Հայաստան

Հայկական Հարցի Լուծման Հայեցակարգը

Նման համաժողովրդական միասնության բացակայությունն էր հիմնական պատճառներից մեկն այն բանի, որ հայերին չհաջողվեց դե ֆակտո ստեղծել այն Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանը, որի կայացումը նախատեսված էր Սևրի պայմանագրով դե յուրե և որը հռչակվեց 1919թ. մայիսի 28-ին Հայաստանի խորհրդարանի կողմից անկախության առաջին տարեդարձի օրը։

Կարեն Միքայելյան

Արդի փուլում Հայկական հարցի լուծման քաղաքական դոկտրինի թեզիսներ

Միջազգային կյանքում Ինքնուրույն Հայկական Գործոնի ձևավորման ճանապարհին

Համաշխարհային Հայության՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի, – որը ներկայացնում է Արևմտահայերի ավելի քան յոթ միլիոն ժառանգներին, Օսմանյան կասրության նախկին հայ քաղաքացիների սերունդներին, – ջանքերի միավորում՝ արդի պատմական փուլում Հայկական հարցի լուծման համար

Հայկական հարցի լուծման քաղաքական դոկտրինի թեզիսներ՝ հարցի արևելահայ և արևմտահայ ասպեկտներով

  1. ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնում, որը խախտվել է 1920թ. խորհրդա-քեմալական ագրեսիայով, երկրի մասնատման արդյունքում, որն ամրագրվել է 1921թ. մարտի 16-ի և 1921թ. հոկտեմբերի 13-ի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով, 1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ Կավբյուրոյի որոշմամբ; հասնել դե յուրե ՀՀ-ին Արցախի փաստացի միավորման ճանաչմանը, ազգի անվտանգ, դինամիկ և հեռանկարային զարգացմանը։
  2. Արևմտահայերի՝ Օսմանյան կայսրության նախկին քաղաքացիների սերունդների անտեսված շահերի պաշտպանություն, ովքեր փրկվել են Մեծ Եղեռնից և ցրված են աշխարհով մեկ, նրանց ոտնահարված իրավունքների վերականգնում; հասնել այն բանին, որպեսզի Թուրքիան փոխհատուցի հասցրած մարդկային, բարոյական, նյութական և տարածքային վնասը Մեծ Եղեռնի՝ մարդկության դեմ հանցագործության արդյունքում, որը վաղեմության ժամկետ չունի։

Հայերի քաղաքական պատմության անաչառ և պատասխանատու վերլուծությունը ցույց է տալիս, որ ազգի պարտությունների և կորուստների՝ պետականության, ազգաբնակչության, տարածքների կորստի պատճառների մեջ, օբյեկտիվ պատճառներից բացի, որոնք կապված են աշխարհագրության և նվաճողների առանձնահատկությունների հետ, էական դեր է խաղացել ազգի, նրա ընտրանու միասնության բացակայությունը Ազգային Գերխնդիրների շուրջ, մանավանդ պատմության բախտորոշ պահերին պատասխանատու որոշումներ կայացնելու համար։ Այս մասին պերճախոս վկայում են ազգային մեծությունների՝ պատմաբանների, գրողների, աստվածաբանների բազմաթիվ վկայությունները, սկսած Խորենացուց, Եղիշեից մինչև Րաֆֆի, Օրմանյան, Լեո, Չարենց և այլք։

Պետականության բազմադարյա կորստից հետո նորագույն պատմությունը երկու անգամ հայերին անկախությունն ու ազատությունը վերականգնելու հնարավորություն ընձեռեց։ Առաջին անգամ 1918թ.՝ բոլշևիկների կողմից Ռուսական կայսրության փլուզումից և Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո, և երկրորդ անգամ՝ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ Արտակարգ իրավիճակի պետական կոմիտեի անդամների՝ ԳԿՉՊ-ականների խռովության, Սառը պատերազմի ավարտի և Նոր Ռուսաստանի ձևավորման գործընթացում։

Բայց ոչ առաջին, ոչ երկրորդ դեպքում Հայությունը պատրաստ չէր ազգային պետականության վերականգնմանը։ Չկար ոչ նման նպատակին համապատասխանող գործունակ կազմակերպություն, ոչ նման համազգային ծրագիր։

Նման հեռահար ծրագրերը, ավելի ճիշտ՝ երազանքները, հայերը կապում էին Թուրքահայաստանի (Արևմտահայաստանի) հետ։ Արտաքին ճնշման ներքո 1914թ. թուրքական կառավարությունը ստիպված էր համաձայնել բարեփոխումներ անցկացնելու Արևմտյան Հայաստանում, որոնց իրականացումը Ռուսաստանի, Ֆրանսիայի և Անգլիայի հսկողությամբ հնարավորություն կստեղծեր Հայկական հարցի խաղաղ լուծման համար. սկզբում բարեփոխումներ, հետո՝ ինքնավարություն, իսկ ապագայում՝ նպաստավոր հանգամանքների և ազգի պատրաստ լինելու պայմաններում՝ նաև պետականության ու ինքնիշխանության հնարավոր վերականգնում։

Սակայն Առաջին համաշխարհային պատերազմը խանգարեց այս հույսերի իրականացմանը։ Ավելին, հայերը անպաշտպան գտնվեցին ազգային աղետը՝ Մեծ Եղեռնը 1915-1923թթ. կանխելու առջև։ Արևմտահայաստանի և Կիլիկիայի տարածքները զրկվեցին իրենց հայ բնակչությունից, որտեղ հայերն ապրում էին հազարամյակներ շարունակ։ 1914թ. Օսմանյան կայսրությունում 2.500.000 հայից 1915-23թթ. Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվեց 1,5 միլիոնը, իսկ մյուսները բռնի տեղահանվեցին, թուրքացվեցին, մահմեդականացվեցին։

Ճակատի կազմալուծումը բոլշևիկյան հեղաշրջման արդյունքում թույլ տվեց թուրքերին անցնել հակահարձակման, նորից իրենց վերահսկողության տակ վերցնել Արևմտյան Հայաստանը, որն այդ ժամանակ գրեթե լիովին ազատագրվել էր գեներալ Յուդենիչի ռուսական բանակի կողմից, և հարկադրել հռչակել Անդրկովկասի անկախությունը՝ այն կտրելով Ռուսաստանից։ Կովկասյան թաթարները (ներկայիս ադրբեջանցիները) թուրքերի և վրացիները՝ գերմանացիների աջակցությամբ երկրամասը կիսեցին միմյանց միջև՝ հայերին թողնելով 12 հազ. քառ. կմ տարածք։ Թիֆլիսում հիմնադրված Հայ Ազգային խորհուրդը Ռուսահայերի համագումարում 1917թ. սեպտեմբերին՝ որպես նախնական նպատակ ունենալով մասնակցել Ռուսաստանը ֆեդերատիվ դեմոկրատական հանրապետության վերափոխելու Հիմնադիր ժողովին, ստիպված էր տեղափոխվել Երևան և 1918թ. մայիսի 28-ին հռչակել Հայաստանի Հանրապետության անկախությունը։

Թուրքիան պարտություն կրեց Առաջին համաշխարհային պատերազմում, Կոստանդնուպոլսի դատարանը երիտթուրքերի պարագլուխներին դատապարտեց մահապատժի։

Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, և Հայկական ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ, 1919թ. փետրվարի 12-ին Փարիզի Խաղաղության կոնֆերանսում ներկայացրին «Հայոց պահանջատիրության հուշագիրը»։ Հուշագրում թվարկվում էին հետևյալ դրույթները. Հայոց անկախ պետության ճանաչում յոթ վիլայեթների և Կիլիկիայի սահմաններում՝ դրանց Հայաստանի Հանրապետության տարածքի միացմամբ։ Հայաստանը պետք է ստանար փոխհատուցում (20 մլրդ ֆրանկ) կրած կորուստների և վնասի համար, իսկ պատերազմի ժամանակ բռնի արտաքսվածները պետք է հնարավորություն ստանային վերադառնալու հայրենիք։ Հայերի զանգվածային ոչնչացման մեղավորները, որն արդեն 1915թ. մայիսի 24-ին  Անգլիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կառավարությունների համատեղ Հռչակագրով որակվել էր որպես հանցագործություն մարդկության դեմ, պետք է պատժվեին։

1920թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրի համապատասխան՝ Թուրքիան, ինչպես և դաշնակից տերությունները, ճանաչեց Հայաստանի անկախությունը Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթների սահմաններում։

Արևմտահայերի ներկայացուցիչները, որ փրկվել էին Ցեղասպանությունից 1917 և 1919թթ., երկու համագումար անցկացրին Երևանում։ Առաջին դեպքում՝ փախստականների կարիքները հոգալու, երկրորդ դեպքում՝ իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար՝ Հայաստանի Հանրապետության իշխանական կառույցների շրջանակներում։ Արևմտահայերի 12 պատվիրակ, որոնք ընտրվել էին փետրվարի 13-ի Երկրորդ համագումարի նիստում, իրենց տեղն զբաղեցրին Հայաստանի Հանրապետության խորհրդարանում։

«Հայ-հայկական երկկողմ բանակցությունները» 1919թ. հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 16-ը Երևանում, ՀՀ իշխանությունների և Արևմտահայությանը ներկայացնող Ազգային պատվիրակության ներկայացուցիչների միջև  ձախողվեցին։ Արևելյան (ռուսահայ) և արևմտյան (թուրքահայ) հայերի ներկայացուցիչներից կոալիցիոն կառավարության ստեղծման ջանքերը անհաջողություն կրեցին։ Հայերին չհաջողվեց ստեղծել անհրաժեշտ միասնական ճակատ, առաջին հերթին՝ ուժեղ բանակ, և բոլորով դիմակայել գալիք նոր աղետներին։

Նման համաժողովրդական միասնության բացակայությունն էր հիմնական պատճառներից մեկն այն բանի, որ հայերին չհաջողվեց դե ֆակտո ստեղծել այն Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանը, որի կայացումը նախատեսված էր Սևրի պայմանագրով դե յուրե և որը հռչակվեց 1919թ. մայիսի 28-ին Հայաստանի խորհրդարանի կողմից անկախության առաջին տարեդարձի օրը։ Այդ նույն պատճառով Հայաստանի Հանրապետությունը պարտություն կրեց համատեղ խորհրդա-քեմալական ագրեսիայից։ Հայաստանը մասնատվեց և կորցրեց ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի մեծ մասը՝ Նախիջևանը, Կարսը, Ղարաբաղը և Ջավախքը։ Միայն Երևանի նահանգի մի մասը մնաց հայերին՝ Խորհրդային Հայաստանի տեսքով։

Հայաստանը կորցրեց ինքնիշխանությունը և զրկվեց Հայկական հարցը ինքնուրույն և անմիջականորեն լուծելու հետագա հնարավորությունից։

Թուրքիայի և Խորհրդային Միության սահմանները որոշվեցին 1921թ. մարտի 16-ին՝ համաձայն Մոսկվայի պայմանագրի, իսկ Խորհրդային Հայաստանի սահմանները՝ 1921թ. հոկտեմբերի 13-ին՝ համաձայն Կարսի պայմանագրի ու համաձայն Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցութան Կովկասի բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշման։

Հայկական հարցի լուծման, գոնե մասամբ,  վերջին փորձը պարտություն կրեց 1923թ. Լոզանի կոնֆերանսում, երբ թուրքական կողմը հրաժարվեց տրամադրել տարածքներ՝ «Հայ ազգային օջախը» Կիլիկիայում՝ արևմտահայ փախստականների վերադարձի համար։

Հայաստանի Հանրապետության խորհրդայնացումից և Փարիզում Հայ ազգային պատվիրակության գործունեության դադարեցումից հետո հայերը զրկվեցին Լիազոր Ներկայացուցչից՝ ազգային շահերի պաշտպանության, պահանջներ ներկայացնելու համար, ինչպես նաև այդ ուղղությամբ ամեն տեսակ գործունեության հնարավորությունից։

Հայկական հարցի լուծումը սփյուռքում վերածվեց գերազանցապես Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու գործունեության։

Իսկ Արևելյան Հայաստանի մնացած հողի վրա, 1918-1921թթ. անհաջող փորձից հետո, հիմա նորից պատմությունը հնարավորություն է տալիս ազգային-պետական վերածննդի, կորսվածի մասնակի վերադարձի համար։

Դրա համար անհրաժեշտ է ազատվել թերարժեքության բարդույթից, թե ազգից քիչ բան է կախված, եթե չկա երրորդ ուժի աջակցությունը, թե, իբր, հայերը ոչ մի կերպ չէին կարող խուսափել Մեծ Եղեռնից, թե, իբր, նրանք դատապարտված էին կորցնելու անկախությունը, ազատությունն ու Առաջին հանրապետության տարածքները 1918-1921թթ.։

Դատապարտվածության այդ բարդույթը, սեփական անսասան իրավունքի համոզվածության և սեփական ուժերի հանդեպ վստահության բացակայությունը, Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ, 1990-1991թթ.)՝ իբրև այդպիսինի (հայկական և համազգային) վերածվելու տապալումը, չկարողանալով ապահովել պատասխանատու համազգային որոշումների ընդունումը՝ ահա սրանք դարձան ՀՀ Սահմանադրության ընդունման պատճառը՝ ի հեճուկս Անկախության հռչակագրի ոգու ու տառի, որով նախատեսվում էր դե յուրե Արցախի միացում ՀՀ-ին։ Արդարացում չկա նաև Հայաստանի Առաջին Հանրապետության իրավաբանական իրավահաջորդությունից հրաժարվելուն։ ՀՀ և ԼՂՀ իշխանությունների ընդունած «ինքնորոշման» մարտավարությունը այսպես կոչված ղարաբաղյան հակամարտության լուծման հասնելու համար՝ վնասակար է և անհեռանկարային։ Անհրաժեշտ է քաղաքական կամք դրսևորել՝ անվանելու իրերն իրենց անուններով, այն է՝ ՀՀ տարածքային ամբողջականության մասնակի վերականգնում, որը խախտվել է բոլշևիկների կողմից, այլ ոչ թե իներցիայով շարունակել սխալ դիրքորոշումը (իբր հնարամիտ), որը հակամարտության սկզբում պարտադրվեց սկսնակ ոչ արհեստավարժ գործիչներին։

Արևմտահայերի Լիազոր Ներկայացուցչական Մարմնի ձևավորման գործընթացը, Արևմտահայերի Ազգային Համագումարի հիմնումը 2011թ. դեկտեմբերի 10-11-ին Փարիզում (Սևրում), Արևմտահայերի երրորդ համագումարում, նոր հեռանկարներ է բացում Հայկական հարցի լուծման համար՝ Համաշխարհային Հայության  բաղկացուցիչ մասերի միջև աշխատանքի և դերերի բաժանման, լայնածավալ Համահայկական Ծրագրերի կազմման և իրականացման միջոցով, որոնք կապահովեն Հայրենիքում և Սփյուռքում  հայերի անվտանգ, և հեռանկարային զարգացումը։

Դրա համար անհրաժեշտ է Սփյուռքի՝ ազգի երկու երրորդի, նրա կարևորագույն ռեսուրսի՝ իր պատմական առաքելությանը համապատասխանող կազմակերպվածություն և մասնակցություն Հայոց պետականության վերականգնման և դինամիկ զարգացման գործընթացում, դե յուրե Արցախի միացում ՀՀ-ին, Համաշխարհային Հայության իրավունքների և շահերի պաշտպանություն՝ Թուրքիայի կողմից 1915-1923թթ. իրականացված Հայոց ցեզասպանության ճանաչմանը, նրա կրած մարդկային, բարոյական, նյութական և տարածքային վնասի փոխհատուցմանը  հասնելու գործում։ Այդ մասնակցությունը կարող է ապահովվել այդ առաքելությանը համապատասխանող՝ աշխարհի հայ համայնքների վերակազմակերպման պարագայում, այնպիսի բյուջեներով, որոնք կգոյանան անդամավճարներից և բարեգործական վճարներից (ազգային տուրք)։

Արևմտահայերի Ազգային Համագումարի լիազորությունը և ներկայացուցչականությունը կարող են ապահովվել նրա լիարժեք բաժանմունքների ձևավորման ճանապարհով, որոնք համապատասխան ձևով կներկայացնեն աշխարհի կազմակերպված հայ համայնքները, որոնց ընդհանուր կարողությունը կգերազանցի ՀՀ բյուջեն։ Նման սփյուռքի կայացումը թույլ կտա միավորել ՀՀ և Սփյուռքի ջանքերը, մշակել և իրականացնել այնպիսի վճռորոշ, լայնածավալ համահայկական ծրագրեր և նախագծեր, որոնք կապահովեն Ինքնուրույն Հայկական Գործոնի ձևավորումը միջազգային կյանքում, ինչն իր հերթին թույլ կտա ազգին դառնալու, վերջապես, իր ճակատագի տերը։

Արևմտահայերի Ազգային Համագումար

Մաղաքիա Օրմանյանի անվան Հայկական հարցի ուսումնասիրման միջազգային կենտրոն

Կարեն Միքայելյան

Նորատ Տեր-Գրիգորյանց

Վարդան Թաշճեան

Վաչագան Պետրոսյան

Վահան Մելիքյան

Արամ Ղուշչյան

Հոդվածը՝ lragir.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *