17.2 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Թաթարնե­րի պաշտպա­նությունը ճեղքե­լու նպա­տա­կով Նժդե­հը մեկ վաշտով շարժվում է դեպի Չիմանդաղ, ապա՝ Հալի­ձոր՝ իր հետ տանե­լով պայթուցիկ տակառնե­րը։ Եվս մի խումբ մարտիկներ Ղզղա­լա­յից պետք է գրո­հեին թշնա­մու թիկունքը։

Թեեւ նոյեմբե­րի 23‑ի հայ-ադրբե­ջա­նա­կան համա­ձայնա­գի­րընախա­տե­սում էր ռազմա­կան գործո­ղություննե­րի լիա­կա­տար դադա­րե­ցում, ամսվա վերջին ադրբե­ջանցի­նե­րը շարունա­կում էին մարտա­կան գործո­ղություննե­րը։

Նոյեմբե­րի 25–30‑ը մի քանի հարձա­կում է տեղի ունե­նում Սիսիա­նի ուղղությամբ, որոնք բոլորն էլ անհա­ջող ավարտ են ունե­նում։

Չհրա­ժարվե­լով Զանգե­զուրը գրա­վե­լու մտադրությունից՝ Ադրբե­ջա­նը փորձում էր հնա­րա­վոր բոլոր միջոցնե­րով իրեն ենթարկել ըմբոստ գավա­ռը։ 1919թ. նոյեմբե­րի 30-ին «Ադրբե­ջան» թերթը գրում էր, որ ներքին գործե­րի նախա­րա­րի հրա­մա­նով Զանգե­զուրի գավա­ռի բոլոր բնա­կիչնե­րը հայտա­րարվել են Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցի։ Այս որո­շումը հակա­սում էր նոյեմբե­րի 23‑ի համա­ձայնագրին, քանի որ Զանգե­զուրի խնդի­րը պետք է կարգա­վորվեր խաղաղ բանակցություննե­րով՝ հայ-ադրբե­ջա­նա­կան կոնֆե­րանսի շրջա­նա­կում։ Այս որոշման առի­թով դեկտեմբե­րի 4‑ին Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Ալեքսանդր Խատիսյա­նը Ադրբե­ջա­նի ԱԳ նախա­րար Ջաֆա­րո­վին վճռա­կան բողոք է հայտնում.

«Այսպի­սի հայտա­րա­րությունը ուղղա­կի խախտում է նոյեմբե­րի 23-ին երկու հանրա­պե­տություննե­րի կառա­վա­րություննե­րի միջեւ Թիֆլի­սում ձեռք բերված համա­ձայնությունը: Այս որո­շումը հակա­սում է նաեւ Անդրկովկա­սում Բրի­տա­նա­կան բարձրա­գույն հրա­մա­նա­տա­րության եւ Գերա­գույն Դաշնա­յին կոմի­սար գնդա­պետ Հասքե­լի որո­շումնե­րին, համա­ձայն որի Զանգե­զուրի գավա­ռը մինչեւ խաղա­ղության կոնֆե­րանսում հարցի վերջնա­կան լուծումը գտնվում է Զանգե­զուրի Ազգա­յին խորհրդի կառա­վա­րության ներքո:

Ես իմ կառա­վա­րության անունից վճռա­կան բողոք եմ հայտնում ընդունված միա­կողմա­նի որոշման առթիվ, միա­ժա­մա­նակ հուսով եմ, որ ի շահ կոնֆե­րանսի աշխա­տանքնե­րի արդյունա­վե­տության եւ երկու հանրա­պե­տություննե­րի հետա­գա մերձեցման, Ձեր կառա­վա­րությունը ձեռնպահ կմնա այդ որո­շումը կյանքի կոչե­լուց, որը բացարձա­կա­պես չի համա­պա­տասխա­նում Կառա­վա­րություննե­րի միջեւ ձեռք բերված համա­ձայնությա­նը» (ՀԱԱ, Ֆ.275, ց.6, գ.6, թերթ 29):

Նոյեմբե­րի վերջին Ողջիի ձորի մարտե­րից ու պարտությունից հետո Ադրբե­ջա­նը դիվա­նա­գի­տա­կան նոտա­ներ ու գրություններ էր հղում ինչպես Հայաստա­նի կառա­վա­րությա­նը, այնպես էլ Միացյալ Նահանգնե­րի ու Բրի­տա­նիա­յի ներկա­յա­ցուցիչնե­րին՝ բողո­քե­լով հայե­րի հարձա­կո­ղա­կան գործո­ղություննե­րի դեմ։

Մինչ դիվա­նա­գի­տա­կան գրագրություննե­րը շրջա­նառվում էին Երեւա­նից Թիֆլիս, ապա Բաքու եւ հակա­ռակ ուղղությամբ, Զանգե­զուրի ինքնա­պաշտպա­նության ուժե­րը ձեռնարկում են հաջորդ՝ խոշոր ռազմա­կան գործո­ղությունը՝ Գեղվա ձորի ազա­տագրումը թուրքա­կան եւ ադրբե­ջա­նա­կան զինյալնե­րից ու ավա­զա­կախմբե­րից։

Գեղվա ձորը Ողջիից հետո ամե­նավտանգա­վոր շրջանն էր, որի թաթա­րա­կան գյուղե­րը գրե­թե երկու տարի ահ ու սարսա­փի մեջ էր պահում հայ բնակչությա­նը: Թաթարներն այդ գյուղե­րը վերա­ծել էին ռազմա­կան ճամբա­րի, որտեղ արա­կան սեռի բնակչության գրե­թե միակ զբաղմունքը պատե­րազմն էր ու թալա­նը։

1918թ. հուլի­սին Գեղվա ձորում թաթարնե­րը կոտո­րել էին Նախի­ջեւա­նից Զանգե­զուր հեռա­ցող շուրջ 2 000 հայի։

Նժդե­հը, հետա­խուզե­լով Գեղվա ձորի առանձնա­հատկություննե­րը, եզրա­կացնում է, որ սովո­րա­կան մարտա­վա­րությամբ այն գրա­վել անհնար է։ Անա­ռիկ ժայռե­րը գրե­թե անի­մաստ էին դարձնում սովո­րա­կան հրաձգա­յին զինա­տե­սակնե­րի կիրա­ռությունը, հատկա­պես երբ հայկա­կան ուժե­րը սակա­վա­թիվ էին, իսկ զինամթերքը՝ սահմա­նա­փակ։ Լավ ամրացված դիրքեր ունե­ցող թաթարնե­րը քիչ ուժե­րով կարող էին մեծ կորուստներ պատճա­ռել եւ երկար դիմադրել հայե­րին՝ այդ ընթացքում անընդհատ օգնություն ստա­նա­լով Ադրբե­ջա­նից։

«Հրա­ցա­նը չէր, որ պիտի մաքրեր այդ հեքիա­թա­յին ձորը։ …Մի բնա­կան ամրություն, ուր թշնա­մին հնա­րա­վո­րություն ունի, կռվի շաբլոն ձեւե­րի կիրարկման դեպքում, ամե­նաչնչին ուժե­րով դիմադրե­լու հարձակվող տասնա­պա­տիկ մեծ մարտա­կան միա­վորնե­րին։ Վերջա­պես, ուր լեռնե­րը թողնե­լուց հետո նա կարող է դիմադրություն ցույց տալ նաեւ անդնդա­խոր ձորե­րի մեջ, ուր մտնել, ապա­վի­նած միայն հրա­ցա­նին, կնշա­նա­կի գերեզման գտնել»,- գրում էր Նժդե­հը։

Հրա­շա­գործ զենքը

Նժդե­հը հրա­մա­յում է իր մարտիկնե­րին պատրաստել «հրա­շա­գործ զենքը»՝ հարյուրից ավե­լի, 1–5 փութ ծանրությամբ պայթուցիկ տակառներ եւ մի քանի հարյուր ձեռնա­ռումբ։

1919թ. նոյեմբե­րի 30-ին Նժդե­հը տալիս է հարձակման հրա­մա­նը.

«1919, 30 նոյեմբե­րի, Ղափա­նի հանքեր
Ղափան-Գենվազ-Տաթեւի զորա­մա­սե­րին

Զինվորնե՛ր, թշնա­մու ցանկությամբ սկսվում է մեր արշա­վանքը, մեր խաչակրաց արշա­վանքը Գեղվա Ձորի դեմ։

Վաղը, երբ Ձեր խենթ գրոհնե­րից եւ զարկե­րից թշնա­մին շշմած կթողնի իր գյուղե­րը, Ձեզ կողջունեն մեր հինա­վուրց, այսօր թշնա­մու կողմից պղծված բերդե­րի ու վանքե­րի ավե­րակնե­րը։

…Եղեք անխնա Ձեզ դիմադրողնե­րի նկատմամբ, ասպետ եւ մարդ եղեք կանանց, երե­խա­նե­րի ու ծերե­րի նկատմամբ։

Ուրեմն, առա՛ջ, մեզ հետ է Աստված եւ Դավիթ Բեկի վրի­ժակ հոգին։

Ղափան-Գենվազ-Գողթա­նի ռազմա­կան ուժե­րի հրա­մա­նա­տար՝ Նժդեհ»։

Գեղվա ձորին տիրա­նա­լու համար նախեւա­ռաջ անհրա­ժեշտ էր գրա­վել Շհարջիկ եւ Ազա­ղուն գյուղե­րը։ Լուսա­բա­ցին թաթա­րա­կան դիրքե­րի վրա գլորված 5‑փթանոց տակա­ռի պայթյունով սկսվում է հարձա­կումը։ Ղափա­նի վաշտե­րը մոտե­նում են թշնա­մու թիկունքին, սակայն Տաթեւի զորա­ջո­կա­տը նահանջում է, եւ ստեղծվում է շրջա­պատման վտանգ։ Ղափա­նի զորա­մա­սը մեծ դժվա­րությամբ կարո­ղա­նում է խուսա­փել շրջա­պա­տումից եւ նահանջել։ Շուտով նահանջում է նաեւ Գենվա­զի զորա­մա­սը։ Դեկտեմբե­րի 3‑ին հաջողվում է մոտե­նալ Շհարջի­կին, հրդե­հել մի քանի տուն, սակայն հարձա­կումը չի ամրապնդվում, եւ հայե­րը դարձյալ հետ են քաշվում։

Նույն օրը Գորի­սից օգնության է հասնում երկու թնդա­նոթ՝ թնդա­նո­թա­ձիգ Տեր-Միքա­յելյա­նի եւ հայտնի Թոփչի Սիմո­նի ուղեկցությամբ: Հայե­րը քանդում են թնդա­նոթնե­րը, եւ մաս-մաս շալա­կած բարձրացնում Կոմբա­խի գագա­թը։

Թաթարնե­րի պաշտպա­նությունը ճեղքե­լու նպա­տա­կով Նժդե­հը մեկ վաշտով շարժվում է դեպի Չիմանդաղ, ապա՝ Հալի­ձոր՝ իր հետ տանե­լով պայթուցիկ տակառնե­րը։ Եվս մի խումբ մարտիկներ Ղզղա­լա­յից պետք է գրո­հեին թշնա­մու թիկունքը։ Գարե­գին Նժդեհն այսպես է նկա­րագրում այդ մեծ կռի­վը.

«Որոշված ժամին Ղզղա­լա­յից մթության մեջ գծագրվում է պայմա­նա­կան նշա­նը՝ «ուժա­նա­կա­յին խաղը»։ Գրե­թե միա­ժա­մա­նակ Հալի­ձո­րի եւ Ղզղա­լա­յի դիրքե­րից հսկա­յա­կան դղրդյունով ու գոռո­ցով դեպի ձորերն են գահա­վի­ժում տասի չափ պայթուցիկ տակառներ։ Տրվում է գրո­հի հրա­մա­նը։

1

Ղափա­նի վաշտե­րը դուրս են նետվում դիրքե­րից եւ, առանց մի գնդակ արձա­կե­լու հեղե­ղի պես թափվում ձորե­րը։ Ղզղա­լա­յից, թշնա­մու թիկունքն անցած մեր կիսա­վաշտի գլո­րած «դինա­մի­տա­յին հրեշնե­րը» պայթում են ուղղա­կի թշնա­մու դիրքե­րի վրա։ Տակառնե­րի, ռումբե­րի պայթյուննե­րից եւ մեր վաշտե­րի գոռ կեցցե­նե­րի արձա­գանքից թնդում են ձորե­րը։ Ղափա­նի առյուծնե­րը մրցում են խիզա­խության ու քաջության մեջ։ …Թշնա­մին սարսա­փա­հար լքում է Ազա­ղու եւ Շհարջիկ գյուղե­րը՝ Գեղվա ձորի դուռը»։

Դեկտեմբե­րի 7‑ին հայկա­կան ուժե­րը վերցնում են Գեղվա ձորի վերջին՝ Աջի­բաջ գյուղը։ Ադրբե­ջանցի­ներն ունե­նում են հարյուրա­վոր սպանվածներ ու վիրա­վորներ։ 7‑օրյա մարտե­րում հայկա­կան կողմից զոհվում է մոտ երկու տասնյակ մարտիկ, մոտ 50‑ը վիրա­վորվում են։

Բաքվի համա­ժո­ղո­վը

Մինչ Զանգե­զուրում շարունակվում էին համառ մարտե­րը, Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի դիվա­նա­գի­տա­կան շրջա­նակնե­րը պատրաստվում էին հայ-ադրբե­ջա­նա­կան համա­ժո­ղո­վին, որը տեղի էր ունե­նա­լու դեկտեմբե­րի 14-ին Բաքվում։

Ըստ Սիմոն Վրացյա­նի՝ համա­ժո­ղո­վի պաշտո­նա­կան բացումից հետո Բաքվում տեղի է ունե­նում 4 խորհրդակցա­կան եւ 2 հրա­պա­րա­կա­յին նիստ։ «Հայկա­կան պատվի­րա­կությունը հարմար էր համա­րում սկզբից կարգադրել գործնա­կան խնդիրնե­րը եւ որոշ նպաստա­վոր մթնո­լորտ ստեղծե­լուց հետո միայն անցնել սահմա­նա­յին հարցե­րին. ադրբե­ջանցիք, ընդհա­կա­ռա­կը, անհրա­ժեշտ էին համա­րում սկսել սահմաննե­րից»,- գրում է Վրացյա­նը։

Ադրբե­ջանցի­նե­րը համա­ժո­ղո­վի օրա­կարգ են բերում Անդրկովկասյան համա­դաշնության հարցը՝ հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նա­յին հարցե­րի կարգա­վո­րումը պայմա­նա­վո­րե­լով համա­դաշնության ստեղծումով։ Հայկա­կան կողմը մերժում է այս տարբե­րա­կը՝ նշե­լով, որ քանի դեռ հանրա­պե­տություննե­րի անկա­խությունը միջազգայնո­րեն ճանաչված չէ ու սահմաննե­րի հարցը վերջնա­կա­նա­պես հստա­կեցված չէ, համա­դաշնությունը չի կարող արդյունա­վետ միջոց լինել։

Շուտով Բաքվի համա­ժո­ղովն ընդհա­տում է աշխա­տանքը, պատգա­մա­վորնե­րը վերա­դառնում են՝ իրենց կառա­վա­րություննե­րի հետ քննարկումնե­րից հետո Թիֆլի­սում աշխա­տանքը շարունա­կե­լու մտադրությամբ։

Այսպի­սով, 1919թ. հայ-ադրբե­ջա­նա­կան հանդի­պումներն ավարտվում են առանց որեւէ էական արդյունքի. բախումնե­րը ոչ միայն շարունակվում էին, այլ գնա­լով ավե­լի ու ավե­լի սպառնա­լից դառնում։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտա­գործվել են Հայկ Մելքոնյա­նի եւ Ստա­նո Սենչիի լուսանկարնե­րը:

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ