Հայաստան

Հանրապետություն

կայքի համար՝

Շատ դժվար էր ընդհանուր համակրանք վայելող եւ պատրաստված կուսակցականներ ճարել կառավարության մեջ մտցնելու համար։ Մինչեւ վերջ էլ արտասահմանը մեզ մարդ չտվեց, եւ մենք ստիպված էինք մեր շատ համեստ ուժերով, բավարարություն տալ բոլոր պահանջներին։ Լինում էին դեպքեր, երբ ամբողջ ամիսներով անհնար էր լինում հարմար նախարարացու գտնել:

1919 թվականի աշունը Հայաստանի քաղաքական ուժերի վերակազմավորման, նոր պայմաններում գործունեության եւ մարտավարական քայլերի վերանայման ժամանակաշրջան էր։

Քաղաքական ընդդիմությունից զատ հետագա քայլերը հստակեցնելու որոշում էր կայացրել նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Հանրային ու քաղաքական գերիշխող դիրք ունեցող այս կուսակցությունն ուներ բազմաթիվ ներքին կազմակերպչական խնդիրներ, որոնք չկարգավորելու դեպքում կարող էին լուրջ վտանգ լինել ինչպես ՀՅԴ-ի, այնպես էլ պետության համար։ Այդ պատճառով էլ դեռեւս 1919թ. մարտին ՀՅԴ Արեւելյան եւ Հայաստանի բյուրոները դիմում են բոլոր կառույցներին՝ հանձնարարելով նախապատրաստվել 9-րդ ընդհանուր ժողովի աշխատանքներին։

«Հինգ տարի էր անցել Կարինի Ընդհանուր ժողովից, եւ հայ ժողովուրդը հիմն ի վեր փոխվել էր։ Նոր, կնճռոտ հարցեր էին ծագել։ Թրքահայությունը բնաջնջվել կամ հողմացրիվ էր եղել։ Հայաստանը դարձել էր անկախ պետություն։ Բազմաթիվ բարդ հարցեր կային լուծվելիք։ Ընդհանուր ժողովի գումարումը դարձել էր ստիպողական»,- գրում է Սիմոն Վրացյանը։ Գրեթե վեց ամիս տեւած նախապատրաստական բազմաթիվ հավաքներից, ժողովներից ու քննարկումներից հետո սեպտեմբերի 27-ին Երեւանում իր աշխատանքն է սկսում ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովը, որը տեւում է մինչեւ հոկտեմբերի վերջը։

Վրացյանի եւ Ռուբենի տարաձայնությունները

Ժողովն անդրադառնում է Հայաստանի առջեւ ծառացած ներքին ու արտաքին հարցերին, սակայն նախապես քննարկվում է ՀՅԴ կառուցվածքային փոփոխությունը, որը էական նշանակություն է ունենում հետագա ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների վրա։ Նախկինում ՀՅԴ-ն կազմված էր երկու՝ Արեւելյան եւ Հայաստանի բյուրոներից։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետության տարածքում կային բազմաթիվ կոմիտեներ, որոնք շատ հաճախ գործում էին ինքնուրույն եւ չէին համաձայնեցնում իրենց որոշումները կենտրոնական կոմիտեների հետ։ Ստացվում էր, որ կուսակցական նույն կառույցի մեջ կային անկախ ենթաբաժիններ, ինչն առաջացնում էր որոշումների ու գործողությունների անհամապատասխանություն։ Կային նաեւ Դաշնակցության բազմաթիվ անդամներ, ովքեր համախմբված էին տարբեր հայրենակցական միություններում, որոնք նույնպես շատ հաճախ ձեռնարկում էին կուսակցության կենտրոնական մարմիններին հակասող քայլեր, ընդունում հակընդդեմ որոշումներ։

Ռուբեն Տեր-Մինասյանը գրում է, որ այդ կառույցներում ընդգրկված էին տասնյակհազարավոր արեւմտահայեր, որոնք մեծ մասամբ դուրս էին մնում հանրապետության ներքին կյանքի մասնակցությունից։ Այս հարցում նույնպես ցայտուն դրսեւորվում էին արեւմտահայերի ու արեւելահայերի հասարակական, քաղաքական խոր տարաձայնությունները։

«Այսպես, օրինակ, Երեւանում նստած Մրգաստանի Կ. Կոմիտեն Երեւանում նստած Վասպուրականի Կ. Կոմիտեին չէր համարում լրիվ դաշնակցական, նրան անտեղի կերպով կհամարեր հետադեմ, ոչ սոցիալիստ, թեեւ «Աշխատանքի» խմբագիրները եւ Վասպուրականի ԿԿ-ի անդամները երբեմն եղած էին «ձախեր»։ Ինչպես եւ փոխադարձաբար, Վասպուրականի Կ. Կոմիտեն չէր համարեր Մրգաստանի ԿԿ-ին իսկական դաշնակցական, անիրավացիորեն նրան կհամարեր ազգային հարցի ժխտող եւ ռուսական շահերին աշխատող»,- գրում է Ռուբենը։

Այս խնդիրը լուծելու նպատակով 9-րդ ընդհանուր ժողովը որոշում է թույլ չտալ Կենտրոնական կոմիտեի սահմաններում մեկ այլ կոմիտեի գոյությունը. կուսակցական բոլոր կառույցները պետք է ենթարկվեին շրջանային մեկ կենտրոնական մարմնի։ Ռուբենը գրում է, որ մեծագույն դժվարությամբ ու տեւական աշխատանքի շնորհիվ իրենց հաջողվում է մինչեւ տարեվերջ կազմակերպչական այս խնդիրը լուծել։ Ուշագրավ է, որ կուսակցության կենտրոնացումը բոլոր դաշնակցականների հավանությանը չէր արժանանում։

Սիմոն Վրացյանը նշում է, որ այս հարցում ինքը լուրջ տարաձայնություններ ուներ Ռուբենի հետ.

«Մեկը ուզում էր կազմակերպության տեսակետով կենտրոնացնել պետությունն ու կուսակցությունը՝ վերջ տալով ապակենտրոնացմանը։ Այս գաղափարի մոլեռանդ պաշտպանն էր Ռ. Տեր-Մինասյանը։ Մյուսը ջատագովում էր ապակենտրոնացման դրությունը, որ եղել էր Հայոց պետության եւ Եկեղեցու կազմակերպության հիմքը դարերի ընթացքում։ Այս տեսակետը պաշտպանում էի ես։ Բուռն վեճեր տեղի ունեցան Ռուբենի եւ իմ միջեւ»։

«Անհնար էր հարմար նախարարացու գտնել»

Կազմակերպչական մյուս խնդիրը, որը լուծում է Ընդհանուր ժողովը, վերաբերում էր հենց բյուրոյին. նախկին երկու բյուրոյի փոխարեն ստեղծվում է մեկը, որի անդամներն են դառնում Համո Օհանջանյանը, Աբրահամ Գյուլխանդանյանը, Արշակ Ջամալյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը, Սիմոն Վրացյանը, Արմեն Գարոն։ Վահան Նավասարդյանը, Արսեն Շահմազյանը, Գեւորգ Ղազարյանը եւ Սարգիս Արարատյանը փոխանդամներ էին։ Ժողովը նաեւ փոխում է կանոնակարգը եւ սահմանում, որ բյուրոյի անդամները միաժամանակ չեն կարող լինել կառավարության կազմում, ինչի հետեւանքով բյուրոյի թիվը փոքրանում է, քանի որ անդամներից մի քանիսը շարունակում են պաշտոնավարել որպես նախարարներ։ Ռուբենը գրում է, որ Ընդհանուր ժողովի աշխատանքների ավարտին բյուրոն ուներ երեք անդամ՝ ինքը, Արշակ Ջամալյանը եւ Սիմոն Վրացյանը։

Վրացյանն այս որոշումը համարում էր սխալ. Հայաստանում չկային բավարար թվով մարդիկ, ովքեր կունենային հանրային հեղինակություն եւ ի վիճակի կլինեին այդ բարդ պայմաններում ղեկավարել նախարարությունները։

«Շատ դժվար էր ընդհանուր համակրանք վայելող եւ պատրաստված կուսակցականներ ճարել կառավարության մեջ մտցնելու համար։ Մինչեւ վերջ էլ արտասահմանը մեզ մարդ չտվեց, եւ մենք ստիպված էինք մեր շատ համեստ ուժերով, բավարարություն տալ բոլոր պահանջներին։ Լինում էին դեպքեր, երբ ամբողջ ամիսներով անհնար էր լինում հարմար նախարարացու գտնել»,- գրում է նա։

Ուշագրավ է, որ, ըստ Վրացյանի, Ընդհանուր ժողովը որոշել էր, որ զինվորական նախարարը պետք է անպայման կուսակցական լինի. «Հայտնի էր, որ հայ զինվորականության մեջ չկար եւ ոչ մի Դաշնակցական սպա, որին կարելի լիներ հանձնել զինվորական նախարարությունը։ Մյուս ընկերների մեջ, բացի Ռուբեն Տեր-Մինասյանից, ոչ մի հարմար թեկնածու չկար, իսկ Ռուբենը բյուրոյի անդամ էր»։

Մի քանի ամիս անց, ստեղծված արտակարգ պայմաններում Ռուբեն Տեր-Մինասյանը նշանակվում է Հայաստանի Հանրապետության զինվորական նախարար, ինչն արդեն իսկ խախտում էր բյուրոյի սահմանած կարգը։ Ռուբենն իր հերթին գրում է, որ 1919թ. նոյեմբերից մինչեւ 1920թ. ապրիլը ՀՅԴ բյուրոն կազմված էր երեք մարդուց, իսկ փոխանդամներից միայն Գեւորգ Ղազարյանն էր մասնակցում նիստերին։ Արսեն Շահմազյանը, որը Զանգեզուրի ներկայացուցիչն էր, նիստերին գալիս էր միայն այն ժամանակ, երբ լինում էր Երեւանում, իսկ Վահան Նավասարդյանը շուտով ընդհանրապես հրաժարվում է փոխանդամությունից։

«Մտքերի քաոսը»

Հայ-ադրբեջանական չհայտարարված պատերազմը նույնպես դառնում է Ընդհանուր ժողովի քննարկման առարկա, եւ որոշվում է, որ կառավարությունը, «պահպանելով Հայաստանի եւ հայ աշխատավորության շահերը Ադրբեջանի սահմաններում», պետք է բարիդրացիական հարաբերություններ պահպանի Ադրբեջանի հետ։

Միաժամանակ որոշվել էր, որ Զանգեզուրը եւ Ղարաբաղը անկախ ու միացյալ Հայաստանի անբաժանելի մասն են, ինչը նշանակում էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը մշտապես հանդես էին գալու հակադիր դիրքերից։ Ըստ Ռուբեն Տեր-Մինասյանի՝ 1919թ. աշնանը հայ հասարակական շրջանակում կային տարբեր մոտեցումներ Հայաստանի ապագայի, հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Նա առանձնացնում էր մի քանի հիմնական հոսանք, որոնք կոչում էր «մտքերի քաոս»։ Դրանցից մեկի կողմնակիցները գտնում էին, որ Հայաստանը չի կարող իշխել երկրում առանց դրսի զինվորական օժանդակության (Ռուբեն, Հայ հեղափոխականի մը հիշատակները, հատոր 7, Երեւան, 1990թ., էջ 214-216)։ Այս ուղղության կարկառուն ներկայացուցիչն էր Դրոն, որը, ամիսներ շարունակ մասնակցելով Վեդիբասարի թաթարական բախումներին, եզրակացրել էր, որ «ավելի լավ է ռուսական տիրապետությունը կամ նրա աջակցությունը»։ Ռուբենը գրում է, որ սա չէր նշանակում, թե այս մարդիկ ռուսամոլ էին կամ «այլասերած»՝ «պիտի գիտնալ, որ կային մեզանից ավելի հայրենասեր սպաներ»։

Կային նաեւ մարդիկ, ովքեր թաթարական ապստամբությունների համար մեղադրում էին Հայաստանի կառավարությանը՝ կարծելով, թե դրանց հիմքում վատ կառավարումն ու ապաշնորհ ղեկավարներն են։ Նրանք համոզված էին, որ «սիրով, քաղցրությամբ եւ առանց արյունահեղության» հնարավոր էր լուծել հայ-ադրբեջանական հակամարտությունը։

Երրորդ ուղղության հետեւորդները համոզված էին, որ հույսը պետք է դնել միայն սեփական ուժերի վրա եւ զինվորական կարողությունների ավելացմամբ կանխել Ադրբեջանի ու Թուրքիայի դավերը։ Նրանք չէին հավատում ոչ միջազգային աջակցությանը, ոչ էլ Ռուսաստանի օգնությանը։

Ռուբենը գրում է, որ «մտքերի քաոսի» այս երեք հիմնական ուղղությունից զատ կար նաեւ մի բազմություն, որ «առանց ինքն իսկ զգալու, թե ինչ է ուզածը, միշտ կքննադատեր եւ դժգոհ էր ամենից, նույնիսկ իրենից»։

«Ծովից ծով Հայաստանի» գաղափարը

9-րդ ընդհանուր ժողովը հրաժարվում է Հայկական հարցի լուծման նախկին սկզբունքից, այն է՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի կազմում գտնվող հայկական շրջանների համար ինքնավարության պահանջից։ Հայաստանն արդեն անկախ պետություն էր, եւ ժողովը որոշում է, որ իրենց նպատակն է Միացյալ Հայաստանի կերտումը։ Այս սկզբունքը որդեգրվել էր 1919թ. մայիսին՝ «Մայիսի 28-ի ակտի» ընդունմամբ։ Սակայն այս հարցում էլ մեծ տարաձայնություններ կային։ Հայաստանի իշխանությունը, մարդիկ, ովքեր իրականում զբաղվում էին Հայկական հարցի լուծմամբ եւ ավելի իրատեսորեն էին նայում խնդիրներին, ունեին առավել զուսպ պահանջներ։ Նրանք լավ հասկանում էին, որ առավելապաշտությունը կարող է մեծապես վնասել գործին։

Խաղաղության միջազգային համաժողովում հայ ժողովրդի պահանջները ձեւակերպվել էին 1919թ. փետրվարի 12-ին ընդունված փաստաթղթով, համաձայն որի՝ Հայաստանի կազմում պետք է ընդգրկվեին Արեւմտյան Հայաստանը եւ Կիլիկիան՝ դեպի ծով ելք ապահովելով։ Այս պահանջը ձեւավորվել էր գլխավորապես Պողոս Նուբար փաշայի Ազգային պատվիրակության, արտասահմանում բնակվող հայկական համայնքների ու արեւմտահայության պահանջով։ Ընդհանուր ժողովը, հաստատելով, որ հետեւելու է փետրվարի 12-ի փաստաթղթի սկզբունքներին, փաստորեն ընդունում էր «ծովից ծով Հայաստանի» գաղափարը որպես արտաքին քաղաքական նպատակ։ Սակայն Հայաստանում կային քաղաքական գործիչներ, ովքեր այս պահանջները համարում էին չափազանցված ու անիրատեսական։

«Պիտի ասել, որ թե՛ ընտրված բյուրոն, թե՛ պատվիրակությունը, թե՛ ժամանակի կառավարությունը՝ նպատակահարմար չէին գտնի Կիլիկիան Միացյալ Հայաստանի մաս դարձնել։ Բայց նրանք պարտավոր էին չշեղվել Ընդհանուր ժողովի տրամադրություններից»,- գրում է Ռուբենը։

Սիմոն Վրացյանն իր «Հայաստանի Հանրապետություն» ակնարկում, որը լույս է տեսել 1922 թվականին, գրում է, որ հարեւան պետությունների, հատկապես Թուրքիայի հետ հարաբերություններում Ընդհանուր ժողովի «ծովից-ծով Հայաստանի» եւ Ղարաբաղի վերաբերյալ որոշումը ճակատագրական նշանակություն է ունենում։

«Այսօր, կարծես, այլեւս փաստ է, որ ծովից ծով Հայաստանի պահանջը առնվազն տղայամտություն էր։ Նա ոչ միայն հնարավոր չէր միջազգային քաղաքական պատճառներով, այլեւ հայ ազգի ենթակայական պայմաններով։ Անգամ, եթե կարելի էլ լիներ այդ սահմաններով Հայաստան ստանալ, մենք ի վիճակի չէինք լինի այն կազմակերպել եւ կառավարել։ Այդպիսի պետության մեջ հայերը պիտի լինեին փոքրամասնություն։ Եվ պիտի ստեղծվեր նույն դրությունը, ինչ որ այսօր ստեղծվել է հրեաների համար Պաղեստինում։ 9-րդ ընդհանուր ժողովում այս նախազգուշացումները ի նկատի չառնվեցին։ Այնտեղ իշխողը, եթե կարելի է այսպես ասել, հայկական իմպերիալիզմն էր՝ դարձյալ գաղութներից եկող ընկերների ճնշման տակ։ Նրանք ծանոթ չէին ոչ հայ ժողովրդի իրական ուժերին, ոչ էլ պետություն ստեղծելու դժվարություններին, եւ սավառնելով քաղաքական ռոմատիզմի բնագավառներում՝ փաստաբանում էին Կիլիկիան Հայաստանին կցելու անհրաժեշտությունը»։

Չնայած այս դժվարություններին ու տարաձայնություններին, 9-րդ ընդհանուր ժողովը եւ դրանից հետո կառավարության ձեռնարկած մի շարք քայլեր ամրապնդեցին Հայաստանում անկախ պետականության գաղափարը։ Հանրային ակտիվություն ստացան արեւմտահայ կարող ուժերը, որոնք նախկինում գրեթե ամբողջությամբ դուրս էին մղված պետականության շինարարության աշխատանքներից։ Ձեւավորվեցին արեւմտահայերից բաղկացած զինվորական ուժեր, որոնք, ստանալով առավել կազմակերպված բնույթ, զգալի դերակատարություն ունեցան Հայաստանի ամբողջականության եւ սահմանների պաշտպանության գործում։

***

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվածը՝ Mediamax.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *