Հայաստան

Հրաժարվել Հնից, Կառուցել Նորը

Արդեն մի քանի տարի է գործողությունների այս տրամաբանությունը չի փոխվում՝ ադրբեջանցիների առաջխաղացում, ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններ, ռուսներին դիմելն անիմաստ է և այսքանից հետո մեր պահվածքը շարունակում է մնալ նույնը: Այնպիսի տպավորություն է, որ մենք դիմում ենք Ռուսաստանին լավ իմանալով, որ Ռուսաստանը ոչ մի բան չի անի:

Դավիթ Ստեփանյան

Եթե այն իրավիճակն է, որ մենք վախենում ենք Ադրբեջանին պատասխանել, որպեսզի չլինի մեծ պատերազմ, ուրեմն պետք է ամբողջ համակարգը քանդենք ու զրոյից հավաքենք, այսինքն պետք է դիմենք Արևմուտքին. Դավիթ Ստեփանյան

«Այս ամենը նրա համար է արվում, ինչի համար եղել է 44-օրյա պատերազմը,ինչի համար օկուպացվել է ՀՀ-ի տասնյակ քառակուսի կիլոմետր տարածք, ինչի համար Արցախն են ուզում հայաթափել, նույն տրամաբանությունն է, որևէ բան չի փոխվել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով մարտի 30-ին ԱԱԾ-ի տարածած այն հայտարարությանը՝ ըստ որի 5 կետում ադրբեջանական կողմը 100-300 մետր առաջ է եկել՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը: 

Քաղաքագետը խնդրի շրջանակում այլ հարցի վրա ուշադրություն դարձրեց. «Իրականում,ՀՀ-ի տարածքի հերթական կտորն են պոկել, ես կուզեի ուրիշ բանի վրա կենտրոնանալ, մենք չգիտեի՞նք, որ դա լինելու է, մենք չգիտեի՞նք, որ Ադրբեջանն առաջխաղացում է ունենալու, ինչո՞ւ մենք այդ դիրքերում չունեինք զորամասեր, ինչո՞ւ մենք այդտեղ զինվորներ չունեինք: Հենց ԱԱԾ-ի հաղորդագրությունում գրվում է, որ այնտեղ չեն եղել մեր բանակի ներկայացուցիչներ, այստեղ է հիմնական խնդիրը: Արդեն 2.5 տարի այս տրամաբանությունը զարգանում է, ինչի վրա ենք զարմանում: Այդ նույն Տեղ համայնքի հատվածում պետք է լինեին զորամիավորումներ, որպեսզի ադրբեջանցիները չկարողանային առաջ գալ: Այսինքն, եթե այն իրավիճակն է, որ մենք վախենում ենք Ադրբեջանին պատասխանել, որպեսզի չլինի մեծ պատերազմ, և մենք այս իրավիճակում անպաշտպան ենք և անվտանգային համակարգը չի աշխատում՝ ՀԱՊԿ, Ռուսաստան և այլն, ուրեմն պետք է այդ ամբողջը քանդենք ու զրոյից հավաքենք: Այսինքն, այստեղ պետք է դիմենք Արևմուտքին»: 

Ադրբեջանցիների այս վարվելակերպը Ստեփանյանը համարեց հստակ գործողությունների հերթականության շարունակություն. «Թիվ մեկ նպատակը ճնշում գործարդելն է արցախցիների վրա, որպեսզի այդ ճնշման հետևանքով նրանք լինեն ավելի կոնստրուկտիվ Ադրբեջանի կազմում ինտեգրման հարցում, այն բանակցություններում, որն Ադրբեջանն այդպես է պատկերացնում, և երկրորդը՝ այն արցախցիները, որոնք կոնստրուկտիվ չեն ցանկանում լինել, իրենց գույքը հավաքեն և թողնեն հեռանան իրենց հայրենիքից: Այս երկու հերթական թիրախը հենց գալիս է Արցախի հայաթափման ծրագրից, այսինքն, տարբեր ուղղություններով Ադրբեջանը գնում է այդ նպատակի ուղղությամբ: Ադրբեջանին պետք է Արցախ՝ որպես տարածք, նրան պետք չէ Արցախ՝ որպես բնակեցված տարածք»: 

Այս համատեքստում անդրադառնալով Ռուսաստանի դերին և տեղի ունեցող սադրանքներին ռուս խաղաղապահների ոչ պատշաճ արձագանքին՝ Դավիթ Ստեփանյանը նշեց. «Ռուսաստանն Ադրբեջանի հետ ունի բազմաթիվ պայմանավորվածություններ, ինձ զարմացնում է մեր պահվածքն այս իրավիճակում: Արդեն մի քանի տարի է գործողությունների այս տրամաբանությունը չի փոխվում՝ ադրբեջանցիների առաջխաղացում, ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններ, ռուսներին դիմելն անիմաստ է և այսքանից հետո մեր պահվածքը շարունակում է մնալ նույնը: Այնպիսի տպավորություն է, որ մենք դիմում ենք Ռուսաստանին լավ իմանալով, որ Ռուսաստանը ոչ մի բան չի անի»:

Իսկ թե ինչքանով է հավանական, որ այս իրավիճակում Արևմուտքը կգա մեզ օգնության՝ քաղաքագետն ասաց. «Ե՛վ մեր, և՛ Արևմուտքի կոչերը դեկլարատիվ են, սա քաղաքական հռետորաբանություն է, սա էլ է կարևոր, մեր կողմից գալիս է հռետորաբանություն, այնտեղից գալիս է հռետորաբանություն: Մենք պետք է մի բան հասկանանք, եթե ՀՀ-ն դե յուրե հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, եթե ՀՀ-ն հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, ՀՀ տարածքում կան բազմաթիվ ռուսական ռազմաբազաներ, ոչ միայն 102-րդ ռազմաբազան, այև՝ սահմաններին, եթե Արցախում կա ռուսական ռազմաբազա, Արևմուտքն ի՞նչ պետք է անի, ինչպես պետք է մեզ պաշտպանի Ադրբեջանից: Եթե մենք ուզում ենք Արևմուտքից ստանալ աջակցություն, ոչ թե դեկլարատիվ, որը մինչև այսօր կա` այլ գործուն, ուրեմն մենք էլ պետք է գործենք՝ կա՛մ ՀԱՊԿ-ից դուրս գանք, կա՛մ մեր հարաբերությունները փոփոխենք, կա՛մ ռուսական ռազմաբազան այստեղից դուրս հրավիրենք, կա՛մ դրսից կոնտինգենտ բերենք, կա՛մ ՆԱՏՕ-ի հետ սկսենք մեր հարաբերություններն ընդլայնել իրավական դաշտում: Այսինքն, եթե մենք դե ֆակտո ոչ մի բան չենք անում, հողի վրա գործողություններ չենք անում, այս դեպքում ի՞նչ ենք ուզում մենք Արևմուտքից, ուրիշ ձև չի կարող լինել, այդպես չի լինում քաղաքականությունում, որ դու լինես մեկ ռազմական բլոկի անդամ, իսկ օգնություն ակնկալես ուրիշից»: 

Մեր այն հարցին, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելով չի մեծանա ռազմական էսկալացիայի վտանգը՝ Դավիթ Ստեփանյանն ընդգծեց. «Ռազմական էսկալացիայի վտանգը լինելու է և՛ այդ դեպքում, և՛ կա հիմա: Եթե մենք իմանայինք, որ ոչ մի տեղից դուրս չենք գալիս, ոչ մի բան չենք անում ու այստեղ ամեն ինչ հանգիստ է լինում, պատերազմ չի լինում, ես կարող էի դա արդարացնել, բայց մեզ մոտ իրավիճակն այլ է: Այսինքն, եթե այս ամենը կատարվում է այն պայմաններում, երբ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք և որևէ կերպ Ադրբեջանի գործողությունները չեն կանխվում, ուրեմն, գուցե իմաստ ունի մտածել հակառակ կողմի մասին, միգուցե այդ ժամանակ ինչ-որ մի բան փոխվի»: 

Խոսելով տարբեր մակարդակով հնչող այն հայտարարությունների մասին, որ հնարավոր է տեղաշարժեր լինեն և խաղաղության պայմանագիրը շուտով կնքվի՝ Ստեփանյանն ասաց. «Այո, հնարավոր է, որ ինչ որ տեղաշարժ կա՝ հաշվի առնելով հայտարարությունները: Այդ ամենը կատարվում է մեծ հաշվով  Արևմուտքի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, բայց մենք տեսնում ենք, որ այս ամենը զուգորդվում է Ադրբեջանի առաջխաղացմամբ: Այնտեղ, որտեղ Ադրբեջանը եկել կանգնել է, այլևս չի գնալու, կունենանք մենք խաղաղության պայմանագիր, թե չենք ունենա, նրանք մնալու են այդտեղ: Ադրբեջանն էլ է դրան պատրաստվում, բայց շատ յուրովի՝ փորձում են պոկել ինչքան հնարավոր է: Ես հույս ունեմ, որ գոնե այդ պայմանագրով զիջումներ չեն լինելու, որովհետև զիջումները մեզ համար անթույլատրելի են, անթույլատրելի է ոչ միայն նրա համար, որ մեր հայրենիքի ամեն մի մետրը կարևոր է, այլ այդ զիջումների արդյունքում կարող է ձևավորվել լրիվ այլ ռազմաքաղաքական բալանս՝ ի վնաս Հայաստանի: Այսինքն, այդ խաղաղությունը պարադոքսալ է, դա կարող է նոր հիմք ստեղծել նոր պատերազմների համար ապագայում, սա մենք պետք է թույլ չտանք»:

Աննա Բզնունի

Հարցազրույցը՝ zarkerak.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *