Միջադեպ, որը սակայն, լինելով զգայական, մարդկային տեսանկյունից միանգամայն հասկանալի և բացատրելի, անբացատրելի է ռացիոնալության, պրագմատիզմի, սառը հաշվարկի և մտքի ուժի տեսանկյունից, որովհետև այդ միջադեպը ոչ թե մեզ է ուժեղացնում, այլ՝ մեր թշնամուն: Մեզ այն չի տալիս ոչինչ, իսկ թշնամուն, հակառակորդին տալիս է առիթ:
Հակոբ Բադալյան
Բարոյական հաղթանակի՝ դարերի ծանր նստվածքը
Ապրիլի 14-ին Երևանում տեղի ունեցավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Այն բավականին տպավորիչ էր և կազմակերպիչներին իսկապես հաջողվել էր ստանալ գեղեցիկ միջոցառում, ինչը սակայն հյուրերի աչքում մթագնեց թերևս Ադրբեջանի դրոշն այրելու միջադեպը: Այն իհարկե տեղի ունեցավ ուղիղ հեռարձակման պատկերից դուրս, սակայն հետո հայտնվեց միջադեպը պատկերող մեկ այլ տեսագրություն, որը արագորեն շրջանառվեց համացանցով: Երկրպագուներից մեկը մոտեցավ բեմին, վերցրեց դրոշն ու այրելով դուրս բերեց դահլիճից:
Անկասկած է, որ միջադեպը ազդելու է Հայաստանի կազմակերպական ջանքի գնահատականի վրա և այն գործնականում տապալելու է 2024 թվականին ծանրամարտի աշխարհի առաջնությունն ընդունելու Հայաստանի հայտը: Համենայն դեպս, դա կլինի մեծ հարված Հայաստանի այդ հավակնությանը: Սակայն, խնդիրն այստեղ նույնիսկ դա չէ, թեև դա շոշափելի խնդիր է, որովհետև Ադրբեջանն օրինակ ահհռելի ջանքեր և ֆինանսներ է ներդնում, որպեսզի իր մոտ անցկացնի հնարավորինս շատ միջազգային տարատեսակ միջոցառումներ, դրանով փորձելով ձևավորել որոշակի վարկանիշ, հետո այն արդեն քաղաքական կապիտալիզացիայի ենթարկելու համար: Այդ իսկ պատճառով, օրինակ, Հայաստանի որևէ մասնակցության պարագայում ադրբեջանցիները թույլ չեն տվել այդպիսի միջադեպեր: Ոչ թե որովհետև ավելի հանդուրժող են ու քաղաքակիրթ, ամենևին, այլ որովհետև գտնվել են ավելի դիվանագետ, ավելի հեռատես, եթե կուզեք՝ խորամանկ, և թույլ չտալով այդպիսի միջադեպ ոչ թե թույլ են տվել մտածել, թե թույլ են, այլ հակառակը՝ ձևավորել են որոշակի ուժ: Ընդ որում, դժբախտաբար, դրան կամա, թե ակամա մասնակցել ենք նաև մենք, օրինակ մասնակցելով Բաքվում տեղի ունեցած այսպես կոչված եվրոպական օլիմպիադային՝ 2015 թվականին, այն դեպքում, երբ քաղաքական մակարդակում Ադրբեջանը գնահատում էինք ահաբեկչական պետություն: Ընդ որում գնահատում էինք միանգամայն հիմնավոր, քանի որ Ադրբեջանը վարում էր հենց ահաբեկչական պետությանը բնորոշ քաղաքականություն, 2013-14 թվականներից արցախյան կարգավորման գործընթացում վարելով մարդասպան շանտաժի դիվանագիտություն: Եվ այդ պայմաններում, Հայաստանը պաշտոնական լռության պայմաններում Հայաստանի ԱՕԿ-ի միջոցով կայացրեց Բաքվում անցկացվելիք եվրոպական առաջին օլիմպիադային մասնակցելու որոշում: Ի դեպ, դա բացատրվեց նրանով, որ այդ որոշման դիմաց, համաշխարհային սպորտի ղեկավարները խոստացել էին դիտարկել Հայաստանում միջազգային խոշոր մրցումներ անցկացնելու հնարավորություն: Այդ շարքում դիտվեց նախորդ տարի անցկացված Եվրոպայի առաջնությունը, որը անցավ առանց միջադեպի, այն պարզ պատճառով թերևս, որ Ադրբեջանը չմասնակցեց դրան:
Ծանրամարտի առաջությունը թերևս երկրորդ խոշոր մրցաշարն էր, որ անցկացվում է Հայաստանում, և գուցե դառնա վերջինը՝ միջադեպի հետևանքով:
Միջադեպ, որը սակայն, լինելով զգայական, մարդկային տեսանկյունից միանգամայն հասկանալի և բացատրելի, անբացատրելի է ռացիոնալության, պրագմատիզմի, սառը հաշվարկի և մտքի ուժի տեսանկյունից, որովհետև այդ միջադեպը ոչ թե մեզ է ուժեղացնում, այլ՝ մեր թշնամուն: Մեզ այն չի տալիս ոչինչ, իսկ թշնամուն, հակառակորդին տալիս է առիթ: Միևնույն ժամանակ, մեզանից էլ խլում է առնվազն միջազգային վարկի բաղադրիչի տեսանկյունից ուժերի հավասարակշման հնարավորությունը, որը կարող է ծառայել նաև դիվանագիտական, քաղաքական նպատակների, առնվազն որպես տեսական հնարավորություն: Մինչդեռ, միջադեպը Հայաստանին զրկում է անգամ այդ հնարավորությունից, կրկնեմ՝ չտալով ոչ մի գործնական բան և ընդամենը չլինելով այլ բան, քան «հուսահատության ճիչ», կամ մի փոքր «բարոյական հաղթանակ»: Մինչդեռ, մեր ուժը ոչ թե այդօրինակ լիցքերը կամ լիցքավորումներն են, այլ միտքը, հեռատեսությունը, խորամանկությունը, աշխարհի հետ հարաբերվելու հաշվարկային հմտությունը, զգացումները և զգացմունքները կառավարելու կարողությունը: Այդպես են հաղթում թշնամուն կամ հակառակորդին, ու այդպես են հասնում նրա հանդեպ ուժային գերակայության: Ի դեպ, հենց այդ ամենի հանրագումարն էր նաև, որ մարտական ուժին զուգահեռ, ապահովեց արցախյան առաջին պատերազմի և արախյան շարժման արդյունավետությունն ու հաջողությունը: Այլապես, մեր զգայական խոփը միշտ դեմ է առել քարին, մեզ պարգևելով բարոյաքարոզչական հրճվանք, բայց գործնականում դառնալով մեծ ինքնախաբեություն:
Հոդվածը՝ 1in.am կայքից։