Հայաստան

Ռուսական Կայսերական Արկածախնդրությունը

Մաս I

Այս ինչին ականատես ենք, պատմական զարմանալի զուգադիպությամբ եղել է նաև մեզանից գրեթե ուղիղ 100 տարի առաջ՝ 1920-21 թթ.-ին:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Ուկրաինական պատերազմի մեկ տարին: Հայացք Հայաստանից

Փետրվարի 24-ին լրանում է Ուկրաինական պատերազմի մեկ տարին:

Ի՞նչ սովորեցրեց, և ի՞նչ տվեց մեզ այդ մեկ տարին:

Նախ՝ ուկրաինական պատերազմի բնույթը:

Ուկրաինական պատերազմը և 2020- թվականիb աշնան այսպես կոչված 44-օրյա պատերազմն Արցախում իրենց էությամբ ոչ թե երկու տարբեր պատերազմներ են, այլ մեկ մեծ պատերազմի երկու տարբեր ճակատներ:

Այս պնդումն, իհարկե, կարող է տարօրինակ թվալ:

Իրականությունը, սակայն այն է, որ ցանկացած պատերազմի էությունը որոշվում է նրա քաղաքական իմաստով:

Թե՛ Ուկրաինական, թե՛ այսպես կոչված 44-օրյա պատերազմի քաղաքական իմաստը մեկն է՝ ռուսական գերիշխանության վերականգնման փորձը հետսովետական տարածքում, որի ժամանակը հասունացել էր ըստ Ռուսաստանի ղեկավարության հաշվարկների՝ 2010-ականների աշխարհակարգային ճգնաժամի պայմաններում:

Չի եղել ոչ ու չկա զուտ հայ-ադրբեջանական պատերազմ կամ Ղարաբաղի պատերազմ:

Հենց դրա համար էլ պարտվել ենք պատերազմը, որ մեր քաղաքական ղեկավարությունը չի հասկացել, թե ի՛նչ պատերազմ է վարում:

Իհարկե, պարտության այլ՝ շատ տարբեր պատճառներ կան: Բայց հիմնականն ու հիմնարարը՝ քաղաքականն է:

Մեր ղեկավարությունն, իրոք անկեղծ մտածել է (անկեղծն, ի դեպ, այս դեպքում՝ մեղմացուցիչ հանգամանք է), որ հարցը Ղարաբաղն է և հայ-ադրբեջանական է: Ու շատ անկեղծ հավատացել են, որ Ղարաբաղի կորստից հետո, գալու է խաղաղության դարաշրջան: Հիմա էլ նույնիսկ մտածում են, որ եթե Ղարաբաղից հրաժարվեն ու ասեն 29 հազար քառակուսի կիլոմետր Հայաստան, կարող են հասնել խաղաղության: Սա տեղի ունեցողի քաղաքական բնույթի չհասկանալու արդյունք է: Այդպես են հասկացել ու հասկանում, որովհետև քաղաքական ուսուցիչները նրանց այդպես են ուսուցանել, իսկ սեփական տեսալականներ այս հարցում չկա:

Բնականաբար ոչ ոք չի ժխտում Ադրբեջանի ռևանշիզմի և Արցախի խնդրի դերը պատերազմը սանձազերծելու հարցում: Բայց դրանք գործիք ու առիթ են ավելի մեծ և էական նպատակի:

Պատերազմը հնարավոր դարձավ միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանի ռևանշի ձգտումը համընկավ ռուսական կայսերական քաղաքականության նոր փոիլի հետ:

2020 թվականի պատերազմի գլխավոր իմաստն ու նպատակը հենց ռուսական կայսերական ձգտումն էր:

Հենց սա է, ի դեպ, պատճառը, որ պատերազմը Հայաստանի դեմ փաստացի շարունակվում է, և «խաղաղության դարաշրջանն» այդպես էլ չի գալիս: Ինտենսիվ ռազմական գործողություններ չկան, բայց բոլորս էլ տեսնում ենք, որ թշնամական գործողությունները Հայսստանի դեմ, այդ թվում զինված գործողությունների միջոցով շարունակվում են: Դա հնարավոր է միայն, եթե կա ավելին քան զուտ Արցախի հարց: Եվ սա, թե՛ ռուսների համար, թե՛ Ադրբեջանի թուրքերի համար: Հենց դրա համար էլ ասում ենք՝ անկախության, այլ ոչ թե 44-օրյա պատերազմ էր և է՛: Հենց դրա համար էլ նաև էապես կեղծ է «Ղարաբաղյան խնդրի» կարգավորում հղացքը՝ չկա ոչ մի առանձին ղարաբաղյան հարց, որը կարող է լուծվել: Կա և եղել է առնվազն՝ ռուս-հայ-ադրբեջանական հարց:

Պատահական չէ, անշուշտ, որ Ուկրաինական պատերազմից ուղիղ երկու օր առաջ` 2022-ի փետրվարի 22-ին ստորագրվեց Դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև:

Դրա ստորագրման պահին ոչ ոք, առավել ևս ստորագրող կողմերը, բնավ չէին ենթադրում, որ ուկրաինական պատերազմը կտևի մեկ տարի: Կիևը պետք է «երեք օրում» գրավվեր, Ուկրաինայում հռչակվեր նոր՝ ռուսամետ կառավարություն, որը դաշինք էր կնքելու Ռուսաստանի հետ՝ այս կամ այն ձևաչափով: Սրանից հետո, ռուսները դառնալու էին Այսրկովկաս ու արդեն տարբեր ձևաչափի նոր դաշինքներ էին կնքվելու այստեղ: Ռուս-ադրբեջանականը սրա նախերգանքն էր:

Պատահական չէ նաև, որ ուկրաինական պատերազմի առաջին փուլում՝ 2022-ի մարտին Հայաստանում «հանկարծակի» վերածնունդ ապրեց Միութենական պետության թեման, որը հետո նույնքան «հանկարծակի» մարեց, այն բանից հետո երբ պարզ դարձավ, որ արագ հաղթանակ ռուսները չեն տանելու, և որ առավել ևս մեծ քաղաքական նպատակը՝ Կիևի գրավումն ու Ուկրաինայում նոր կառավարության ձևավորումը անհասանելի են, և մնում է կենտրոնանալ միայն Դոնբասի և Ազովյան ծովափի գրավման և պահպանման վրա:

Ոչինչ, սակայն,  նոր չէ լուսնի տակ:

Այս ինչին ականատես ենք, պատմական զարմանալի զուգադիպությամբ եղել է նաև մեզանից գրեթե ուղիղ 100 տարի առաջ՝ 1920-21 թթ.-ին:

Այն ժամանակ էլ Ռուսական կայսրության փաստացի վերականգնումը՝ Սովետական Ռուսաստան անվան տակ ընթանում էր երկու ճակատով՝ արևմտյան, և հարավային:

Արևմուտքում Ռուս-լեհական պատերազմն էր, որն ընթանում էր այդ թվում Ուկրաինայի տարածքում: Այս պատերազմն իր կարևորագույն փուլ մտավ 1920-ին: Խաղաղությունը կնքվեց 1921-ի մարտի 18-ին, բայց ակտիվ ռազմական գործողությունները փաստացի ամփոփվեցին 1920-ի օգոսոտոսին: Ռուսները կարողացան գրավել Ուկրաինայի մեծ մասը, բայց Լեհաստան ներխուժելուց պարտություն կրեցին: Այս՝ «ոչ ոքի» արդյունքով էլ ավարտվեց պատերազմը:

Սրան զուգահեռ ռուսները սկսել էին Այսրկովկասի վերագրավումը՝«Արևելքի ազատագրման և հեղափոխության» անվան տակ: 1920-ի ապրիլին ռուսները մտան Ադրբեջան: Ադրբեջանում մեծ ազդեցություն ունեցող Մուսթաֆա Քեմալը կազմակերպեց, որպեսզի Ադրբեջանն առանց դիմադրության ընկնի ռուսների ձեռքը, որի դիմաց նա ակնկալում էր ռուսների օգնությունը՝ զենքով և փողով:

Բայց հենց նույն 1920-ի ապրիլին սկսվեց լեհերի ակտիվ գործողություններն ուկրաինական ճակատում, որով Այսրկովկասի հարցը ժամանակավոապես երկրորդական է դառնում Մոսկվայի համար, և Ադրբեջանից հետո՝ Հայաստանի և Վրաստանի արագ գրավման ծրագիրը ժամանակավորապես հետաձգվում է:

Լեհական բանակը՝ ուկրաինական ազգայնականների աջակցությամբ մտավ Կիև: Սրանով սկսվեց ռուս-լեհական պատերազմի վերջին՝ առավել վճռական փուլը: Հակահարձակման անցնելով՝ ռուսները հետ մղեցին լեհերին դեպի Վարշավա: Բայց 1920-ի օգոստոսի 12-25-ին տեղի ունեցած Վարշավայի ճակատամարտում լեհերը հաղթանակ տարան, որը հայտնի է որպես «Վիսլայի» հրաշք՝ Վիսլա գետի անունով: Սրանով ակտիվ գործողություններն ավարտվեցին, և սկսվեց խաղաղ պայմանագրի նախապատրաստումը: Դրա արդյունքներով՝ Ուկրաինան դարձավ սովետական, իսկ Լեհաստանը մնաց անկախ:

Արևմտյան ճակատի խաղաղեցումից հետո է, որ ռուսները կրկին ակտիվ գործողությունների են դիմում մեր տարածաշրջանում: Քեմալը ստանում է խոստացած օգնությունը՝ զենքով և փողով 1920-ի սեպտեմբերին: Նույն ամսին տեղի է ունենում Արևելքի ժողովուրդների համագումարը Բաքվում:

Նույն ասմվա վերջին սկսվում է Քեմալի հարձակումը Հայսստանի վրա՝ ռուս-թուրքական համատեղ ծրագրի շրջանակներում, որն ավարտվում է Հայաստանի պարտությամբ, ապա և Հայաստանի սովետականացմամբ:

1921-ի մարտի 16-ին՝ Լեհաստանի հետ Ռիգայում խաղաղության կնքումից երկու օր առաջ կնքվում է ռուս-թուրքական Մոսկովյան պայմանագիրը, որով որոշվուն են նաև Հայստանի սահմանները:

Այսպես՝ այն ժամանակ էլ զուգահեռ ընթացան, և հանգուցալուծման հասան անվանապես երկու տարբեր պատերազմներ, որոնք քաղաքական էությամբ միևնույն պատերազմն էին՝ երկու ճակատով:

Մեր ժամանակներում դեպքերը զարգացան թեև նույն սցենարով, բայց 100 տարի առաջվանից առայժմ տարբեր սյուժեով:

Շարունակելի

Հրանտ Տեր-Աբրահամյան,

«Մարտական եղբայրություն» միաբանություն

Հոդվածը՝ vishapaqakh.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *