն դեպքում, երբ Հայաստանին ուկրաինական պատերազմի առումով թերևս հարկ է ամրանալ մի դիրքում՝ այսպես ասած չեզոքության, հավասարակշիռ հեռավորության, եթե անգամ այդ ձևակերպումների հարաբերական, որոշակիորեն պայմանական իմաստով: Լուկաշենկոյի հայտարարություններն առնվազն ստիպում են խորհել այդ հարցադրման շուրջ, ՀԱՊԿ համատեքստում մեր գործողությունները մշակելիս և հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ՀԱՊԿ մասնակցության կամ դիրքավորման հարցերը քննարկելիս: Ավելին, այսօր այդ դիրքավորումը Հայաստանի համար թերևս ավելի շուտ կարևոր փաստարկ է ուկրաինական պատերազմի հանդեպ մեր պետական դիրքավորման կարևոր նրբերանգի հարցում, քան կարող էր լինել հնարավորություն հայ-ադրբեջանական հակամարտության պարագայում, հաշվի առնելով նաև ՀԱՊԿ անդամների հարաբերությունը Ադրբեջանի հետ: Այդ առումով, երբ Հայաստանի համար չկա ՀԱՊԿ դեմ դուրս գալու և այդ կազմակերպությունից տարանջատվելու հարց դնելու քաղաքական և անվտանգային նպատակահարմարություն, թերևս առավել արդյունավետ և օպտիմալ է ներկայիս իրավիճակը, որքան էլ այն պարունակում է ճգնաժամային տարրեր, որոնց արմատները գործնականում շատ ավելի խորն են, քան այսօրվա զարգացումները, և ըստ այդմ պահանջում են բոլորովին այլ դիտարկումներ՝ ռազմավարական հեռանկարում անելիքները մշակելու համար:
Հոդվածը՝ 1in.am կայքից։