Հայաստան

Բժշկական Ապահովագրություն՝ Հրեշ Թե Փրկիչ

Հասարակական քրոնիկ դժգոհությունը ոչ թե ավանդական հոռետեսության հետևանք է, այլ համակարգի չաշխատելու կամ վատ աշխատելու: Ընդ որում ոչ թե այս կամ այն, այլ համակարգ ասվածն ընդհանրապես: Որպես սկզբունք և որպես փիլիսոփայություն:

Արայիկ Մկրտումյան

Այս օրերին քննարկվում է նաև բժշկական պարտադիր պետական ապահովագրության հարցը: Ամեն ինչ այնքան լղոզված է, որ նույնիսկ չգիտես, թե այդ բառերի հստակ հաջորդականությունը: Նախքան այդ բժշկական ապահովագրության թեմային անցնելը հիշենք, որ Հայաստանում, անկախ ամեն ինչից, պետությունից իջնող ցանկացած հրաման, նախաձեռնություն կամ նման մի բան բախվում է հանրային խորը անվստահության: Այստեղ ներկաներն ու նախկինները կապ չունեն: Համակարգն ինչպես, որ առաջ չէր աշխատում, այնպես էլ հիմա, հարցն այն է, որ բժշկական ապահովագրությունը բավական լուրջ երևույթ է ու դրա հետ կապված մարդիկ անհանգստություն և մտահոգություն ունեն:

Ինչպես հիշում ենք Հայաստանում տարիներ առաջ դժգոհությամբ և բողոքներով ընդունվեց ավտոմեքենաների ապահովագրության հարցը: Այն ժամանակ ևս մի կողմն ասում էր, որ դա փրկություն է, իսկ մյուս կողմը, որ դա կործանիչ քայլ է: Ինչպես տեսնում ենք, որ դեռևս դրախտ ու դժոխքի մասին խոսելու առիթ չունենք: Ավտոմեքենաների ապահովագրության ընդունումից հետո բնականաբար մի շարք առավելություններ, ինչպես նաև սխալներ ու թերություններ ի հայտ եկան: Ինչ որ բաներ շտկվեցին, ինչ որ բաներ ավելի վատթար դարձան: Կարծում եմ այդ ամենը տրամաբանական է: Երբևէ չի եղել ու չի լինի ինչ որ բան, որ սիրեն բոլորը, հավանեն բոլորը: 

Հայաստանում նույն կերպ տուրուդմբոց բարձրացավ և՛ սահմանադրության փոփոխության հարցով(եթե չեմ սխալվում, արդեն չորրորդ անգամ) և տխրահռչակ «այո» ու «ոչի», և՛ մեքենաներ պահովագրության, և՛ երթուղայինների գնի թանկացման, և՛ էլեկտրաէներգիայի թանկացման ժամանակ, և՛…այլն: Այսինքն ինչպես միշտ: Իհարկե պետք է նշել, որ հասարակական քրոնիկ դժգոհությունը ոչ թե ավանդական հոռետեսության հետևանք է, այլ համակարգի չաշխատելու կամ վատ աշխատելու: Ընդ որում ոչ թե այս կամ այն, այլ համակարգ ասվածն ընդհանրապես: Որպես սկզբունք և որպես փիլիսոփայություն:

Ինչ վերաբերում է բժշկական ապահովագրությանը, ապա օրեր առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան հարց ու պատասխանի ժամանակ ընդհանուր գծերով ներկայացրել էր այդ նախագիծը և պատասխանել մի շարք հարցերի: Առաջին հայացքից ամեն ինչ կարծես, թե կարգին է: Մարդիկ այլևս ստիպված չեն լինի իրենց գրպանից ամբողջական վճարումներ կատարել բժշկական մի շարք հետազոտությունների և բուժումների համար: Քաղաքացին ավելի համակարգված կվճարի ապահովագրությանը, այս պահին նախատեսվում է ամսական կտրվածքով մոտ 18 հազար դրամ: Վճարումը կլինի ամսական թե տարեկան կտրվածքով, հետո կերևա: Այսինքն մարդը կվճարի մի որոշ մասը, իսկ պետությունը մեծ չափով կփոխհատուցի նրա հետազոտության և բուժման համար: Նախարար Ավանեսյանը նաև ներկայացրեց, թե ինչ է նախատեսվում պետպատվերից օգտվող քաղաքացիների, միջինից բարձր ու ցածր աշխատավարձ ունեցողների, գործազուրկների, տարբեր սոցիալական փաթեթներից օգտվող մարդկանց համար: 

Անդրադարձ եղավ նաև ռիսկերին: Նախարարը հավաստիացրեց, որ աշխատում է մեծ և պրոֆեսիոնալ թիմ, որը հաշվի առնում առկա և սպասվող բոլոր ռիսկերը և ձգտում են այնպես անել, որ Հայաստանում առողջապահական համակարգը սկսի աշխատել ավելի ինտենսիվ, ավելի կանոնակարգված ու համակարգված: Առայժմ ապահովագրությունը կամավոր է, այս տարի նախատեսվում է ավարտել կազմակերպչական և օրենսդրական հարցերը, իսկ 2024-ից ներդնել համակարգը, որը պարտադիր կդառնա 2027-ից:

Նախարարը նաև նշել է, որ այս կերպ հնարավոր է կանոնակարգել և՛ բուժանձնակազմի աշխատավարձերը, և՛ զերծ մնալ կամայականություններից, ինչպես նաև քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց առողջությանը հետևել պատշաճ կարգով, այլ ոչ թե դանակը ոսկորին հասնելուց հետո:

Եվ այսպես, կարծես, թե վատ չի հնչում, մանավանդ, որ Հայաստանում այսպես, թե այնպես մարդիկ մեծ գումարներ են ծախսում  հիվանդանոցներում, շատերը աղքատանում են բժշկի գնալուց, շատերը պարզապես հնարավորություն չունեն օգտվելու հետազոտություններից և այլն: Այսինքն այս համակարգի ներդնումը կարող է առողջապահական համակարգի շատ ու շատ բացեր շտկել և միաժամանակ ավելի լավացնել կառավարումն ու կառավարման մոտեցումները:

Բայց ինչպես հայտնի է մեդալը երկու կողմ ունի և պետք է լսել նաև հակադիր կարծիքները: «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը իր ֆեյսբուքյան էջում խիստ բացասական էր գնահատել այդ ապահովագրությունը և նաև հարցազրույց տվել Civilnet-ին:

Տիգրան Ջրբաշյանն ընդհանուր առմամբ ասաց, որ այդ ապահովագրությունը ոչ միայն հարցեր չի լուծելու, այլև նոր խնդիրներ է առաջ բերելու: Առանց այն էլ շատ վատ կառավարվող առողջապահական համակարգը ենթարկվում է նոր սթրեսի, ապահովագրության գումարը ևս մեկ հարկատեսակ է դառնում քաղաքացիների համար, իսկ վատ աշխատող համակարգի պայմաններում բժշկական պարտադիր ապահովագրությունը հրեշ է դառնալու, որը միայն թեժացնելու է համակարգային խնդիրները:

Տիգրան Ջրբաշյանը մի շարք թվերով համեմատական անցկացրեց 2000-ականների և ներկայիս Հայաստանների մեջ, ինչպես նաև ՀՀ առողջապահական համակարգի որոշ ցուցանիշներ համեմատեց տարբեր երկրների ցուցանիշների հետ: Օրինակի համար նա նշեց, որ Հայաստանում ավելի շատ գումար է ծախսվում առողջապահության վրա, քան օրինակ Իսրայելում, Հունաստանում, Շվեդիայում և այլուր(ամեն երկիր իր ՀՆԱ-ի չափերով, Հայաստանում այդ թիվը կազմում է մոտ 18 տոկոս): Հայաստանը նաև առաջատար է բուժանձնակազմ և հիվանդանոցային մահճակալներ ունենալու թվով: Բայց Հայաստանը նաև առաջատար է ոչ վարակիչ հիվանդություններից մահացության թվով: Ինչպես նաև անորակությամբ և այլն: Հայաստանն ավելի շատ գումար է ծախսում ՄՌՏ հետազոտությունների վրա(Մագնիսա-ռեզոնանսային Շերտագրություն), բայց հիվանությունները գլուխ են բարձրացնում, ընդ որում բնակչության համեմատական հաշվով Հայաստանը առաջատար է նաև տարբեր հիվանդությունների մահացության ցուցանիշով: 2000-ականներին միջին հաշվով ամեն քաղաքացու հաշվարկով ծախսվում էր մոտ 20 ԱՄՆ դոլար, իսկ հիմա 500-ից ավել: Վրաստանը օրինակ շատ ավելի քիչ է ծախսում, 200-ից ավել: Բայց, լինելով շատ գումար հատկացնող, շատ բժիշկներ ունեցող, շատ մահճակալներ ունեցող համակարգ, մեր առողջապահությունը շարունակում է լինել անորակ ու թանկ:

Ստացվում է մի իրավիճակ, երբ մենք առաջատար ենք հատկացումների հաշվով և երրորդ կարգի ենք արդյունքների առումով:

Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ առողջապահության ապահովագրության միտքն  ինքնին դրական բան է, աշխարհի շատ երկրներում կա բժշկական ապահովագրություն, բայց Հայաստանում, այն էլ այս վիճակում գտնվող համակարգը ավելի է բարդանալու ու անարդյունավետ աշխատելու: Սա նշանակում է մութ սենյակում սև կատու փնտրել: Մենք կառավարման ու բաշխման առումով մեծ խնդիրներ ունենք: Մեծ վտանգ կա և՛ խոշոր կոռուպցիոն ռիսկերի, և՛ խնամի-ծանոթ-բարեկամ ձևաչափով խախտումների, ներքին պայմանավորվածությամբ հովանավորչության աճի: Կստիացվի մի իրավիճակ, որը ձեռնտու կլինի բոլորին, բացի քաղաքացուց, որը գումար կվճարի, բայց ոչինչ չի ստանա: Ջրբաշյանը նաև համեմատական անցկացրեց ավտոմեքենաների ապահովագրության հետ և նշեց մի շարք մանրամասներ ու ռիսկերի գնահատման մեխանիզմներ:

Եվ ասյպես ի՞նչ սպասել այս ամենից: Պարտադիր առողջապահական համակարգը կգա փրկելո՞ւ հայկական առողջապահական համակարգը, թե հերթական փորձանքը կդառնա: Մեդալի ո՞ր կողմը կժանգոտի այս անգամ: 

Առավել մանրամասն՝

Առողջապահության նախարարի ֆեյսբուքյան հարցազրույցը՝

Facebook.com

Տիգրան Ջրբաշյանի հարցազրույցը Civilnet-ին՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *