Թաթարների պաշտպանությունը ճեղքելու նպատակով Նժդեհը մեկ վաշտով շարժվում է դեպի Չիմանդաղ, ապա՝ Հալիձոր՝ իր հետ տանելով պայթուցիկ տակառները։ Եվս մի խումբ մարտիկներ Ղզղալայից պետք է գրոհեին թշնամու թիկունքը։
Թեեւ նոյեմբերի 23-ի հայ-ադրբեջանական համաձայնագիրընախատեսում էր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում, ամսվա վերջին ադրբեջանցիները շարունակում էին մարտական գործողությունները։
Նոյեմբերի 25-30-ը մի քանի հարձակում է տեղի ունենում Սիսիանի ուղղությամբ, որոնք բոլորն էլ անհաջող ավարտ են ունենում։
Չհրաժարվելով Զանգեզուրը գրավելու մտադրությունից՝ Ադրբեջանը փորձում էր հնարավոր բոլոր միջոցներով իրեն ենթարկել ըմբոստ գավառը։ 1919թ. նոյեմբերի 30-ին «Ադրբեջան» թերթը գրում էր, որ ներքին գործերի նախարարի հրամանով Զանգեզուրի գավառի բոլոր բնակիչները հայտարարվել են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի։ Այս որոշումը հակասում էր նոյեմբերի 23-ի համաձայնագրին, քանի որ Զանգեզուրի խնդիրը պետք է կարգավորվեր խաղաղ բանակցություններով՝ հայ-ադրբեջանական կոնֆերանսի շրջանակում։ Այս որոշման առիթով դեկտեմբերի 4-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Խատիսյանը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջաֆարովին վճռական բողոք է հայտնում.
«Այսպիսի հայտարարությունը ուղղակի խախտում է նոյեմբերի 23-ին երկու հանրապետությունների կառավարությունների միջեւ Թիֆլիսում ձեռք բերված համաձայնությունը: Այս որոշումը հակասում է նաեւ Անդրկովկասում Բրիտանական բարձրագույն հրամանատարության եւ Գերագույն Դաշնային կոմիսար գնդապետ Հասքելի որոշումներին, համաձայն որի Զանգեզուրի գավառը մինչեւ խաղաղության կոնֆերանսում հարցի վերջնական լուծումը գտնվում է Զանգեզուրի Ազգային խորհրդի կառավարության ներքո:
Ես իմ կառավարության անունից վճռական բողոք եմ հայտնում ընդունված միակողմանի որոշման առթիվ, միաժամանակ հուսով եմ, որ ի շահ կոնֆերանսի աշխատանքների արդյունավետության եւ երկու հանրապետությունների հետագա մերձեցման, Ձեր կառավարությունը ձեռնպահ կմնա այդ որոշումը կյանքի կոչելուց, որը բացարձակապես չի համապատասխանում Կառավարությունների միջեւ ձեռք բերված համաձայնությանը» (ՀԱԱ, Ֆ.275, ց.6, գ.6, թերթ 29):
Նոյեմբերի վերջին Ողջիի ձորի մարտերից ու պարտությունից հետո Ադրբեջանը դիվանագիտական նոտաներ ու գրություններ էր հղում ինչպես Հայաստանի կառավարությանը, այնպես էլ Միացյալ Նահանգների ու Բրիտանիայի ներկայացուցիչներին՝ բողոքելով հայերի հարձակողական գործողությունների դեմ։
Մինչ դիվանագիտական գրագրությունները շրջանառվում էին Երեւանից Թիֆլիս, ապա Բաքու եւ հակառակ ուղղությամբ, Զանգեզուրի ինքնապաշտպանության ուժերը ձեռնարկում են հաջորդ՝ խոշոր ռազմական գործողությունը՝ Գեղվա ձորի ազատագրումը թուրքական եւ ադրբեջանական զինյալներից ու ավազակախմբերից։
Գեղվա ձորը Ողջիից հետո ամենավտանգավոր շրջանն էր, որի թաթարական գյուղերը գրեթե երկու տարի ահ ու սարսափի մեջ էր պահում հայ բնակչությանը: Թաթարներն այդ գյուղերը վերածել էին ռազմական ճամբարի, որտեղ արական սեռի բնակչության գրեթե միակ զբաղմունքը պատերազմն էր ու թալանը։
1918թ. հուլիսին Գեղվա ձորում թաթարները կոտորել էին Նախիջեւանից Զանգեզուր հեռացող շուրջ 2 000 հայի։
Նժդեհը, հետախուզելով Գեղվա ձորի առանձնահատկությունները, եզրակացնում է, որ սովորական մարտավարությամբ այն գրավել անհնար է։ Անառիկ ժայռերը գրեթե անիմաստ էին դարձնում սովորական հրաձգային զինատեսակների կիրառությունը, հատկապես երբ հայկական ուժերը սակավաթիվ էին, իսկ զինամթերքը՝ սահմանափակ։ Լավ ամրացված դիրքեր ունեցող թաթարները քիչ ուժերով կարող էին մեծ կորուստներ պատճառել եւ երկար դիմադրել հայերին՝ այդ ընթացքում անընդհատ օգնություն ստանալով Ադրբեջանից։
«Հրացանը չէր, որ պիտի մաքրեր այդ հեքիաթային ձորը։ …Մի բնական ամրություն, ուր թշնամին հնարավորություն ունի, կռվի շաբլոն ձեւերի կիրարկման դեպքում, ամենաչնչին ուժերով դիմադրելու հարձակվող տասնապատիկ մեծ մարտական միավորներին։ Վերջապես, ուր լեռները թողնելուց հետո նա կարող է դիմադրություն ցույց տալ նաեւ անդնդախոր ձորերի մեջ, ուր մտնել, ապավինած միայն հրացանին, կնշանակի գերեզման գտնել»,- գրում էր Նժդեհը։
Հրաշագործ զենքը
Նժդեհը հրամայում է իր մարտիկներին պատրաստել «հրաշագործ զենքը»՝ հարյուրից ավելի, 1-5 փութ ծանրությամբ պայթուցիկ տակառներ եւ մի քանի հարյուր ձեռնառումբ։
1919թ. նոյեմբերի 30-ին Նժդեհը տալիս է հարձակման հրամանը.
«1919, 30 նոյեմբերի, Ղափանի հանքեր
Ղափան-Գենվազ-Տաթեւի զորամասերին
Զինվորնե՛ր, թշնամու ցանկությամբ սկսվում է մեր արշավանքը, մեր խաչակրաց արշավանքը Գեղվա Ձորի դեմ։
Վաղը, երբ Ձեր խենթ գրոհներից եւ զարկերից թշնամին շշմած կթողնի իր գյուղերը, Ձեզ կողջունեն մեր հինավուրց, այսօր թշնամու կողմից պղծված բերդերի ու վանքերի ավերակները։
…Եղեք անխնա Ձեզ դիմադրողների նկատմամբ, ասպետ եւ մարդ եղեք կանանց, երեխաների ու ծերերի նկատմամբ։
Ուրեմն, առա՛ջ, մեզ հետ է Աստված եւ Դավիթ Բեկի վրիժակ հոգին։
Ղափան-Գենվազ-Գողթանի ռազմական ուժերի հրամանատար՝ Նժդեհ»։
Գեղվա ձորին տիրանալու համար նախեւառաջ անհրաժեշտ էր գրավել Շհարջիկ եւ Ազաղուն գյուղերը։ Լուսաբացին թաթարական դիրքերի վրա գլորված 5-փթանոց տակառի պայթյունով սկսվում է հարձակումը։ Ղափանի վաշտերը մոտենում են թշնամու թիկունքին, սակայն Տաթեւի զորաջոկատը նահանջում է, եւ ստեղծվում է շրջապատման վտանգ։ Ղափանի զորամասը մեծ դժվարությամբ կարողանում է խուսափել շրջապատումից եւ նահանջել։ Շուտով նահանջում է նաեւ Գենվազի զորամասը։ Դեկտեմբերի 3-ին հաջողվում է մոտենալ Շհարջիկին, հրդեհել մի քանի տուն, սակայն հարձակումը չի ամրապնդվում, եւ հայերը դարձյալ հետ են քաշվում։
Նույն օրը Գորիսից օգնության է հասնում երկու թնդանոթ՝ թնդանոթաձիգ Տեր-Միքայելյանի եւ հայտնի Թոփչի Սիմոնի ուղեկցությամբ: Հայերը քանդում են թնդանոթները, եւ մաս-մաս շալակած բարձրացնում Կոմբախի գագաթը։
Թաթարների պաշտպանությունը ճեղքելու նպատակով Նժդեհը մեկ վաշտով շարժվում է դեպի Չիմանդաղ, ապա՝ Հալիձոր՝ իր հետ տանելով պայթուցիկ տակառները։ Եվս մի խումբ մարտիկներ Ղզղալայից պետք է գրոհեին թշնամու թիկունքը։ Գարեգին Նժդեհն այսպես է նկարագրում այդ մեծ կռիվը.
«Որոշված ժամին Ղզղալայից մթության մեջ գծագրվում է պայմանական նշանը՝ «ուժանակային խաղը»։ Գրեթե միաժամանակ Հալիձորի եւ Ղզղալայի դիրքերից հսկայական դղրդյունով ու գոռոցով դեպի ձորերն են գահավիժում տասի չափ պայթուցիկ տակառներ։ Տրվում է գրոհի հրամանը։
1
Ղափանի վաշտերը դուրս են նետվում դիրքերից եւ, առանց մի գնդակ արձակելու հեղեղի պես թափվում ձորերը։ Ղզղալայից, թշնամու թիկունքն անցած մեր կիսավաշտի գլորած «դինամիտային հրեշները» պայթում են ուղղակի թշնամու դիրքերի վրա։ Տակառների, ռումբերի պայթյուններից եւ մեր վաշտերի գոռ կեցցեների արձագանքից թնդում են ձորերը։ Ղափանի առյուծները մրցում են խիզախության ու քաջության մեջ։ …Թշնամին սարսափահար լքում է Ազաղու եւ Շհարջիկ գյուղերը՝ Գեղվա ձորի դուռը»։
Դեկտեմբերի 7-ին հայկական ուժերը վերցնում են Գեղվա ձորի վերջին՝ Աջիբաջ գյուղը։ Ադրբեջանցիներն ունենում են հարյուրավոր սպանվածներ ու վիրավորներ։ 7-օրյա մարտերում հայկական կողմից զոհվում է մոտ երկու տասնյակ մարտիկ, մոտ 50-ը վիրավորվում են։
Բաքվի համաժողովը
Մինչ Զանգեզուրում շարունակվում էին համառ մարտերը, Հայաստանի եւ Ադրբեջանի դիվանագիտական շրջանակները պատրաստվում էին հայ-ադրբեջանական համաժողովին, որը տեղի էր ունենալու դեկտեմբերի 14-ին Բաքվում։
Ըստ Սիմոն Վրացյանի՝ համաժողովի պաշտոնական բացումից հետո Բաքվում տեղի է ունենում 4 խորհրդակցական եւ 2 հրապարակային նիստ։ «Հայկական պատվիրակությունը հարմար էր համարում սկզբից կարգադրել գործնական խնդիրները եւ որոշ նպաստավոր մթնոլորտ ստեղծելուց հետո միայն անցնել սահմանային հարցերին. ադրբեջանցիք, ընդհակառակը, անհրաժեշտ էին համարում սկսել սահմաններից»,- գրում է Վրացյանը։
Ադրբեջանցիները համաժողովի օրակարգ են բերում Անդրկովկասյան համադաշնության հարցը՝ հայ-ադրբեջանական սահմանային հարցերի կարգավորումը պայմանավորելով համադաշնության ստեղծումով։ Հայկական կողմը մերժում է այս տարբերակը՝ նշելով, որ քանի դեռ հանրապետությունների անկախությունը միջազգայնորեն ճանաչված չէ ու սահմանների հարցը վերջնականապես հստակեցված չէ, համադաշնությունը չի կարող արդյունավետ միջոց լինել։
Շուտով Բաքվի համաժողովն ընդհատում է աշխատանքը, պատգամավորները վերադառնում են՝ իրենց կառավարությունների հետ քննարկումներից հետո Թիֆլիսում աշխատանքը շարունակելու մտադրությամբ։
Այսպիսով, 1919թ. հայ-ադրբեջանական հանդիպումներն ավարտվում են առանց որեւէ էական արդյունքի. բախումները ոչ միայն շարունակվում էին, այլ գնալով ավելի ու ավելի սպառնալից դառնում։
***
Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Հայկ Մելքոնյանի եւ Ստանո Սենչիի լուսանկարները:
Հոդվածը՝ Mediamax.am կայքից։