Ադրբեջանն այսօր որդեգրել է հետևյալ մարտավարությունը՝ սողացող պատերազմ, փոքր էսկալացիաներ, ինչի հետևանքով նա թեկուզ քիչ, բայց նորանոր պատերազմներ է վերցնում թե՛ Հայաստանի Հանրապետությունից և թե՛ Արցախի այն հատվածից, որը գտնվում է ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի ներքո։
Սուրեն Սուրենյանց
Լայնամասշտաբ պատերազմի դեպքում Ադրբեջանը մեծ քաղաքական գին կվճարի, իսկ Իրանը կփորձի հնարավորինս հեռու մնալ
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
-Պարոն Սուրենյանց, ակտիվորեն քննարկվում է «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի զեկույցը, որում փորձագետները նշում են, որ Ադրբեջանը Ղարաբաղում կամ Հայաստանի սահմաններին լայնածավալ նոր ռազմական գործողությունների չի գնա, քանի որ իր նպատակներին հասնում է փոքր քայլերով, իսկ Իրանը, չնայած մտահոգված է առևտրային ուղիներ կորցնելու հեռանկարից, հակամարտության մեջ ուղիղ չի ներգրավվի։ Կիսու՞մ եք այս գնահատականները։
-Հենց ձեր լրատվամիջոցին տված իմ բազմաթիվ հարցազրույցնում ես գրեթե նույն շեշտադրումներով կանխատեսումներ եմ արել։ Ակնհայտորեն Ադրբեջանին մեծ պատերազմ պետք չէ, որովհետև ինքը լոկալ էսկալացիաներով, սողացող պատերազմի մարտավարությամբ իր բանակցային դիրքերն ուժեղացնելու խնդիր ունի։ Այսինքն՝ չկան հիմքեր ենթադրելու, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է հրահրելու։ Եվ ոչ թե այն պատճառով, որ չի կարող՝ ուժային առավելությունը, ցավոք սրտի, իրենցն է, պարզապես պատերազմի համար միայն ուժային դիսբալանսը բավարար չէ։ Բաքուն հաշվարկում է նաև միջազգային խաղացողների արձագանքը, նաև այն գինը, որ պետք է վճարի հնարավոր մեծ պատերազմի դեպքում։ Բնականաբար՝ այդ բոլոր գործոնները հաշվի առնելով, ընտրում է այն մարտավարությունը, որն իրեն առավելագույն օգուտ կտա, ավելի քիչ իմիջային հարվածներ կհասցնի։
-Իսկ ո՞րն է այդ գինը, որ լայնամասշտաբ գործողությունների դեպքում Ադրբեջանը կվճարի։
-Լայնամասշտաբ պատերազմի դեպքում միջազգային արձագանքն ու ներգրավվածությունն ավելի մեծ է լինում, ինչի պատճառով, բնականաբար, պատերազմ սանձազերծողը որոշակի քաղաքական գին է վճարում։ Ադրբեջանն այսօր որդեգրել է հետևյալ մարտավարությունը՝ սողացող պատերազմ, փոքր էսկալացիաներ, ինչի հետևանքով նա թեկուզ քիչ, բայց նորանոր պատերազմներ է վերցնում թե՛ Հայաստանի Հանրապետությունից և թե՛ Արցախի այն հատվածից, որը գտնվում է ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի ներքո։ Այդ մարտավարության պարագայում, մենք ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը որևէ լուրջ միջազգային հակազդեցության չի հանդիպում։Այսինքն՝ ռուսական խաղաղապահ առաքելությունը չի դիմադրում (պատճառների մասին շատ ենք խոսել), արևմուտքից չեն հետևում պատժամիջոցներ։ Տեսնում ենք նույնիսկ, որ միջազգային օրակարգում Լաչինի միջանցքի հարցը մոռացվել է, համենայնդեպս կա այդպիսի տպավորություն։ Այս մարտավարությունը Ադրբեջանին բերում է մաքսիմալ դիվիդենտներ.անընդհատ լարվածության մեջ պահել Հայաստանը, Արցախը, պարբերաբար ստրատեգիական նշանակության նոր տարածքներ վերցնել իր վերահսկողության տակ, ինչն անխուսափելիորեն բերում է բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքերի ուժեղացմանը։
Ինչ վերաբերում է Իրանին, ապա ես դարձյալ համաձայն եմ զեկույցում հնչած գնահատականների հետ՝ այո՛, Իրանը մեր բնական դաշնակիցն է սկզբունքային մի շարք հարցերում, այդ թվում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցերում։ Այդ մասին Թեհրանը բազմիցս ասել է։Սակայն այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա՝ արդյոք Իրանը ինքնուրույն ռեսուրսներ ունի պատերազմի մեջ ներգրավելու համար։ Ես այս հարցում փոքր ինչ թերահավատ եմ։ Իրանը ձգտելու է հնարավորինս հեռու մնալ պատերազմից, քանի դեռ պատերազմն իր տարածք չի մտել։
-Այսինքն Իրանից հնչող շոյող հայտարարությունները գործնական դրսևորումներ չե՞ն ունենա։
–Պետք է ռեալ ու պրագմատիկ դատենք, թե որ երկրի աջակցությունն իրականում ինչպես կարող է դրսևորվել։ Պետք է հասկանալ՝ որտեղ է սկսվում իրական քաղաքականության գիծը և որտեղ է շարունակվում հռետորաբանությունը։
Հարցազրույցը՝ 1in.am կայքից։