Աշխարհի բազմաթիվ երկրներ շնորհավորեցին Հայաստանին ընտրությունների կապակցությամբ, մինչդեռ Ռուսաստանը չարեց դա, քանի որ դժվար է շնորհավորել մի գործընթաց, որն ապացուցել է սեփական քաղաքական պարտությունը։ Կրեմլը հույս ուներ, որ իրեն համակրող ուժերը կկարողանան ապակայունացնել իրավիճակը, սակայն այդ հաշվարկը չարդարացավ։
Ներսես Կոպալյան
1inTV‑ն զրուցել է Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Նևադայի համալսարանի դասախոս Ներսես Կոպալյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ դրանք դիտարկելով որպես հայ ժողովրդի ինքնիշխան կամքի հաղթանակ և ռուսական հիբրիդային ազդեցության ձախողում։ Քաղաքագետ Ներսես Կոպալյանը հիմնավորում է, որ ընտրողների որոշումը վերահաստատեց երկրի ժողովրդավարական զարգացման և արևմտյան վեկտորի նախապատվությունը, ինչն էլ հիմք է ստեղծում ԱՄՆ‑ի հետ ռազմավարական գործընկերության խորացման համար։ Քննարկումն ընդգծում է ինստիտուցիոնալ և արդարադատության բարեփոխումների հրատապությունը՝ որպես արտասահմանյան ներդրումների և անվտանգության ապահովման նախապայման։Անդրադարձ է կատարվում տարածաշրջանային խաղաղության օրակարգին, որտեղ Ադրբեջանի կողմից առաջ քաշված սահմանադրական փոփոխությունների պահանջը դիտվում է որպես բանակցային գործիք և առևտրի առարկա Վաշինգտոնի հետ հարաբերություններում։
Ներսես Կոպալյան նշեց, որ իրենց իրականացրած հետազոտություններն ու սոցհարցումները բավական ճշգրիտ էին․դրանք կանխատեսում էին, որ իշխանությունը կստանա 46–54 տոկոսի միջակայքում արդյունք, ինչը համապատասխանում է արձանագրված պատկերին։ Նրա կարծիքով, ընտրությունների գլխավոր քաղաքական արդյունքն այն է, որ Ռուսաստանը պարտվեց իր վարած հիբրիդային պայքարում, իսկ Հայաստանի քաղաքացիները ցույց տվեցին, որ կարող են ինքնուրույն որոշում կայացնել՝ չտրվելով արտաքին ճնշումներին։ Այս ընտրություններում ժողովուրդը փաստացի ընտրություն կատարեց հօգուտ ժողովրդավարության, տնտեսական զարգացման, արևմտյան ուղղության և եվրոպական ինտեգրման։ Նրա գնահատմամբ՝ ընդդիմությունը փորձել էր քաղաքական դիսկուրսը տեղափոխել վախի հարթություն, սակայն հանրությունը չընդունեց այդ մոտեցումը։ Նա կարծում է, որ արդյունքները վկայում են ժողովրդավարական մշակույթի աստիճանական զարգացման մասին։

Մասնագետը նշեց, որ աշխարհի բազմաթիվ երկրներ շնորհավորեցին Հայաստանին ընտրությունների կապակցությամբ, մինչդեռ Ռուսաստանը չարեց դա, քանի որ դժվար է շնորհավորել մի գործընթաց, որն ապացուցել է սեփական քաղաքական պարտությունը։ Նրա համոզմամբ՝ Կրեմլը հույս ուներ, որ իրեն համակրող ուժերը կկարողանան ապակայունացնել իրավիճակը, սակայն այդ հաշվարկը չարդարացավ։
Ներսես Կոպալյանը նաև անդրադարձավ ընդդիմության վիճակին՝ նշելով, որ ընդդիմությունը հայտնվել է անորոշության մեջ և սպասում է Մոսկվայի դիրքորոշմանը։ Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունը, անկախ այդ հանգամանքից, շարունակում է իր ընթացքը, քանի որ քաղաքացիները արդեն արտահայտել են իրենց կամքը։
Պրոֆեսորը կարևորեց նաև ԱՄՆ արձագանքը։ Նա նշեց, որ նախ կարևոր էր ԱՄՆ պետքարտուղարի շնորհավորանքը, քանի որ այն արտահայտում էր ինստիտուցիոնալ վերաբերմունք։ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, նրա խոսքով, թեև բնորոշ էր Թրամփի հռետորաբանությանը, սակայն ցույց էր տալիս, որ Հայաստանը շարունակում է մնալ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում։ ԱՄՆ‑ն ու եվրոպական գործընկերները համոզվել են, որ Հայաստանը պատրաստ է ավելի լայն համագործակցության և ներդրումների։ Նա ընդգծեց, որ ընտրությունների արդյունքներից հետո ամերիկյան կառույցների համար ավելի հստակ դարձավ, թե ինչ ուղղությամբ է ցանկանում շարժվել հայկական հասարակությունը։
Հայաստանի պետական մարմինները կարողացան դիմակայել արտաքին ազդեցության փորձերին և ապացուցեցին, որ ունեն անհրաժեշտ կարողություններ։ Ըստ նրա՝ հենց այդ հանգամանքն է միջազգային գործընկերների վստահության աճի հիմքերից մեկը։
Անդրադառնալով Ռուսաստանի ազդեցության փորձերին՝ միջազգային հարաբերությունների պրոֆեսորը նշեց, որ Մոլդովայում Մոսկվան հիմնականում ֆինանսական մեխանիզմներ էր կիրառել, մինչդեռ Հայաստանում փորձել էր օգտագործել իր ազդեցության այլ լծակները, այդ թվում՝ օլիգարխիկ կապերը։ Սակայն, նրա գնահատմամբ, այդ ռազմավարությունը նույնպես ձախողվեց։
Կոպալյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը գերագնահատել էր իր ազդեցության գործիքները և թերագնահատել Հայաստանի պետական ու հասարակական դիմադրողականությունը։ Նա նշեց, որ Կրեմլի համար անսպասելի էր տեսնել, թե ինչպես պատերազմից հետո թուլացած թվացող Հայաստանը կարողացավ արդյունավետ դիմակայել այդ ճնշումներին։
Անդրադառնալով ներքին քաղաքական դաշտին՝ Ներսես Կոպալյանը նշեց, որ չէր աջակցի ընդդիմադիր ուժերի ընտրություններին մասնակցության արգելմանը, քանի որ դա կստեղծեր ժողովրդավարական լեգիտիմության խնդիրներ։ Նրա կարծիքով՝ շատ ավելի կարևոր էր ցույց տալ, որ քաղաքացիներն ազատ ընտրության պայմաններում են մերժում այդ ուժերին։ Միաժամանակ նա ընդունեց, որ հասարակության մի հատված շարունակում է աջակցել պրոռուսական ուժերին։ Սակայն, նրա խոսքով, այդ քաղաքացիները միշտ չէ, որ իրենց ընտրությունը կատարում են աշխարհաքաղաքական հաշվարկներից ելնելով։ Շատերը պարզապես դժգոհ են գործող իշխանություններից կամ ենթարկվում են քարոզչության ազդեցությանը։ Այս խնդրի հիմնական լուծումը կրթությունն է։ Նա նշեց, որ որքան կրթված և քաղաքականապես գիտակից է քաղաքացին, այնքան ավելի դժվար է նրան մանիպուլացնել։ Այդ պատճառով անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել քաղաքական կրթությանն ու հանրային իրազեկմանը։
Անդրադառնալով Հայաստանի ռազմավարական գործընկերություններին՝ Նևադայի համալսարանի դասախոսը նշեց, որ այժմ ամենակարևոր խնդիրը ներքին ինստիտուցիոնալ բարեփոխումներն են, հատկապես արդարադատության ոլորտում։ Նրա կարծիքով՝ արևմտյան ներդրումները կախված են ոչ միայն քաղաքական վստահությունից, այլև այն բանից, թե որքան վստահելի են երկրի դատական և իրավական ինստիտուտները։

Նա ընդգծեց, որ ներդրողները նախ և առաջ գնահատում են ռիսկերը։ Եթե Հայաստանի դատարանները, դատախազությունը և մյուս կառույցները չբարելավվեն, ապա տնտեսական գործընթացները կարող են դանդաղել՝ անկախ արտաքին քաղաքական հաջողություններից։
Կոպալյանը նշեց, որ դատական համակարգի խնդիրները միայն դատավորներով չեն սահմանափակվում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ, որոնք կներառեն նաև դատախազությունը, քննչական մարմիններն ու ամբողջ իրավական համակարգը։ Առանց այդ փոփոխությունների նույն խնդիրները շարունակելու են վերարտադրվել։ Սահմանադրական փոփոխությունների թեմային անդրադառնալով՝ նա ասաց, որ սահմանադրական մեծամասնության բացակայությունը զգալիորեն նվազեցնում է նոր Սահմանադրության ընդունման հավանականությունը։ Այնուամենայնիվ, նրա կարծիքով, առանձին ոլորտներում բարեփոխումներ հնարավոր են նաև առանց այդպիսի մեծամասնության։
Խաղաղության գործընթացի վերաբերյալ Կոպալյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից Սահմանադրության թեմայի բարձրացումն ավելի շուտ բանակցային գործիք է, քան իրական նախապայման։ Նրա համոզմամբ՝ Բաքուն փորձում է այդ հարցն օգտագործել ԱՄՆ‑ի հետ իր հարաբերություններում լրացուցիչ շահեր ստանալու համար։ Ալիևը գիտակցում է՝ այդ պահանջի վրա երկար պնդելը կարող է վնասել Ադրբեջանի հարաբերություններին Միացյալ Նահանգների և արևմտյան գործընկերների հետ։ Այդ պատճառով, ըստ նրա, թեման հավանաբար կդառնա բանակցությունների առարկա, այլ ոչ թե անլուծելի խոչընդոտ։
ԱՄՆ ներքաղաքական գործընթացներին։ Նա նշեց, որ նույնիսկ եթե Կոնգրեսում ուժերի հարաբերակցությունը փոխվի, Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացի նկատմամբ ամերիկյան մոտեցումը էականորեն չի փոխվի։ Նրա գնահատմամբ՝ այդ հարցում Վաշինգտոնում առկա է երկկուսակցական համաձայնություն։

Կոպալյանը նշեց, որ ԱՄՆ‑ի շահերից է բխում խաղաղության գործընթացի առաջմղումը, և այդ պատճառով թե՛ հանրապետականները, թե՛ դեմոկրատները հիմնականում նույն ուղղությունն են պահպանելու։ Նրա խոսքով՝ ներկայումս որևէ լուրջ բացասական զարգացում այս համատեքստում չի երևում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
