Հեղափոխության ընթացքում եկած ուժերը այսպես թե այնպես լինելու են պրոռուսական: Գուցե Զելենսկին փորձում է զգուշացնել, որ եթե Արևմուտքը բավարար չափով օգնություն չտրամադրի, ապա կարող է կորցնել Ուկրաինան ամբողջությամբ:
Ուկրաինայի նախագահը բավական ուշագրավ հայտարարություն է արել, որը հետաքրքրություն է առաջացնում մի շարք առումներով: Հատկապես հետաքրքիր է այն, որ մշտապես պայքարի, ընդ որում հաղթական պայքարի մասին խոսող Զելենսկին, այս անգամ խոսել է ռուսների հաղթանակի մասին: Նույնիսկ ոչ թե հաղթանակի, այլ ռուսների հաջողության, որը կարող է բավական թանկ նստել ուկրաինացիների վրա: Զելենսկին մասնավորապես խոսել է Բախմուտի կորստի և դրանից հետո սպասվող հնարավոր իրադարձությունների մասին, որոնք կարող են տեղի ունենալ: Ըստ Զելենսկու, եթե ռուսները գրավեն Բախմուտը, ապա Ռուսաստանը այդ հաղթանակը կարող է վաճառել Արևմուտքին, Չինաստանին, Իրանին, սեփական հասարակությանը:
Ընդ որում Զելենսկին նաև նշել է, որ ուկրաինական հասարակությունն ի վերջո կարող է հոգնել, Ուկրաինայում կարող են ներքին խնդիրներ առաջանալ և ի վերջո գուցե հասարակության հոգնածությունը իրեն դրդի փոխզիջումների գնալ:
Ի՞նչ է ստացվում: Զելենսկին խոսում է այն մասին, որ ռուսները կարող են հաղթե՞լ, թե նա նկատի ունի, որ ուկրաինացիներն էլ չեն դիմանում: Իսկ գուցե նա ակնարկով բողոքում է Արևմուտքից, որից բավարար օգնություն չի ստանում: Կամ էլ նա զգուշացնում է հենց նույն Արևմուտքին, որ ուկրաինական պարտության մեղավորը լինելու է Արևմուտքը և հենց Արևմուտքն էլ իր վրա զգալու է ռուսական հաղթանակի պտուղները:
Թերևս այս հայտարարությունը վերը նշված բոլոր տարբերակներն էլ ինչ որ չափով ներառում են: Ու գուցե ռուսներն էլ թույլ չեն, ինչքան, որ ցույց է տալիս արևմտյան մամուլը:
Ինչ էլ որ լինի, Զելենսկին խոսել է: Խոսել է ոչ հաղթական դիրքերից: Զելենսկին արդեն իսկ զգուշացնում է փոխզիջումների, իսկ ծանրագույն դեպքում նաև ուկրաինական պարտության, ներքին հեղափոխության մասին: Իսկ այդ դեպքում հեղափոխության ընթացքում եկած ուժերը այսպես թե այնպես լինելու են պրոռուսական: Գուցե Զելենսկին փորձում է զգուշացնել, որ եթե Արևմուտքը բավարար չափով օգնություն չտրամադրի, ապա կարող է կորցնել Ուկրաինան ամբողջությամբ:
Իհարկե այս ամենը միայն ենթադրություններ են, բայց և ռիսկ կա դրանց գոնե փոքր մասի իրականություն դառնալուն:
Մեր Ուղին
Ստորև ներկայացնում ենք Զելենսկու հայտարարությունը՝
«Եթե Ուկրաինան կորցնի Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքը, որի համար կատաղի մարտեր են ընթանում ռուս զավթիչների հետ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «այս հաղթանակը կվաճառի» իր հայրենակիցներին, Արևմուտքին, Իրանին ու Չինաստանին», ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է unian.net-ը։
Եթե ռուսների առաջնորդը «արյան հոտը զգա», որ ուկրաինացիները թույլ են, նա «կսեղմի, կսեղմի, կսեղմի», ասել է Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում։ «Եթե Բախմուտը հանձնվի ռուսական զորքերին, նրանց նախագահ Վլադիմիր Պուտինը այս հաղթանակը կվաճառի Արևմուտքին, իր հասարակությանը, Չինաստանին, Իրանին»,- զգուշացրել է Ուկրաինայի ղեկավարը։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ եթե Ուկրաինան պարտություն կրի Բախմուտում, ապա իշխանությունները կբախվեն ներքին և արտաքին ճնշման։ «Մեր հասարակությունը հոգնածություն կզգա… Մեր հասարակությունը կդրդի ինձ փոխզիջման գնալ նրանց հետ», – զգուշացրել է Զելենսկին։
Հայտարարության աղբյուրը՝