Ռուսական հանրահայտ թակարդն է գործում՝ ինքը ստեղծում է կոնֆլիկտը, և դրանով փորձում իր բռի մեջ հավաքել հակամարտող ուժերին։
Ռոբերտ Անանյան
ՀՀ-ին օկուպանտ կոչելու օրը Լավրովն սպառնացել էր նաև Մոլդովային՝ ընդդեմ նրա ինքնիշխանության և անկախության բաց սպառնալիքներ տեղացել։ Եվ ահա՝ դրանից երկու շաբաթ անց Մոլդովայում հակակառավարական բողոքի ակցիաներով ոտքի ելան պրոռուսական ուժերը։ Լոզունգների մեջ են ՌԴ-ին միանալու, երկիր ռուսական ուժեր հրավիրելու կոչեր։ Կարճ ասած՝ երկիր կորցնելու իսկական փառատոն են հայտարարել Մոլդովայի պրոռուսական ուժերը։
Ընդ որում՝ Մայա Սանդուի կառավարության դեմ բողոքի ակցիաներ գեներացնելու նպատակով ՌԴ-ն և Մոլդովայի ռուսամետ ուժերը համահունչ են գործել՝ նախ ՌԴ-ն կրճատել է Մոլդովային առաքվող գազի ծավալը, գազի գինը աճել է, ինչից հետո ռուսամետ Սոր կուսակցությունը ավտոբուսներով Մոլդովայի ԱԺ-ի շենքի մոտ է տեղափոխել հազարավոր ցուցարարների։ Նրանք կառավարության դեմ բողոքել են գազի, սննդամթերքի թանկացումից։ Այսինքն՝ ՌԴ-ն ստեղծել է պրոբլեմ, որն օգտագործել է պրոռուսական ընդդիմությունը կառավարության դեմ բողոքի գործողություններ գեներացնելու նպատակով։
Լավրովը Սանդուին անվանել էր ամեն ինչի ընդունակ նախագահ, նկատի ունենալով՝ Մոլդովան ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին ինտեգրելը, և իհարկե՝ ինչպես Ուկրաինայի պարագայում, կասկածի տակ էր դրել Սանդուի ընտրվելու լեգիտիմությունը։ Ըստ պուտինյան տրամաբանության՝ եթե պետությունը չի ղեկավարում պրոկրեմլյան գործիչ, ուրեմն՝ արևմուտքն ապօրինի է նրան իշխանության բերել։ Մոլդովայի նախագահը քաղաքացիներին զգուշացրել է ռուսական դիվերսանտների հավանական ներթափանցման վտանգի մասին։
Այդպիսի մի կասկածելի խումբ արդեն չեզոքացվել է՝ Մոլդովա արգելվել է նրանց մուտքը։ Այդ դիվերսանտների մասին տեղեկությունը Ուկրաինայի հետախուզությունն էր Քիշնևին տրամադրել։ Հետաքրքիր է, որ Լավրովը գովել է Մոլդովայի նախկին իշխանություններին, թե նրանք ուզում էին, որ Մերձդնեստրը մնա Մոլդովայի կազմում, իսկ ահա Սանդուն չի ուզում, և ձգտում է դեպի արևմուտք։ Ծանոթ դիսկուրս է չէ՞։
Տեսեք ռուսական անամոթության աստիճանը՝ ՌԴ-ն Մերձդնեստրը կտրել է Մոլդովայից, խոչընդոտում է միացմանը և մեղադրում է Մոլդովայի իշխանությանը, որ նրանք չեն ցանկանում վերամիավորում և դավաճանել են Մոլդովայի ազգային շահերը՝ շարժվում են արևմուտք։ Եվ եթե չշարժվեին դեպի արևմուտք, գուցե Մերձդնեստրը իրենց մնար։ Լավրովն օրերս դժգոհել է, որ 5+1 բանակցային ֆորմատը՝ Մերձդնեստրի հարցով, ուր արևմուտքն է, Մոլդովան, Մերձդնեստրը և ՌԴ-ն, դարձել է անարդյունավետ արևմուտքի ձեռքով։ Ծանո՞թ համեմատություն է։
Ռուսական հանրահայտ թակարդն է գործում՝ ինքը ստեղծում է կոնֆլիկտը, և դրանով փորձում իր բռի մեջ հավաքել հակամարտող ուժերին։ Կհիշեք՝ 2014-ին Ուկրաինան պարտվեց և երկրի տարածքները զավթեց ՌԴ-ն, քանի որ Կրեմլը տասնամյակներով գործակալներ էր ներդրել անվտանգային, պետական ղեկավարման օղակներում, որոնք ճգնաժամային պահին անցան ՌԴ-ի կողմը և աջակցեցին ռուսական զավթմանը։ Այդպիսի ուժ է Մոլդովայում Սոր կուսակցությունը, որի անդամները օրերս կայացած բողոքի ակցիայի ժամանակ բղավում էին ՌԴ-ին միանալու և ռուսներին երկիր հրավիրելու կոչեր։
Ըստ իս, առաջիկայում այսպիսի սցենար կարող է նաև Հայաստանում բեմականացվել, եթե փորձ արվի Արևմուտքի ուղղությամբ շարժվել, կամ նման ամբիցիաների մասին հայտարարվի։ Հայաստան գազի մատակարարարման խոչընդոտ արդեն իսկ ստեղծել է ՌԴ-ն՝ կրճատելով ներկրման ծավալը։ Գուցե գազատարի խցանում վերացնելը ռուսները ձգեն ամիսներով՝ քանի չի ավարտվել ՀՀ-ում գազի պահեստային պաշարը, որին հաջորդի լարվածություն և գազային ճգնաժամ։ ՌԴ-ի հաշվարկը ՀՀ-ի մասով դա կարող է լինել։ Այստեղ հիշում ենք ՀՀ նախկին իշխանություններին՝ երկուսին էլ, որոնք համատեղ ջանքերով ռուսական գազի այլընտրանք Իրանի խողովակը վաճառեցին հենց ՌԴ-ին՝ ում գազային ճնշումից պիտի փրկեր այդ խողովակը։ ՀՀ ներկա իշխանությունը կաշվից դուրս գալով՝ պետք է հաղթահարի այս խոչընդոտը և ՀՀ-ի գազային երակը վերականգնի։
ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող քաղաքական ուժերը, գործիչները, ուժային կառույցներում գործակալները պետք է մեկուսացվեն և վնասազերծվեն՝ ամենակոշտ մեթոդներով։ Իհարկե՝ եթե նրանք որոշեն գործել որպես ռուսական 5-րդ շարասյուն և կասկածի տակ դնել ՀՀ անկախությունը, այն զոհաբերել ՌԴ-ին։ Եթե կվճռեն հավատարիմ մնալ ՀՀ ինքնիշխանության և ժողովրդավարական ապագայի հեռանկարին, և կդրսևորվեն՝ իբրև ՀՀ-ի պետական շահերն սպասարկող քաղաքական ուժեր, դա արդեն լրիվ այլ, դրական դրսևորում կլինի և կարծում եմ՝ քաղաքացիների կողմից կգնահատվի։ Իսկ եթե ոչ, ամեն դեպքում՝ որոշեն տրոյական ձիու դեր կատարել, նրանց չեզոքացնելու համար այսօրվանից օրենսդրական բազա է անհրաժեշտ ստեղծել, մոտավոր այն սցենարով, ինչ Ուկրաինայում Մեդվեդչուկի և մնացյալ օլիգարխների վնասազերծման պարագայում եղավ։
Հեշտ ժամանակներ չեն սպասվում, բայց ոչ ոք մեզ չի խոստացել, որ հեշտ է լինելու։ Անկախ քաղաքական տարաձայնություններից, իրար նկատմամբ սերերից և ատելություններից, այսօր՝ առավել քան երբևէ, ՀՀ պետականության շուրջ պետք է համախմբվեն քաղաքական և հասարակական ուժերը։ Գերխնդիր է՝ պահպանել հայկական անկախ պետականությունը, որից հետո ինչքան կուզեք՝ օրինական մեթոդներով պայքարեք իշխանության համար։ Առաջին տեղում պետք է ՀՀ-ի պետականությունը լինի, որն ապահովելուց հետո նոր միայն՝ մնացյալ հարցերին անցնել։
Մեկնաբանության հատվածում տեղադրում եմ Մոլդովայում պրոռուսական ուժերի հանրահավաքի մասին ռեպորտաժի հղումը։
Գրառումը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից։