Ամենալավը աշխարհում չկա, ամեն կողմն ունի իր առավելություններն ու թերությունները, դա չէր նշանակելու, որ պետք է միայն ռուսական զենքով ու մտածողությամբ սահմանափակվելու:
Մեր Ուղին
Հայաստանն ու Հունաստանը ստորագրել են ռազմական համագործակցության նոր ծրագիր, որը ենթադրելու է համատեղ 21 միջոցառում: Այս մասին գրել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:
Պետք է նշել, որ Հայաստան-Հունաստան կապերը նոր բան չեն և ռազմական գործակցության ոլորտը ևս նորություն չէ, թեև հասարակությունն ամեն անգամ այնպիսի զարմանք է ապրում, որ կարծես դա որևէ աննախադեպ պատմական նորություն լինի: Իհարկե համագործակցությունը շատ կարևոր է, հատկապես, որ հունական բանակը այսօր բավական ժամանակակակից զինատեսակներով հագեցած, արևմտյան պլատֆորմով զարգացած բանակ է:
Այստեղ կարևոր է ոչ այնքան հենց հունական կողմի հետ գործարքը, որքան ընդհանրապես գործարքը ոչ ռուսների հետ: Այսինքն միակողմանիության սահմաններից դուրս գալու խնդիրն է, որ շատ երկար ժամանակ խեղդում է Հայաստանը: Նույնիսկ եթե ռուսական բանակային հայեցակարգը լիներ աշխարհում ամենալավը, իսկ ամենալավը աշխարհում չկա, ամեն կողմն ունի իր առավելություններն ու թերությունները, դա չէր նշանակելու, որ պետք է միայն ռուսական զենքով ու մտածողությամբ սահմանափակվելու:
Հայաստանը հնարավորություն ունի, և միշտ էլ ունեցել է, մյուսների հետ ևս որոշակի հարաբերություններ հաստատելու: Հարաբերվելու բոլորի հետ: Ոչ այնքան ծայրահեղ մոտեցումով, որքան որ տրամադրված են հայ քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներ, այսինքն շատ արագ վռնդել ռուսներին, մտնել ՆԱՏՕ, ստանալ գերժամանակակից զենքեր ու ապահով ապրել(ինքն հասկանալի է, որ այդ ամենը արագ անելն անհնար է ու միաժամանակ երկու նապաստակի հետևից վազելով կարելի է երկուսին էլ կորցնել), բայց այն հնարավորություն է տալիս գոնե հավասարակշռման քաղաքականություն սկսել: Այնպես, որ ոչ Արևմուտքը հիասթափվի մեր դանդաղկոտությունից, ոչ էլ ռուսները խանդեն:
Իսկ դա ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ: Չեզոք Հայաստանը, որի մասին շատերն են երազում, հնարավոր է, բայց միայն այն պարագայում, երբ Հայաստանը խոսի բոլորի, այլ ոչ թե մեկուսանա և չշփվի ոչ ոքի հետ:
Մեր Ուղին
Առաջարկում ենք կարդալ Հակոբ Բադալյանի հոդվածը հայ-հունական ռազմական համագործակցության մասին՝
Հայաստանն ու Հունաստանը ստորագրել են ռազմական գործակցության նոր ծրագիր, որը ենթադրելու է 21 համատեղ միջոցառում՝ 15-ը Հունաստանում և 6-ը Հայաստանում: Միջոցառումների ծրագիրը բազմազան է, մարտական պատրաստականության հարցերից, մինչև ռազմակրթություն:
Հայ-հունական ռազմական գործակցությունն ունի ավելի քան երկու տասնամյակի պատմություն և այն արժեքավոր է ոչ միայն երկկողմ իմաստով, այլ նաև այն հանգամանքի բերումով, որ Հունաստանը ՆԱՏՕ անդամ է: Ըստ այդմ, Հունաստանի հետ Հայաստանի ռազմական գործակցությունը անվտանգության հարցերում բարձրագույն ստանդարտների տիրապետող դաշինքի հետ աշխատանքային առնչության կարևոր մի խողովակ է, ինչը հույժ անհրաժեշտ է հայկական բանակի համար: Դրա անհրաժեշտությունը չափազանց մեծ է առավել ևս այսօր, երբ կան մի շարք իրողություններ, որոնք պայմանավորված են ոչ միայն 44-օրյա պատերազմով և դրա ցավագին հետևանքով, այլ նաև ուկրաինական պատերազմով, որտեղ գործնականում ակնառու է ռազմական կառավարման և կառուցվածքի այսպես ասած սովետա-ռուսական մոդելի տապալումը:
Ռուսաստանն ինքը տարբեր մակարդակներում գործնականում ընդունում է այդ տապալումը և ուկրաինական պատերազմը դիտարկում նաև «դաս սերտելու» տրամաբանության շրջանակում: Բայց, դա իհարկե Ռուսաստանի գործն ու խնդիրն է, իսկ Հայաստանն ունի իր ցավագին դասերը և մոդելային առումով սովետառուսական ռազմակառավարման և կառուցվածքի տապալում էր նաև 44-օրյա պատերազմը, որում հայկական զինուժը փաստացի բախվեց ըստ էության եվրաատլանտյան ստանդարտներով ձևավորված ռազմուժի, իհարկե ոչ միայն ադրբեջանական զինուժի, այլ գործնականում անմիջականորեն նաև թուրքական մասնակցության, նաև իսրայելական աջակցության մասնակցությամբ: Միով բանիվ, խորքային ռեֆորմացիայի հրամայականի առաջ գտնվող հայկական զինուժի համար հույժ կարևոր են բարձր անվտանգային ստանդարտներ տնօրինող ուղղության՝ եվրաատլանտյան ուղղության հետ աշխատանքային փոխհարաբերության բազմազան խողովակները: Ընդ որում, այստեղ հարկ է առանձնացնել և ընդգծել, որ խնդիրը պետք է դնել անմիջական քաղաքական դաշտից դուրս, ու նաև այդ տեսանկյունից է կարևոր Հունաստանի հետ երկկողմ գործակցության խողովակը:
Այսինքն, ՆԱՏՕ ստանդարտների հետ աշխատանքը Հայաստանը չի դիտարկում և չպետք է դիտարկի աշխարհաքաղաքական կողմնորոշման կամ ընտրության համատեքստում: Եվ ոչ այն պատճառով, որ կա Ռուսաստանի խանդի խնդիր:
Առաջին հերթին, կա համաշխարհային պատերազմ, որը աշխարհաքաղաքական իմաստով դեռ շատ վերափոխումներ է բերելու բոլոր ուղղություններով, ըստ այդմ մտնել մեծ անորոշությունների դաշտ, Հայաստանին բոլորովին պետք չէ: Փոխարենը, կա հայ-հունական երկկողմ գործակցության բազմազան ու հարուստ օրակարգը և դրանով ձևավորվող՝ բարձր անվտանգային ստանդարտների հետ մասնագիտական աշխատանքի, այդ կերպ Հայաստանի ԶՈՒ որակական և կառուցվածքային ռեֆորմացիայի խնդրում կարևոր աշխատանքային հնարավորությունը: Հայաստանի համար ներկայումս դա է գերխնդիրը՝ քաղել համաշխարհային արդյունավետ փորձից առավելագույնը, պաշտպանական սեփական խնդիրներում կարողունակությունը բարձրացնելու և ըստ այդմ արդեն հետագա ռազմա-քաղաքական զարգացումներում դիվանագիտական կշիռն ավելացնելու համար:
Աղբյուրը՝