ՄԵՐ ՈՒՂԻՆ

«Անորսալի» 5-րդ Շարասյունը Եւ Այլ Խնդիրներ

Եթե պատերազմում պարտության պատճառն իրոք հինգերորդ շարասյունն է եղել, ուրեմն գոնե վարչապետի մակարդակով նման հայտարարություն անելուց հետո հասարակությանը պետք է խոշոր պլանով ներկայացվի հինգերորդ շարասյան դեմ պայքարի հաջողությունները: 

Մեր Ուղին

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամլո ասուլիս էր հրավիրել, որում անդրադարձել էր բազմաթիվ կարևոր թեմաների:

Ընդ որում այդ թեմաները վերաբերել են հայ-ադրբեջանական հարաբերություններին, բանակցություններին, Երևան-Բաքու երկխոսությանը, Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական հարձակման վտանգի առկայությունը, Լաչինի միջանցքի շրջափակմանը, պատերազմում պարտությանը և շոշափել են հարակից ուղղություններ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից առաջարկները և դրանց չստորագրման դեպքում հնարավոր պատերազմը և այլն:

Թեև ասուլիսում հնչած բոլոր թեմաներն այս կամ այն կերպ իրար հետ կապված են և դրանցում չկա անկարևոր որևէ հարց, բայց հասարակության հիմնական ուշադրությունը սևեռվեց երեք թեմայի վրա: Առաջինը՝ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը պահանջում է ստորագրել Բաքվի առաջարկները, այլապես կա նոր պատերազմի հնարավորություն, երկրորդ՝ Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից, երրորդ՝ պատերազմում պարտության պատճառը Փաշինյանը համարել է բանակում հինգերորդ շարասյան գոյությունը:

Եվ այսպես ի՞նչ է ստացվում:

Ինչ որ մակարդակի վերլուծություններ արվել են, ամենադրականից մինչև ամենահոռետեսականը: Ոմանք համարել են, որ այս ասուլիսով Փաշինյանը ցանկացավ ակնարկել, որ Հայաստանն արդեն իսկ զիջել է հնարավոր ամեն ինչ հնարավոր բոլոր տարբերակներով ու նոր զիջումներ այլևս հնարավոր չեն: Ադրբեջանն ինքն է հայտնվել իր իսկ լարած որոգայթում, քանի որ միջազգային առումով ոչինչ չի կարող պահանջել Հայաստանից, իսկ նոր պատերազմը Ալիևին հաղթանակ չի բերի: Ադրբեջանցիները ունեն ռազմական առավելություն, բայց եթե նոր պատերազմ փորձ արվի սանձազերծել, ապա դա կհանդիսանա ոչ թե ռազմական գործողություն, այլ քաղաքական, և Ադրբեջանը պարզապես չի սկսի մի ձախողված ձեռնարկ, որը չի պաշտպանվի ոչ ոքի կողմից: Եթե 44-օրյա պատերազմում աշխարհը լուռ էր նաև այն պատճառով, որ ձևակերպումների հետևանքով Արցախը այդպես էլ չճանաչված պետություն էր(բայց փաստացի Արցախը եղել և մնում է հայկական պետություն, ոչ թե ադրբեջանական մարզ, ինչպես փորձում են պնդել ադրբեջանական կեղծարարները, ովքեր ամեն կերպ իրենց թեզերն առաջ էին քաշում նավթադոլարներով ու խավիարով ու իրենց պետք եկած պատրաստությունը ստանալուց հետո անցան ռազմական միջամտության), իսկ ահա Հայաստանի վրա հարձակումը այլևս չի կարող տեղավորվել ո՛չ սահմանազատման, ոչ էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն հորջոջվող եզրույթներում: 

Կա նաև հակառակ տեսակետը, որի կողմնակիցները հայտարարում են, որ Փաշինյանը «նոր օյին է» պատրաստվում խաղալ Հայաստանի գլխին ու շուտով ստորագերոլւ է որևէ խայտառակ փաստաթուղթ ու հիմնավորելու է, որ դա այն գինն էր, որ Հայաստանը վճարեց պատերազմից խուսափելու համար:

Վերլուծություններ դեռ էլի կլինեն ու հավանաբար կլինեն նաև սթափ վերլուծություններ, որոնք ավելի պարզ պատկերացումն կտան այն մասին, թե ի վերջո ինչ է տեղի ունենում:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուր գալու որևէ մտադրություն չունի, բայց նաև խոսել է դաշինքում Հայաստանին չօգնելու մասին: Նշել է, որ Հայաստանը հնարավոր բոլոր հոդվածներով դիմել է ՀԱՊԿ-ին: Շատերը ՀԱՊԿ-ի հետ կապված ցանկացած հայտարարություն դիտում են որպես քայլ Ռուսաստանի դեմ:

Այն, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար գոյություն ունի միայն անվանապես, հավանաբար բոլորը կհամաձայնվեն: ՀԱյաստանը երբեք ՀԱՊԿ-ից որևէ օգնություն չի ստացել, եղել են միայն ուշացած և անատամ հայտարարություններ, որոնք որևէ կերպ չէին տարբերվում ինչ որ չեզոք երկրի կողմից հնչեցված հայտարարություններին: Այն, որ արտասանվում է ՀԱՊԿ, բայց գրվում ՌԴ, դա էլ է բոլորի համար պարզ: Իսկ ՌԴ հետ Հայաստանի դաշնակցությունից իրավմամբ հիասթափված բոլորն էլ ընդունում են, որ միմյանց ուղղակի մեղադրելու փոխարեն, դիվանագիտությունը ստիպում է փոքր ինչ անհասցե խոսել և ասել, որ ոչ թե Ռուսաստանը չօգնեց, այլ ՀԱՊԿը, թեև Ռուսաստանի դեմ էլ արդեն բավական շատ խոսքեր են հնչել: Քաղաքական այս լվացքատանը, ուր ՌԴ-ն մի կողմից մաքրում է իր ձեռքերը, մյուս կողմից հանգիստ խուսափում իր պարտականությունների կատարումից, արդեն առաջին անգամ չէ, որ օգնության փոխարեն պարզապես բավարարվել են կոչերով և հայկական կողմի խիստ դժգոհությունը ՀԱՊԿ-ից լրիվ արդարացված է: Հարցն այն է, թե ՀԱՊԿ-ի ձևաչափով ռուսաներից դժգոհելու հայկական գործողություններն ինչքանով էլ ալ ավելի վատացնում հայ-ռուսական հարաբերությունները: Թեև որպես հերթապահ արտահայտություն, Փաշինյանը նշել է, որ հայ-ռուսական հարաբերություննում ոչ մի ճգնաժամ էլ չկա ու երկու երկրները միմյանց կապված են ռազմադաշնակցային հաաբերություններով, բայց դա չի նշանակում, որ չեն կարող որևէ հարցի շուրջ փոխադարձ անհանգստություններ ունենալ, չի սփոփում: ՌԴ-ի հետ ընկերություն անելը մի փորձանք է, այդ ընկերությունից հրաժարվելը՝ երկու: Հենց դա էլ մշտապես կաշկանդել է հայերին, որպեսզի հրաժարվեն Ռուսաստանի «փոքր եղբոր» կարգավիճակից, որովհետև հայկական ժողովրդական ասացվածքը վկայում է, որ «ավելի լավ է տան շունը լինես, քան տան փոքրը», քանի որ ի վերջո կոտրված ափսից մինչև այրված պատ միևնույն է ջարդվում է փոքրի գլխին: Ընդ որում ՀԱՊԿ-ը, որպես ընտանիք, իսկ ՌԴ-ը, որպես այդ ընտանիքի «հայր», լիովին ապացուցել են այդ ասացվածքի պրակտիկ լինելը:

Ինչպե՞ս կընթանան հայ-ռուսական հարաբերությունները, դժվար է ասել: Շատ հանգամանքներ կան՝ ռուս-ադրբեջան, ռուս-թուրքական հարաբերություններից մինչև Լաչինի միջանցք, Սյունիքի ավտոճանապարհ ու ռուս-ուկրաինական պատերազմ, որից էլ կախված է նաև մեր տարածաշրջանի ապագայի կարևոր մի ընթացք:

Առավել ներհայկական է Փաշինյանի հայտարությունը հինգերորդ շարասյան հետ կապված: Նա ասաց, որ պարտության պատճառը կապված է հինգերորդ շարասյան գոյության հետ: Այն, որ ԱԱԾ-ն բավական հաճախ հայտարարում է հերթական պետական դավաճանին բռնելու մասին՝ փաստ է: Մարդկանց մի մասը վրդովում է, թե այսքան փոքր ազգի մեջ որտեղից այդքան դավաճան, իսկ մի մասն էլ այդ ամենը շոու է համարում: Հիմա հարց է ծագում, որ եթե պատերազմում պարտության պատճառն իրոք հինգերորդ շարասյունն է եղել, ուրեմն գոնե վարչապետի մակարդակով նման հայտարարություն անելուց հետո հասարակությանը պետք է խոշոր պլանով ներկայացվի հինգերորդ շարասյան դեմ պայքարի հաջողություններ: Ինչ որ ենթասպայի կամ պայմանագրայինի կողմից մի քանի հարյուր դոլարի դիմաց կատարվող դավաճանությունները չեն կարող լինել այդ հինգերորդ շարասյունն ամբողջությամբ, ուստի եթե մոտակա ժամանակներում մի քանի կապիտան ու նեթասպա, կամ էլ նույնիսկ մի քանի նախկին գնդապետ ձերբակալվի, որի ոչ անունն են ասում, ոչ էլ հետագա ճակատագիրը, մարդիկ իրավմամբ կարող են մտածել, որ վարչապետը պարզապես իր ապաշնորհությունն է փորձում արդարացնել ինչ որ հինգերորդ շարասյուն ասելով: Գործե՛լ է պետք: Ռեալ արդյո՛ւնք է պետք: Եթե կա այդ հինգերորդ շարասյունը, ապա մարդիկ պետք է տեսնեն դրա դեմ համապետական պայքար, մերկացում և խստագույն պատիժ: Որովհետև պատերազմում չես կարող պարտվել մի քանի դիրք կորցնելու պատճառով: Նշանակում է այդ հինգերորդ շարասյունը երկար տարիներ է ինչ նստած է մեր մեջ ու հիմքից քանդում է մեր պետությունը:

Պատերազմում պարտության պատճառ քաղաքական գորշիչների կողմից նշվող հինգերորդ շարասյունը տարբեր է ընկալվում: Ընդդիմադիրները շատ են խոսում, որ հինգերոդ շարասյուն չկա, չի եղել, իսկ եթե կա էլ ապա դա հենց Ազգային Ժողովի մեծամասնությունն է՝ Փաշինյանի գլխավորությամբ, որովհետև, ըստ ընդդիմադիր գործիչների, վերջիններս դավաճան են, թուրքի լրտես, գործակալ և այլն:

Եթե միմյանց ուղղված մեղադրանքների գեղարվեստական մասը բաց թողնենք, ապա տեսնելով, որ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց են անմիջական մեղավոր հանդում որպես պարտության պատճառ, հարց է առաջանում: Բացի մեղադրանքներից, նրանք կարո՞ղ են որևէ լուրջ փաստ բերել բացահայտ հակապետական ու հակահայկական գործողությունների մասին: Մի բան է ասելը, մի բան է ցույց տալը: Երկու կողմն էլ զերծ չեն մնում մանիպուլյացիոն հայտարարություններից ու ամեն մեկն իր կողմից ինչ որ «փաստեր», ձայնագրություններ է ներկայացնում, որով մերկացնում է դիմացինի դավաճանությունը: Քաղաքական պայքարն ավարտվում է ու սկսվում է լճացած ու ձանձրացրած «բայղուշություն», թե ով է ծախել Հայաստանը: Իսկ որ ծախել են, փաստ է:

Իսկ ի՞նչ անեն, եթե դադարեցնեն այդ «մերկացումները»: Ի՞նչ է լինելու հետո: 

Թե՛ Փաշինյանը, թե ընդդիմությունը մտածելու շատ բան ունեն: Փաշինյանն արդեն իսկ որպես պարտված ղեկավար այն վստահությունը չունի, որ կար պատերազմից առաջ, նույնիսկ եթե իր անձը սուրբ է: Իսկ ընդդիմությունն այն ընդդիմությունն է, որ վերջին քսան տարում եղել է իշխանություն ու որի օրոք կոռուպցիան, համակարգային անտերությունը, օլիգարխիան, թալանը ծաղկել են: Եվ աչք ծակում նաև այն, որ հինգերորդ շարասյուն բառերից ամենից շատ հուզվում է ընդդիմությունը:

Հինգերորդ շարասյունը պարտությա՞ն է տարել մեզ: Ուրեմն արմատախիլ արեք այդ շարասյունը: Եթե իշխանությունը նման բան է ասում, ուրեմն պարտավոր է և՛ տեղեկացնել, և՛ վնասազերծել: Իսկ եթե ընդդիմությունը պնդում է, որ հինգերորդ շարասյան դերը իշխանությանն է, ապա պիտի ավելի լուրջ լինի, քան այս ամբողջ խայտառակությունը, որ մատուցվում է քաղաքականության փոխարեն: Որովհետև ի վերջո Հայաստանում քաղաքական գործընթացները պիտի սկսեն տեղի ունենալ, չի կարող անվերջ երկու խումբ իրար միս կրծի և ժողովուրդը թշնամանա ինքն իր հետ:

Թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը չվստահելու բազմաթիվ հիմքեր կան:

Ի վերջո, ինչի մասին էր ասուլիսը խոշոր հաշվով, զուտ կրկնություն այն ամենի, ինչ գիտեի՞նք, նոր ու ահագնացող վտանգի, թե մի այլ բան, որ միայն շատ նեղ խումբ է կարողանում հասկանալ: Իսկ հասկանալ պետք է, որովհետև վաղը ինչ որ բան է տեղի ունենալու, իսկ այդ ինչ որ բանը կարող ենք կանխել կամ աջակցել միայն եթե հասկանանք հիմա:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *