Իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը՝ ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանից։ Դա մեզ անհանգստացնում է։
Նիկոլ Փաշինյան
«Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ»․
«Նոր էսկալացիայի վտանգը շատ մեծ է ինչպես Հայաստանի սահմանի երկայնքով, այնպես էլ ԼՂ-ում»,— հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նման եզրակացության է հանգել Ադրբեջանի՝ ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից և իրեն հաղորդված «որոշակի այլ տվյալներից»։ Կարևոր է համարում այն, որ հայկական կողմը կարողանա ապացուցելի դարձնել, որ այդ էսկալացիայի հեղինակն ինքը չէ, ինչպես փորձում է ներկայացնել Բաքուն:
«Հայաստանի սահմանի երկայնքով մենք այդ խնդիրը լուծել ենք [նկատի ունի ԵՄ դիտորդների տեղակայումը], ԼՂ-ում նույնպես այդ գործիքը կա և հույս ունեմ, որ այն պատշաճ կաշխատի։ Խոսքը ՌԴ խաղաղապահ ուժերի և նրանց կողմից հրապարակվող փաստերի մասին է»,- ասել է Փաշինյանը։
Մարտի 14-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական, հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերին, խոսել ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ հայկական կողմի չեզոքության մասին և ոչ միայն։
JAMnews-ը ներկայացնում է Հայաստանի վարչապետի այսօրվա ասուլիսի կարևորագույն դրվագները
«Բաքուն փորձում է վերջնագրերով խոսել»․ Հայաստանի ԱԽ քարտուղար
«Արձակվել են հարյուրավոր գնդակներ»․ ադրբեջանական հարձակման մանրամասները
Հայաստան-Ադրբեջան հակամարտության ակտիվ փուլ․ ո՞վ կստանձնի միջնորդի դերը
«Ադրբեջանը ագրեսիայի քաղաքականության նոր փուլ է սկսել»
Հայաստանի ղեկավարն այսպես է բնորոշել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության հայտարարությունը՝ ադրբեջանցիների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու մասին։
«Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ապօրինի և ակնհայտ ոտնձգություն է, որը հակասում է Պրահայի և Սոչիի պայմանավորվածություններին»,- հայտարարել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սա հերթական ապացույցն է նրա, որ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ։
Ընդգծել է՝ իրենց իրավունքների իրացման վերաբերյալ ՀՀ կառավարությանը պահանջներ են ներկայացնում ինչպես 44-օրյա պատերազմի արդյունքում Հադրութից, Շուշիից տեղահանվածները, որոնք եռակողմ հայտարարության համաձայն արդեն իսկ պետք է վերադարձած լինեին իրենց տներ, այնպես էլ հայաթափված Նախիջևանի ներկայացուցիչները։
Հիշեցրել է՝ Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայերի տեղահանությունների մասին ու հավելել, որ ի տարբերություն նրանց՝ Հայաստանում ապրող ադրբեջանցիները բռնի տեղահանության չեն ենթարկվել․
«Ավելին, մեր արխիվներում պահպանված են փաստաթղթեր, որ Սովետական Հայաստանի կառավարությունը աստղաբաշխական թվերով փոխհատուցումներ է վճարել ադրբեջանցիներին»,- ընդգծել է նա։
«Բաքուն փորձում է խմբագրել ստատուս քվոն»․ կարծիք Երևանից
Մարտի 5-ի ադրբեջանական ներթափանցման մանրամասները, ինչպես նաև փորձագիտական կարծիք
Դիվերսիոն ներթափանցում Լեռնային Ղարաբաղում
Ալիևի հետ հնարավոր հանդիպման և բրյուսելյան ձևաչափի մասին
Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպում դեռևս նախատեսված չէ։ Ասում է՝ ինքը երբեք չի խուսափել նման հանդիպումներից, բայց նաև հավելում՝ պետք է լինեն պայմանավորվածությունների կատարման երաշխիքներ։
Որպես օրինակ է բերում բրյուսելյան ձևաչափը՝ նշելով, որ ձեռքբերված 10-ից ավել պայմանավորվածություններ այդպես էլ անկատար են մնացել։ Թվարկում է՝ գերիների վերադարձը, երկաթուղու գործարկումը, զորքերի հետքաշման պայմանավորվածությունը և այլն։ Սա, ըստ նրա, ֆունդամենտալ խնդիր է, որը քննարկել է նաև Շառլ Միշելի հետ․
«Կա խոսույթ, որ երբ չկան բանակցություններ, էսկալացիայի վտանգը մեծանում է, սա ճիշտ է։ Բայց Բրյուսելը մեզ ցույց տվեց, որ կան բանակցություններ, որոնք ոչ միայն չեն նվազեցնում էսկալացիայի վտանգը, այլև ավելացնում են»։
Վստահեցնում է՝ Երևանը պատրաստ է շարունակել բանակցությունները, սակայն պետք է սկսել կետ առ կետ իրագործել արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունները։
«Եթե Ադրբեջանը բանակցություններն օգտագործում է միայն էսկալացիաներն արդարացնելու համար, ապա դա ընդունելի տարբերակ չէ։ Բանակցությունները պետք է կայունության երաշխիք դառնան։ Ես պատրաստ եմ վերցնել պատասխանատվություն ստորագրելու փաստաթղթեր, որոնք երազանքի փաստաթուղթ չեն լինի, բայց մյուս կողմից հայացք փախցնելու առիթ չեն տա»,– շեշտել է նա։
Վարչապետի գնահատմամբ՝ մինչ օրս կազմակերպված բանակցություններից ամենաարդյունավետը եղել է Պրահայի քառակողմ հանդիպումը։ Ասում է՝ Բաքուն ուզում է աշխատել պակաս արդյունավետ՝ բրյուսելյան ձևաչափով։ Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանին դուր չի գալիս Ֆրանսիայի ներկայությունը, առաջարկում է ընդլայնել մասնակիցների կազմը՝ ներգրավելով Գերմանիային կամ ԱՄՆ-ին։
Բաքուն և Երևանը պատրա՞ստ չեն փոխզիջումների. մյունխենյան հանդիպումը
Կողմերի դիրքորոշումները վերջին շրջանում ստեղծված լարվածության արդյունքում միանշանակ էին ու կատեգորիկ, և մի կողմի զիջումները ենթադրում էին համարժեք զիջումներ մյուսից։ Նման առաջընթացի բանակցությունների արդյունքում ակնհայտորեն չի հաջողվել հասնել։
Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպում Մյունխենում
«Որոշակի առաջընթաց տեսնում ենք»․ խաղաղության պայմանագրի մասին
Վարչապետը տեղեկացրել է, որ երկու-երեք օր առաջ ստացել են Ադրբեջանի արձագանքը խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին։
«Պետք է ընդգծել, որ որոշակի առաջընթաց մենք տեսնում ենք, բայց ինչքան առաջ ենք գնում, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ պրոբլեմներ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա փոխանցմամբ՝ այդ խնդիրներն են՝
Ադրբեջանը փորձում է խաղաղության և հարաբերությունների հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանին տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձևակերպել,
տեքստի առաջարկներով Բաքուն փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, այդ թվում՝ ՀՀ ստորագրությամբ,
Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ մենք նույնիսկ ստորագրված պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք։
Այս կետերն, ըստ նրա, Հայաստանի համար կարմիր գծեր են։
«Որևէ փաստաթուղթ, որը կստորագրվի, պետք է ունենա իրականացման երաշխիքներ, ցանկալի է՝ միջազգային»,- նկատել է նա։ Որպես օրինակ է բերել 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի համաձայն՝ Լաչինի միջանցքն այսօր չպետք է փակ լիներ։
Վստահեցրել է՝ պաշտոնական Երևանը «ժամանակ չի ձգում», պատրաստ է ստորագրել պայմանագիրը։ Նրա խոսքով՝ եթե սեղանին նման փաստաթուղթ հայտնվի, դա պետք է ընկալել ոչ թե որպես ահազանգ, այլ լավ նորություն․
«Դա կնշանակի, որ բանակցային գործընթացում գրանցվել է առաջընթաց, հասել ենք արդյունքի, որը […] պիտի ապահովի երկարաժամկետ խաղաղություն, կայունություն և զարգացում»։
Փաշինյանը տեսնում է խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտի անհրաժեշտություն։ Հայկական կողմը ուզում է պայմանավորվածությունների իրականացման երաշխիքներ ունենալ։ Երաշխիք, ըստ վարչապետի կարող են հանդիսանալ ինչպես երաշխավորները՝ պետություններն ու միջազգային կազմակերպությունները, այնպես էլ մեխանիզմները։
«Երևանն առաջարկները փոխանցել է Բաքվին»․ Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Ո՞րն է խաղաղության պայմանագրի՝ հայկական կողմի տեսլականը․ վարչապետի և Անվտանգության խորհրդի քարտուղարի մեկնաբանությունները
Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր
«Իհարկե, շատ բաներով կաշկանդված եմ»
Ասուլիսին ներկա լրագրողներից մեկը հարցրել է՝ ինչո՞ւ Փաշինյանը չի հայտարարում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որևէ բանով կաշկանդվա՞ծ է։ Երկրի ղեկավարը չի հերքել․
«Իհարկե, շատ բաներով կաշկանդված եմ` Հայաստանի ժողովրդի անվտանգությամբ, ԼՂ ժողովրդի անվտանգությամբ, ձեր անվտանգությամբ, բոլորի անվտանգությամբ, Հայաստանի ինքնիշխանությամբ, անկախությամբ, պետական շահերով։ Իհարկե, կաշկանդված եմ, եթե այդպես չլիներ, կգայի ու էնպիսի՜ հայտարարություններ կանեի»։
Փաշինյանի խոսքովկարևոր է, որ բանակցային սեղանի շուրջ և հանրության համար արվող հայտարարություններում դիսոնանս չլինի։ Ասում է՝ նախկինում առաջացել է այնպիսի խզում, որը դարձել է «դանդաղ գործողության ռումբ
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տակ»։
«ԼՂ-ի ժողովուրդը պետք է որոշի անվտանգության և իրավունքների շրջանակը»
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի համար առանցքային է ԼՂ-ի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը։ Հերթական անգամ շեշտել է՝ այդ հարցի «առաջնային մանդատառուն» պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Ասում է՝ այդ դեպքում նրանք կստանան ինչպես ակնկալիքների բավարարման, այնպես էլ իրենց սկզբունքների հետապնդման հնարավորություն․
«Հիմնական խոսակցությունը պետք է տեղի ունենա Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Պրոցեսները մեզ բերում են այն եզրակացության, որ այստեղ էլ առանց միջազգային մեխանիզմների և երաշխիքների առաջ գնալ հնարավոր չի լինի»։
Հիշեցրել է՝ Մյունխենում Ալիևը խոսել էր Ղարաբաղի հայերի իրավունքների մասին, այնինչ հետո պարզվեց, որ «Ադրբեջանն առաջարկում է քննարկել ինտեգրացիայի հարց»։ Սա, ըստ վարչապետի, պայմանավորվածությունները շարունակաբար չպահելու Ադրբեջանի գործելակերպն է։
«Չպետք է ծուղակի վերածվի»․ կարծիք Բաքու-Ստեփանակերտ շփումների մասին
Ադրբեջանի և ԼՂ-ի ներկայացուցիչների վերջին հանդիպման, հնչած հայտարարությունների և հնարավոր զարգացումների մասին JAMnеws-ը զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։
Կարծիք Բաքու-Ստեփանակերտ շփումների մասին
Փաստահավաք առաքելություն՝ առանց Ադրբեջանի համաձայնության
Կարծում է՝ Հայաստանը պետք է ԼՂ-ի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը հետապնդի միջազգային հարթակներում, հետևողական կերպով ներկայացնի իր դիրքորոշումները․
«Ադրբեջանը բոլոր քայլերը ձեռնարկում է, որպեսզի միջազգայնորեն տեսանելի դառնա և հիմնավորվի, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ է։ Մենք էլ պետք է ավելի հիմնավորենք ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի, էթնիկ զտումների ու ցեղասպանության վտանգի փաստերը, ինչը հնարավորություն կստեղծի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ՝ առանց Ադրբեջանի համաձայնության»։
Լաչինի միջանցք և ԼՂ փաստահավաք առաքելության ուղարկումն, ըստ նրա, պատեհ կլինի հատկապես ներկայիս իրավիճակում, երբ միջանցքը փակ է, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ է, իսկ Ադրբեջանն էթնիկ զտումներ իրականացնելու ակնհայտ նախապատրաստություններ է տանում։
«Ադրբեջանի երկրորդ ձախողումը»․ հայ իրավաբանը՝ Հաագայի դատարանի որոշման մասին
Ինչ եզրակացության է եկել Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանի և Ադրբեջանի միջնորդությունները քննելու արդյունքում, պաշտոնական Երևանի գնահատականը, փորձագիտական կարծիք
Արդարադատության միջազգային դատարանի որոշումը
«Հնարավոր էսկալացիայի դեպքում ԼՂ–ի անվտանգության երաշխավորը ՌԴ–ն է»
Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Լեռնային Ղարաբաղում հնարավոր նոր էսկալացիայի դեպքում Հայաստանը շարունակելու է մնալ ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Հարցին ի պատասխան՝ Փաշինյանը շեշտել է, որ 2020 թ․-ի նոյեմբերի 9–ի հայտարարությամբ արձանագրված է՝ երաշխավորը Ռուսաստանն է։
«Ոչ թե, որ Հայաստանը հրաժարվում է դրանից, այլ, ցավոք, Հայաստանը 44–օրյա պատերազմում կրած պարտությունից հետո չի կարող լիարժեք կատարել այդ գործառույթը»,- պարզաբանել է նա։
«Ադրբեջանը հայտնվել է փակուղում»․ Հայաստանի ԱԺ խոսնակը՝ ԼՂ շրջափակման մասին
Ի՞նչ իրավիճակ է Արցախում․ վերջին տեղեկություններն՝ ամփոփ
Իրավիճակը շրջափակված Լեռնային Ղարաբաղում
«Մոսկվայի հետ հարաբերություններում ճգնաժամ չկա»
Փաշինյանի կարծիքն է։ Ասում է՝ խոսում ենք, քննարկում, ֆիքսում, որ կան խնդիրներ։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ խնդիրների մի մասն օբյեկտիվ են, հետևաբար դրանք չեն կարող ճգնաժամային ազդեցություն ունենալ երկկողմ հարաբերությունների վրա։
«Մեր հարաբերությունները բնականոն վիճակում են, ինչը չի նշանակում, որ չկան փոխադարձ անհանգստություններ»,- պարզաբանել է նա։
Նախօրեին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր կայացել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև։ Փաշինյանի փոխանցմամբ՝ այն նվիրված է եղել ԼՂ-ում էսկալացիայի վտանգին։ Ինքը ներկայացրել է ունեցած տեղեկատվությունն ու մտահոգությունները կապված այն խնդիրների հետ, որոնք կան ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։
Հայաստանը լքո՞ւմ է ՀԱՊԿ ռազմական դաշինքը. կարծիք Երևանից
Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ հետևանքների սպասել։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը չի կարծում, թե այս որոշումը Հայաստանի համար «մեծ գին է արժենալու»։
Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններ
«Բոլոր հնարավոր հոդվածներով դիմել ենք»․ ՀԱՊԿ-ի մասին
Անդրադառնալով ՌԴ հովանու ներքո գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքը լքելու մասին լուրերին՝ կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրություն չունի․
«Իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը՝ ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանից։ Դա մեզ անհանգստացնում է»։
Օրերս հայտնի դարձավ, որ Երևանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ Փաշինյանն ասում է՝ հաճույքով կստանձնենք պաշտոնը, եթե չստացվի, որ ժողովրդին «սխալ ուղերձ» ենք հղում։
«Եթե դա նշանակի Հայաստանի անվտանգության ապահովման ևս մի գործոն ավելացնել, կստանձնենք։ Եթե ոչ, իմաստ չենք տեսնում՝ առնվազն ելնելով մեր ժողովրդի հետ ազնիվ լինելու տրամաբանությունից»,— բացատրել է նա։
ՀԱՊԿ-ի՝ Հայաստանից դուրս գալու պարագայում, ըստ Փաշինյանի, Երևանը պետք է փորձի իր անվտանգային կարիքներն ապահովել բոլոր հնարավոր եղանակներով, այդ թվում՝ դիվանագիտական։
«Ֆանտոմային ցավերի է նման»․ հայ քաղաքագետները՝ Լավրովի ելույթի մասին
Նախօրեին անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ Ռուսաստանի արտգործնախարարը նշել էր, թե «Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի տարածքները»։
Հայ քաղաքագետները՝ Լավրովի ելույթի մասին
«Գնալով ավելի դժվար է դառնում»․ ուկրաինական պատերազմի մասին
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանին մեղադրում են ինչպես չեզոքության, այնպես էլ չեզոք չլինելու մեջ, այնինչ արտահայտվող դիրքորոշումներն, ըստ նրա, «ստրուկտուրիզացված» են, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, բայց նաև ՄԱԿ և միջազգային հանրության անդամ է, չի կարող «առանձին գլոբուսի վրա» ապրել։
«Փորձում ենք լինել հնարավորինս ազնիվ գործընկեր և դաշնակից, միջազգային հանրության հնարավորինս պատասխանատու անդամ։ Մեր գործողությունները փորձում ենք այս տրամաբանության մեջ տեղավորել։ Բոլորդ էլ հասկանում եք՝ դա գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում»։
Ասում է՝ կան ինչպես սպառնալիքներ, այնպես էլ հնարավորություններ, ուստի պետք է ուշադիր լինել։
«Պատերազմում պարտվել ենք 5-րդ շարասյան պատճառով»
Հայաստանի երրորդ նախագահն օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր, թե 2018 թ․–ից ի վեր երկիրը ռազմական օգնություն չի ստացել, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ զինամթերքի միայն 50 տոկոսն է օգտագործվել։ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարություններն անհեթեթություն է որակել։ Նրա փոխանցմամբ՝ 2018-20 թթ․ ավելի շատ զենք է ձեռքբերվել, քան նախորդող 10 տարիներին՝ միասին վերցրած։ Իսկ պատերազմի օրերին չեն կիրառվել միայն ՍՈՒ-30-ները, քանի որ դրանք նոր են ձեռքբերված եղել․
«Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմում պարտվել ենք այն պատճառով, որ մեր բանակում գործել է 5-րդ շարասյուն։ Եթե ուշադիր նայեք, կտեսնեք այդ փաստերը։ Կարծում եմ՝ առաջիկայում դրանք այնքան հրապարակային կլինեն, որ այս հայտարարությունն այնքան էլ տարօրինակ չի թվա»։
Հիշեցրել է՝ 50-ից ավելի նախկին զինծառայողներ մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ։ Նրա գնահատմամբ ՝ այդ գործողությունները եղել են ոչ թե քաղաքական իշխանության, այլ պետականության և Հայաստանի անկախության դեմ։
«Հայաստանը լքում է ձախողված երկրների ակումբը»․ հայ քաղաքագետ
Երևանը քննարկում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը, որում Մոսկվան կասկածի տակ է դրել ԵՄ առաքելության քաղաքացիական բնույթը, սպառնացել՝ «ռուս սահմանապահները կարձագանքեն ԵՄ դիտորդների ներկայությանը՝ ըստ «գետնի վրա» իրավիճակի»։
Ռուսաստանը՝ ԵՄ դիտորդների մասին
Հայաստանի տարածքների դեօկուպացիայի մասին
2021 թ․-ի մայիսի 12-ի ներխուժման, ինչպես նաև 2022 թ․-ի սեպտեմբերյան ռազմական գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքներ։ Փաշինյանի գնահատմամբ՝ խնդիրը մեկքայլանոց լուծում չի կարող ունենալ, պետք չէ ձեռնարկել նաև «ափալ-թափալ» քայլեր։
«Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը մեզ համար կարմիր գիծ են, բայց պատկերացնում ենք այդ խնդիրների ռազմավարական՝ երկարաժամկետ, տևական, խորը և համապարփակ լուծում»,- շեշտել է նա։
Հիշեցրել է՝ Ադրբեջանի վերահսկողության տակ Հայաստանի սուվերեն տարածքներ կան դեռևս 1994 թ-ից։ Օրինակ է բերել Արծվաշենը, Տավուշի մարզի Պառավաքար գյուղի վարելահողերը, Բերքաբերի ջրամբարի ձախ ափը, Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի տարածքները։
«Միայն խաղաղությունը կարող է անվտանգություն երաշխավորել»
Վարչապետի գնահատմամբ՝ հայկական կողմը ձգտում է խաղաղության, ինչը հնարավոր է միայն տարածաշրջանի երկրների հետ լավ հարաբերությունների պարագայում։ Ադրբեջանն, ըստ նրա, հակված չէ կարգավորման, քանի որ ունի ռազմական գերակայություն։
Կարծում է՝ Բաքվի հաղորդագրությունների տողատակում թաքնված է հետևյալը՝ «Պատերազմում հաղթել ենք, ի՞նչ եք բանակցում, ինչ ասում ենք, պետք է ստորագրեք»։ Շեշտում է՝ Երևանը դրա հետ համաձայն չէ։
Հոդվածը՝ jam-news.am կայքից։