Մաս I
Այս ինչին ականատես ենք, պատմական զարմանալի զուգադիպությամբ եղել է նաև մեզանից գրեթե ուղիղ 100 տարի առաջ՝ 1920–21 թթ.-ին:
Հրանտ Տեր-Աբրահամյան
Ուկրաինական պատերազմի մեկ տարին: Հայացք Հայաստանից
Փետրվարի 24-ին լրանում է Ուկրաինական պատերազմի մեկ տարին:
Ի՞նչ սովորեցրեց, և ի՞նչ տվեց մեզ այդ մեկ տարին:
Նախ՝ ուկրաինական պատերազմի բնույթը:
Ուկրաինական պատերազմը և 2020- թվականիb աշնան այսպես կոչված 44-օրյա պատերազմն Արցախում իրենց էությամբ ոչ թե երկու տարբեր պատերազմներ են, այլ մեկ մեծ պատերազմի երկու տարբեր ճակատներ:
Այս պնդումն, իհարկե, կարող է տարօրինակ թվալ:
Իրականությունը, սակայն այն է, որ ցանկացած պատերազմի էությունը որոշվում է նրա քաղաքական իմաստով:
Թե՛ Ուկրաինական, թե՛ այսպես կոչված 44-օրյա պատերազմի քաղաքական իմաստը մեկն է՝ ռուսական գերիշխանության վերականգնման փորձը հետսովետական տարածքում, որի ժամանակը հասունացել էր ըստ Ռուսաստանի ղեկավարության հաշվարկների՝ 2010-ականների աշխարհակարգային ճգնաժամի պայմաններում:
Չի եղել ոչ ու չկա զուտ հայ-ադրբեջանական պատերազմ կամ Ղարաբաղի պատերազմ:
Հենց դրա համար էլ պարտվել ենք պատերազմը, որ մեր քաղաքական ղեկավարությունը չի հասկացել, թե ի՛նչ պատերազմ է վարում:
Իհարկե, պարտության այլ՝ շատ տարբեր պատճառներ կան: Բայց հիմնականն ու հիմնարարը՝ քաղաքականն է:
Մեր ղեկավարությունն, իրոք անկեղծ մտածել է (անկեղծն, ի դեպ, այս դեպքում՝ մեղմացուցիչ հանգամանք է), որ հարցը Ղարաբաղն է և հայ-ադրբեջանական է: Ու շատ անկեղծ հավատացել են, որ Ղարաբաղի կորստից հետո, գալու է խաղաղության դարաշրջան: Հիմա էլ նույնիսկ մտածում են, որ եթե Ղարաբաղից հրաժարվեն ու ասեն 29 հազար քառակուսի կիլոմետր Հայաստան, կարող են հասնել խաղաղության: Սա տեղի ունեցողի քաղաքական բնույթի չհասկանալու արդյունք է: Այդպես են հասկացել ու հասկանում, որովհետև քաղաքական ուսուցիչները նրանց այդպես են ուսուցանել, իսկ սեփական տեսալականներ այս հարցում չկա:
Բնականաբար ոչ ոք չի ժխտում Ադրբեջանի ռևանշիզմի և Արցախի խնդրի դերը պատերազմը սանձազերծելու հարցում: Բայց դրանք գործիք ու առիթ են ավելի մեծ և էական նպատակի:
Պատերազմը հնարավոր դարձավ միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանի ռևանշի ձգտումը համընկավ ռուսական կայսերական քաղաքականության նոր փոիլի հետ:
2020 թվականի պատերազմի գլխավոր իմաստն ու նպատակը հենց ռուսական կայսերական ձգտումն էր:
Հենց սա է, ի դեպ, պատճառը, որ պատերազմը Հայաստանի դեմ փաստացի շարունակվում է, և «խաղաղության դարաշրջանն» այդպես էլ չի գալիս: Ինտենսիվ ռազմական գործողություններ չկան, բայց բոլորս էլ տեսնում ենք, որ թշնամական գործողությունները Հայսստանի դեմ, այդ թվում զինված գործողությունների միջոցով շարունակվում են: Դա հնարավոր է միայն, եթե կա ավելին քան զուտ Արցախի հարց: Եվ սա, թե՛ ռուսների համար, թե՛ Ադրբեջանի թուրքերի համար: Հենց դրա համար էլ ասում ենք՝ անկախության, այլ ոչ թե 44-օրյա պատերազմ էր և է՛: Հենց դրա համար էլ նաև էապես կեղծ է «Ղարաբաղյան խնդրի» կարգավորում հղացքը՝ չկա ոչ մի առանձին ղարաբաղյան հարց, որը կարող է լուծվել: Կա և եղել է առնվազն՝ ռուս-հայ-ադրբեջանական հարց:
Պատահական չէ, անշուշտ, որ Ուկրաինական պատերազմից ուղիղ երկու օր առաջ‘ 2022‑ի փետրվարի 22-ին ստորագրվեց Դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև:
Դրա ստորագրման պահին ոչ ոք, առավել ևս ստորագրող կողմերը, բնավ չէին ենթադրում, որ ուկրաինական պատերազմը կտևի մեկ տարի: Կիևը պետք է «երեք օրում» գրավվեր, Ուկրաինայում հռչակվեր նոր՝ ռուսամետ կառավարություն, որը դաշինք էր կնքելու Ռուսաստանի հետ՝ այս կամ այն ձևաչափով: Սրանից հետո, ռուսները դառնալու էին Այսրկովկաս ու արդեն տարբեր ձևաչափի նոր դաշինքներ էին կնքվելու այստեղ: Ռուս-ադրբեջանականը սրա նախերգանքն էր:
Պատահական չէ նաև, որ ուկրաինական պատերազմի առաջին փուլում՝ 2022‑ի մարտին Հայաստանում «հանկարծակի» վերածնունդ ապրեց Միութենական պետության թեման, որը հետո նույնքան «հանկարծակի» մարեց, այն բանից հետո երբ պարզ դարձավ, որ արագ հաղթանակ ռուսները չեն տանելու, և որ առավել ևս մեծ քաղաքական նպատակը՝ Կիևի գրավումն ու Ուկրաինայում նոր կառավարության ձևավորումը անհասանելի են, և մնում է կենտրոնանալ միայն Դոնբասի և Ազովյան ծովափի գրավման և պահպանման վրա:
Ոչինչ, սակայն, նոր չէ լուսնի տակ:
Այս ինչին ականատես ենք, պատմական զարմանալի զուգադիպությամբ եղել է նաև մեզանից գրեթե ուղիղ 100 տարի առաջ՝ 1920–21 թթ.-ին:
Այն ժամանակ էլ Ռուսական կայսրության փաստացի վերականգնումը՝ Սովետական Ռուսաստան անվան տակ ընթանում էր երկու ճակատով՝ արևմտյան, և հարավային:
Արևմուտքում Ռուս-լեհական պատերազմն էր, որն ընթանում էր այդ թվում Ուկրաինայի տարածքում: Այս պատերազմն իր կարևորագույն փուլ մտավ 1920-ին: Խաղաղությունը կնքվեց 1921‑ի մարտի 18-ին, բայց ակտիվ ռազմական գործողությունները փաստացի ամփոփվեցին 1920‑ի օգոսոտոսին: Ռուսները կարողացան գրավել Ուկրաինայի մեծ մասը, բայց Լեհաստան ներխուժելուց պարտություն կրեցին: Այս՝ «ոչ ոքի» արդյունքով էլ ավարտվեց պատերազմը:
Սրան զուգահեռ ռուսները սկսել էին Այսրկովկասի վերագրավումը՝«Արևելքի ազատագրման և հեղափոխության» անվան տակ: 1920‑ի ապրիլին ռուսները մտան Ադրբեջան: Ադրբեջանում մեծ ազդեցություն ունեցող Մուսթաֆա Քեմալը կազմակերպեց, որպեսզի Ադրբեջանն առանց դիմադրության ընկնի ռուսների ձեռքը, որի դիմաց նա ակնկալում էր ռուսների օգնությունը՝ զենքով և փողով:
Բայց հենց նույն 1920‑ի ապրիլին սկսվեց լեհերի ակտիվ գործողություններն ուկրաինական ճակատում, որով Այսրկովկասի հարցը ժամանակավոապես երկրորդական է դառնում Մոսկվայի համար, և Ադրբեջանից հետո՝ Հայաստանի և Վրաստանի արագ գրավման ծրագիրը ժամանակավորապես հետաձգվում է:
Լեհական բանակը՝ ուկրաինական ազգայնականների աջակցությամբ մտավ Կիև: Սրանով սկսվեց ռուս-լեհական պատերազմի վերջին՝ առավել վճռական փուլը: Հակահարձակման անցնելով՝ ռուսները հետ մղեցին լեհերին դեպի Վարշավա: Բայց 1920‑ի օգոստոսի 12–25-ին տեղի ունեցած Վարշավայի ճակատամարտում լեհերը հաղթանակ տարան, որը հայտնի է որպես «Վիսլայի» հրաշք՝ Վիսլա գետի անունով: Սրանով ակտիվ գործողություններն ավարտվեցին, և սկսվեց խաղաղ պայմանագրի նախապատրաստումը: Դրա արդյունքներով՝ Ուկրաինան դարձավ սովետական, իսկ Լեհաստանը մնաց անկախ:
Արևմտյան ճակատի խաղաղեցումից հետո է, որ ռուսները կրկին ակտիվ գործողությունների են դիմում մեր տարածաշրջանում: Քեմալը ստանում է խոստացած օգնությունը՝ զենքով և փողով 1920‑ի սեպտեմբերին: Նույն ամսին տեղի է ունենում Արևելքի ժողովուրդների համագումարը Բաքվում:
Նույն ասմվա վերջին սկսվում է Քեմալի հարձակումը Հայսստանի վրա՝ ռուս-թուրքական համատեղ ծրագրի շրջանակներում, որն ավարտվում է Հայաստանի պարտությամբ, ապա և Հայաստանի սովետականացմամբ:
1921‑ի մարտի 16-ին՝ Լեհաստանի հետ Ռիգայում խաղաղության կնքումից երկու օր առաջ կնքվում է ռուս-թուրքական Մոսկովյան պայմանագիրը, որով որոշվուն են նաև Հայստանի սահմանները:
Այսպես՝ այն ժամանակ էլ զուգահեռ ընթացան, և հանգուցալուծման հասան անվանապես երկու տարբեր պատերազմներ, որոնք քաղաքական էությամբ միևնույն պատերազմն էին՝ երկու ճակատով:
Մեր ժամանակներում դեպքերը զարգացան թեև նույն սցենարով, բայց 100 տարի առաջվանից առայժմ տարբեր սյուժեով:
Շարունակելի
Հրանտ Տեր-Աբրահամյան,
«Մարտական եղբայրություն» միաբանություն
Հոդվածը՝ vishapaqakh.am կայքից։
