Իր նամակում Գողթնի կոմիսար Մելիք-Մուսյանը գրում էր, որ նույնիսկ փոքրաթիվ զինվորական օգնությունը կփրկի շրջանը. «Գողթնը կմեռնի հերոսի մահով, սակայն, թո՛ղ ամբողջ աշխարհը իմանա, որ այս անգամ մեզ մահվան դուռը հասցնողը Երեւանի մեր կառավարությունն է։ Փրկված է Գողթնը, եթե մոտ օրերում 400 սրտացավ զինվոր մեզ օգնության հասնի։
1919թ. հուլիսի վերջին Նախիջեւանն ու Շարուրը գրավելուց հետո թաթարական հարձակման հաջորդ ուղղությունը Գողթնն էր։
Գավառն ուներ ռազմավարական մեծ նշանակություն՝ Գողթնն ու Մեղրին փակում էին Ադրբեջանը եւ Նախիջեւանը միացնող ճանապարհը։ Ապստամբությանը նախորդած շրջանում թաթարները Նախիջեւանին զինամթերք ու դրամ էին ուղարկում Պարսկաստանով, ուստի հասկանալի էր, որ թաթարները փորձելու էին ամեն գնով վերացնել «հայկական սեպը»։
Թեեւ Գողթնի կոմիսար Աշոտ Մելիք-Մուսյանի ջանքերով գարնանն ինքնապաշտպանության ամրապնդման որոշ քայլեր ձեռնարկվել էին, սակայն իրադրությունը գավառում տագնապալի էր։ Ապրիլի վերջին Հայաստանի կառավարության որոշմամբ Նախիջեւանը բաժանվել էր երեք գավառի. Գողթանը՝ Ագուլիս, Նախիջեւանը՝ քաղաք Նախիջեւան, եւ Շարուրը՝ Բաշ-Նորաշեն կենտրոններով։ Մայիսի վերջին Մելիք-Մուսյանը Օրդուբադի թաթարներից պահանջել էր հպատակվել եւ ընդունել Հայաստանի իշխանությունը, ինչը նրանք մերժել էին։
Հունիսի կեսերին Օրդուբադ է հասնում Ադրբեջանից ուղարկված 50-հոգանոց հեծյալ ջոկատը, որը նաեւ մի քանի միլիոն գումար էր բերել ապստամբություն կազմակերպելու նպատակով։ Հայկական բնակչությունն Օրդուբադից նահանջել էր եւ հաստատվել Ագուլիսում։
Գողթան գավառի գյուղերի վրա հարձակումը թաթարները սկսում են հուլիսի վերջին։ Գողթանի փրկության կոմիտեն, դիմելով ամերիկյան գլխավոր կոմիսարին, գրում էր, որ Նախիջեւանի շրջանի արեւելյան հատվածը՝ Ագուլիսն ու Օրդուբադը, վերածվել են սպանության, տանջանքների ու թալանի թատերաբեմի։ «Օգտվելով անգլիացիների հեռանալուց հետո ստեղծված բարենպաստ դրությունից՝ թուրք-թաթարական բանդաները, համաձայն նախապես մշակված ծրագրի, գրավել են Գողթանից Զանգեզուր տանող լեռնային անցումները՝ փախստականներին զրկելով փրկության միակ ճանապարհից։ Գրավելով Նախիջեւան քաղաքը՝ թուրքերն իրենց հորդաներով շարժվեցին դեպի Գողթան՝ ոչնչացնելով հայկական բնակավայրերը։ Գողթանի սահմանին արյունալի մարտեր ծավալվեցին, եւ եռօրյա մարտերից հետո հայերի դիմադրությունը կոտրվեց. ավերվեցին Ջիակ, Շորոտ եւ Փռադաշտ գյուղերը» (Բանբեր Հայաստանի արխիվների, 1993թ., թիվ 1-2, էջ 184-185)։
Հայկական ուժերը օգոստոսի 6-ին Փռադաշտից նահանջելուց հետո ոչնչացնում են թաթարական Բիլավ, Բեհրութ գյուղերը, սակայն Ագուլիսի հետ կապը կտրված էր։
«Դրությունը աննկարագրելիորեն ծանր է. սով է, ռազմամթերքի եւ հաղորդակցության ուղիների բացակայությունն անելանելի դրություն է ստեղծել. տեղահանությամբ փրկվել հնարավոր չէ, քանի որ բոլոր ճանապարհները թաթարների ձեռքին են։ Անհամբեր սպասում ենք ձեր պատասխանին, մեր օրերը հաշված են, 10-15 օրից ավելի դիմադրել հնարավոր չէ։ Մեզ ճշգրիտ հանձնարարականներ տվեք եւ շտապեք փրկել Գողթնը»,- այսպիսի հուսահատ նամակ էր ուղարկել Հայաստանի կառավարությանը կոմիսար Մելիք-Մուսյանը։
Օգոստոսի 6-ին՝ մոտ տասնօրյա դիմադրությունից հետո, ընկնում է Տանակերտը։ Գյուղի գրավումից հետո գրեթե անհնար է դառնում պաշտպանել Ագուլիսը, որը ստիպված ընդունում է թաթարական իշխանությունը։ Որոշ ժամանակ անց թաթարական ճնշմանը չդիմանալով՝ Պարսկաստան է հեռանում նաեւ Ջուղայի բնակչությունը։
«Ժողովուրդ», Կ.Պոլիս, 7 սեպտեմբերի, 1919թ., թիվ 34
«Պարսկական Ջուլֆայի նահանգապետը Վոսուկ-էլ-Մեմալիքը ղրկեր է հետեւյալ հեռագիրը պարսկական սահմանի վերջին անցքերու մասին: «Երեկ երեկոյան մինչեւ լույս ռուսական Ջուլֆայի կողմե հրացանային ու գնդացիրային սաստիկ հրացանաձգություն կլսվեր: Առավոտուն հասկցվեցավ, որ մահմեդականները հարձակեր են հայերու խրամներու վրա եւ ստիպեր են զանոնք նահանջել: Հայերու քաշվելեն հետո մահմեդականները ուզելով կտրել անոնց թիկունքի ճամփան՝ կրակ են բացեր: Հայերը, հավաքվելով Պարսկաստանի սահմանագլխին վրա, կհանձնեն իրենց զենքերը: Այսօր հասան 700 փախստականներ, հանձնեցին իրենց զենքերը եւ ղրկվեցան Սաբաբ»:
Նժդեհը
Օգոստոսի սկզբին ադրբեջանական զորախմբերը սկսում են աստիճանաբար գրոհել նաեւ Զանգեզուրի առանձին բնակավայրերը. հարձակման հիմնական ուղղությունները Սիսիանի սահմանամերձ հայկական գյուղերն էին։ Օգոստոսի 6-ին Մուխուրթուրյան գյուղի հայերը հետ են մղում քրդերի հարձակումը։ Օգոստոսի 7-ին եւ 11-ին համառ մարտեր են տեղի ունենում Իշխանասարի եւ Նորս գյուղի մոտակայքում։ Թաթարները գրավում են Գյոմուր, Նորս, Գժաձոր հայկական գյուղերը, որոնց բնակիչների մի մասն ապաստան է գտնում Գողթնում։ Օգոստոսի 15-ին թաթարները հարձակվում են Գորիսի Խնածախ եւ Կապանի Զեյվա, Մողես գյուղերի վրա։ Չնայած դիմադրությանը՝ հայկական ուժերի սպառազինությունը խիստ սակավ էր, սահմանային շրջանները կտրված էին կենտրոնական իշխանությունից եւ անհրաժեշտ ռազմական մատակարարումները գրեթե բացակայում էին, իսկ գյուղերի պաշտպանության հիմնական ծանրությունը տեղի բնակչության ուսերին էր։
Իր նամակում Գողթնի կոմիսար Մելիք-Մուսյանը գրում էր, որ նույնիսկ փոքրաթիվ զինվորական օգնությունը կփրկի շրջանը. «Գողթնը կմեռնի հերոսի մահով, սակայն, թո՛ղ ամբողջ աշխարհը իմանա, որ այս անգամ մեզ մահվան դուռը հասցնողը Երեւանի մեր կառավարությունն է։ Փրկված է Գողթնը, եթե մոտ օրերում 400 սրտացավ զինվոր մեզ օգնության հասնի»։
Սակայն Հայաստանի Հանրապետությունը չէր կարողանում օգնություն ուղարկել։ Սիմոն Վրացյանն իր հուշերում այսպես է նկարագրում իրավիճակը. «Հուսահատ ճիչ էր սա։ Գողթնում չգիտեին, որ Երեւանը ինքն էլ օրհասական ժամեր էր ապրում եւ նույնիսկ ճչալով՝ օգնություն սպասում արտաքին աշխարհից»։
Հայաստանի կառավարությունը, այնուամենայնիվ, Գողթնի պաշտպանության համար որոշ քայլեր ձեռնարկում է. օգոստոսի սկզբին Գարեգին Նժդեհին 180-հոգանոց ջոկատով ուղարկում են Զանգեզուր։ Գորիսում Նժդեհը հանդիպում է Զանգեզուրում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արսեն Շահմազյանին, որը նրան առաջարկում է կազմակերպել Զանգեզուրի հարավ-արեւելյան շրջանների պաշտպանությունը։ Այդ շրջանները կոչվում են Կապարգողթ՝ Կապան, Արեւիք (Մեղրի) եւ Գողթն անունների հապավումից։
«10 օգոստոսի, 1919թ.
Ղափանի հանքեր
1. Այսօրվանից ստանձնում եմ Ղափան-Գենվազ-Գողթանի միացյալ ուժերի հրամանատարությունը։ Ընդսմին հրամայում եմ բոլոր պաշտոնական գործերով դիմել ինձ։
2. Զորամասերին՝ շտաբը գտնվում է Հանքերում, ուր բոլոր ռազմաշրջանների պետերը պետք է ուղարկեն իրենց հաղորդագրությունները։
3. Ոչ ուշ, քան ամսույս 12-ի ժամը 16-ը տեղեկացնել զինվորների հրացանների ինչ սիստեմի լինելու, փամփուշտների քանակի մասին։
Ղափան-Գենվազ-Գողթան միացյալ ռազմական ուժերի հրամանատար Նժդեհ»։
Ստանձնելով ընդհանուր հրամանատարությունը՝ Նժդեհը երկրամասը բաժանում է ռազմական երեք շրջանի՝ Կապանի, Գողթանի եւ Գենվազի, որտեղ սկսում են պաշտպանական պատրաստություններ տեսնել։
Գողթանի հայության համագումարը
Օգոստոսի 25-ին Ռամիս գյուղում գումարվում է Գողթանի հայության 5-րդ համագումարը, որը պետք է քններ ստեղծված դրությունը եւ որոշեր հետագա անելիքները։ Համագումարին մասնակցում էին 14 գյուղի շուրջ 40 ներկայացուցիչ։ Պատգամավորները նախ քննարկում են գավառում ստեղծված դրությունը եւ արձանագրում, որ Գողթանն ամբողջությամբ կտրված է հայկական մյուս բնակավայրերից՝ «Գենվազի եւ Օրդուբադի ճանապարհները բռնված են թուրքերով, իսկ Նախիջեւանի մասին խոսք լինել չի կարող»։ Համագումարի արձանագրությունից հայտնի է դառնում, որ միայն Տանակերտում հայերը տվել էին 82 զոհ։ Գյուղի գրավումից հետո փախուստի դիմած բնակիչները ծայրահեղ աղքատության պայմաններում հաստատվել էին Ռամիս գյուղում։ Ֆիզիկական անվտանգությունից բացի ծանր էր նաեւ տնտեսական դրությունը. ռազմական գործողությունների եւ արտագաղթի հետեւանքով ոչնչացվել էին ցանքսերը։
«Ալահի եւ Նասրվազ գյուղերը վերջին կռիվներին մի քանի անգամ ձեռքից ձեռք անցնելու պատճառով տնտեսապես բոլորովին քայքայվեցին։ …Գողթանի չորս գյուղերը՝ Ռամիս, Ցղնա, Փառակա եւ Բիստ, այս տարվա բերքից կարող են ստանալ ցորեն՝ 2000 փութ, գարի՝ 2000 փութ եւ կորեկ՝ 3000 փութ։ Այսինքն՝ Գողթանի ամբողջ գաղթականության եւ անշարժ ժողովրդի մաքսիմում 2 ամսվա պաշար՝ հաշվելով շնչի 1 ֆունտ» (Արգամ Այվազյան, Նախիջեւանը 1905թ. եւ 1918-1919թթ. կրակե շղթայի գոյամարտերում, Երեւան, 2005թ.)։
Գողթանի հայության համագումարը առկա բոլոր խնդիրներն ամփոփում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված հատուկ գրության մեջ, որտեղ գավառում ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորը համարվում էր կառավարությունը։ Պատգամավորները փաստում էին, որ այն վերին աստիճանի անհեռատես է եղել Գողթանի հարցում եւ «ներկա կրիտիկական դրության ամբողջ պատասխանատվությունը Գողթանի համագումարը բարդում է Հայաստանի կառավարության վրա»։
«Կառավարությունը չկարողացավ պատկերացնել Գողթանի իսկական դրությունը, նրա ռազմական կարողությունը եւ այն ժամանակ, երբ Գողթանին անհրաժեշտ էր մատակարարել եւ ապահովել վերոնշյալ պաշարներով, նա մեզանից 100 հազար փամփուշտի պահանջ էր դնում եւ փորձ անում թնդանոթները եւ պուլեմյոտները փոխադրել Ագուլիսի նման անապահով մի վայր։
…Այն ժամանակ, երբ Օրդուբադի իրական տերը դառնալու եւ Գենվազի հետ ընդմիշտ կապվելու համար անհրաժեշտ էր 200-300 ուժով գրավել Սեարու պոստը, կառավարությունը հրաման է արձակում «ոչ մի դեպքում Օրդուբադ ուժ չուղարկել»,- գրված էր փաստաթղթում։
Վերջում համագումարը որոշում է, որ եթե անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն Գողթանի պաշտպանության համար, ապա մինչեւ հոկտեմբեր դիմադրելուց հետո գավառի ողջ բնակչությունը գաղթելու է Գենվազ։ Համագումարը լիազորում է գավառի միլպետ Մովսես Գյուլնազարյանին գրությունը հասցնել Հայաստանի կառավարությանը։
Կառավարության գրությունը
Որքան էլ Գողթանի բնակիչների վրդովմունքն ու զայրույթը լինեին արդարացի, պետք է հաշվի առնել, որ Հայաստանի Հանրապետությունը 1919թ. օգոստոսի վերջին իսկապես հնարավորություն չուներ Գողթանին ռազմական օգնություն ցուցաբերելու։ Թաթարական ապստամբները Երեւանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էին եւ իրական սպառնալիք էին մայրաքաղաքին։ Ռազմական գործողությունները հյուծում էին հայկական բանակը, իսկ համալրումը եւ սպառազինության ձեռքբերումը մեծ դժվարությամբ էր իրականացվում։ Վճռորոշ նշանակություն ուներ նաեւ այն փաստը, որ Հայաստանի տարբեր շրջանների միջեւ սեպի պես խրված թաթարական բնակավայրերը փակում էին ճանապարհները եւ հաղորդակցությունը դարձնում անհնար։ Յուրաքանչյուր ճանապարհ անցանելի էր դառնում զենքի ուժով եւ բազմաթիվ զոհերով։
1919թ. օգոստոսին Գարեգին Նժդեհը ստանում է Հայաստանի կառավարության գրությունը, որտեղ ասվում էր, որ կառավարությունն ի վիճակի չէ օգնություն ուղարկել Գողթան։ Ինքնապաշտպանության անհնարինության դեպքում առաջարկվում էր բնակչությանը տեղափոխել Գենվազ։ Նժդեհը որոշում է գաղտնի պահել տեղեկությունը, թույլ չտալ Գողթանի դատարկումը եւ ձեռնամուխ լինել համառ պաշտպանությանը։
***
Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան