Միայն ՀՕՊ-ի մասին մտածելը նման է այն բանին, որ ֆուտբոլի հանդիպման ժամանակ քո տասնմեկ ֆուտբոլիստներն էլ միայն դարպասապահ լինեն: Առավելագույնը, ինչի հույս կարելի է ունենալ՝ 0:0-ն է:
Արծրուն Հովհաննիսյան
1inAm-ը զրուցել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, նախկին ՊՆ խոսնակ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
Զրույցի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վերջերս եղել է Աբու-Դաբիում, ծանոթացել այնտեղ ցուցադրված նորագույն զինատեսակներին: Ա. Հովհաննիսյան ասաց, որ այնտեղ ռազմական առումով որևէ աննախադեպ բան չկար ցուցադրված: Կային հետաքրքիր մոտեցումներ, որոշ հետաքրքիր նորություններ, բայց չկար մի այնպիսի զինատեսակ, որն ինքն իրենով գլխիվայր շուռ տար զենքի աշխարհի մասին պատկերացումները: Այնտեղ ցուցադրությանը մասնակցում էին նաև թուրքերը, նրանք վարձակալել էին ամենամեծ տաղավարներից մեկը և ներկայացնում էին ինչ որ չափով հնացած, բայց դեռևս հարցեր լուծող զինտեխնիկա: Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց Հարավաֆրիկյան հանրապետության զինտեխնիկայի մասին, ավելացնելով, որ նրանք ունեն աշխարհի լավագույն տասնյակում տեղ ունեցող զինտեխնիկան, մշտապես համագործակցում են արևմուտքի առաջատար ընկերությունների և պետությունների հետ: Ի դեպ, Աբու-Դաբիում շատ քիչ էին համաշխարհային առաջատարների ցուցադրությունները: Այդ հավանաբար հետևանք է այն բանի, որ նրանց կողմից ստեղծված զինատեսակները շատ հաճախ բաց չեն ցուցադրվում, դրանք գովազդի համար չեն, այլ իրենց ցույց են տալիս միանգամից պրակտիկայում:
Արծրուն Հովհաննիսյանը նաև լայն անդրադարձ կատարեց հնդկական ռազմաարդյունաբերությանը, նշելով, որ իր ժամանակին խորհրդային բանակի գրեթե բոլոր զինատեսակներն ու ցամաքային բանակի հայեցակարգն ունեցող Հնդկաստանը դեռևս 90-ականների երկրորդ կեսից սկսել է իր ռազմաարդյունաբերության հանդեպ հեղափոխական մոտեցումը: Հնդիկները նախ շատ լավ կարողանում են մոդեռնիզացնել իրենց ձեռքի տակ եղածները, ապա և ուրիշ պլատֆորմների հիման վրա իրականացնել սեփական մշակումները, այնպես ինչպես դա արեցին շվեդական պլատֆորմի վրա՝ հրաժարվելով ռուսականից: Հնդկաստանը շատ արագ քայլերով է առաջ ընթանում և հեռու չէ այն օրը, երբ նույնիսկ այնպիսի հսկան, ինչպիսին է Չինաստանը, իր թիկունքին կզգա Հնդկաստանի շունչը: Հնդկաստանն այսօր էլ ունի խորհրդային զենքի ամենալայն տեսականին, նույնիսկ տանկերի և կործանիչ ինքնաթիռների քանակով: Հնդկաստանը մշտապես եղել է Հայաստանի համար ամենից կարևոր ուղղություններից մեկը, որը մենք դժբախտաբար չենք հասկացել:
Ապա անդրադարձ կատարվեց ժամանակակից պատերազմներին, հատկապես ՀՕՊ և ավիացիոն ոլորտներին: Արծրուն Հովհաննիսյանը վճռաբար հայտարարեց, որ եթե բանակի հայեցակարգը նախատեսում է միայն ՀՕՊ-ի ուժեղացում և այսպես ասված պասիվ պաշտպանություն, ապա պարտությունն անխուսափելի է: Նա համեմատական անցկացրեց ասելով, որ միայն ՀՕՊ-ի մասին մտածելը նման է այն բանին, որ ֆուտբոլի հանդիպման ժամանակ քո տասնմեկ ֆուտբոլիստներն էլ միայն դարպասապահ լինեն: Առավելագույնը, ինչի հույս կարելի է ունենալ՝ 0:0-ն է: Ներկայիս պատերազմներում ցամաքային հայեցակարգ ունեցող բանակները պարտվում են, միայն ցամաքային զորատեսակները հարստացնելով հնարավոր չէ հաղթանակի հասնել: Մեր պարագայում մենք թուրքական Բայրաքթարների դերը գերագնահատեցինք այն դեպքում, երբ ադրբեջանական բանակը ոչ թե միայն Բայրաքթարով էր գործում այլ հստակ արտահայտված ավիացոն համագործակցությամբ, որի մի մասն են նաև անօդաչու սարքերը: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ՀՕՊ-ը ևս կարևոր է, այն պետք է հզորացնել, ավելի ճկուն դարձնել, ավելի որակյալ, բայց չի կարելի միայն մեկ ուղղության վրա կենտրոնանալ: Եվ նույնը նաև ավիացիայի հարցով: Միայն ավիացիան չի կարող հաղթանակ բերել: Միայն մեկ ուղղության վրա կետրոնացման սխալը տեսանելի էր նույնիսկ երկրորդ համաշխարհայինի վերջերից: Մենք անհաղորդ մնացինք:
Ռուսական բանակը միշտ էլ ցամաքային հայեցակարգ է ունեցել: Մի բան, որն արդեն հնացած է: Ռուսների համար և՛ ավիացիան, և՛ նավատորմը եղել են երկրորդային դեր ունեցող երևույթներ: Ուզենք-չուզենք պիտի հասկանանք ու ընդունենք, որ պատերազմների ձևը ևս փոխվում է: Մենք չենք կարող շարունակել ունենալ այն մտածողությունը, որ կիրառվում էր սրանից կես դար առաջ: Բայրաքթարը չհաղթեց մեզ, այլ հին մտածողությունը: Ադրբեջանցիները նույնիսկ SPIKE NLOS կիրառեցին, МИ-8 ուղղաթիռներով, նրանք հնացած ԱՆ-20 ինքնաթիռներով բացահայտեցին ու ոչնչացրին մեր ՀՕՊ-ը: Ահա սա էր պարտության տանող պատճառներից մեկը: Հինը նորի դեմ: Մինչ մենք ուրախանում էինք հին ինքնաթիռներ խփելով և համարելով, որ ադրբեջանական ավիացիան անճարությունից դրդված հին ինքնաթիռներ է կիրառում, նրանք հերթով բացահայտում էին մեր ՀՕՊ-ի դիրքերը և հետևողականորեն ոչնչացնում այն:
Արծրուն Հովհաննիսյանը նաև խոսեց ռուս-ուկրաինական պատերազմի մասին, ասելով, որ եթե ուկրաինացիները թեկուզ հարյուր հազար զինվորով հարձակվեն, բայց չունենան ավիացիոն ճկուն համագործակցություն, տապալվելու են: Եթե ռուսները ունեն քիչ թե շատ նորմալ ավիացիոն համակարգ և գոնե նվազագույն պաշտպանություն, ապա ուկրաինական հարձակումը խեղդվելու է իր իսկ արյան մեջ:
Մենք պիտի կարողանանք դուրս գալ նեղ մտածողությունից, խորհրդային ցամաքային տրամաբանությունից, այլապես հերթական պարտությունը իրեն երկար սպասեցնել չի տա: