Ազատ բեմ

Սահմանազատում Եւ Սահմանագծում

Հայաստանի սահմանների սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի մասին, որը Պուտինի քավորությամբ եւ Նիկոլի կամակատարությամբ տեղի է ունենում արդեն երկու տարի եւ որը գաղտնի է պահվում հայ ժողովրդից:

Սարո Սարոյան

ՀՀ ԱԱԾ մարտի 30-ի հաղորդագրության 1-ին կիտում կարդում ենք.
ՙՙՀամաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով՚՚:

Սա կարեւոր ինքնախոստովանանք է ՀՀ վարչախմբի կողմից առ այն, որ կուլիսներում Բաքվի հետ եւ Կրեմլի քավորությամբ կայացվում են պայմանավորվածություններ, որից տեղյակ չէ հայ ժողովուրդը: Սակայն, այստեղ կարեւոր մի դետալ կա, որը շատերը չեն նկատի: Այսօր հետադարձ հայացքով կարելի է պարզ տրամաբանական եզրահանգման գալ առ այն, որ եթե պայմանավորվածություն է կայացվում 2023 թ. ապրիլի 1-ին իրականացնել սահմանների փաստացի դեմարկացիա, ապա արդեն իսկ դելիմիտացիան (սահմանանշումը քարտեզի վրա) տեղի է ունեցել կա՛մ 2022թ. օգոստոսին, կա՛մ դրանից առաջ: Ընդ որում, նշածս հանգամանքը ապացուցվում է Կրեմլի ձեռնածու ՀՀ ԱԱԾ հաղորդագրության 4-րդ եւ 5-րդ կետերի տվյալներից.
ՙՙՏեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացրել ինժեներական աշխատանքներ:
Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը՚՚:

Եթե քարտեզագիրները կոնկրետ հողի վրա, թեկուզեւ հստակ նկրտումներ ցուցանելով միմյանց նկատմամբ, պետք է ճշգրտեն իրավիճակը, դա նշանակում է, որ կա երկու պետությունների կոնկրետ դելիմտիացիան ապահովող քարտեզ, որի դեմարկացիան քարտեզագիրների կողմից իրականացնելիս իսկապես կարող են ծագել 100-ից 300 մետրանոց հստակեցումներ: Ուստի, արձանագրենք, որ ՀՀ ԱԱԾ-ն վկայում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նախկինում արդեն իսկ տեղի է ունեցել դելիմիտացիա, իսկ մարտի 30-ին սահմանի կոնկրետ մի՝ Տեղ-Կոռնիձոր հատվածում տեղի է ունեցել դեմարկացիայի գործընթաց:

Ես կարող էի այստեղ կանգ առնել ու շատ այլ մանրամասներ չասել, բայց գիտեմ, որ շատ նրբություններ Հայաստանում չեն հասկանում ոչ քաղաքական գործիչները, ոչ էլ անգամ քաղաքական վերլուծաբանները, ուստի շարունակեմ:

Կա երկրորդ էական դետալը, որը պետք է մեր աչքի առաջ լինի: Օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությանը հետեւել են սեպտեմբերյան դեպքերը, որը բերեց հսկայական տարածքային կորուստների հայկական կողմից: Եթե ԱԱԾ-ն վկայում է, որ օգոստոսին եղել է պայմանավորվածություն, իսկ դա, ինչպես ասվեց, սահմանների դելիմիտացիայի գործընթաց է եղել, ապա սեպտեմբերին տեղի ունեցող դեպքերը երկու պատճառաբանությամբ կարող են բացատրվել: Այն է՝
1) կամ Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունը եւ դիմել զենքի, ուստի այդ դելիմիտացիան առ ոչինչ պետք է համարվեր,
2) կամ ինչ տեղի է ունեցել սեպտեմբերին, դա օգոստոսյան կամ մինչ օգոստոսյան պայմանավորվածությունների տրամաբանության մեջ է մտնում եւ սեպտեմբերին մենք կրկին գործ ենք ունեցել դեմարկացիոն գործընթացի հետ՝ հաշվի առնելով երկու պետությունների միջեւ արդեն իսկ տեղի ունեցած սահմանների քարտեզագրումը (դելիմիտացիան):

Մարտի 30-ի դեպքերը գալիս են վկայելու, որ ՀՀ վարչախումբը ընդունում է օգոստոսյան պայմանավորվածությունների իրավազորությունը եւ սեպտեմբերյան դեպքերը նրա համար պայմանավորվածությունները չեղարկելու հիմք չի դարձել: Ուստի այստեղ տրամաբանությունը հուշում է, որ սեպտեմբերին եւս գործ ենք ունեցել կոնկրետ իրականացվող դեմարկացիոն գործընթացի հետ: Ու քանի որ Ջերմուկի եւ Վարդենիսի՝ Ադրբեջանին փոխանցվող տարածքները 100-300 մետրանոց ճշգրտումների անվան տակ հնարավոր չէր քողարկել, կոնկրետ լուծումը տրվել է ռազմական գործողությունների միջոցով՝ հայ ժողովրդին փաստի առաջ կանգնեցնելու տարբերակով:

Կան նաեւ այլ դետալներ, որոնք պետք է նկատի ունենալ եւ որոնց մասին ես իմ հարցազրույցներում խոսել եմ առնվազն վերջին մեկ տարում: Դեռեւս 2021 թ. դեպքերի ժամանակ շատերը տարակուսում էին, թե ինչպես ՀՀ բանակի զինվորներին հրաման էր տրված դիրքերում ոչ մի դեպքում չկրակել, որի արդյունքում ադրբեջանցիները հայկական դիրքեր էին գրավում՝ ծեծելով, ստորացնելով հայ զինվորներին ու ստիպելով լքել իրենց դիրքերը: Շատերը չէին հասկանում, որ այդ ժամանակ եւս տեղի էր ունենում դեմարկացիոն գործընթաց ու ՀՀ վարչախումբը կոնկրետ դիտավորությամբ ու ցուցումով էր, որ հրամայել էր զինվորներին արգելել կրակ բացել թշնամու վրա: Այս գործընթացը կանգ առավ Փառուխի դեպքերի արդյունքում, երբ Արցախի ՊԲ զինվորները դիմեցին զինված դիմադրությանը եւ այլեւս այդ մեթոդաբանությամբ անհնար դարձավ սահմանների դեմարկացիան իրականցանել:

Ռուս-թուրքական տանդեմի կողմից հարկ կար նոր մեթոդաբանությամբ շարժվել ՀՀ սահմանների դեմարկացիան իրականացնելիս եւ դա կոնկրետ արտահայտվեց ռազմական գործողությունների միջոցով ուղղակիորեն տարածքներ գրավելու ձեւով: Այդ տանդեմի կամակատար ՀՀ իշխանությունները որքան էլ ցանկանային թույլ չտալ ՀՀ սահմանների այդպիսի վերաձեւումներ, կատարյալ կամազուրկ, վախկոտ ու տգետ իրենց էությամբ չէին կարող դրա դեմն առնել: Եւ 2022թ. օգոստոսն այդ պայմանավորվածությունների կայացման կուլմինացիան է եղել ու դրան հասել են՝ երկրում քաոս ստեղծելու վտանգը ՀՀ վարչախմբի գլխին կախելով: Օգոստոսին, երբ նշվում է, որ կայացվել է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը, չմոռանանք, որ դրան նախորդել էր Երեւանում հանրային վայրերում ռումբի տեղադրման մասին պարբերաբար կրկնվող սպառնալիքների շարանը, որն ավարտվեց Սուրմալուի պայթյունով: Այդ պայթյունը դարձավ ՀՀ վարչախմբի կողմից ձեռքերը վեր բարձրացնելու ու Բաքվի հետ դելիմիտացիա իրականացնելու օպերացիա: ՀՀ վարչապետն անձամբ ուղղորդեց քննությանը՝ պնդելով հրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու հանգամանքը՝ թաքցնելու համար այն, ինչ տեղի էր ունենում Հայաստանի շուրջ զարգացումների համատեքստում: Ամիսներ անց նույնը մենք կտեսնենք նաեւ Վարդենիսի Ազատ գյուղում 15 զինվորների մահվան դեպքում…

Իհարկե տեղի ունեցող գործընթացից քիչ թե շատ գլուխ հանող մարդիկ նախորդ ամիսներին հույս էին կապում, որ ԵՄ դիտորդների ներկայությամբ ռուս-թուրքական տանդեմը ի վիճակի չէր լինի կոնկրետ ռազմական գործողությունների միջոցով դեմարկացիա իրականացնելու իր գործընթացի շարունակությունն ապահովել: Բայց ինչպես տեսնում ենք, լուծումները միշտ գտնվում են, երբ պետության ղեկին են գտնվում ապազգային, անսկզբունք, տգետ ու վախկոտ մարդիկ: Եթե ռազմական ճանապարհով հնարավոր չէ սահմանների դեմարկացիա իրականացնել, կարվի մի գիշերվա ընթացքում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հեռանալու ու ադրբեջանցիների ոտքով անխոչընդոտ առաջանալու ձեւով՝ հայկական բանակի լուռ հայացքի ներքո եւ տվյալ տարածքի՝ ՀՀ ԱԱԾ իրավասության տակ գտնվելու վկայակոչմամբ:

Ի դեպ, ես բազմիցս նշել են, որ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի գործընթացը բավական մեծ բեռնվածություն ունի, եւ դեռ պլանային կարգով այդ լուծումները ռուս-թուրքական տանդեմի կողմից պետք է տրվեն Սյունիքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Նախիջեւանի հետ սահմանին ու հատկապես Տիգրանաշենի հատվածում, ինչպես նաեւ՝ Տավուշի մարզի շատ հատվածներում: Այդ ամենը թույլ չտալու մենք մի ճանապարհ ունենք ու դա կապված է ՀՀ վարչախմբի հեռացման հետ, քանզի մեր դեմ գործում են թշնամի պետությունները՝ իրենց ռեսուրսներով ու պետական լծակներով՝ ձեռքում ունենալով կամակատար Նիկոլին ու նրա թիմին՝ տհասների երեւանյան մանկապարտեզին: Հայ ժողովուրդը դրան դիմագրավել կարող է միայն համապատասխան ռեսուրսներ մոբիլիզացնելով ու պետական լծակներ կիրառելով: Խնդիրը մեր անզորության մեջ է դեպի սեփական կառավարողները, ոչ թե՝ թշնամին: Տհասների ու տգետների մի ամբողջ թիմ ամեն օր կարողանում է ստեղծել կեղծ օրակարգեր՝ եթերը լցնելու համար: Լինեն սակուրա ծառեր, իրար վրա թքելու կամ իրար ծեծելու դեպքեր, մենք իրավունքն չունենք միայն դրանց վրա կենտրոնացնել մեր ողջ ուշադրությունը: Արցախի անվտանգության ապահովման ու ապաշրջափակման, հայ-ադրբեջանական շփման գծի կահավորման խնդիրները մեր ամենօրյա մտահոգության առարկան պետք է լինեն, քանզի պատերազմը չի ավարտվել ու ռազմական գործողություններ դեռ շատ են լինելու՝ որքան էլ կեղծի ու խաբի սեփական ժողովրդին ապազգային ՀՀ վարչախումբը:

Գրառումը Սարո Սարոյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *